HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Բ. Ասատրյան. «Ես հիմարություն եմ արել, բայց ինչի՞ էս ժողովուրդը ձեր ձեռը պիտի էսօր կոտորվի»

Այսօրվա մամուլի ասուլիսին Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ներկայացրեց Հայաստանի ցորենի շուկայում մտահոգիչ գնաճը, որը պայմանավորեց ցորենի շուկայում առկա մենաշնորհներով: Ըստ նրա` հացի շուկան պետք է ազատականացնել: Բագրատ Ասատրյանի այս տեսակետին անդրադարձավ ասուլիսի մյուս բանախոսը` Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:

Պրն Այվազյան, պրն Ասատրյանն առաջարկեց ցորենի ներկրման շուկան ազատականացնել: Այդ մասին ի՞նչ կասեք:

Վարդան Այվազյան-Պրն Ասատրյանի ասածը ես կարող եմ վիճարկել, եթե էսպես փորձեմ: Իսկ ո՞վ ասաց, որ ազատականացում. էստեղ կա՞ որևէ մեկը, որ ցորեն է բերել, չեմ թույլ տվել, հը՞:

Ռիսկ չեն անում:

Վ.Ա.-Հիմա ի՞նչ անեմ: Այսինքն` ի՞նչ անենք, ռի՞սկ տանք: Ես, օրինակ, ռիսկ չեմ անում բերեմ, որովհետև մեծաքանակ գնում պիտի կատարես: Հետո, կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Ցորենը` նաև որպես ռազմավորական մթերք, նաև անհրաժեշտ են լուրջ երաշխիքներ, որ դու պարտադիր ունենաս ներկրման ծավալները: Դա էլ եղել է շատ շուտ` էն ժամանակահատվածում, երբ որոշիչ դերակատարումներից երևի ավելի շատ Դուք եք ունեցել, քան թե ես:

Բագրատ Ասատրյան-Գոնե ցորենի հարցում, հացի գների հարցում...

Վ.Ա.-Չէ, էնպես չի, որ ես դեմ եմ քվեարկել: Էնքան բանի եմ ես դեմ քվեարկել, հիմա պատասխան եմ տալիս էստեղ` սրա հետ կապված: Էն որոշումների կայացման մեջ Դուք երևի շատ ավելի լուրջ դերակատարություն ունեիք, քան Ձեր խոնարհ ծառան: Չի կարելի ասել` «հիմա ես տերը չեմ»:

Բ.Ա.-Ես ուզում եմ ասել` ես էն վատ մարդն եմ, որ, հիշում եք...

Վ.Ա.-Վատ չեք, Դուք լավ մարդ եք, բայց, ցավոք սրտի, հիմա սկսում եք մեկ-մեկ...

Բ.Ա.-Ես իսկապես էն մարդկանցից էի, որ երբ կտրոնով էր հացը, ես էն ժամանակ Գերագույն խորհրդի նախագահության անդամ էի, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ: Մի բավականին երկար շրջան անհաջող փորձեր էինք անում, էդ թվում նաև պատգամավորներն էին դրա մասնակիցը: Ես ինքս գնացել եմ, գործարանից հացի մեքենայով հացը ուղեկցել դեպի խանութ, խանութում հերթը փորձել կարգավորել: Եվ էդ ժամանակ էր, որ վճիռ կայացվեց գները և ընդհանրապես շուկան ազատականացվելու: Ես չեմ տա էդ վարչապետի անունը, բայց կանգնեց, ասաց` «միայն իմ դիակի վրայով»: Ես ոտքս դրեցի և 2 ամիս հետո...

Վ.Ա.-Դիակ դարձավ

Բ.Ա.-Դիակ չդարձավ, բայց 2 ամիս հետո հացի խնդիրը ՀՀ-ում լուծվեց շնորհիվ ազատականացման: Էն ժամանակ քվոտաներ ոչ մեկը չէր տվել: 94 թ-ին` մենածանր վիճակում (ճանապարհ չկար, գնացք չկար) մենք շատ ավելի լավ վիճակում էիք էս շուկայում ազատականացման տեսանկյունից, քան էսօր` 2010 թվականին: Սա շատ լուրջ մտահոգության առիթ է:

Վ.Ա.-Որովհետև 96-97 թ-ից մտավ մի հոգու ձեռքում մենաշնորհը, ինչի մասին որ հիմա ասում եք` «ինչքան վատն է»:

Բ.Ա.-Եթե ես երբևիցե մի հատ հիմարություն անեմ, երբեք մի կրկնի էդ հիմարությունը: Նախկինների հետ հիմիկվա պաշտոնյաների բանավեճի լեզուն է, ասում է. «Սրա հիմքը դուք եք դրել»: Այ ցավդ տանեմ, ես հիմարություն եմ արել, բայց ինչի՞ էս ժողովուրդը ձեր ձեռը պիտի էսօր կոտորվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter