HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թերարժեքության կոմպլեքսի պատճառով հույսներս դրել ենք ռուսների վրա

Ըստ քաղաքագետի` մեր բանակն ի զորու է լուծել հարցերն Ադրբեջանի հետ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասում է, որ ռուս-ամերիկյան «պերեզագրուզկա» կոչվող քաղաքականությունից հետո Ռուսաստանն ուժգնորեն սկսել է ակտիվանալ նախկին խորհրդային տարածքում: Անդրադառնալով հայ-ռուսական եւ ռուս-ադրբեջանական հարաբերություններին` նա նշում է, որ «C-300» ՀՕՊ կայանքների հավանական վաճառքի լուրերը հայ հասարակության մեջ առաջացրել են երկու ծայրահեղ մոտեցում: Ըստ առաջինի`մարդկանց մի մասը չի հասկանում, թե ինչպես կարող է մեր ռազմավարական դաշնակիցն այդպիսի քաղաքականություն վարել Ադրբեջանի հանդեպ: «Ծայրահեղություն է այն, որ իբր Ռուսաստանը խաղում է երկակի խաղ, Ռուսաստանը դավաճանում է Հայաստանին, ինչպես որ նախկինում է եղել: Նույն ԱՄՆ-ը ռազմավարական հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ, բայց զենք է վաճառում ոչ միայն նրան, այլեւ արաբական երկրներին: Իսրայելյան հասարակության մեջ միշտ անհանգստություն կա, բայց այդպիսի հիստերիկ էլեմենտ չկա,- նշում է քաղաքագետը:- Մենք նորմալ, բնական պետք է վերաբերվենք այս ամենին: Ես դրական եմ գնահատում այս պայամանգիրը, սակայն մյուս կողմից`  կարծում եմ, որ չարժե թմբկահարելով հայտարարել, թե սա դարի պայմանագիր է: Հայկական կողմն անընդհատ նշում է, որ կա էական փոփոխություն. այս պայմանագրով Ռուսաստանը պարտավորվում է երաշխավորել ոչ միայն նախկին ԽՍՀՄ արտաքին, այլ նաեւ ՀՀ ամբողջական սահմանները: Այստեղ ակնարկ կա, որ, ըստ էության, ղարաբաղյան պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում Ռուսաստանը կանցնի Հայաստանի կողմը: Բայց ես չէի ուզենա, որ այս մեկնաբանությունները բավանականին ակտիվ լինեն, որովհետեւ եթե համեմատեք ադրբեջանցի ու հայ քաղաքագետներին ու քաղական գործիչներին, ապա ադրբեջանցիների կողմից չկա այնպիսի գաղափար, թե Թուրքիան իրենց կպաշտպանի: Այստեղ մեզ մոտ աշխատում է թերարժեքության կոմպլեքսը, որովհետեւ հայկական բանակը միանշանակ ավելի ուժեղ է, քան ադրբեջանականը: Դա ցույց է տվել նաեւ պատերազմը, հայկական կողմը բոլոր պարագաներով առավելություն ունի, ու չարժե, այդ կոմպլեքսից ելնելով, նշել, թե ռուսական կողմը մեզ պետք է պաշտպանի, որ մենք հաջողություն ունենանք: Ռուսական կողմը չեզոքացնում է թուրքական վտանգը, եւ դա հերիք է, որ մենք խնդիրները լուծենք: Այդ կոմպլեքսը վնասում է Հայաստանի վարկին , Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ ընդհանրապես այդ բարոյահոգեբանական մթնոլորտը բավականին վատն է»: ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը համաձայն է, որ մեր անվտանգության առաջին երաշխավորը հայկական բանակն է, ու պատերազմի դեպքում առաջին հերթին հենց մեզ վրա պիտի դնենք մեր հույսը: Նա նշում է նաեւ, որ Հայաստանի համար որպես ռազմավարական գործընկեր Ռուսաստանը պահպանում է իր նշանակությունը: Սրան ի պատասխան` մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կնքում է համարժեք պայմանագիր Թուրքիայի հետ: Ըստ նրա` Ռուսաստանի` տարածաշրջանում ամրապնդվելու ապացույց է ոչ միայն  Հարավային Օսիայում եւ Աբխազիայում իրականացվող քաղաքականությունը, այլ նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները: Երվանդ Բոզոյանն ասում է, որ մենք չպետք է շատ մտահոգվենք սեպտեմբերի 9-ի ՄԱԿ-ի հնարավոր ադրբեջանամետ որոշմամբ, որովհետեւ այդպիսի որոշումներ մի քանի արդեն անգամ եղել են: «Մեզ համար կարեւոր է, որ միջազգային հիմնական խաղացողները կոնստրուկտիվ դիրքորոշում ունենան,- նշում է Բոզոյանը,- իսկ Ադրբեջանին պաշտպանող երկրների առումով մեծ ողբերգություն չպետք է տեսնել: Ժամանակին ՄԱԿ-ում Իսրայելի հանդեպ մոտ 200 շատ խիստ որոշում է կայացվել, բայց Իսրայելը կա, ծաղկում է ու բարգավաճում: Սակայն եթե Ադրբեջանը գնա պատերազմի, ապա Հայաստանը ուղղակի պետք է ճանաչի ԼՂ պետականությունը, կնքի ռազմական դաշինք եւ հրապարակավ հայտարարի, որ ինքը ուղղակիորեն միջամտում է` ԼՂ պաշտպանության համար»: Ա. Մարկարովը հավելում է, որ ԵԱՀԿ-ից ԼՂ խնդրի տեղափոխումը այլ ամբիոն, վնասարար կլինի, եւ, հավանաբար, երկրների մեծամասնությունը կամ չեզոք են լինելու, կամ չեն էլ քվերակելու: Բավականին հավանական է, որ ի օգուտ կքվեարկեն Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երկրները: «Դա լինելու է  որոշ իմաստով նախազգուշացում, որ անհրաժեշտ է կանխել համապատասխան փաստաթղթերի ներկայացումը: Ողբերգություն պետք չէ սարքել, բայց դա նախազգուշացում է մեր ԱԳՆ-ին»,- եզրակացնում է Մարկարովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter