HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սխալ ֆուտբոլային դիվանագիտությունն ազդեց հատկապես ընդդիմության վրա

Ըստ քաղաքագետի` հայ-թուրքական հարաբերություններում իշխանության եւ ընդդիմության տեսակետներն իրարից չէին տարբերվում «Մենք միշտ էլ զգուշացրել ենք, որ, ըստ էության, այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտության գործընթացը հեռանկար չունի, որ այս գործընթացը չի նպաստելու հայ-թուրքական հարաբերությունների փաստացի բարելավմանը, լարվածության աստիճանը չի թուլանալու մեր տարածաշրջանում, այլ ճիշտ հակառակը` Թուրքիան կօգտագործի իր հնարավորությունները` տարածաշրջան ներխուժելու համար,- հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագման մեկամյակի առիթով հիշում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ու հավելում, որ այդ ամենն իրականացավ:- Թուրքիան ակտիվորեն բարձրացնում էր ԼՂ կարգավորման արագացման խնդիրը, եւ նույնիսկ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով պատասխանատվություն էր վերցնմում Թուրքիայի հանդեպ, որ ինքը կակտիվացնի գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում: Սա բավականին մտահոգիչ էր, դա ոգեւորեց Ադրբեջանին, որը բավականին լկտիացավ, եւ արդյունքում տարածաշրջանում մթնոլորտ փոխվեց, եւ դա բերեց նրան, որ էապես մեծացավ պատերազմի վտանգը. գոնե մեր հասարակության մեջ հոգեբանորեն քննարկում գնաց` կլինի արդյոք պատերազմ, թե ոչ: Հասարակության մեջ մի տեսակ ահաբեկման պրոցես սկսվեց: Սա խրատ է եւ օրինակ, թե ինչպես պետք է անել, որ մյուս անգամ նման սխալներ չկրկնվեն»: Իր հերթին ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հայ-թուրքական գործընթացը ցույց տվեց, որ Հայաստանում կան ուժեր, որոնք արտաքին գերակայությունների առումով կարող են արտահայտել հակառակ դիրքորոշումներ: Խոսքը կոալիցիայի հետ համագործակցող ՀՅԴ-ի մասին է, որը տարաձայնությունների պատճառով դուրս եկավ իշխանական դաշտից: Մարկարովը համաձայն է, որ Թուրքիան ավելի ակտիվ է եղել տարածաշրջանում: Ըստ նրա` դրան զուգահեռ ակտիվացել է ռուս-ադրբեջանական համագործակցությունը: «Ադրբեջանն այս պահին Ռուսաստանին ավելի մոտիկ է տեսնում իրեն` որպես քաղաքական ու ռազմավարական գործընկեր, ինչը որոշ իմաստով ազդել է նաեւ ռուս-թուրքական հարաբերությունների վրա` Պուտինի այցը Թուրքիա, «Կապույտ հոսք» գազատարի, ատոմակայանի կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունները: Թուրքական կողմը ցույց տվեց, որ իր արտաքին քաղաքականությունը որոշակի կախվածության մեջ է ադրբեջանական դիրքորոշումից»,- նշում է Ա. Մարկարովը: Ներքաղաքական դաշտին անդրադառնալով` վերջինս ասում է, որ ընդդիմությունը պետք է վերաիմաստավորի իրեն, քանի որ ինչ-որ իմաստով այն իրեն սպառել է: Մարկարովը նեգատիվ ու անցանկալի է որակում այնպիսի ընդդիմադիր կոալիցիայի առկայությունը, որը հիմնված է հակաիշխանական դիրքորոշման վրա, սակայն դրա մաս կազմող ուժերը տարբեր դիրքորոշւմնր ունեն այլ հարցերում: «Նեգատիվ կոալիցիաները իրենց չեն արդարացնում,- կարծում է Մարկարովը ու հավելում,- իշխանությունը շարունակում է մնալ բավականին կայուն եւ պատրաստ է իրականացնել այն նպատակները, որ մենք հայտարարել ենք մինչեւ ընտրությունները»: «Ըստ էության` հասարակության մեջ կա այն միտումը, այն զգացումը, որ ընդդիմությունը ոնց որ թե իրեն արդեն սպառել է, այիսինքն` ընդդիմությունից հասարակության մեջ մեծ սպասում չկա,- ասում է Ե. Բոզոյանը:- Հայ-թուրքական հարաբերություններում, ըստ էության, իշխանությունը կատարեց այն նույն քայլերը, ինչ որ ասում էր ընդդիմությունը: Եվ երբ պարզվեց, որ այդ քայլերը սխալ էին, դա նեգատիվ ազդեց ոչ միայն իշխանության, այլ նաեւ հատկապես ընդդիմության վրա, որովհետեւ վերջինս դա ներկայացնում էր որպես ալտերնատիվ տարբերակ: Ընդդիմությունը անընդհատ նշում, որ իրենք գիտեն ԼՂ խնդրի, հայ-թուրքական հարաբերությունների արագ լուծման բանալին: Իշխանությունը այդ երկու բանալիներն էլ կիրառեց, ու հասարակությունը տեսավ, որ դրանցից ոչ մեկն էլ հնարավոր չէ հեշտ լուծել: Արդյունքում` ընդդիմությունը սկսեց կամաց-կամաց իրեն սպառել: Բայց դա չի նշանակում, թե երկիրը մնում է առանց ընդդիմության: Բնականաբար, պահանջ է առաջանում, որ ստեղծվի նոր ուժ, որը դառնա իրական ընդդիմություն, որն այնպիսի հարցադրումներ դնի, որոնք լինեն ալտերնատիվ գործող իշխանությանը»: Քաղաքագետը չգիտի` կստեղծվի՞ նման ուժ, թե՞ ոչ: Բայց որ այդպիսի հասարակական պահանջ կա, նրա կարծիքով` միանշանակ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter