HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Լ. Շիրինյան. «Ինչի՞ համար եք խաղաղասեր, երբ գայլերի ոհմակի մեջ եք ապրում

Քաղաքագետի համոզմամբ` հայերն իրավունք չունեն նստել ու մտածել, թե Ռուսաստանն իրենց պաշտպանում է

Թեև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային կայանքների վաճառքի մասին տեղեկությունները շրջանառության մեջ են դրված, սակայն վաճառքը դեռևս կայացած չէ: Այս մասին այսօր ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` արձագանքելով «Հետքի» խնդրանքին մեկնաբանել մի կողմից Ռուսաստանի` Հայաստանում իր ռազմաբազաների ժամկետը մինչև 2044 թիվը երկարաձգնելը և մյուս կողմից Հայաստանի թշնամի Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային կայանքներ վաճառելը:

Քաղաքագետի խոսքերով` C-300-ի վաճառքի մասին լուրը կարող է շրջանառության մեջ դրված լինել Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին պայմանագրի կանխարգելիչ բնույթը հաստատելու համար: Լևոն Շիրինյանը չի բացառում, որ վաճառքը կարող է հետո լինել: «Եթե սա լինի, բնական է, որ այն տեսակետն էլ ճիշտ չէ, որ Հայաստանի անվտանգությանը չի վնասի: Կվնասի, որովհետև Հայաստանը կզրկվի ավելի մեծ հնարավորությունից` կանխարգելիչ հարվածներ հասցնելու նաև Կասպից ծովը վառելու համար: Մեր այս հնարավորությունը կթուլանա, եթե Ռուսաստանը տա: Բայց բոլոր դեպքերում չի տվել, և հուսանք, որ չի տա»,- ասաց Լևոն Շիրինյանը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու պայմանագիրը երկարացվեց, երբ դեռ ժամկետը չէր լրացել` քաղաքագետն ասաց, որ պայմանագրի թարմացման անհրաժեշտությունը թելադրված է իրադրության փոփոխությամբ: Օրինակ` թեև Վրաստանի քաղաքականությունն ամերիկամետ են անվանում, սակայն Լևոն Շիրինյանն այն որակում է որպես թուրքամետ. Վրաստանը հեղեղված է թուրքական մեքենաներով, Թուրքիան Վրաստանում ամենուրեք է: «Ուրեմն պարզ էր, որ այս քաղաքականության մեջ կանխարգելիչ քաղաքական գործողություններ պիտի լինեին, և սա բնական եմ համարում»,- ասաց բանախոսը: Բացի դրանից` ԱՄՆ-ն Թուրքիային պարտադրեց մերձենալ Հայաստանի հետ, իսկ Հայաստանն ասաց, որ կանի այդ քայլը, ինչը, Լևոն Շիրինյանի գնահատմամբ, ճիշտ էր: Սակայն սա չստացվեց: Թուրքիան, ԱՄՆ-ի և Եվրոպայի ճնշման տակ հայտնվելով, իր գորշ գայլի ժանիքները ցույց տվեց: «Այդ ժանիքները ցույց տալու մեջ ես վստահ եմ, որ Հայաստանում շատերն էին մտածում` «բա մեր քայլը ո՞րն է այդ իմաստով»: Եվ երկրորդ` մեր բարեկամները դիտում էին, որ գայլը նորից փորձում է մտնել ուրիշի տարածք, ինչպես միշտ անում է: Իրավիճակը մի քիչ տարբեր է 18 թվից: Այն ժամանակ Ադրբեջան` որպես թուրքական պետություն, գոյություն չուներ: Այսօր կա Հարավային Կովկասի թուրքական երկրորդ պետությունը: Այսինքն` իրադրությունը փոխվեց, պայմանագրի թարմացման անհրաժեշտություն առաջացավ»,- ասաց Լևոն Շիրինյանը: Երեկ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարեց, որ ԱՄՆ հանգիստ է վերաբերվում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն այլևս չեն մրցակցում տարածաշրջանում: Լևոն Շիրինյանն այս առթիվ կարծում է, որ ԱՄՆ-ը Հայաստանի բարեկամն է:

«ԱՄՆ-ը մի բնավարություն ունի. նա խոշոր, լավ բարեկամ չի սիրում, որովհետև եթե խոշորները շատ են խոշորանում, հանկարծ մոռանում են ծնողի հովանավորության մասին: Եվ Թուրքիան ոչ միայն բարեկամ է իրենց, այլև ինքը պատված է անվտանգության դրսի շերտով` ոչ բարեկամ երկրներով` Հունաստան, Սիրիա և այլն: Կարծում եմ, որ Թուրքիան զսպող գործոնների մեջ ամերիկացիների կողմից դիտվում է նաև ինչ-որ չափով Հայաստանը: Այնպես որ այստեղ ոչ մի հակասություն չեմ տեսնում: Կարծում եմ` ամերիկացիներն անկեղծ են»,- ասաց բանախոսը:

ՀՀ-ն Արցախի երաշխավորն է: Այս տեսանկյունից` քաղաքագետի կարծիքով, եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, Ռուսաստանի համար ցանկության դեպքում էլ դժվար թե հնարավոր լինի խուսափել օգնելուց Հայաստանին, որի հետ դաշնագրային հարաբերությունների մեջ է: «Հետո, մենք չգիտենք` վերջին հաշվով այդ պայմանագիրը գաղտնի արձանագրություն ունի՞, թե՞ ոչ: Պայմանագրերն ունեն գաղտնի մասեր, որոնք 50, 100 տարի հետո են հրապարկվում, իսկ ռուսական ավանդույթով ընդհանրապես չեն էլ հրապարկվում: Անգլիացիները հրապարակում են, կարծեմ, 30 տարին մեկ, ամերիկացիները` 50, ընդ որում` շատ բաներ կան, որ էլի չեն հրապարակում»,- ասաց Լևոն Շիրինյանը: Նա դժվարացավ կանխատեսել` Ադրբեջանը հիմա կհարձակվի՞ Արցախի վրա, թե՞ ոչ: «Նրանց էլ հատուկ է մի գիծ բնավորության, որը թուրքական է. գիշատիչ են, կապ չունի` իրենց ուժը ինչքան է: Սրանք մնում են այդ քաղաքական խաղի մեջ: Կարող է արկածախնդրության մեջ քաշվեն, կամ իրեն պարտադրեն, որովհետև կախված երկիր է և այլն»,- ասաց Լևոն Շիրինյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանը չունի ռազմավարական խորք, թիկունք և հայկական բանակը չի կարող նահանջել: Հետևաբար պետք է կանխարգելիչ հարվածների ռազմավարություն որդեգրի:

«Հենց շարժվեցին, պետք է խփել կոմունիկացիաներին` Եվլախ և այլն, և նաև նավթահորերին: Մենք պիտի մի ազգային բանաձև ունենանք` «վերջ ցեղասպանությանը, վերջ թուրքական ճնշումներին և արժանապատիվ կյանք» և քիչ խոսել խաղաղությունից: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, իսկ ո՞վ է ասել ձեզ` խաղաղասեր լինեք: Ինչի՞ համար եք խաղաղասեր, երբ գայլերի ոհմակի մեջ եք ապրում, մանավանդ որ այս գայլը ոչ միայն սիմվոլիկ գայլ է, այլ գորշ գայլ է»,- նշեց Լևոն Շիրինյանը: Նա անհրաժեշտ է համարում, որ Հայաստանի բանակը սպասարկվի ոչ հումանիտար կրթության համակարգով, որը ձևավորվել է հետխորհրդային տարիներին, այլ պետք է վերադարձ լինի հիմնարար գիտություններին` ֆիզիկային, քիմիային, ինժեներական գործին: Սա կրթական այլ ցենզ է պահանջում: «Համալսարանական կրթությունը Հայաստանի համար առաջիկա տասնամյակներին դառնում է բացառիկ արժեք: Անհեթեթ այս կրթությունը շպրտեք մի կողմ` էդ բոլոնյան չգիտեմ ինչերով: Տեսեք` Հայաստանը թռիչք կգործի՞, թե՞ չէ: Ուժեղ կլինեք` ձեզնից հեռու կմնան»,- ասաց քաղաքագետը: Նա համամիտ չէ այն տեսակետին, որ ռազմական մրցավազքը քամում է երկրի տնտեսությունը: Լևոն Շիրինյանի համոզմամբ` ռազմական մրցավազքը զարգացնում է գիտությունը, տեխնոլոգիաները, կրթական հսկայական պահանջներ է ներկայացնում հասարակությանը և պարտադրում է պետության կազմակերպվածության աստիճանի բարձրացում: «Մենք իրավունք չունենք նստենք` իբրև Ռուսաստանը մեզ պաշտպանում է: Այդպիսի բան չի կարող լինի: Հայաստանը պետք է, նախ, ռուսների հետ բացատրության ճանապարհով գնա ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների ճանապարհով, բայց լինի նաև Իսրայելի նման. նրանք ժամանակակից «Ֆանտոմները» ստանում են, բայց էլեկտրոնիկայի արտադրության մեջ այնքան են առաջ գնացել, որ իրենց բարեկամների տված ինքնաթիռի մոտ ուղեղային սարքեր են դնում, որ ոչ մեկը չկառավարի հետո դրանք, իրենք կառավարեն: Այսինքն` ներքին ակտիվությունը, ներքին ինքնուրույնությունը, հավատացեք, մեր ձեռքն է: Թե ինչքանով կօգտվենք, սա արդեն մեր հասունության հարցն է»,- ասաց քաղաքագետը: Լևոն Շիրինյանի խոսքերով` հայ-ռուսական պայմանագրով նախատեսված, հայկական բանակի արդիականացումը Հայաստանը պետք է օգտագործի` մեր պետությունը կարգի բերելու համար, կազմակերպված հասարակություն ձևավորելու համար:

«Վստահ եղեք` եթե այս տենդենցը գնաց, մի տարի հետ Վրաստանը Հայաստանի և Ջավախքի հանդեպ իր քաղաքականության մեջ անպայմանորեն պետք է մեղմացումներ մտցնի: Անխուսափելի է: Եվ Նախիջևանի հարցում Հայաստանը պետք է առանձին քաղաքականություն վարի, Նախիջևանը դիտի որպես պրոտեկտորատ և ոչ թե Ադրբեջանի մաս, ինչը Կարսի դաշնագիրն է պարտադրում: Եվ Թուրքիայի հարաբերություններում կլինեն շատ «նեյնիմներ», բայց վստահ եղեք, որ մեղմացումները կլինեն: Եվ այստեղ Ադրբեջանի հարցը կմնա. կարծրանալ Ադրբեջանի հանդեպ»,- ասաց Լևոն Շիրինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter