HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ռուսների ակտիվությունը միմիայն վտանգ է պարունակում

Ռուսները Հայաստանում են: Հայկական «էլիտայի» լեքսիկոնով ռուսները մեր «կրիշն» են: Իսկ «կրիշ» պարտադիր պետք է ունենաս, այլապես չես կարող բիզնես ունենալ, պատգամավոր դառնալ, կամ պարզապես որեւէ գործ գտնել: Իսկ քանի որ իրենց շեֆն ասում է` այսօր մեր «կրիշը» ռուսներն են, իրենք էլ են դա ասում, եթե վաղը շեֆն ասի ամերիկացիներն են, իրենք էլ այդպես են ասելու:

Հիշու՞մ եք` հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ իշխանության ներկայացուցիչները ինչպես էին «համոզում» դրանք ստորագրելու անհրաժեշտության մասին: Այսօր նույն մարդիկ, լսում եք, թե ինչպես են հայհոյում թուրքերին: Ինձ, միամիտիս, չգիտես ինչու թվում էր, որ ինչ-որ ուժեր բողոքի ակցիաներ են անելու ռուսական ռազմաբազաների ժամկետը երկարացնելու դեմ: Բայց ոչ մի ձայն, բոլորը լուռ համաձայնվել են:

Զավեշտ է, իսկապես համաձայնագիրը ստորագրում է մի կուսակցություն, որի հիմնադիրը` Աշոտ Նավասարդյանը, 12 տարի անցկացրել էր խորհրդային բանտերում: Նա երազում էր անկախ Հայաստանի մասին ու պայքարում էր դրա համար: Երեւանում այսօր ստորագրվել է Հայաստանում ռուսական ռազմակայանների ժամկետի եւ լիազորությունների երկարաձգման համաձայնագիրը:

Այսքան հրճվանք որտեղի՞ց հայ իշխանավորների մոտ, այսքան խոնարհում, այսքան նվաստացում: Միշտ սարսափել եմ, երբ ռուսները ակտիվություն են ցուցաբերել տարածաշրջանում:

Երկարացրել են համաձայնագրի ժամկետը, այն այժմ 49 տարի է: 99 տարին խելքին ավելի մոտ կլիներ: Սովորաբար հողհատկացման պայմանագրերում հենց այս թիվն է նշվում, թե ինչու 99 տարով չենք կնքել այս համաձայնագիրը, միայն դա է անհասկանալի: Ռուսաստանը վերջնականապես օկուպացրեց Հայաստանը:

Հայաստանն ինքնակամ ստորագրեց կապիտուլյացիայի պայմանագիրը: Ես երբեք վտանգ չեմ տեսնում, երբ Ալիեւն է հոխորտում, երբ Թուրքիայի նախագահը կամ վարչապետն են Հայաստանին վերաբերող ինչ որ սպառանալիքներ անում: Իսկ երբ ռուսները ժպտալով ինչ-որ բացատրություններ են տալիս, ասենք C-300-ի վերաբերյալ, իսկապես վախենում եմ: Նրանք երբեք մեր ռազմավարական գործընկերը չեն եղել, երբեք:

Պատմության մեջ չես գտնի մի հատված, որ այդպիսին է եղել, որ դրսեւորվել է գործընկերություն: Ղարաբաղում հայերի բոլոր հաջողությունները սկսվեցին այն ժամանակ, երբ ռուսները հեռացան: Շահումյանի շրջանը, Գետաշենը ադրբեջանցիները կարողացան գրավել ռուսական զորքի օգնությամբ: Չգիտեմ, թե ինչ է անելու տարածաշրջանում ռուսը, բայց մի բան հստակ է, որ նրանք չեն կարողանում «կոտրել» Ալիեւ կրտսերին, առ այսօր Ռուսաստանի բոլոր ջանքերը` որեւէ բան ստանալ Ադրբեջանում, արդյունք չեն տվել:

Խոսքս տնտեսական լծակների մասին է: Հայաստանում ամեն ինչ վաղուց ռուսներինն է, հերթը հիմա հասավ ատոմակայանին: Քաղաքական գործիչները, իշխանական մեդիան խոսում են այս համաձայնագրի «բացառիկ» լինելու մասին: Իրականում, սա գործընկերության հետ որեւէ առնչություն չունեցող համաձայանգիր է, եւ մենք դրանով ընդամենը հաստատեցինք, որ ստրկություն ընդունած ինչ-որ հանրույթ ենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter