HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Պետք է Գիլանի հարցը լուծենք բնության ու Խոսրովի անտառի օգտին»

«Մեր երկրում շատ ծավալուն զավթողական քաղաքականություն է գնում: Այդ քաղաքականությունը անդրադարձել է նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքներին: Լավ գիտեք Սեւանի ու Դիլիջանի օրինակը, բայց մենք չէինք պատկերացնում, որ ոտնձգություն կկատարվի սուրբ տեղի` մեր Խոսրովի արգելոցի նկատմամբ, որը միջազգային կառույցների կողմից համարվում է գանձ, Աստծո պարգեւ հայ ժողովրդին, որտեղ բուսական ու կենդանական աշխարհը վայրի վիճակում պահպանվել է»,- այսօր «Արմատ» ակումբում հայտարարեց «Էկոտուրիզմի ասցիացիա» ՀԿ-ի եւ Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Ժաննա Գալյանը:

Էկոլոգիական հասարակական դաշինքը նամակ է գրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին` նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, արդարադատության ու բնապահպանության նախարարներին, Հանրային խորհրդի նախագահին ու օմբուդսմենին: Խնդիրը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գիլան-Բայբուրդ հատվածը արգելոցից անջատելն ու որպես «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու մասին Կառավարության դեռեւս 2007-ին ընդունած որոշումն է: Այդ որոշումից անմիջապես հետո 118 հա տարածքը 60 տարով վարձակալության էր տրվել «Հովազաձոր» ՍՊԸ-ին, որն էլ այնտեղ սկսել էր հյուրանոցի ու սրճարանի շինարարություն: Հասարակական աղմուկից հետո շինարարությունը մի քանի անգամ կանգնեցվել է ու հետո վերսկսվել: Հերթական դեպքը գրանցվել էր վերջերս: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ՀԿ-ների հետ արգելոց կատարած այցի ժամանակ արգելել է շինարարության ընթացքը մինչեւ բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումը:

«Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ-ի փոխնախագահ Մարինա Օգանեզովան նշեց, որ 2007-ին արգելոցի կարգավիճակը փոխելը արտառոց դեպք էր. «Մենք այն ժամանակ երեւի թե չմտածեցինք, թե ինչի հետ է կապված նման մոտեցումն ու այն ժամանակ չարձագանքեցինք: Բայց հիմա այնտեղ կառուցվում է ռեստորան: Դուք մտնում եք արգելոց, հետո, անցնելով որոշակի տարածք, մտնում եք արգելավայր, ու այնտեղ ճաշակում եք չգիտեմ-ինչ կերակուրներ»:

Բնապահպանները նշում են, որ արգելոցի տվյալ հատվածը արգելավայր է դարձվել միմիայն այնտեղ շինարարություն սկսելու նպատակով: Ժ. Գալյանի ասելով` ժամանակին նույնիսկ արգելոցը արգելավայրից ավելի ցածր` ազգային պարկի մակարդակի իջեցնելու մտադրություն է եղել. «Բայց դա ուներ իր հետեւանքները, որովհետեւ պահպանված բնությունը, բացի ամեն ինչից, մեր պետական բյուջեից է ֆինանսավորում ստանում եւ միջազգային կառույցներից է լ;ուրջ ֆինանսավորում ստանում: Կարծում եմ` որոշվեց մի քիչ սպասել, որ կամաց-կամաց յուղոտ կտորները զավթեն, իսկ հետո մի բան անեն այդ ֆինանսավորումով: Սա շատ վտանգավոր նախադեպ է»:

«Ինչքան մենք բարձրացնում եք այս հարցը, բնապահպանության նախարարության ներկայացուցիչները փորձում են մեզ ապացուցել, որ  կարգավիճակի իջեցումը հիմնավորված է: Բայց ոչ մի հիմնավորում չեն ներկայացնում»,- ասում են ՀԿ-ների անդամները:

Իր մեջ 45 ՀԿ ներառող դաշինքը ստեղծել է «SOS Խոսրով» աշխատանքային խումբ, որն էլ ակտիվորեն զբաղվում է նշված խնդրով: Ու հիմա չնայած շինարարությունը սառեցված է, ակտիվիստները լավատես չեն, քանի որ, ինչպես ասում, նախկինում էլ սառեցման նման դեպքեր եղել են, ու երբ կրքերը փոքր-ինչ հանդարտվել են, շինարարությունը վերսկսվել է. «Մենք սպասում ենք, որ նախարարությունը լրիվ ուրիշ քայլեր ձեռնարկի: Երբ մենք լռենք, կասկած չկա, որ նույն գործընթացը կվերսկսվի: Պետք է Գիլանի հարցը լուծենք բնության ու Խոսրովի անտառի օգտին»:

Մ. Օգանեզովայի փոխանցմամբ` առկա երկու կառույցներից մեկը, որը մատաղանոց է,  բնապահպանության նախարարությունը խոսք է տվել քանդել: Իսկ երկրորդի` ռեստորանի մասին խոսք չկա: Պաշտոնյաներին ուղղված նամակում դաշինքի անդամները նշել են, որ Կառավարության 2007-ի N 673-Ն որոշումը խախտել է Օրհուսի կոնվենցիան: Այն նաեւ հակասում է GEF, UNDP, WWF եւ այլ միջազգային կազմակերպությունների քաղաքականությանը ու կարող է հարցականի տակ դնել նրանց կողմից ֆինանսավորումը:

«Քանի որ այդ կարեւորագույն որոշումը չի քննարկվել հասարակության, հանրապետության առաջատար մասնագետների հետ, հետեւաբար նման որոշումը իր մեջ պարունակում է նաեւ կոռուպցիոն ռիսկեր,- ասում է «Տապան» էկո-ակումբ ՀԿ-ից Հրանտ Սարգսյանն ու հավելում,- հույս ունենք , որ նախագահը կանդրադառնա այս ամենին: Մեր հաղթանակներից ամենակարեւորը Շիկահող արգելոցի փրկումն էր, երբ 1-2 ամիս անց իշխանության մի թեւը միացավ մեր պահանջներին ու ի վերջո խնդիրը ստացավ դրական լուծում»:

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ից Սիլվա Ադամյանը ասում է. «Մեզ համար անընդունելի է ԲՆ ներկայացուցչի հայտարարությունը, թե իբր «Գիլան» արգելավայրի տարածքում չկա Կարմիր գրքում ընդգրկված բույս կամ կենդանի: Մենք գիտենք, որ Խոսրովի արգելոցը բնորոշ է հայկական մուֆլոնի եւ բեզոարյան այծի համար: Փաստորեն, սա խոսում է այն մասին, որ այս կենդանիները հիմա արգելոցի մեջտեղով չեն կարող անցնել: Սա անընդունելի ու ոչ մասնագիտական արտահայտություն է: Խոսրովի արգելոցում բնակվում է միջազգային Կարմիր գրքում գրանցված սեւ անգղը: Ամբողջ աշխարհում պահպանվող տեսակ, որի պահպանման  համար մեծ փողեր են ծախսվում, իսկ ի՞նչ ենք անում մենք: Մենք փորձում ենք մեր անտառը զատել այդ տեսակային կազմից: Երկիրը մերն է, եւ կառավարությունը պետք է աշխատի իր ժողովրդի համար, պիտի պահանջենք, որ իրենք լավ աշխատեն, որպեսզի չկանգնենք սարսափազդու խնդրի առաջ մասնավորապես բնապահպանական խնդիրներում»: Նշվեց նաեւ, որ հենց «Գիլան» արգելավայրում են հաստատված այնպիսի հազվագյուտ տեսակներ, ինչպիսիք են կարմիր ուրուրն ու սպիտակ արծիվը:

«Հետքի» այն հարցին, թե ինչպիսին են լինելու հետագա քայլերը, եթե նամակին համապատասխան արձագանք չտրվի, Մարինա Օգանեզովան ասաց. «Դիմել միջազգային կազմակերպություններին, որոնք ֆինանսավորում են մեր պահպանվող տարածքները եւ բացատրել, որ ֆինանսավորումը ճիշտ ուղղությամբ չի գնում: Մենք կարող ենք դիմել նաեւ Օրհուսի կոնվենցիայի հանձնաժողովին, բայց մինչեւ դա կդիմենք դատարաններ, որովհետեւ պիտի անցնենք այդ ճանապարհը: Մենք անպայման կհասնենք մեր նպատակին»: Իսկ փողոց դուրս գալ, ցույցեր անել, ըստ դաշինքի անդամների, կարելի է, բայց դա վերջին քայլն է: Իսկ այդ հարցում, վերջիններիս համոզմամբ, նրանց պետք է  օգնեն լրագրողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter