HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ալիեւ փոքրիկն ինքն էլ չի սպասում. մենք պետք է ձեռքներս ծալած նստե՞նք»

ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասում է, որ մենք Գյումրու ռուսական ռազմաբազայի ժամկետը, չնայած դրա ավարտին դեռ 10 տարի կա, երկարաձգում ենք մինչեւ 2044 թվականը, այն պատճառով, որ «Ալիեւ փոքրիկն ինքն էլ չի սպասում, այս տարվա կեսին կես միլիարդով ռազմական բյուջե է ավելացնում, ռազմատենչ հայտարարությւններ է անում: Ի՞նչ է` մենք պետք է ձեռքներս ծալած նստե՞նք»: «Կարեւոր է ոչ միայն ժամկետի երկրարացումը, այլեւ այն, որ ռազմաբազան փոխում է իր գործառույթները, վերազինվում է 21-րդ դարին համապատասխան զինտեխնիկայով, սպառազինությամբ, ինչը գործնականում անխոցելի կդարձնի ՀՀ ազգային անվտանգությունը: ՀՀ քաղաքացիների համար սա խաղաղության երաշխիքներից մեկն է»,- ասում է Է. Շարմազանովը: Ըստ նրա` ադրբեջանական կողմը չի համաձարկվի պատերազմ սկսել ղարաբաղյան ուժերի դեմ. «Մանավանդ որ մեկ անգամ նրանք սկսել են այդ ագրեսիան, եւ մենք տեսել ենք, թե ինչ տխուր ավարտ է ունեցել Ադրբեջանի համար: Նախկինում էլ ասել եմ ու ասում եմ. եթե Ադրբեջանի մտքով անցնի պատերազմ սկսել, ապա թող համոզված լինեն , որ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը կհասնեն Հայկական բարձրավանդակի բնական սահման հանդիսացող Կուր եւ Արաքս գետերի սահմանագիծը»: «Այն կեղծ լուրերը, թե իբր Ռուսաստանը պետք է С-300 վաճառի Ադրբեջանին, կարծում եմ, հիմնազուրկ են,- նշում է ԱԺ պատգամավորը,- բայց եթե նույնիսկ տեսականորեն համարենք , որ նման բան կարող է լինել, ապա Գյումրիի ռազմաբազան ունենալու է ամենանորացված ռազմատեխնիկան: Իսկ դա ՀՀ անվտանգության ապահովման կարեւորագույն բաղկացուցիչներից մեկն է»: Շարմազանովը չի ընդունում նոր պայմանագիրը քննադատողների կարծիքները. «Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր, շատ լավ տեղյակ լինելով աշխարհաքաղաքական զարգացումներից, անտեղի քննադատում են կամ պոպուլիստական հայտարարություններ են անում: Իրենց նպատակը ո՞րն է: Այսօր կա՞ մի երկիր, բացի գերտերություններից, որը միայնակ կարող է ամբողջությամբ ապահովել իր ազգային անվտանգությունը: Միանշանակ չկա: Եթե ռուսական ռազմաբազան չլինի, ապա ո՞վ լինի: Դե թող իրենք բացահայտ ասեն` մենք դեմ ենք հայ-ռուսական համագործակցությանը: Իմ սուբյեկտիվ կարծիքով` հանրությունը սրան դեմ չէ, ուղղակի կան քաղաքական գործիչներ, որոնք զբաղված են քաղաքական սպեկուլիացիայով եւ ավանտյուրիզմով: Եվ այդ գործիչների մի մասը իրենք են կնքել եւ իրենք են եղել ռուսական ռազմակայանի` Գյումրիում տեղակայման ջատագովները եւ հեղինակները: Հիմա իրենք, ինչ-ինչ քաղաքական հաշվարկներից ելնելով, դեմ են սրան խոսում: Սա արդարացված չէ»: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ապագայում ՀՀ-ն կողոմորոշվի դեպի Արեւմուտք, Շարմազանովն ասում է, թե ինքը չի տեսնում այնպիսի հեռանկար, որ ռուսական ռազմաբազաների տեղակայմանը կամ հայ-ռուսական համագործակցությանը որեւէ վտանգ սպառնա: «ՀՀ-ն այս երկու տարում շատ կարեւորագույն նախաձեռնությունների շնորհիվ ունի շատ լուրջ դերակատարում տարածաշրջանում, շատ լավ հարաբերություններ թե ՌԴ-ի եւ ՀԱՊԿ անդամ երկների, թե արեւմտյան գործընկերների` ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հետ, որի վառ ապացույցն է թե Հիլարի Քլինթոնի այցելությունը Հայաստան, թե Սերժ Սարգսյանի այցը Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսել ու հանդիպումները եվրոպական ղեկավարության հետ»,- հավաստիացնում է ՀՀԿ անդամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter