HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Էդ 20 կմ-ը դժոխքի ճանապարհ է»

«Ես վերջին 2 շաբաթվա ընթացքում եղել եմ 2 գյուղում: Մեկը` Սիսիանի շրջանի Դարպաս գյուղը, որը իմ պապերի գյուղն է, և մյուսը` Հրանտ Մաթևոսյանի Ահնիձորը: Իհարկե շատ տարբեր են. բնությունը տարբեր է, պայմանները տարբեր են, մարդիկ տարբեր են: Բայց ողբերգությունը միասնական է. գյուղը գնալով և շատ արագ է դատարկվում»,- օգոստոսի 6-ի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Դարպաս գյուղը, որը 20-25 տարի առաջ 300-400 աշակերտ է ունեցել, այսօր 30 աշակերտ ունի: Ավելի փոքր Ահնիձորը, որը 20-25 տարի առաջ մոտ 150-200 աշակերտ է ունեցել, այսօր ևս 30-40 աշակերտ ունի: Երկու գյուղի մեկ այլ ընդհանրական գիծն էլ, ըստ բանախոսի, ճանապարհներ չունենալն ու մոտ 20 կմ-ով մայրուղուց կտրված լինելն է: «Էդ 20 կմ-ը դժոխքի ճանապարհ է: Նորմալ կենսագործունեություն իրականացնելու, արտադրելու, իրացնելու տեսանկյունից սա ոչ թե ճանապարհ է, այլ 20 կմ-անոց խոչընդոտ է, որ հանկարծ էս մարդիկ իրենց արտադրածը, իրենց ստեղծածը չկարողանան իրացնել: Եվ եթե էս երկրի կառավարությունը իսկապես մտածում է էս երկրի մասին, տարեկան 100 հատ գյուղի միջգյուղական ճանապարհ թող վերանորոգի: Փոխարենը աջ ու ձախ ծախսեն, էս անեն, էն անեն, էս-էս խելոք կամ ոչ այնքան խելոք ծրագրերը իրակնացնեն, առաջնային խնդիր պետք է դառնա միջգյուղական ճանապարհների վերականգնումը»,- ասաց Բագրատ Ասատրյանը: Միջգյուղական բարվոք ճանապահները, նրա համոզմամբ, անհրաժեշտ են, որ գյուղը կարողանա մտնել տնտեսական շրջանառության մեջ և «մի քիչ գոնե շնչելու շանս կունենա»: «Ընդհանրապես Հայաստանը ունի գյուղի պրոբլեմ: ՀՀ-ի համար քաղաքացիները ավելորդություն են: Միայն սպառման ծավալների տեսանկյունից են հետաքրքրում կամ թե ինչքան վճարումներ կարող են իրականացնել համապատասխան բիզնես անողներին: Բայց կա մի օղակ, որն ընդհանրապես ոչ մեկին պետք չէ: Դա գյուղն է»,- ասաց Բագրատ Ասատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter