HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սերգեյ Մինասյան. «Մեզ համար շատ հեշտ կլինի գտնել այլընտրանքային ճանապարհներ»

Ռուսաստանը, Ս-300 հակահրթիռային համակարգեր Ադրբեջանին վաճառելով, հայ-ադրբեջանական ռազմական հավասարակշռությունն ուղղակի ձեւով չի խախտում, քանի որ Հայաստանը ռազմական ավիացիա չունի: Սակայն մյուս կողմից Ադրբեջանը Ս-300-ով կարող է ոչնչացնել հայկական Սկատ հրթիռները, որոնք ի զորու են հասնել Բաքու, հարվածել Ադրբեջանի խորքում գտնվող կարեւոր էներգետիկ օբյեկտներին: «Բայց որոշ առումով պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում, որովհետեւ եթե պատերազմը վերսկսվի, եւ Ռուսաստանը, իր պարտավորություններից ելնելով, ստիպված լինի ներգրավվել ռազմական գործողություններում, նույն Ս-300-ները հնարավոր է` օգտագործվեն նույն ռուսական ավիացիայի դեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը եւ ընդգծեց, որ Մոսկվայում էլ շատ լավ հասկանում են այդ վտանգը եւ եթե գնում են այդ քայլին` Ս-300-ի վաճառքին, ուրեմն համոզված են, որ ռազմական գործողություններ չեն լինի: «Դժվար թե մոտակա տարիներին Բաքուն ինչ-որ ռազմական գործողությունների վերսկսման պատրաստ լինի»,- ասում է բանախոսը եւ մանրամասնում, թե որոնք են Ադրբեջանին զսպելու մեխանիզմները: Երեւանը, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը 25-ից երկարեցնելով 49 տարվա, ստանում է քաղաքական երաշխիքներ, որոնք, ըստ բանախոսի, մեծամասամբ երաշխավորում են այս կամ այն մակարդակով հայ-ադրբեջանական հնարավոր բախման դեպքում Ռուսաստանի ներկայությունը: Մամուլում արդեն հնչել են տեսակետներ, որ եթե ՌԴ-ն իրոք մեր հարեւանին վաճառի Ս-300 հակահրթիռային համակարգեր, ապա Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ից  դուրս գա: Քաղաքագետ Մինասյանն այս տեսակետը չի կիսում: Նա նշում է, թե համոզված է, որ վաճառքի շուրջ ռուս-ադրբեջանական բանակցություններ ընթանում են, բայց վստահ չէ, որ գործարքը կկայանա, թեեւ այն բացառել հնարավոր չէ: «Ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից եւ, ընդհանրապես, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները պետք է խզվեն, որովհետեւ Ռուսաստանը, որպես մեծ տերություն, տեխնիկական դաշտում փորձում է տարածաշրջանում վարել որոշակի հավասարակշռված քաղաքականություն: Ս-300-ի առնվազն երկու դիվիզիոն հայկական բանակն արդեն ունի եւ երկուսն էլ կան Գյումրիում տեղակայված ռուսական բազայում: Իսկ սպասվող փոփոխությունների արդյունքում որոշ նոր զինատեսակներ Հայաստանը կստանա»,- ասում է քաղաքագետը: Իրականում սպասվող փոփոխությունները, այսինքն` Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարացումը, հազիվ թե հնարավոր լինի համարել սկզբունքային փոփոխություն, քանի որ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը հիմնված է դեռ 1997թ. ստորագրված, այսպես կոչված` Մեծ պայմանագրի եւ մի շարք այլ իրավական փաստաթղթերի վրա: Դրանից ելնելով էլ Մինասյանը կարծում է, որ այս փոփոխությունը պարզապես քաղաքական հաղորդագրություն է` ուղղված Ադրբեջանին, թե Ռուսաստանն իսկապես պատրաստ է ռազմական գործողությունների դեպքում ավելի կոնկրետ աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Հենց սրանով էլ քաղաքագետը պայմանավորում է վերջին օրերին Ադրբեջանում ռազմական հռետորիկայի նվազումը: «Որովհետեւ հասկանալի է, որ 5-օրյա պատերազմից հետո, երբ Ռուսաստանը մեր տարածաշրջանում ներգրավվեց ռազմական գործողություններում` չունենալով նույնիսկ որևէ իրավական պարտավորություն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի առջեւ (բացառությամբ այն, որ բնակչության մի մասն ունի Ռուսաստանի քաղաքացիություն), Հայաստանի դեպքում այդ պարտավորություններն արդեն չափազանց մեծ են»,- ասում է Սերգեյ Մինասյանը: Իսկ ինչո՞ւ է ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարեցվում հենց հիմա, երբ այն տրամաբանական կլիներ անել 10 տարի անց: Հարցին ի պատասխան` քաղաքագետը նշեց, որ այսօր Ռուսաստանի համար ստեղծվել է բավական նպաստավոր պայմաններ` մի կողմից ռուս-վրացական պատերազմի արդյունքում, մյուս կողմից էլ տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Եվրամիության դերակատարումն ավելի է նվազել, քան 1-2 կամ 5 տարի առաջ էր: «Եվ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ 5 տարուց Ռուսաստանի համար նպաստավոր ֆոնը չի փոխվի, եւ Ռուսաստանը պարզապես փորձում է օգտագործել այդ իրավիճակը` առավելագույն երաշխիքներ ստանալ Հարավային Կովկասում` իր ռազմաքաղաքական ներկայության համար: Նույն կերպ Ուկրաինայում Ռուսաստանը, օգտագործելով հարմար պահը, ավելացրեց Սեւաստոպոլի ռազմածովային հենակետի գործունեության ժամկետը»,- մանրամասնում է բանախոսը: Այնուամենայնիվ, որքանո՞վ են իրական սպասելիքները, որ ՌԴ-ն չի խուսանավի ու կմիջամտի հայ-ադրբեջանական պատերազմին` հօգուտ Հայաստանի: Պատասխանելով «Հետքի» հարցին, բանախոսը նշեց. «Եթե Ռուսաստանը Հայաստանին ռազմական աջակցություն չցուցաբերի եւ Հայաստանը պատերազմում կորցնի Ղարաբաղը, ապա Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանում դառնում է անիմաստ: Եվ հասկանալի է, որ Հայաստանի համար նույն ՆԱՏՕ-ի կամ ինչ-որ արեւմտյան ռազմական համագործակցության գնալն ավելի հեշտ կլինի, քան Վրաստանի դեպքում, որովհետեւ մենք սահմանակից չենք Ռուսաստանին»: Ինչ վերաբերում է Թուրքիայի գործոնին, քաղաքագետ Մինասյանի կարծիքով, եթե Արցախի հարցում տանուլ տանք, այս երկիրը չի էլ փորձի հարձակվել Հայաստանի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter