HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ոչ սահմանները

«Հետքի» այն հարցին, թե արդյոք 1922-23 թթ. Լոզանի կոնֆերանսով ուժը չի կորցրել 1920-ի օգոստոսի 10-ի Սեւրի պայմանագիրը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը պատասխանեց, թե թյուր է այն կարծիքը, որ Լոզանը ի չիք է դարձրել Սեւրի դաշնագիրը: «Լոզանի պայմանագրով հստակ չի նշված, որ Անտանտի երկրները հրաժարվում են Սեւրի դաշնագրից: Ուղղակի Արեւմուտքը քեմալական Թուրքիային ճանաչում է որպես միջազգային իրավունքի սուբյեկտ,- նշեց Ա. Մելքոնյանը: - Միջազգային իրավունքի մասնագետները պիտի մեզ օգնեն, որ հստակություն մտցվի երկու կարեւոր հանգամանքների մեջ: Այսպես` երկրի տարածքային ամբողջականության ճանաչումը եւ կոնկրետ սահմանի ճանաչումը տարբեր բաներ են: Օրինակ` Ռուսաստանը եւ Ճապոնիան ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն Ճապոնիան Կուրիլյան կղզիները եւ Հարավային Սախալինը չի ճանաչել որպես Ռուսաստանի տարածք: Սիրիայի կողմից չի ճանաչվել Ալեքսանդրետի սանջակը որպես Թուրքիայի մաս, բայց նրանք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Այս երկու սկզբունքները պետք է իրար հետ չշփոթել: Տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է տվյալ երկրին ճանաչել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ` որոշակի տարածքով: Լոզանի կոնֆերանսով հենց նման կերպ ճանաչվեց քեմալական Թուրքիան, սակայն կոնկրետ սահմանների ճանաչման հարց այնտեղ չի եղել»: Պատմաբանը շեշտեց, որ նույն ձեւով մենք այսօր ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդունում նրան որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, բայց թե կոնկրետ ինչ սահմաններով, դա այլ հարց է: «Դրա համար էլ մենք գտնում ենք, որ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները համատեղելի են,- ասաց Ա. Մելքոնյանը:- Հայկական կողմն ասում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն դրա տակ Ադրբեջանը ուզում է հասկանալ սահմաններ` ԼՂՀ-ով հանդերձ»: Իսկ թե ինչու է մեր հասարակությունը հայտնվում խուճապի մեջ, երբ խոսք է գնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, պատմության ինստիտուտի տնօրենը բացատրում է շատ պարզ. «Ուղղակի մեր իրավաբանները մարդկանց համար չեն հստակեցրել, թե ինչով է մեկը մյուսից տարբերվում: Հիմա մենք չենք կարող Ադրբեջանի գոյությունը չընդունել: Դա նշանակում է, որ մենք կընկնենք ֆանտազիայի գիրկը, կասենք` չկա նման պետություն: Դու դե յուրե ճանաչում ես այդ պետության իրողությունը, բայց ոչ կոնկրետ սահմանները: Որեւէ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը բացարձակապես չի ենթադրում սահմանների ճանաչում: Ամբողջ աշխարհում 60-ից ավելի նման դեպք կա»: «Ոչ մեկս դեմ չենք Թուրքիայի հետ սահմանները բացելուն եւ դիվանագիտական հարբերություների հաստատմանը,- ասում է Ա. Մելքոնյանը,- խնդիրը սահմանի ճանաչման մեջ է: Ինձ` պատմաբանիս համար անընդունելի է այն հանգամանքը, երբ ասում են, թե կողմերը ճանաչում են միմյանց միջեւ գոյություն ունեցող փաստական սահմանը: Փաստական, այսինքն` դե յուրե սահման չէ դա: Հայաստանը երբեւէ դե յուրե չի ճանաչել այդ սահմանը: Դրա համար էլ Թուրքիային շատ ձեռնտու էր, որ արձանագրությունները վավերացվեին, բայց կրտսեր եղբոր ճնշումն ավագի վրա շատ ուժեղ էր, եւ Թուրքիան հայտնվեց Ադրբեջանի բռի մեջ, որովհետեւ այնտեղից նավթի խնդիր կար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter