HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ակցիա անցկացրեց

Այսօր Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ակցիա անցկացրեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) դիմաց: Բանկի տնօրինությանը հանձնվեց նամակ: Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարությունը, ի դեմս Տնօրեն Վալերիու Ռազլոգի և Գլխավոր բանկիր Ալեքսանդր Բաբայանի, ընդունեց Թեղուտի պաշտպանության խմբի 3 ներկայացուցիչների: Հանդիպումը տևեց մոտ 30 րոպե: EBRD-ի ներկայացուցիչները հավաստիացրեցին, որ բարձրացված խնդիրը քննարկվելու է գլխավոր գրասենյակի (Լոնդոն) ու նաև ՎՏԲ-ի հետ: Նրանք խոստացան արձագանքել և պատասխան տալ հնարավորինս սեղմ ժամկետում: Ստորև ներկայացնում են Թեղուտի պաշտպանության խմբի նամակը` ուղղված Վալերիու Ռազլոգին. Հազարավոր անհատներ և մի քանի տասնյակ հասարական կազմակերպություններ ներկայացնող բնապահպանական շարժման անունից մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում ՎՏԲ բանկի կողմից Թեղուտի անտառի շահագործման խնդրահարույց ծրագրի հնարավոր ֆինանասավորման մասին. ՎՏԲ բանկը հանդիսանում է  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի /EBRD/ վարկառու: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը բացառիկ բնապահպանական մանդատով օժտված առաջատար միջազգային զարգացման բանկ է՝ կոչված իր գործունեության բոլոր ոլորտներում խթանելու շրջակա միջավայրի պաշտպանությունն ու կայուն զարգացումը: Բարձր գնահատելով EBRD-ի նման գիծն ու գործունեությունը՝ ակնկալում ենք, որ բանկն իր հերթին նույնպիսի բարձր չափանիշներ պահանջի իր գործընկերներից և շահառուներից: Ցավոք, այսպիսի չափանիշների պահանջը ոչ միշտ է խստորեն ներկայացվում վարկատուի կողմից և/կամ համապատասխանաբար հարգվում գործընկերների կողմից: Ներկայումս, վերը նշվածի հետևանքով, EBRD-ն հայտնվել է անուղղակիորեն շրջակա միջավայրի համար անկայուն և ռիսկային ծրագրեր ֆինանսավորողի դիրքում՝ վտանգի ենթարկելով իր համբավը: EBRD-ի գործընկերներից մեկը՝ ՎՏԲ Բանկ Հայաստանը,  2009թ-ի հունվարին կնքված պայմանագրի համաձայն EBRD-ից 10 միլիոն ԱՄՆ դոլար է ստանալու` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար: Մենք ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ նույն բանկը` ՎՏԲ Բանկ Հայաստանը, պատրաստվում է ավելի քան 250 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրել Armenian Copper Program (ACP, Էյ-Սի-Փի) ընկերությանը` Հայաստանի հյուսիսարևելյան շրջանում՝ Թեղուտում, 12 տարի պղնձամոլիբդենային հանքավայր շահագործելու նպատակով: ՎՏԲ-ի և Էյ-Սի-Փի-ի միջև վարկային պայմանագիրը ստորագրվել է 2008թ. մայիսին, սակայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով Էյ-Սի-Փի ընկերությանը գումարի միայն մի փոքր մասն է փոխանցվել: Էյ-Սի-Փի-ի և ՎՏԲ բանկի ղեկավարության կողմից վերջերս հնչեցված հայտարարությունների համաձայն՝ ՎՏԲ-ն պատրաստ է վարկի մնացած մասը տրամադրել 2010թ.  սեպտեմբերին: Ի տեղեկություն նշենք, որ 2001թ. ՀՀ Կառավարությունը Էյ-Սի-Փի-ին արտոնագիր է տրամադրել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար: Էյ-Սի-Փի-ի բաժնետոմսերի 81%-ի պատկանում է Vallex F.M. կոչված ընկերությանը, որը գրանցված է Լիխտենշնեյնում և որի մասին որևէ այլ հանրային տեղեկություն գոյություն չունի: Vallex-ի լեգիտիմությունը, այն, թե ում է ընկերությունը պատկանում, ինչպես նաև նրա գործունեության օրինական ու հաշվապահական իրավաչափությունը ստուգելը մեծ դժվարություն է ներկայացնում: 1997թ-ից Էյ-Սի-Փի-ն գործունեություն է ծավալում Ալավերդու պղնձի կոմբինատում, որը Թեղուտի անտառից 18կմ հեռավորության վրա է գտնվում:  Իր գործունեության արդյունքում Էյ-Սի-Փի-ն հայտնի է դարձել որպես շրջակա միջավայրը և մարդկանց առողջությունն արհամարհող մի ընկերություն: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը գտնվում է գեղատեսիլ և բարդ մի վայրում, այն ծածկված է անտառներով և նրա ձորերից է սկիզբ առնում Շնող գետն իր Կռունկ, Պակասաջուր /Խառատաձոր/ և Դուքանաձոր վտակներով, որոնք Շնող և Թեղուտ գյուղերը ջրով ապահովող հիմնական աղբյուրներն են: Թեղուտի անտառը երկրում պահպանված լավագույն անտառային տարածքներիղ է՝ հարուստ կենսաբազմազանությամբ՝ ներառելով մոտ 200 տեսակ բույսեր, 55 տեսակ կաթնասուններ, 86 տեսակ թռչուններ, 10 տեսակ սողուններ և 4 տեսակ երկկենցաղներ: Այս տեսակներից շատերը հազվագյուտ են և ոչնչացման վտանգի տակ, 6 բուսատեսակներ և 29 կենդանատեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում: Անտիկ և միջին դարերի մոտ 20 պատմական և մշակութային վայրեր են պեղվել: Հանքի շահագործման համար տրամադրված հողատարածքը կազմում է 1,491 հեկտար, որի 82 տոկոսը /1,232 հա/ անտառածածկ է: Ծրագիրը նախատեսում է 357 հա անտառահատում: Շահագործման արդյունքում անտառածածկ սարերից մեկը փոխարինվելու 600 մետր խորությամբ հորով: Պոչամբարները տեղակայվելու են գետերից մեկի ակունքում: Հանքի շահագործումից առաջանալու են մոտ 500 մլն տոննա պոչանքներ և 600 մլն տոննա այլ տեսակի թափոններ: Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրի արդյունավետությունը բազմիցս քննադատվել է մի շարք տեղական և միջազգային  փորձագետների կողմից: Ստրակոնա Միներալ Սերվիս ՓԲԸ (Strathcona Mineral Service Ltd), որը 2001թ-ին հրավիրվել/ֆինանսավորվել էր Էյ-Սի-Փի կողմից, հարցականի տակ է դրել ծրագրի անվտանգությունը շրջակա միջավայրի համար, ինչպես նաև ծրագրի տնտեսական արդյունավետությունը: Համաձայն նրանց զեկույցի «Հաշվի առնելով տարածքի անտառածածակ լինելը, ինչպես նաև տարածքի տեղակայվածությունը երկրաշարժային գոտում, բավականաչափ տեխնիկական և հետևաբար ֆինանսական դժվարություններ կան 500 մլն տոննա պոչանքները և 600 մլն տոննա այլ տիպի թափոնները անվտանգ և շրջակա միջավայրի պաշտպանության համար ընդունելի ձևով ամբարելու համար»: Տեղական փորձագետները նույնպես ծրագրի ազդեցության վերլուծություն են անցկացրել՝ եզրահանգելով, որ նախատեսված 357 հեկտար անտառի հատումն ուղեկցվելու է ջրային աղբյուրների վերացմամբ, հողի էռոզիայով և նախատեսվածից երեք անգամ ավելի մեծ տարածք ընդգրկող անտառի ոչնչացմամբ: Էկոհամակարգերն ամբողջությամբ, ներառյալ ոչնչացող բույսերի և կենդանիների հաբիթաթները, ոչնչացման վտանգի տակ կհայտնվեն:  Պոչանքները, որ պարունակելու են արծաթ, րենիում, կապար, մկնդեղ, պղինձ, մոլիբդեն, ցինկ, ծծմբային միացություններ և հանքահանման ու հանքամշակման ընթացքում օգտագործված տարբեր քիմիական նյութեր, կթունավորեն գետերն ու դաշտերը, կսպառնան սննդի անվտանգությանը և մարդկային կյանքին: Կավելական սողանքների հավանականությունը: Վտանգ կա, որ հսկայական պոչամբարը կարող է փլվել, որի դեպքում շրջանն ամբողջությամբ կախտահարվի՝ ներառելով դեպի հարևան Վրաստանի Հանրապետություն հոսող Դեբեդ գետի հարթավայրը: Ծրագրի շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ), որն իրականացվել է Էյ-Սի-Փի-ի կողմից և ընդունվել է ՀՀ Կառավարության կողմից, հաշվի չի առել վերը նշված հետևանքները: ՇՄԱԳ-ը լրջորեն չի վերլուծել կենսաբազմազանության կորուստները և լիովին անտեսել է մարդկանց առողջության և արտակարգ իրավիճակների ռիսկերը: Բնապահպանական ծախսերիհաշվարկների մեծ մասը կատարվել է` հիմնվելով Ռուսաստանի Դաշնության 15-ամյա մեթոդաբանության վրա, և հետևաբար հաշվի չի առել ազգային օրենսդրության պահանջները: Բնապահպանական վնասը հաշվարկվել է 50-70 տարի տևելիք ծրագրի առաջին 8 տարիների համար միայն: Արդյունքում հանքի շահագործման ծախսերը իրականից քիչ են հաշվարկվել եկամուտների հետ համեմատությամբ և ծրագիրը հանրությանն է ներկայացվել որպես ազգային տնտեսության համար կենսական կարևորության ունեցող մի նախագիծ: ՇՄԱԳ-ի ստուգման համար պատասխանատու իշխանությունները անտեսեցին սխալ հաշվարկները և Էյ-Սի-Փի կազմակերպության տրամադրած կեղծ տվյալներիը: ՀՀ կառավարությունը մերժեց շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների առաջարկը՝ միջազգային կազմակերպությունների և փորձագետների հետ համատեղ անկախ գնահատում անցկացնելու վերաբերյալ: Առնչվող համայնքների բնակիչները պատշաճ կերպով չէին իրազեկվել իրենց կենսագործունեության վրա շրջակա միջավայրի ազդեցությունների վտանգի մասին: Որոշ չափով կազմակերպված հանրային մասնակցությունը խիստ ձևական և անարդյունավետ է եղել, քանի որ բոլոր հիմնական որոշումներն արդեն կայացված էին: Մասնագետների կարծիքով, Թեղուտի հանքի շահագործումը խախտում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, Անապատացման դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, ՅՈՒՆԵՍԿՈ-յի Համաշպարհային ժառանգության կոնվենցիայի, Եվրոպայի Լանդշաֆտի կոնվենցիայի, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի (Էսպոոի կոնվենցիա) և ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի շրջակա միջավայրին հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիայի (Օրհուսի կոնվենցիա) սկզբունքները. Բոլոր այս իրավական ակտերը վավերացվել է ՀՀ-ի կողմից: Ավելին, Թեղուտի հանքահանության մասին որոշումը խախտում է ՀՀ Սահմանադրությունը և  մի շարք պետական օրենքներ, այդ թվում ՀՀ Հողային օրենսգիրքը, ՀՀ Ջրային օրենսգիրքը, ՀՀ Ընդերքի օրենսգիրք,  Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին  ՀՀ օրենքը, Կոնցեսիայի մասին ՀՀ օրենք, Բուսական աշխարհի մասին ՀՀ օրենքը, Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքը: Ավելի քան չորս տարի շարունակ ՀՀ բնապահպանական ՀԿ-ները և փորձագետները պայքարում են Թեղուտի անտառների շահագործման դեմ: Որոշ ՀԿ-ներ ՀՀ դատարաններում դատական կարգով վիճարկում են այս որոշման անօրինականությունը: Հասարակական մասնակցության և արդարադատության մատչելիության սկզբունքների խախման հարցը բարձրացվել է նաև Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեում: Տեղի բնակիչները դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, քանի որ նրանց սեփականություն հանդիսացող հողերը  Էյ-Սի-Փի-ն գնել է չնչին փոխհատուցման դիմաց: 2008-ից սկսած` մենք բազմիցս դիմել ենք ՎՏԲ-ի ղեկավարությանը մեր մտահոգություններն արտահայտելով Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրի կործանարար հետևանքների մասին: Այնուամենայնիվ, բանկը մշտապես արհամարհել է հանրության ձայնը և հրաժարվել է երկխոսության մեջ մտնել: Բանկի նման կեցվածքը մեզ ստիպել է մի քանի անգամ ցույցեր անցկացնել իր կենտրոնական գրասենյակի մոտ: Վերջին ցույցը, կազմակերպված հուլիսի 28-ին, ցրվեց ոստիկանների կողմից ուժի կիրառմամբ: Ցանկանում ենք նշել, որ մենք շարունակելու ենք օգտագործել մեր իրավունքներն ու ազատությունները և պայքարելու ենք Թեղուտի հանքի շահագործման դեմ, քանի որ այն ոտնահարում է առողջ և ապահով միջավայրում ապրելու տեղի բնակիչների իրավունքները, ինչպես նաև զոհաբերում է ապագա սերունդների շահերը: Մենք նաև ակնկալում ենք ՀՀ-ում գործող միջազգային ֆինանսական կառույցներից, հատկապես EBRD-ից,  հարգել Հայաստանի ժողովրդի վերը նշված իրավունքները և չֆինանսավորել մեր բնությունը, առողջությունը և ապագան քայքայող ծրագրեր: Մենք խնդրում ենք EBRD-ին հետևողական դիրքորոշում հայտնել իր գործընկեր բանկի բնապահպանական և սոցիալական գործունեության առնչությամբ և ՎՏԲ-ից պահանջել բնապահպանական և սոցիալական բարձր չափանիշների հարգում: Սա նշանակում է, որ ՎՏԲ-ն պետք է դադարեցնի Էյ-Սի-Փի-ի ֆինանսավորումը Թեղուտի հանքի շահագործման համար: Հակառակ պարագայում պահանջում ենք, որ EBRD-ին դադարեցնի ՎՏԲ-ի ֆինանսավորումը և հետ կանչի արդեն իսկ տրամադրված վարկերը: EBRD-ի կողմից ՎՏԲ-ին ցուցաբերվող ֆինանսական աջակցության շարունակումը կդիտվի որպես «քաղաքական հենարան» նման անօրինական, շրջակա միջավայրի համար ավերիչ և սոցիալական իմաստով անպատասխանատու գործունեության համար: Նման պարագայում մեզ այլ ելք չի մնա, քան ՎՏԲ-ին ուղղված մեղադրանքները համապատասխանաբար ուղղել նաև EBRD-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter