HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Տիգրան Կարապետյան. «Ադրբեջանը թող շատ վեր-վեր չթռնի»

Օգոստոսի 20-22-ը Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովը, եւ արդեն հայաստանյան մամուլում հնչել են տեսակետներ, թե հանդիպման նպատակներից մեկը ԼՂ հիմնահարցին վերջնական լուծում տալն է: «Ի՞նչ կարծիքի եք այս մասին» հարցն այսօր լրագրողներն «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ուղղեցին «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին: «Որքանով ես գիտեմ` խորհրդակցությունը պետք է անցնի նավի վրա: Ես համարում եմ` ընդհուպ եթե սուզանավ լինի, իրենք չեն կարող որոշել Արցախի ճակատագիրը: Դա պետք է որոշի ժողովուրդը, դա ազգային հարց է. չի կարող որեւէ մեկը միանձնյա որոշել Արցախի կարգավիճակը»,- ասաց Տ. Կարապետյանը: Նա անդրադարձավ նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին Ս-300 հակահրթիռային համակարգեր վաճառելու վերաբերյալ վերջերս շրջանառվող լուրերին եւ նշեց, թե իր տեղեկություններով` նույն զենքը վաճառվում է նաեւ Հայաստանին. «Միայն դա ոչ մեկը չգիտի: Մենք մշտապես Չեխիայից ստանում ենք ամեն ինչ` հրթիռներ եւ այլն»: Ըստ բանախոսի, եթե աշխարհն այսօր պատկերացում ունի Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմական հնարավորությունների մասին, քանզի վերջիններս, թեկուզ որոշակի վերապահումներով, այնուամենայնիվ, այդ առումով պաշտոնապես տեղեկատվություն են ներկայացնում, իսկ ահա Արցախում առկա զենքի մասին աշխարհն ինֆորմացիա չունի: «Եվ Ադրբեջանը թող շատ վեր-վեր չթռնի, որովհետեւ ոչ մեկը չգիտի Արցախի ռազմական պոտենցիալը»,- ընգծում է Տիգրան Կարապետյանը: Նախօրեին ռուս քաղաքագետներից մեկը հայտարարել է, որ Աբխազիայում տեղակայված ռուսական Ս-300-ները կարող են պաշտպանել նաեւ Հայաստանի երկինքը` Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում: Ասվածի կապակցությամբ Կարապետյանը նշում է, որ եթե նույնիսկ պատերազմ լինի, ոչ ոք թույլ չի տա, որ այն երկար տեւի: «Իսկ կարճատեւ պայքարի համար մենք ամեն ինչ ունենք: Շատ լավ էր, որ պայմանագիրը ռուսների հետ երկարացրին, որովհետեւ Թուրքիայի կողմից գոնե երաշխիք ունենք, որ թուրքը կմնա իր տեղում: Ադրբեջանցիների հետ էլ մենք պատրաստ ենք պայքարել: Ճիշտ է` մենք չունենք այնքան ինքնաթիռ, ինչքան իրենք, բայց ինքնաթիռը ոչ մի դերակատարում չի ունենա»,- ասում է նա: Բանախոսը միաժամանակ նկատում է, որ ռուսներն արդեն հստակ հայտարարել են` եթե Ադրբեջանը փորձի ռմբակոծել Հայաստանը, խնդիրներ կունենա ՀԱՊԿ-ի հետ: «Ուրեմն ինքը (Ադրբեջանը) Հայաստանի հետ խնդիր չի ունենալու, այլ ունենալու է Արցախի հետ, որը ճանաչված չէ, եւ ՀԱՊԿ-ը չի պաշտպանելու Արցախին: Ուրեմն, մենք պետք է պաշտպանենք եւ ցույց տանք, որ իրենց (արցախցիների) կողքին ենք»,- ասում է Տիգրան Կարապետյանը: Այս համատեքստում նա կարեւորում է իր գլխավորությամբ «Ժողովրդական» կուսակցության պատվիրակության վերջերս Արցախ, մասնավորապես սահմանային դիրքեր կատարած այցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter