HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Արգանդը, որ ծնում էր Արթուր Բաղդասարյաններ, էլ չի աշխատում

Ասում է «Ժողովրդական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը Կառավարությունը պետբյուջեից 481 միլիոն դրամ է հատկացրել Ազգային ժողովի նիստերի դահլիճի վերանորոգման համար: Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասել է, թե խորհրդարանի նոր դահլիճը հանդիսավոր տեսք կունենա եւ պնդել, որ ճարտարապետությունն ազդում է բովանդակության վրա: «Նոր դահլիճով ԱԺ դերն իրոք կբարձրանա՞» այսօրվա ասուլիսում լրագրողներից մեկ հարցրեց Տիգրան Կարապետյանին: «Բերանս բացել չտաս: Եթե ի նկատի ունես մշակութային առումով, մենք մշակույթի նախարար ունենք, որը հակամշակութային դեմք է. ինչի՞ մասին է խոսքը,- ասաց բանախոսը եւ հավելեց,- ոչ Ազգային ժողովի դերը կբարձրանա, ոչ տերը»: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վերջերս հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ Հայաստանում չեն լինի, իսկ հերթական խորհրդարանական ընտրություններում ԱԺ կանցնեն որոշ կուսակցություններ` ՀՀԿ-ի գլխավորությամբ, իսկ ահա ՀԱԿ-ը, ինչպես նաեւ «Ժողովրդական» կուսակցությունը պայքարից դուրս կմնան: Այս կապակցությամբ հարցն ուղղող լրագրողը սոցիոլոգ Ադիբեկյանի ազգանունը «Սուտիբեկյան» արտասանեց, ինչի կապակցությամբ Տիգրան Կարապետյանը նկատեց. «Սուտիբեկյան ազգանունը լավ եք տիրապետել. էդ լավ ա»: Նա կիսում է սոցիոլոգի միայն այն կարծիքը, որ արտահերթ ընտրություններ չեն լինի: «Գիտեք` ի՞նչ, եկեք անկեղծ խոսենք: Հանրապետական կուսակցությունը խնդիր ունի եւ փորձելու է հին կուսակցականներից կամաց-կամաց ձերբազատվել: Որովհետեւ ինքը հասկանում է` ժողովուրդը որքա՞ն կարող է, ասենք, Գալուստ Սահակյան տեսնել: Երիտասարդները, հակառակը, բաց բերանով կլսեն` ինչ է ասում առաջնորդը»,- ասում է բանախոսը եւ շեշտում, որ ավագների պահանջները որոշակիորեն մեծ են եւ նրանք ունեն հավակնություններ: Ըստ նրա` Հանրապետական կուսակցությունը հիշյալ խնդիրը լուծելու է այնպես, որ դա չդիտվի իբրեւ «քցոցի», ասենք, հներին տեղավորելու է աշխատանքի ու լավ վարձատրելու է: Միաժամանակ, Տ. Կարապետյանի խոսքերով, ՀՀԿ-ն փորձելու է աճել մյուս կուսակցությունների հաշվին: Ասենք` ձգտելու է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստանա ձայների 7-8 կամ 10 տոկոսը, ինչը, բնականաբար, ձեռք չի տա ԲՀԿ-ին: Բայց, միեւնույն է, ըստ նրա, մեծ կոնֆլիկտներ չեն լինի: ԲՀԿ-ի խնդիրը կուսակցության ցուցակն է. բացի Գագիկ Ծառուկյանից, ովքե՞ր են ղեկավարելու այն: Տիգրան Կարապետյանն անկեղծանում է, որ նույն խնդիրը ծառացած է նաեւ իր ղեկավարած կուսակցության առջեւ. ովքե՞ր են լինելու ցուցակի առաջին 3 անձինք: «Չմտածեք, որ ես 100 տոկոսով համոզված եմ, որ անցնելու եմ: Ես լավ գիտեմ վիճակը, մեխանիզմները: Բայց կա մի խնդիր, որ ազնվության, արդարության ճանապարհին (այդ տղայական, մաքուր, հայկական) միայն ժողովրդավարական կուսակցությունն է: Այսօր մենք չենք կարող համեմատվել ոչ ՀԱԿ-ի հետ, ոչ էլ Հանրապետականի հետ: Որովհետեւ ՀԱԿ-ը եղել է իշխանության, եւ այնտեղ գերակշիռ մասը նախկին չինովնիկներ են (չեմ ասում` վատ, թե լավ, ի սեր Աստծո), արդեն աշխատել են, իրենց ժողովուրդը ճանաչում է: «Ժողովրդական» կուսակցության ռեսուրսը հենց ժողովուրդն է, եւ ես մտածում եմ` այսօր շարժ է ընթանում: Այդ ճարահատությունից, որ վերցնում էին 5000 դրամը, էլի կվերցնեն, բայց ոչ այն աշխուժությամբ»,- ասում է Տ. Կարապետյանը: Ըստ նրա` հիմա այն փուլն է, երբ գալիս է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, մասնավորապես Գրիգոր Ամալյանի (ՀՌԱՀ-ի նախագահ) ժամը, քանի որ պետք է որոշվի, թե որ հեռուստաընկերություններն են հեռարձակման լիցենզիա ստանալու. «Ինչ մեխանիզմներ ունեն, ես չգիտեմ: Համենայնդեպս, ԱԼՄ-ն չի վախենում, որովհետեւ եթե մեր հեռուստաընկերությանը լիցենզիայից զրկեն-չզրկեն, մենք շահած ենք: Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, եթե եթերից զրկեն, ժողովուրդը դա չի հասկանա, ու դա կլինի մեր օգտին»: Մտածել, որ Հայ ազգային կոնգրեսը ապագա խորհրդարանում չի լինի, Կարապետյանի կարծիքով, պարզապես «իլյուզիա» է: Նրա խոսքերով` ՀԱԿ-ը խորհրդարանում ներկայացված կլինի 10-15 պատգամավորով, ու դա իշխանության համար կլինի շատ վատ. «Որովհետեւ ՀԱԿ-ը ձեռք կբերի օրինական ամբիոն, իսկ լավ աշխատանքի դեպքում 10-15 պատգամավորը հզոր ուժ է»: «Ժառանգության» մասին բանախոսը երկար խոսել չի ուզում, քանի որ, ինչպես ինքն է ասում, այն ամերիկյան պրոեկտ է: Այնուամենայնիվ, նա նշում է, որ այս կուսակցությունը կփորձի խլել ՀԱԿ-ի ձայները, որը չի ստացվի, որովհետեւ ՀԱԿ-ը կաշխուժանա, ինչը թույլ կտան նաեւ դրսից ստացված գումարները: «Ես համոզված եմ` ոչ թե մեծ թվերով, բայց օգնությունը միշտ կա: Մենք էլ ունենք կուսակցություն: Ամսական ծախսելով 50-60 հազար դոլար` դա ոնց որ կոպեկներ լինի: Ուրեմն, մեծ թվեր են պետք` ամենաքիչը 2-3 հարյուր հազար դոլար: Իսկ մեծ թվերը գալիս են դրսից: Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, ուղղակի արձանագրենք, որ կան միավորներ, որոնց աջակցում են դրսից»,- ասում է Տիգրան Կարապետյանը եւ հավելում, որ դա ամենեւին այն աջակցությունը չէ, որը ստանում է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Նա (Րաֆֆի Հովհաննիսյանը) հետազոտական կենտրոնի ղեկավարն էր, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից: Հիմի ինքը գնաց խորհրդարան, ընդեղից ուղարկեցին նոր մարդ` Ռիչարդ Կիրակոսյան: Պարզ չէ՞, որ դա միավոր է, որը ցուցումներ է ստանում, փող է ստանում, աշխատավարձ է ստանում»,- նշում է Կարապետյանն ու տեղեկացնում, որ Ռիչարդ Կիրակոսյանը միաժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականն է: Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցությանը, ԺԿ նախագահ Տ. Կարապետյանը նշում է, որ այն եւս մեծ խնդիր ունի: Դաշնակցությունն էլ, «մի լարի վրա խաղալով», ինչքա՞ն կարող է. «Հասկանում եմ` 100 տարի է` խաբում է ցեղասպանությունով: Հասկանալի է, մի հատ ուրիշ բան, երաժշտություն չկա՞»: Ի վերջո, Տիգրան Կարապետյանի կարծիքով, լավագույն ստուգատեսը քաղաքապետի անցած ընտրություններն էին, որոնք փաստեցին, որ «ոչ դաշնակը, ոչ էլ օրինացը ձայն չունեն»: Արթուր Բաղդասարյանը եւ Արտաշես Գեղամյանը երկար տարիներ Հայաստանի քաղաքական դաշտում լուրջ դերակատարում են ունեցել: Արդյոք նրանց զբաղեցրած տեղը կմնա՞ թափուր, թե՞ ի հայտ կգան նոր ուժեր: Հարցին ի պատասխան բանախոսն ասաց. «Երկրորդ կամ երրորդ Արթուր Բաղդասարյաններ էլ չեն լինի, ինչքա՞ն կարելի է… ինձ թվում է` էդ արգանդն էլ չի աշխատում, զավոդը չկա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter