HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատմական ակնարկ Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին

Վրաստանի տարածքում հաշվարկված է մոտ 650 հայկական եկեղեցի: 19-րդ դարում միայն Թիֆլիսում եղել են հայկական 29 եկեղեցիներ, այսօր մնացել են 2-ը:

Մինչ օրս չլուծված է մնում Խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված հայկական 6 եկեղեցիների պատկանելության խնդիրը` Թբիլիսիի Սուրբ Նորաշենը (XV դար), Սուրբ Նշանը (XVIII դար), Շամխորեցոց Սուրբ Աստվածածինը (երկրորդ անվանումը` Կարմիր Ավետարան, XVIII դար), Երևանցոց Սուրբ Մինասը (XVIII դար) և Մուղնի Սուրբ Գևորգը (XIV դար), ինչպես նաև Սամցխե-Ջավախք տարածաշրջանում` Ախալցխայում գտնվող Սուրբ Նշան եկեղեցին (XIX դար):

Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Թբիլիսիի կենտրոնական և հնագույն թաղամասում` Մեյդան հրապարակի հարևանությամբ, ներկայիս Լեսելիձեի անվան փողոցում, վրաց առաջնորդանիստ սբ. Սիոն և հունական Ջվարիս մամա եկեղեցիների հարևանությամբ: Նորաշենի անվանումը հայկական ծագման է և նշանակում է` նոր կառույց:

Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 1467թ. ոմն Սադաբի կողմից` ի հիշատակ իր հոր`Սուլթանի, պապի` Թավաքալի, կողակցի` Վիշելի, Նարիմանի,  Շարիմանի և այլոց: 1650 թ. Խոջա Նազարը վերակառուցել է արդեն քայքայված եկեղեցին: Գմբեթն էլ կառուցել է ուստա Պետրոսը: Պատմական վկայությունները փաստում են, որ եկեղեցին մշտապես վերանորոգվել է հայերի կողմից` 1795-ին` Բեհբուդյան Մելիք-Ավետիքի հրամանով և Գրիգոր քահանայի նախաձեռնությամբ, 1808-ին` գործակալ Տեր-Ղազարի և պրն Մունթոյանի գլխավորությամբ, հատկապես Աղա Մահմադ խանի ավերիչ արշավանքներից հետո:

Ներսես կաթողիկոսի թույլտվությամբ 1875 թ.վերանորոգվել է եկեղեցու կղմինդրե տանիքը, իսկ 1897 և 1900թթ.  նորոգումներ են իրականացվել շենքի ներսում: Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու հայ և օտարազգի այցելուների թողած գրություններում հիշատակվում է որպես Տփղիսի գլխավոր հայկական եկեղեցիներից մեկը: Մինչև 1989 թ. այդ փաստը չեն թաքցրել նաև վրաց ուսումնասիրողները:

Թբիլիսիի հայերի բազմաթիվ սերունդներ կնքվել են Նորաշենում, դրա պատերի տակ հանգչում են Թիֆլիսի հարգարժան քաղաքացիների` Թումանով, Թամամշև, Վարթանով, Պրիդոնյան իշխանների աճյունները: Այստեղ հանգչում է այս եկեղեցու ավագերեց Բաժբեուկ-Մելիքովի աճյունը: 

Խորհրդային տարիներին և մինչև 1931 թ. Նորաշենի Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում էր թեմական խորհրդի իրավասության ներքո: Այնուհետև եկեղեցու շենքը վերածվում է գրապահոցի: 1962 թ. դրությամբ, Մոսկվայի և Կիևի հնատիպ գրականության պահոցներից հետո, Նորաշենի Սբ. Աստվածածին եկեղեցին երրորդն էր համարվում:

Վրացականացման փաստեր

1983 թ.-ից սկսվել են Նորաշենի Սուրբ Աստվածածնի «բարեփոխումները». եկեղեցու մերձակայքի և Լեսելիձե փողոցի բարեկարգման աշխատանքների ընթացքում, որն իրականացնում էին Վրաստանի հուշարձանների պահպանության գլխավոր վարչության աշխատակիցները քաղաքի գլխավոր ճարտարապետ Շ. Կավլաշվիլու ղեկավարությամբ, քանդում են եկեղեցու հյուսիսային արձանագիր շքամուտքը` որպես «ճարտարապետական ավելորդություն»: 1989 թ. հուշարձանների պահպանության վարչության փոխտնօրեն Ջանսուգ Բաբունաշվիլին առաջին պաշտոնատար անձն էր, ով Նորաշենի եկեղեցին  հայտարարեց իբրև վրաց ուղղափառ եկեղեցի` կառուցված 13-րդ դարում:

1994-ից Նորաշենի նկատմամբ ոտնձգությունները շարունակական բնույթ են կրում: Նույն թվականի դեկտեմբերի 29-ին եկեղեցուց սկսել են դուրս բերել գրքերը: Այդ առիթով Թբիլիսի է մեկնում հայ մտավորականների խումբը, որը հանդիպում է Իլիա կաթողիկոսի քարտուղար Թեոդորոս Ջոխաձեին: Թեոդորոս Ջոխաձեն հայտարարում է, որ վրացական Սիոնի հարևանությամբ անթույլատրելի է հայկական եկեղեցու գոյությունը: «Մենք այն պետք է դարձնենք վրացական»,- ասել է կաթողիկոսի քարտուղարը: 

1995 թ. փետրվարի 15-ին վրացի հոգևորականները վրացական եկեղեցու ծիսակարգով օծում են եկեղեցին` անվանելով այն Խարեբա (թարգմանաբար նշանակում է` ավետյաց): 

1994-ից, հատկապես 1995-ից մինչ օրս, մեծ թափով ընթանում են եկեղեցու հայկական նշանների` մկրտարանի ավազանի, բարձր բեմի, պատերում ագուցված խաչքարերի, հայերեն արձանագրությունների, որմնանկարների անհետացման և իբրև «վերականգնման» աշխատանքները: 

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանի ուսումնասիրություններով` բոլոր եկեղեցիները Վրաստանում վրացականացվել են վերականգնման պատրվակի ներքո և հստակ ընտրված եղանակներով: Այսպես` հայոց եկեղեցիների խորանը` սուրբ սեղանով հանդերձ, աղոթասրահի հատակից մոտ 80 սմ բարձր է, և երկու կողմից աստիճաններ կան, որոնք տանում են դեպի խորան: Վրաց եկեղեցին, ինչպես հույն և օրթոդոքս եկեղեցիներն ընդհանրապես, նման բեմ չունի: Հայ եկեղեցիները յուրացնելու ժամանակ վրացիները նախ քանդում, հողին են հավասարեցնում բեմը: Հյուսիսային պատի մեջ հայկական եկեղեցիները ունեն մկրտարանի ավազան, որը, սովորաբար, միակտոր քարից է: Վրաց եկեղեցին նույնպես ունի մկրտության ծեսը, բայց նրանց մկրտարանը շարժական թաս է: Այդ անշարժ շինությունը նրանք չունեն, դրա համար էլ ոչնչացնում են մկրտարանի ավազանը: Հետո հերթը հասնում է բոլոր վիմագիր ու փորագիր  արձանագրություններին և որմնանկարներին:

1995 թ. մարտի 13-ին Վրաստանի հայ համայնքի հրավերով Թբիլիսի են մեկնում Գարեգին և Գրիգորիս արքեպիսկոպոսները, Եզրաս վարդապետը և Մարդու իրավունքների  հանձնաժողովի նախագահ  Ռ. Պապյանը: Նրանք հանդիպում են Իլիա 2-ի հետ և համաձայնում որոշ ժամանակով փակել եկեղեցին, ստեղծել հայ եւ վրաց մասնագետներից բաղկացած հատուկ խումբ, որոնք կհետազոտեն եկեղեցու պատկանելության հարցը: Մինչ օրս եկեղեցին պետք է քննի:

Տարիել Սիկինճելաշվիլու ոդիսականը

2005 թ. գարնանը Նորաշեն եկեղեցու հարավային պատին կից հանկարծ հայտնվում է նոր գերեզմանոց` 5 վրացերեն արձանագրություններով տապանաքարեր, որոնց թվում ոմն Մաղլակելիձեի շիրմաքարը` վախճանված 1874 թ.: Սամվել Կարապետյանը նշում է, որ համաձայն Վրաստանում վրաց ազգատոհմերի բնակության վայրերը մատնանշող մի հետազոտության` ողջ Վրաստանում Մաղլակելիձեներ բնակվել են միայն մի քանի բնակավայրերում, այդ թվում` Դուշեթի շրջանի Մլեթի գյուղում, ուր մինչև հունական Ջվարիս մամա վրացականացված եկեղեցու հոգևոր հովիվ նշանակվելը քահանա էր եղել հայր Տարիելը:

«Սրանից հետևում է, որ Նորաշենի եկեղեցու վրացականացմանը նպաստելու կոչված տապանաքարերը հայր Տարիելը փոխադրել էր իր հովվությանը վստահված Մլեթի գյուղի գերեզմանոցից»,-հաստատում է Սամվել Կարապետյանը:

Ոտնձգությունները շարունակվում են` վերջին դեպքերը

2008 թվականի մայիսին Վրացական Ուղղափառ Եկեղեցու քահանա հայր Տարիել Սիկինչելաշվիլու անմիջական ղեկավարությամբ սկսվեց Նորաշենի շուրջ ցանկապատի կառուցումը, որը զարդարվում է բացառապես Վրացական Ուղղափառ Եկեղեցուն բնորոշ խորհրդանիշներով ու խաչերով: Ցանկապատման պատրվակով հոկտեմբերի 22-ին «Սուրբ Նորաշեն» հայկական եկեղեցու և նրա հարակից տարածքի դեմ կատարված ոտնձգություններից հետո, բազմաթիվ դիմում-բողոքների և հայ համայնքի ջանքերի շնորհիվ, Թբիլիսիի քաղաքապաետարանը որոշում է կայացրել ապամոնտաժել ցանկապատը, որը մինչ օրս չի արվում: Հակառակ դրան` ցանկապատը շարունակվում է կառուցվել:

Վերջապես, նոյեմբերի 16-ին հայր Տարիելի գլխավորությամբ Վրաց Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչները ծանր տեխնիկայի օգնությամբ փորձ արեցին տեղահանել Նորաշենի բակում հանգչած թիֆլիսահայ բարեգործներ Թամամշյանների ընտանիքի ներկայացուցիչներ Միքայել Իվանի Թամամշյանի և Լիդիա Պետրոսի Թամամշյանի շիրմաքարերը, որոնք արդեն ավելի քան 100 տարի է թաղված են Նորաշեն եկեղեցու բակում: Տարիել քահանա Սիկինճելաշվիլին այդ քայլը կատարել էր` «եկեղեցու շրջակայքը բարեկարգելու և տարածքը «աղբից մաքրելու» իր սեփական նախագծի շրջանակներում»: 

Հայ համայնքի ջանքերով հաջողվել է շիրմաքարերը կրկին տեղը դնել և տարածքից դուրս բերել ծանր տեխնիկան: Սակայն հայր Տարիելը դրա համար որևէ պատիժ չի կրել: Վերջին դեպքը բավական մեծ աղմուկ առաջացրեց մամուլում, և եղան արձագանքներ տարբեր օղակներից: Վրացական լրատվամիջոցները հայկական եկեղեցիների խնդիրը մշտապես այնպես են ներկայացնում, որ հայերը ինչ-որ պահանջներ են առաջադրում վրացական եկեղեցիների նկատմամբ` հայկական ծագումն ապացուցելու որևէ փաստաթուղթ չունենալով: Իսկ Նորաշենի վերջին դեպքերի կապակցությամբ վրացական մամուլը գրում է, որ հայերի ոգևորությունը  ռուսների «լիցքավորման» արդյունքն է, հատկապես վերջին վրաց-ռուսական պատերազմից հետո: 

Նախորդ դեպքերի ժամանակ էլ աղմուկ էր բարձրացել, իսկ հետևանքը եղավ շիրմաքարերի տեղահանումը: Հնչեցին մեղադրանքներ ոչ միայն Վրաստան իշխանությունների ու Վրաց Ուղղափառ եկեղեցու ագրեսիվ պահվածքի, այլև ՀՀ իշխանությունների և Մայր Աթոռի պասիվության, երբեմն նաև` թիֆլիսահայ համայնքի պասիվության ու հստակ պահանջներ չներկայացնելու վերաբերյալ:

Պատմական տվյալները և լուսանկարները «Հետքին» տրամադրել է Սամվել Կարապետյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter