HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մասնագետների կարծիքով` փոխհատուցման ջանքերը պետք է համակարգվեն

Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները` Լոս Անջելեսի բնակիչ Կարպիս Դավույանը եւ նյույորքցի Հրայր Թուրաբյանը, հայց են ներկայացրել Թուրքիայի կառավարության եւ թուրքական երկու խոշորագույն բանկի դեմ՝ իբրեւ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներ պահանջելով փոխհատուցում: «Սա իր էությամբ նոր գործընթաց է: Պահանջը յուրահատուկ է, քանի որ ԱՄՆ-ում բնակություն հաստատած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների մեծամասնությունը, եթե կարողանան հիմնավորել իրենց կապը հայցի հետ, կստանան փոխհատուցում` հայցի բավարարման դեպքում»,- ասում է միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանը: Հայցն ուղղված է երեք սուբյեկտի դեմ: Թուրքիայի կառավարության, որը, իբրեւ պետություն, ունի անձեռնմխելիություն: Թուրքիայի կենտրոնական բանկ, որը պետական սուբյեկտ է, սակայն միեւնույն ժամանակ կարող է ունենալ ինքնուրույն ինքնություն: Եվ երրորդը` թուրքական գյուղատնտեսական բանկ, որը գոյություն ունի 1860-ականներից եւ այդ պետության ամենահին բանկերից է: «Իմ կարծիքով` այս բանկի (գյուղատնտեսական բանկ) դեմ հայցն ուղղելը հանրայինից մասնավոր ոլորտ տեղափոխելն է, այսինքն` եթե նույնիսկ հայցը մասամբ չբավարարվի` դատարանը գտնի, որ պետությունը եւ ԿԲ-ն ունեն անձեռնմխելիություն, այնուհանդերձ, մասնավոր բանկի դեմ նման պահանջ ներկայացնելը հնարավոր լինի»,- մանրամասնում է Վ. Վարդանյանը: Ըստ նրա` գործի առանձնահատկություններից մեկն այն է, որ, ըստ էության, պետք է հիմնավորվի միջազգային իրավունքի խախտումը, որպեսզի դատարանը կարողանա որոշում կայացնել ըստ էության: Ուստի, ըստ նրա, Թուրքիայի Հանրապետությունը կանի ամեն ինչ, որպեսզի նույնիսկ նախնական քննության փուլում կասեցնի գործընթացը` ի սկզբանե վիճարկելով դատարանի իրավազորությունը, քանի որ ոչ ոք չգիտի, թե ԱՄՆ դատարանն ինչ որոշում կկայացնի, եթե գործը քննի ըստ էության: Թուրքագետ Արտակ Շաքարյանն էլ ընդգծում է, որ ԱՄՆ դատարաններում պետության անձեռնմխելիության միջազգային իրավունքն արդեն 3 անգամ սահմանափակվել է` Կուբայի, Իրաքի եւ Հյուսիսային Կորեայի դեպքում: «1997թ., երբ Կուբան պայթեցրել էր քաղաքացիական ինքնաթիռ, դա համարվեց միջազգային իրավունքի նորմերի խախտում, որի հետեւանքով Կուբայի դեմ հայց բացվեց, եւ ԱՄՆ-ում Կուբայի ակտիվները սառեցվեցին: Դրանից փոխհատուցում ստացան Միացյալ Նահանգներ եկած Կուբայի քաղաքացիները»,- մանրամասնում է Շաքարյանը: Հայազգի երկու ամերիկացիները հայցը ներկայացրել են Հարավային Կալիֆորնիայի շրջանային դատարան, որը համարվում է դաշնային դատարանների համակարգի մեջ մտնող ատյան: Վլադիմիր Վարդանյանը նշում է, թե հայցապահանջը, ըստ էության, գույքային է, եւ խոսքը դրա կորստի, օգտագործումից չստացված հնարավոր եկամուտների մասին է: «Գումարային տարբեր հաշվարկներ կան: Հայցադիմումը չեմ տեսել, դրա համար հստակ ոչինչ ասել չեմ կարող: Բայց խոսքը մոտ 170 միլիարդ դոլարի մասին է` չնայած նախկինում 1 տրիլիոն էին պահանջում»,- ասում է Վարդանյանը: «1923 թվականին հայերի դեպքում հաշվարկվել էր 14,5 միլիարդ ֆրանսիական ֆրանկ, որն այսօրվա փողով հավասարազոր է 100 միլիարդ ԱՄՆ դոլարին: Սակայն սա պարզապես նախադեպն է: Փաստաբանները գումարային տեսքով հայցը դեռեւս հստակ չեն ձեւակերպել»,- հավելում է Շաքարյանը: Միջազգային իրավունքի մասնագետ Վարդանյանն էլ ավելացնում է, թե պետք չէ ակնկալել, թե խոսքը կվերաբերի ամբողջական գումարին, որը հաշվարկվել է Փարիզյան կոնֆերանսի շրջանակներում: «Ուզում եմ ասել` ԱՄՆ դատարանը միջազգային դատարան չէ, եւ առավել մեծ սպասելիքներ չպետք է ունենալ: Եթե թուրքական տվյալ գույքը գտնվում է Միացյալ Նահանգների իրավազորության ներքո, իհարկե, կարելի է այդ գույքի շրջանակներում ինչ-որ պահանջ ներկայացնել: Բայց ԱՄՆ-ն չի կարող գույքային այնպիսի պահանջներ ներկայացնել, որոնք ոչ մի առնչություն չունեն Միացյալ Նահանգների հետ»,- ասում է նա: Ըստ Վարդանյանի` Թուրքիայի համար իրավիճակը փոքր-ինչ բարդ է այն առումով, որ կարճ ժամանակահատվածում ԱՄՆ-ի դատարաններում իր դեմ երկու հայց ներկայացվեց. Կիպրոսի հույների, ինչպես նաեւ հայերի հիշյալ հայցը: Ուստի, նրա կարծիքով, ամենեւին պատահական չէ, որ թուրքական մամուլը, նույնիսկ մամուլին ոչ բնորոշ իրավաբանական մանրամասներով, փորձում է վերլուծել այն ամենը, ինչ տեղի է ունենում: Վլադիմիր Վարդանյանի խոսքերով` կարեւոր է նաեւ, թե ինչպիսի պայմաններում ներկայացվեց հայցապահանջը: Բանն այն է, որ Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, համապատասխան օրենք է ընդունել, որը թույլ է տալիս դատարանների միջոցով հասնել փոխհատուցման: Այդուհանդերձ, շրջաններից մեկի վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել այդ օրենքը, եւ հայտնի հայ իրավաբան Մարկ Կիրակոսն այսօր փորձում է վերաքննության կարգով հասնել այդ որոշման վերացմանը: Այնուամենայնիվ, բանախոսները շեշտում են, որ ԱՄՆ-ում դատարանն անկախ է, եւ դժվար է ասել, թե ինչ որոշում կկայացվի: Բայց նրանք հույս ունեն, որ, այդուհանդերձ, հայցադիմումին դատարանը կտա կոլեկտիվ հայցի կարգավիճակ, հայցը կընդունի վարույթ, եւ կկայացնի որոշում: «Իհարկե, գերադասելի կլիներ, եթե փոխհատուցման ջանքերը համակարգվեին: Խոսքը ոչ թե պետական մակարդակի, այլ ընդամենը միասանական համակարգման մասին է»,- ասում է Վլադիմիր Վարդանյանը եւ շեշտում, որ դատարան դիմելիս պետք է հնարավորինս հաշվարկվի վնաս կրելու ռիսկը, քանի որ կոնկրետ տվյալ հայցի պարագայում տեսականորեն բացառված չէ, որ դատարանը միջազգային իրավունքի խախտում չարձանագրի եւ հանգի այն հետեւության, որ փոխհատուցման հարց չի կարող բարձրացվել: «Պատկերացրեք, թե ինչքան լավ կլիներ, եթե այսօր նման հայց ոչ միայն ԱՄՆ դատարան մտներ, այլեւ զուգահեռ դատավարություններ սկսվեին Փարիզում եւ Բեռլինում: Այսինքն` սա արդեն համապարփակ գործողության բնույթ կկրեր եւ հոգեբանական ավելի մեծ ճնշում կլիներ Անկարայի վրա»,- եզրափակում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter