HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Հայը իր հիմնական բնութագրերով սոցիալական խնդիրը հրապարակ հանող չէ»

Երեկ ալյուրի 50 կգ-անոց պարկի գինն աճել է 8 %-ով` հասնելով 25-26 դոլարի: «Ինչո՞ւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չի արձանագրում, որ հացի ոլորտում գերշահույթ կա, այսինքն` նախկինում ավելի էժան ներկրված ալյուրը ավելի թանկ է վաճառվում»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին այս հարցն ուղղվեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանին և «Սպառողների ասոցիացա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանին: Ստորև ներկայանում ենք բանախոսների պատասխանները:

Բագրատ Ասատրյան-Չեմ կարող պատասխանել այդ հարցին:

Արմեն Պողոսյան-Այստեղ օրենսդրական մի փոքր խոչընդոտ կա, և հիմնավորումը հետևյալն է. պետական հանձնաժողովը զբաղվում է շուկայում իրացման ասպարեզում մրցակցությամբ, իսկ ներկրման ասպարեզում այդ հնարավորությունները` տուգանելու կամ պատժելու, առայժմ չկան: Դրանով էլ բացատրվում կամ հիմնավորվում է Ձեր ասած խնդիրը:

-Բայց չէ՞ որ ակնհայտ է, որ այդ ալյուրը մեկ ամիս առաջ է ներկրված:

Ա.Պ.-Ներքին շուկայում մանր սուբյեկտների միջոցով այդ գերակշռողին հայտնաբերել և պատժելը… արդեն փռեր, մանր ձեռնարկություններ, արտադրողներ, իրացնողներ… Ոչ թե փոշիանում է, այլ շատ մանր խմբաքանակներով է իրացվում, դրա համար էլ գերակշռողին հայտնաբերելը… Գերակշռողը ոչ էլ կա վաճառքի, իրացման ասպարեզում: Ներկրման ասպարեզում կա:

Բ.Ա.-Բայց ես հիշում եմ` շաքարի բնագավառում էդ տուգանքն էլ եղավ` 500 հզ. դրամի չափով: Գերիշխող` 99 % դիրք ունեցող անձին` 500 հզ. դրամ: Ճիշտ եմ հիշում, չէ՞: Բա էդ ո՞նց եղավ:

Ա.Պ.-Պետական հանձնաժողովը տուգանեց ձու արտադրող ձեռնարկություններին, բայց իմ համոզմամբ` դա չի կարելի ընդունել որպես տրամաբանական: Բոլորը պատժվեցին 500 հզ. դրամով: Եթե բոլորին, նշանակում է ինչ-որ…

-Համաձայնություն կա շուկայում:

Ա.Պ.-Բացի համաձայնությունից` ոնց որ հարկի մի տեսակ լինի, որ բոլոր միանման են տուգանվում: Եվ ամենակարևորը` այն ձեռնարկությունը, որ 39 % ունի շուկայում, նա էլ է տուգանվում 500 հզ. (դա նրա համար պարգևատրում է ավելի շատ, քան պատիժ), և մյուսը, որը շատ փոքր է և սնանկացման եզրին է և 500 հզ.-ով տուգանվում է, նա կործանվեց: Այսինքն` ստացվեց` մեկին խրախուսեցինք, այն մեկին էլ կործանեցինք` փոխանակ հակառակը լիներ:

Բ.Ա.-Դու քաղաքական բան ասացիր: Պետական քաղաքականությունը տանում է փոքր ու միջին բիզնեսի ոչնչացմանը` հօգուտ խոշորների և մենաշնորհների այն անձանց, որոնք քաղաքական դիրքերում են: Սա ես ասում:

Ա.Պ.-Տվյալ փաստը դրա մասին էր խոսում, այսինքն` չտրամաբանված և չդիֆերենցված մոտեցում ցուցաբերելու պատճառով ստացվեց հակառակ արդյունքը. այն փոքրը սնանկացավ, վերացավ, իսկ այն մեծը ավելի հարմարավետ դիրքում հայտնվեց:

-Պրն. Պողոսյան, հիմա, օրինակ, ձվի շուկան դարձավ մենաշնորհ:

Ա.Պ.-Այո, երբ կդառնա, այն ժամանակ կխոսենք: Այն ժամանակ հանձնաժողովը թող բարի լինի պատժել ոչ միայն տուգանելով, այլև տրոհելով կամ այլ ավելի ազդեցիկ մեթոդներով:

-Այսինքն` ունի՞ այդ լիազորությունները:

Ա.Պ.-Ոչ, չունի, բայց քաղաքական կամք դրսևորելու դեպքում հնարավոր է գտնել այն լծակները, որոնցով կարելի է սանձել ձեռնարկությանը, որը 39 % ունի այսօր, վաղը կդառնա 69: Իսկ 30-ից սկսած` արդեն ուշադրության կենտրոնում է, ռեեստրի մեջ է, ամենօրյա մոնիտորինգի տակ է: Իսկ ավելին արդեն պատժելի է:

-Պրն Պողոսյան, Դուք սպառողների հետ գործ ունեք: Ի՞նչ վարքագիծ են նրանք դրսևորում այս օրերին:

Ա.Պ.-Խիստ տրտնջում են, և դա համատարած է և միշտ է:

-Այսինքն` քի՞չ են ալյուր գնում, թե՞ շատ` վախենալով, որ ավելի կթանկանա:

Բ.Գ.-Այդ վախը արդեն կա: Մտեք մի քանի խանութներ: Ընդ որում` սա տարածվում է ոչ միայն հացի, ալյուրի, այլև արդեն հացահատիկի, լոբեղենի վրա:

Ա.Պ.-Պարզապես ճարահատյալ փնտրում են` որտեղ ավելի էժան է` որ շուկայում կամ քաղաքի որ մասում: Բայց թվացյալ էժան է, որովհետև այնտեղ քանակն էլ է քիչ, և այդ ինքնախաբեության ճանապարհով գնում են:

Բ.Ա.-Մասսայական սկսում են հավաքել: Նրանք էլ իրենց հերթին սկսում են գները բարձրացնել: Այսօր այդ վիճակը կարող եք տեսնել:

-Այն խնդիրները, որոնք նշեցիք, առաջին հերթին հենց հասարակ մարդու վրա են ազդում: Հասարակական բողոքի հիմքեր տեսնո՞ւմ եք, թե՞ անտարբերություն է:

Ա.Պ.-Հիմքեր տեսնում եմ, բայց ռեալ քայլեր չեմ տեսնում: Բ.Ա.-Մեր հասարակությունը մշտապես բողոքում է: Բողոքի արտահայտման ձևերը տարբեր են: Ամենաերկարատև շրջանում իշխող ձևը, իհարկե, փախուստն է էս երկրից` միգրացինա: Այ սա է բողոքի հիմնական ձևը, որովհետև հայը, իր հիմնական բնութագրերով սոցիալական խնդիրը հրապարակ հանող չէ: Նա կարող է տան մեջ խոսի, բայց հարևանին անգամ չի ասի, որ սոցիալական ինչ-ինչ խնդիր ունի (հաց է, էս է, էն է): Հայի բնութագիրն է սա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter