HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Վիճեք, գնացեք դատարան, էնքան պարզ բան է»

Ըստ Լ. Շիրինյանի` Հայաստանը Նախիջևանի հարցը պետք է վիճարկի Հաագայի դատարանում

«Նախիջևանի հարցում Հայաստանը պետք է առանձին քաղաքականություն վարի, Նախիջևանը դիտի որպես պրոտեկտորատ և ոչ թե Ադրբեջանի մաս, ինչը Կարսի դաշնագիրն է պարտադրում»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա նշեց, որ Նախիջևանը` որպես Ադրբեջանի հովանավորությանը հանձնված երկիր, ունի երաշխավոր 2 պետություն` Ռուսաստանը և Թուրքիան:

«Մենք չգիտենք` Կարսի դաշնագիրը ունի՞ գաղտնի արձանագրություն, թե՞ չէ: Ես վստահ եմ, որ ունի, որը չի բացահայտվում: Ուրեմն այս 2 երկիրը, առանց համաձայնության, իրար հետ չեն կարող ավելի քայլեր անել, ինչ նախատեսվում է, մանավանդ որ Թուրքիան առանձնապես այնքան էլ ուժեղ չէ, ինչպես ցույց է տալիս: Եվ Ռուսաստանի հետ նրա բախումը շատ կասկածելի է: Վերջին հաշվով դա միջուկային տերություն է, և ռուսական քաղաքական մշակույթն իր բնավորությունն ունի. մեկ էլ խփեց գնաց. շատ հաշվել չգիտեն»,- ասաց Լևոն Շիրինյանը: Նա վստահ է, որ Թուրքիան չի կարող ռազմաբազա տեղակայել Նախիջևանում: Տեղակայելու դեպքում էլ, նրա կարծիքով, Հայաստանը կարող է Նախիջևանի հարցը լուծել հօգուտ իրեն: «Հարցը կսրվի և պատմական ճշմարտությունը նաև օբյեկտիվ շահերի տեսանկյունից մեջտեղ կգա, և մենք մեր հայրենիք կվերադարձնենք մեզնից ռուս-թուրքական գործարքով տրված հողը: Դա 18-20 թ.-ի միջազգային բոլոր պայմանագրերով Հայաստանի մաս է, ինչպես նաև Կարսի մարզը և այլն»,- ասաց քաղաքագետը: «Այս պահին, Հայաստանը ի՞նչ քաղաքականություն պետք է վարի, որպեսզի կարողանա վերադարձնել Նախիջևանը, և Դուք ռեալ համարո՞ւմ եք, որ այսօրվա իշխանությունները նման բան կանեն` օրինակ, հաշվի առնելով Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ»» «Հետքի» հարցին Լևոն Շիրինյանը պատասխանեց, որ Մոսկվայի, առավել ևս Կարսի դաշնագրով Հայաստանը Նախիջևանի խնամակալության հարցի լուծման մասնակից երկրի է, և Հայաստանը պետք է բարձրաձայնի այդ մասին: Պայմանագրում ասվում է. «Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը համաձայն են, որ Նախիջևանը դրվի Ադրբեջանի խնամակալության տակ»: «Այսինքն` Կարսի դաշնագրի այս հոդվածն աշխատեցնելը Հայաստանի իշխանության պարտավորությունն է, որովհետև նրան միացրել են, պրոտեկտորատի կարգավիճակից տեղափոխել են ուրիշ տեղ: Հիմա կանի՞, թե՞ չէ Հայաստանի իշխանությունը` ես դժվարանում եմ ասել: Բայց մի ուրիշ բանի մեջ վստահ եմ, մի քիչ ճանաչում եմ մարդկանց: Հայտարարությունները` հայտարարություն. եթե իրադրությունը հասունացավ, վստահ եղեք, որ կանի, կամ կհուշեն, որ անի: Բայց միաժամանակ մենք դրան չպիտի սպասենք»,- ասաց Լևոն Շիրինյանը: Նրա խոսքերով` Հայաստանը Նախիջևանի հարցը պետք է վիճարկի Հաագայի միջազգային դատարանում, քանի որ Ադրբեջանը խախատել է պայմանագիրը` յուրացնելով իրեն վստահված տարածքը:

«Վիճեք, գնացեք դատարան: Պայմանագիրը կա: Էնքան պարզ բան է: Պարզ է, որ Վրաստանը տևականորեն Ռուսաստանի հետ չի մերձենալու` առնվազն քաղաքական ղեկավարության պատմական փորձը նկատի ունենալով, եթե նրան չպարտադրեն: Ուրեմն մեր ճանապարհի խնդիրը մնալու է և այլն: Ես պայմանական ասեմ` էդ պարսկական երկաթուղու վրա էդքան փող ծախսելու փոխարեն Նախիջևանի վրա օգտագործեք, և երկաթուղին մեր հայրենիքի ճանապարհներով բաց է մինչև Պեկին և Շանհայ, ինչ մնաց Պարսկաստան»,- ասաց Լևոն Շիրինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter