HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Վիկտորը, Սեգոն և մյուսները եղել են Գտչավանքում

Հեռվում` բարձրության վրա, երևում է Գտչավանք վանական համալիրի գմբեթը:

Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ գտնվող Գտչավանք հասնելու համար պետք է երկար քայլել ժայռերի վրայով, անցնել անտառի միջով: Գտչավանքն ունի հարուստ պատմական անցյալ, իբրև եպիսկոպոսանիստ` պատմական աղբյուրներում հիշատակվում է 5-րդ դարից:

«8-րդ դարի սկզբին Պարտավի ժողովին մասնակցել է Գտչավանքի վանահայրը, և 8-րդ դարի սկզբին Մովսես Կաղանկատվացին հիշատակում է այս վայրում վանական համալիր և թեմ լինելու մասին: Այստեղ եղել է Դիզակի իշխանության, իսկ հետագայում նաև` Դիզակի մելիքության հոգևոր-պաշտամունքային կենտրոնը: Այստեղ եղել է լուսավորական կենտրոն` դպրոց, այստեղ ստեղծվել են ձեռագիր մատյաններ: Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության համար Գտչավանքը շատ մեծ դերակատարություն ունի»,- նշում է պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

Այժմյան համալիրի գլխավոր եկեղեցին 1241 թ.-ին կառուցել են Ամարասի վանքի Սարգիս և Վրթանես եպիսկոպոս եղբայրները: Սակայն վանական համալիրում կան խաչքարեր, որոնք ավելի հին են: Ֆրանսիայում անցկացված «Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում Գտչավանքից խաչքար է տարվել: Գտչավանքի խաչաքարերից մեկն էլ 1930-ականներին տեղափոխվել է Սբ. Էջմիածին:

Այժմ Գտչավանքի պատերին ազատ տեղ գրեթե չկա. հնավայրի այցելուներն իրենց «արձանագրություններն» են թողել ամենուրեք: «Արձանագրությունները» տարբեր թվերի են` սկսած 1930-ականներից. «Տող գյուղի բնակիչ Էդիկ Մարության` ծնված 1934 թ.», «Վագիֆ 1975», «Սեգո 1983-85» և այլն: Գրեթե բոլոր «արձանագրությունները» օտար լեզվով են` ռուսերեն:

Վանքի այցելուները ներկով գրել են անգամ գլխավոր եկեղեցու առաստաղին` ամենավերևում:

Եկեղեցու հատակը քարուքանդ է: Ներսում կոտրված շատ տապանաքարեր կան: Մոմերը վառված են խորանի վրա:

«Խաչքարերի վրա մոմ են վառում, որը չի թույլատրվում: Նույնիսկ եկեղեցու մեջ են մատաղ անում, կենդանիների գլուխները տարբեր տեղեր կախում, որը նույնպես չի կարելի: Եկեղեցիներ կան, որոնք գոմի են վերածված: Նույնը` նաև ՀՀ տարածքում: Չկա՞»,- ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը:

Արցախյան պատերազմի ժամանակ եկեղեցին չի ռմբակոծվել: Համալիրը խորհրդային տարիներին է տուժել, ընդ որում` հատուկ: Մեծ Թաղլար գյուղի Խանփերյանցի անվ. թանգարանի վարիչ Արծիվ Լալայանն ասում է, որ Գտչավանքի պատերն ապականել են հայերը, ոչ ադրբեջանցիները: «Խորհրդային տարիներին ով ինչ ուզում, անում էր: Այստեղ պահակ չկար. հավանական է, որ թուրքերն էլ գային, անեին: Բայց թուրքերի մեծամասնության մեջ մի տեսակ վախ կա: Եթե պետությունը հատուկ իրենց չի ուղարկում պայթեցնելու կամ այլ բան անելու, իրենք սովորաբար չեն անում»,- ասում է թանգարանի վարիչը:

Արցախի կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը «Հետքին» ասաց, որ 2006 թ.-ից Արցախի կառավարությունը վերականգնման աշխատանքներ է իրականացնում Գտչավանքում: Այժմ աշխատանքները դադարեցված են, սակայն վերսկսվելու են հոկտեմբերին: 2010 թ. 4-րդ եռամսյակի աշխատանքների համար Արցախի կառավարությունը 30 մլն դրամ է հատկացրել:

Գտչավանքում դեռ մի քանի տարի էլ վերականգնման աշխատանքները շարունակվելու են: «Դա կախված է միայն պետական բյուջեի հնարավորություններից: Հուշարձանների վերականգնումը իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին»,- ասում է Սերգեյ Շահվերդյանը:

Վանական համալիրի վերականգնողական աշխատանքների վերջում նախատեսվում է մաքրել նաև պատերին եղած գրությունները: Սակայն գլխավոր եկեղեցում նոր տեղադրված քարեր արդեն կային, որոնց վրա հնավայրի այցելուները հասցրել են գրել: «Ինձ համար ցավ է էս քարը. սա նոր են դրել: էլի վրան գրված է` «ծնված 1995 թիվ»: Էդ մարդիկ բրազիլական սերիալներով են, չէ՞, դաստիարակվել: Հիմա նոր սերունդ պիտի գա` հայկական սերիալներով դաստիարակված: Դրանք էլ կարող է գան ոչնչացնեն, էդ են, չէ՞, սովորում: Սրանք գոնե գրում են, դրանք էլ կարող է պայթեցնեն»,- ասում է Արծիվ Լալայանը:

Սերգեյ Շահվերդյանի տեղեկացմամբ` Գտչավանքում պահակ չի աշխատում, սակայն կա հուշարձանների հսկիչ, որի պարտականությունների մեջ է մտնում նաև այս վանական համալիրի վերահսկողությունը: Արցախի հուշարձանների հսկիչները ամրացված են ըստ ձորակների. ամեն ձորակ (ոչ թե կոնկրետ հուշարձան կամ շրջան) իր հսկիչն ունի:

«Ոչ մի պահակ, ոչ մի փական, ոչ մի փակ դուռ չի կարող փրկել հուշարձանը վնասարարություններից, եթե մարդիկ չսկսեն խորապես գիտակցել հուշարձանների արժեքները: Հուշարձանների վիճակի պահպանությունը, իմ խորին համոզմամբ, միայն պետության կամ պահակի խնդիրը չէ: Մինչև չկարողանանք մեր քաղաքացիների մեջ հին մշակութային արժեքների հանդեպ համապատասխան մոտեցումներ դաստիարակել, մենք չենք կարող պահպանել հուշարձանները»,- ասում է զբոսաշրջության վարչության պետը: Նման կարծիք է հայտնում նաև պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը` մատնացույց անելով շշերն ու սննդի մնացորդները, որոնք թափված են վանական համալիրի մոտ փակցված «Պահպանել մաքրությունը» ցուցանակի մոտ:

«Ասենք, կարող ես պահակ դնել և այլն, բայց վերանորոգում ես, ու հետևիցդ գալիս է մարդը, աղտոտում է»,- ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը` հավելելով, որ Գտչավանքից ավելի վատթար վիճակում գտնվող եկեղեցիներ էլ կան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter