HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ինչո՞ւ է թանկանում հացը

Հայաստանի ինքնաապահովումը հացով կազմում է 30-40 %

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը զանգահարել է տարբեր հացթուխների, նրանց հարցեր տվել շուկայում տարեսկզբի և այս 2 օրվա վիճակի մասին ու պարզել հետևյալը. հունվար-փետրվարին 50 կգ բարձրակարգ ալյուրի պարկը հացթուխը գնում էր մոտ 19 դոլարով: Մինչև մայիս այս գինը կայուն էր` տատանվելով ընդամենը 0,5 դոլարի սահմաններում: Հունիս-հուլիսին աճ է սկսվել:

Հուլիսի վերջին ալյուրի պարկի գինը հասնել է 23-24 դոլարի: Իսկ երեկ կտրուկ աճ է եղել. ալյուրի 50 կգ-անոց պարկի գինն աճել է ևս 2 դոլարով` 8 %-ով: «Ոչ մի բան տեղի չի ունեցել: Այն հացը, ցորենը, ալյուրը, որը կար, հանվել է վաճառքի: Այս ալյուրը, որը վաճառում է, գոնե մի 2 շաբաթ առաջ բերված է: Թե ստուգողը, թե վերահսկողը, թե քաղաքացին գիտեն, որ գինը չէր կարող փոխվել: Երեկ վաճառվում էր էս գնով, էսօր պետք է վաճառվի էս գնով, որովհետև հայ հասարակությունը գերի է մի քանի անհատների, որոնց անունը ուզում եք օլիգարխ տվեք, ուզում եք` պետական չինովնիկ, ուզում եք` ծառայություն: Մենք բոլորս պարտավոր ենք նրանց վճարել ճիշտ այնքան գումար, ինչքան իրենց պետք է ոչ ամբողջությամբ երջանիկ լինելու համար»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Բագրատ Ասատրյանը: Այս ոլորտում մոնոպոլիա է, հիմնականում երկու ներկրող կա, որոնց բաժին է ընկնում ալյուրի և ցորենի շուկայի մոտ 80 %-ը: ԿԲ նախկին նախագահի խոսքերով` օլիգարխները նախևառաջ փորձելու են հարստանալ` առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրացնելով: «Այսպես է լինելու, քանի դեռ այդ նույն հաց վաճառողները քաղաքական իշխանության մասն են կազմելու: Դիվերսիֆիկացված չէ շուկան, այդ թվում` ներկրումների շուկան»,- հավելեց Բագրատ Ասատրյանը: Հայաստանում նկատվում է նաև հացահատիկային կուլտուրաների մշակման տարածքների նվազում: 2005 թ. ցորենի վարելահողերը կազմել են 132,7 հզ. հա, իսկ վերջին` 2008 թ. տվյալներով, կրճատվել են 1/4-ով` կազմելով 93 հզ. հա: Բանախոսի համոզմամբ` սա մտորումների տեղիք պետք է տա, և Հայաստանի տիպի երկրները պետք է առանձնահատուկ մոտեցում կիրառեն ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքներով ապահովման նկատմամբ: «Երկու տարի առաջ շատ սուր հարց էր դրվում, որ մեր տիպի երկրներում և մասնավորապես մեր կառավարությունը պետք է գնա որոշակի պետական պահուստների ձևավորմանը: Դա համընկնում էր այն շրջանի հետ, երբ ԿԲ-ն ծավալուն ինտերվենցիաներ էր անում: Ոչ միայն հացի մասին էր խոսքը, նաև` նավթամթերքի: Այդ առաջարկը որևէ կերպ հաշվի չի առնվել: Ես փորձեցի պարզել` այսօր մեր պետական պահուստների վիճակը ինչպիսին է: Բավականին խղճուկ թվեր են` 2 շաբաթվա ինչ-որ պաշարներ (պետական պահուստի մասին է խոսքը, թե մասնավորը ինչպես է Հայաստանում աշխատում, առանձին խոսակցության թեմա է)»,- ասաց Բագրատ Ասատրյանը: Հայաստանն ավանդաբար հաց ներկրող երկիր է և լավագույն տարիներին (2005 թ.) ներքին արտադրության հաշվին ապահովել է իր պահանջարկի 40-42 %-ը: Վատ տարիներին Հայաստանը ներքին արտադրությամբ ապահովել է ներքին պահանջարկի 1/3-ից պակասը: Հայաստանի ինքնաապահովումը հացով ավանդաբար կազմում է 30-40 %: Հայաստանը հաց է ներկրում հիմնականում 3 երկրից` Ռուսաստանից, Ուկրաինայից և Ղազախստանից: Այս երկրների, հետևաբար և Հայաստանի շուկայի համար որոշիչ են եվրոպական շուկայի գները: «Մեզ վրա, իհարկե, հիմնական ազդեցություն թողնում են այն իրադարձությունները, ինչ կատարվում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում: Այս երկրներում բնակլիմայական պայմանների տեսանկյունից միջավայրը միասնական է: Այս տարի այստեղ աննորմալ վիճակ է, և հացի բերքի սպասումները գնալով վատանում են»,- ասաց Բագրատ Ասատրյանը:

Ինչպե՞ս կազդի Ռուսաստանի որոշումը Հայաստանի հացի շուկայի վրա

Տարեսկզբին Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում էր արտադրել 95-97 մլն տ հացի բերք: Մայիսին, երբ ի հայտ եկան առաջին եղանակային տատանումները, և տեսանելի էր առաջին աշնանային բերքը, կանխատեսումները նվազեցրին 12 մլն տ-ով` նախատեսելով արտադրել մինչև 85 մլն տ բերք: Վերջին շաբաթվա ընթացքում այս կանխատեսումը ևս վերանայվեց. այժմ Ռուսաստանը նախատեսում է արտադրել մոտ 70-73 մլն տ ցորեն: Ռուսաստանում հացի ներքին տարեկան սպառումը կազմում է մոտ 70 մլն տ: 20-25 մլն տ-ն պոտենցիալ արտահանվող հացն էր: «Վերջին իրադարձությունը, որ զգալի ազդեցություն է թողնելու թե հացի միջազգային գների վրա, և թե առավելևս մեր խեղճուկրակ երկրի վրա, Ռուսաստանի կառավարության երեկվա որոշում էր` հացի էքսպորտը դադարեցնել: Ռուսաստանը մնում է էդ գոգոլյան Ռուսաստանը, էդ հիմարների և վատ ճանապարհների երկիրը. ոչ մի բան չի փոխվել, և այնտեղ վճիռները հենց այդպես են կայացնում: Եվ այսօր` օգոստոսի 6-ին, աշխարհը սարսափած սպասում է, թե ինչ հետևանքներ է ունենալու այս վճիռը»,- ասաց Բագրատ Ասատրյանը: Նա նշեց, որ հստակ չի կարող ասել, թե Ռուսաստանի երեկվա որոշումը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա: Եթե Հայաստանը Ռուսաստանի հետ հացահատիկի մատակարարման երկրաժամկետ պայմանագրեր ունի, ապա այս որոշումը ազդեցություն չի ունենա: Լրագրողներից մեկը նշեց, որ Ռուսաստանն արտահանումը դադարեցնում է մինչև տարեվերջ: Հայաստանը մոտ 300-400 հզ. տ ցորեն-հացահատիկ է ներկրում, և դա կարծես այն ծավալը չէ, որ Ռուսաստանի համար որոշիչ լինի: «Հնարավո՞ր է, որ քաղաքական նկատառումներով այդ որոշումը չտարածվի Հայաստանի վրա»,- հարցրեց լրագրողը: Բագրատ Ասատրյանը համաձայնեց, որ իսկապես 300-400 հզ. տ հացահատիկը Ռուսաստանի համար փոքր ծավալ է: «Գուցե մի խոսակցության ընթացքում էլ այս հարցը լուծվի, մանավանդ այստեղ կա ուղղակի շահագրգռվածություն, որովհետև մեր պետական պաշտոնյաները այս բիզնեսի մեջ են և հավանաբար մաս էլ կունենան և կգնան մոսկվաներում, եսիմ որտեղ, պուտինյան կաբինետի, ասենք, «ճ» կլասի մի չինովնիկի հետ գուցե և պայմանավորվեն: Վտանգները, ռիսկները շատ մեծ չեն, կարգավորվող են, բայց ամեն դեպքում մենք արդեն իսկ տուժել ենք և շարունակելու ենք տուժել, քանի դեռ այս համակարգը կա»,- ասաց Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքերով` անհնար է մեկ օրվա կամ մեկ ամսվա ընթացքում գտնել նոր գործընկեր, որից կարելի է ներկրել թե հաց, թե ռազմավարական նշանակության այլ ապրանքատեսակ: Եվ Հայաստանը պետք է վաղուց այս խնդիրը լուծած լիներ` ազատ և ոչ թե մոնոպոլիզացված շուկա ունենալով: Ազատ շուկան ենթադրում է, որ դաշտում գործեն շատ երկրներից ներկրման հնարավորություն ունեցող սուբյեկտներ և ոչ թե այն անձը, որը կուսակցության անդամ է, կամ կաշառքի ու ընտրակաշառքի միջոցով պատգամավորական մանդատ է ձեռք բերել: «Հացի այս օրվա մատակարարման խնդիրը անպայման կլուծվի, բայց ընդհանուր խնդիրը` անվստահությունը երկրի, ապագայի նկատմամբ, միշտ մնալու է և մեր, և մեր երեխաների մեջ»,- ասաց ԿԲ նախկին նախագահը:

Հացի շուկայի համաշխարհային միտումները

Բագրատ Ասատրյանը նշեց, որ վերջին տարիներին աշխարհն արտադրում է մոտ 650-680 մլն տ հացահատիկ: Արտահանվող հացը կազմում է սրա 25 %-ը, այսինքն` մոտ 150 մլն տ: Աշխարհի խոշոր արտադրողներն են Կանադան, ԱՄՆ-ն, Արգենտինան, ԵՄ-ն, վերջին տասնամյակներին` նաև Ռուսաստանը, Ուկրաինան և Ղազախստանը: Խոշոր արտադրողներ են Ավստրալիան և Չինաստանը, որն արտադրում է աշխարհում ամենաշատ հացը (թեև այս երկրում սպառումն էլ է շատ): Հացի ավանդական արտահանողներն են Կանադան, ԱՄՆ-ն, Արգենտինան, Ավստրալիան, վերջին տարիներին` նաև Ուկրաինան, Ռուսաստանը և Ղազախստանը: Հացի հիմնական սպառողներն են աֆրիկյան երկրները` Եգիպտոսը, Ալժիրը: Վերջին տարիներին արտադրողից ներկրող են դառնում ԵՄ երկրները: Հիմնական սպառողներն արևելքում են, և հենց նրանց վարքագիծով էլ հաճախ պայմանավորվում են միջազգային գների տատանումները: 2008-2009 թթ. հացի լավ բերք է եղել: 2010-ը այս տեսանկյունից հավանաբար վատ տարի կլինի, բայց ոչ ամենավատը: 2008-ին նախորդած 3 տարին համեմատաբար վատ են եղել: Հենց 2004-2008 թթ. հացի միջազգային գների (բարձրորակ ցորենի միջինացված գին) մակարդակը համարյա կրկնապատկվեց և 2008-ին հասավ ամենաբարձր կետի` 380 դոլար/տոննա: 2008-ին գների բարձր մակարդակի պատճառը նաև ցորենի պաշարների կտրուկ նվացումն էր. 2008-ին ցորենի պաշարները հասան վերջին տասնամյակի ընթացքում ամենացածր կետին` մոտ 106 մլն տ: «2010-ին պաշարների մակարդակը մոտավորապես 190 մլն տ է կազմում, այսինքն` մոտ 2 անգամ աճել է 2 տարվա ընթացքում»,- ասաց Բագրատ Ասատրյանը: 2010 թ. սկզբից իրավիճակը շուկայում շատ հանգիստ է եղել, 2009 թ. նոյեմբեր- 2010 թ. փետրվարին անգամ արձանագրվել է հացի միջազգային գների նվազում: Եվրոպայում հացի գինը 2010 թ. փետրվարին հասել էր վերջին 5-7 տարվա ընթացքում ամենացածր մակարդակին` 185 դոլար/տոննա, որից հետո նկատվել է կայունություն: Մայիսից սկսած` գներն աճում են: Բագրատ Ասատրյանի խոսքերով` աճի հիմնական պատճառները այն սպասումներն էին, որոնք արդեն գարնանը ձևավորվեցին` դատելով եղանակից: Այս տարի ամբողջ աշխարհում եղանակային անոմալիաներ էին: Օրինակ` այս տարի Կանադայում ձմեռային օլիպիադա էր, բայց ձյուն չկար: «Այս ամենը ազդում է հացի վրա: Այնուհետև եկավ գարուն, անընդհատ անձրևներ են, որը և ազդեց բերքի հիմնական սպասումների վրա: Բացասական սպասումներ կամ գնահատականներ կան: Վերջնական գնահատականները կարող են լինել միայն օգոստոսի վերջում, երբ հիմնական արտահանող երկրները արդեն վերջնական գնահատականներ կունենան բերքի մասին: Բայց այս սպասումները այն համակարգի ներքո, որը կա մեր երկրում, տալիս է գների թռիչքաձև բարձրացման: Հայաստանում կատարվում է այն, ինչ միշտ կատարվել է և ինչ պետք է կատարվի: Հացի գները աշխարհում անկում էին ապրում, Հայաստանում պետք է աճեին: Դա մեր երկրի տնտեսական թիվ 1 օրենքն է: Իսկ եթե աշխարհում գները աճում են, կամ աճի սպասումներ կան, Հայաստանում անմիջապես աճ է արձանագրվում»,- ասաց Բագրատ Ասատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter