HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Զոհաբերություն

Սենյակն արդեն տասը տարի նույն տեսքն ուներ, եթե հաշվի չառնենք պատերի դիմանկարաների վրա օր օրի ավելացող փոշու առկայությունը ու իմ մշտական երազանքը` այն ի վերջո պատկերասրահի վերածելու: Ես շշուկով էի ոտքս դնում դռնից ներս ու սկսում համրել դիմանկարները. հանկարծ մեկը պակասած չլինի:

Բանալի միայն ես ունեի, բայց ինձ հաճույքը, միաժամանակ պատասխանատվության զգացումը թույլ չէր տալիս խանգարել տասը տարվա ստեղծած ավանդույթը: Թույլ լուսավորության մշտական ուղեկցությունը ավելի էր մեղմում պրկված նյարդերս:Ես ինձ գիտեի հանգստացնել այստեղ: *** Նեղլիկ պատուհանը մշտապես հիշեցնում է աշխարհի գոյության, արտաքնոցների, սուպերմարկետների, մեքենաների, մարմնավաճառների, եւ, կներեք, պարո՛ն, բաց թողեցի սիրո, կենսախնդության, երազկոտության կույտի մասին: Սակայն, պարո՛ն, «կներեք» բառն արտաբերելուց հետո ամեն ինչ վերածվում է ստի եւ չգոյության: Այնուամենայնիվ, ձեր զայրացած դեմքը այլեւս չտեսնելու համար խորհուրդ կտայի մի պահ նայել հայելու մեջ… Օ~, կրկին ներեցե՛ք, ես մոռացել էի` այս սենյակում բացառության կարգով հայելի չկա: Ի~նչ…Ջու~ր …Օ~, պարո՛ն, ջուր նույնպես չկա… Արտաքնոց էլ չկա… Այստեղ միայն դիմանկարներ են: Բայց Ձեզ համար ադեն սովորական բան է չէ՞ միզել այնտեղ, որտեղ կան դիմանկարներ, հագենալ նույնպես: Եւ ուրեմն, չնայած Դուք մեծարգո քննիչ եք, ես խորհուրդ կտայի, այնուամենայնիվ, նախապատրաստված եւ միզապարկը դատարկած ներկայանալ դիմացինին: Հարցաքննությունը տեւեց հինգ րոպե: Ինչպիսի~ երջանկություն. ես կրկին փրկված էի միայնայն բանի համար, որ չունեի արտաքնոց: Արագ բացեցի հատակից բացվող նկուղի դուռը, իջա ներքեւ, վառեցի լույսն ու սկսեցի շուրջս նայել. -Ես այստեղ եմ, Լուի՛,- շշնջաց նա:

-Ու՞ ր ես,- շրջվեցի: Խոնավության հոտը կրկին մաշում էր ռունգերս, ու ես, հազիվ շնչելով, մոտեցա նրան: Անկյունում էր նստել: Խոսելու բան ուներ հետս. ահազանգել էր:

-Չէի կարողանում գալ: Զզվելի քննիչը այս անգամ ինքն էր ներկայացել`տուրք տալով իմ համառությանը:

-Ի՞ նչ է նրա ուզածը:

-Երեւի արդեն սպառվեց մեր բարենպաստ ժամանակը: Քննիչները կրկին ակտիվացել են: Ինձ թվում էր`գործն այլեւս փակված է:

-Չգիտեմ, Լուի՛, այս ամենն ինձ անհանգստացնում է:

-Հանգիստ մնա: Ես կհարթեմ: Սա առաջին դեպքը չի, գիտես: Նա գլխով համաձայնության նշան արեց: Մաքրեցի փշրված ափսեի մնացորդները, ինչի հետեւանքով էլ  քաշվել էր անկյուն ու արդեն մեկուկես ժամ նստել էր խոնավ գետնին:

-Վաղը գործեր ունեմ: Հնարավորինս շուտ կգամ: Դու դեղահաբերդ ընդունիր ու փորձիր ննջել: Համբույրը ինձ համար խիստ ցանկալի, նրա համար իմ հերթական գործողություններից մեկն էր` նպաստավոր, բայց ոչ անհրաժեշտ:

*** Արդեն Գեղարվեստի ակադեմիայի երրորդ կուրսի ուսանող էինք, երբ սեպտեմբերի մեկին մեզ ներկայացրին մեր նոր կուրսընկերուհուն` Լիլիին: Բարձրահասկ էր, նիհար, երկարաոտն, մատներն անբնական էին, աչքերը` սառը, շուրթերը` կրկեսի ձգված պարանի պես ամուր ու վտանգ ներշնչող: Շատերը ձեւացրին, թե իրենք` արդեն պատրաստի նկարիչները, ժամանակ այլեւս չունեն նոր ծանոթությունների առավել եւս մի աղջնակի հետ, որը այդքան անհրապույր էր եւ ոչինչ չասող: Մի քանիսը, սակայն, այդ թվում նաեւ ես, միանգամից գրավվեցինք Լիլիի անբնականությունից:

Ճանապարհին ընկերս, թե. -Ինչ մեռած էր, չէ՞: Իսկը ձկան կարթի վրա կախված որդ:

-Մենք դեռ պետք է տեսնենք, թե նա ինչպես է նկարում,- ներքին մղումով ասացի ես: Ձմեռը մոտենում էր: Լիլին առանձնապես չէր փայլում իր նկարչական տաղանդով: Նրա գծագրերը, ներկարարական տեխնիկան համապատասխանում էին չափանիշներին, սակայն զարմանալու  առիթ դեռեւս չէին տվել: Բայց մի բան ակներեւ էր. Լիլիի ստեղծած դիմանկարները անգերազանցելի էին: Շուտով դասախոսական կազմին  զարմանք պատճառող նկարները դրվեցին ցուցահանդեսի, եւ այլեւս  դրանցից երեքը  մնացին «Լավագույն աշխատանք»  խորագրով պատի վրա: Ողջ կուրսին զարմացրեց այն, որ Վիեննայում անցկացվող ամենամյա դիմանկարների  ցուցահանդես-մրցույթին ներկայացվող նկարչուհի-ուսանողը Լիլին էր: Արդեն երեք ամիս նա մեզ հետ էր, նույն լսարանում, բայց երեք ամսվա ընթացքում մենք այդպես էլ  չէինք հասցրել բացահայտել նրան. գրեթե չէր խոսում, միշտ հարբուխով հիվանդի պես ֆսֆսացնում էր քիթը, կկոցում աչքերը ու անվերջ խզբզում:Եւ միայն ես էի այն բացառիկ մարդը, որին մեկ անգամ հաջովել էր նստել նրա կողքին: Իսկ որ ամենաանհավանականն էր` նա ինձ էր նվիրել օրեր առաջ նկարած իմ դիմանկարը: Դիմանկարն ամրացրել էի ննջասենյակիս ծիրանագույն պատին:

Զարմանալի բան. ես այնտեղ ավելի շատ էի տեսնում ինձ, ավելի շատ էի զգում էությունս, քան հայելու մեջ նայելիս: Ննջասենյակս մտնողը քար էր կտրում` տեսնելով իսկ եւ իսկ ինձ` առանց դույզն-ինչ փոփոխության: Իսկ գիշերները, երբ անջատում էի լույսը, լուսնի նվազ շողը լուսավորում էր դիմանկարս, եւ ինձ թվում էր` այն սկսում է շարժվել. շարժվում էին աչքերս, ծամածռվում էր բերանս, ինձ թվում էր` ուր որ է լեզու կառնի ու կսկսի խոսել: Եւ այսպես Լիլիի` Վիեննա մեկնելուն մնացել էր երկու օր: Ես որոշեցի նրան ուղեկցել օդանավակայան: Ճանապարհին Լիլին խնդրեց վերցնել իր վարձակալած տան բանալին ու գոնե շաբաթը մեկ անգամ օդափոխել այն, խնամել ծաղիկները, կերակրել ձկներին եւ կրիային: Ես, զարմանալով նրա վստահությունից, այնուամենայնիվ, խոստացա շաբաթվա մեջ մեկ օր ազատ ժամանակ գտնել եւ կատարել նրա խնդրանքը:

-Ես այստեղ հարազատներ չունեմ, ընկերներ նույնպես, դրա համար քեզ եմ վստահում տունը: Երբ վերադառնամ, կարծում եմ`ավելի մտերիմ կլինենք,- ասաց նա օդանավակայանում: Մայրաքաղաք վերադառնալու ճանապարհին ինձ տանջում էր այն միտքը, թե ինչը կարող էր մտերմացնել մեզ, եթե  նրա երկամսյա բացակայության ընթացքում չէինք կարողանալու տեսնել եւ խոսել միմյանց հետ: Ինչեւէ, ես համոզված էի, որ այդ քչախոս աղջնակը չէր կարող որեւէ բան հենց այնպես ասել: Չանցած երկու օր` որոշեցի այցելել նրա բնակարան ոչ այնքան անհրաժեշտությունից, որքան հետաքրքրությունից դրդված: Ես միանգամից գտա փողոցը, որտեղ տեղակայված էր աղյուսե մի տնակ: Արտաքին անփութությունը բավական էր մտածելու, որ Լիլին շատ քիչ է վճարում այս որջի համար, ինչը ուսանողի համար բարենպաստ պայման էր: Բացեցի դուռը: Ներսում լույսը շատ քիչ էր. սենյակի միակ լուսատուն փոքրիկ պատուհանն էր, որը սովորականից բարձր էր`բանտախցերին բնորոշ պատուհանի պես: Ես արագ կողմնորոշվելու համար վառեցի լույսը: Մի պահ ինձ թվաց` աչքերս դեռ չեն ընկալել տարածքը. բայց ա~յ քեզ բան, սենյակում ո՛չ կրիա կար, ո՛չ ակվարիում, ո՛չ էլ որեւէ բույս: Անկյունում մի սեղան էր` վրան բազմաթիվ դիմանկարների էսքիզներ, իսկ պատերին` արդեն պատրաստի չորացողները: Թվում էր` ես տասնիններորդ դարի մի կիսախելառ, սովից արդեն մահվան կրունկի հետեւից վազող նկարիչ ծերուկի որջում եմ: Մեկ առ մեկ նայեցի էսքիզները: Մարկանց մի ամբողջ կույտ  այստեղ էր` քառակուսի անշունչ սեղանին: Մի պահ սարսռացի. չարություն շատ կար նկարների մեջ:

Օդափոխելուց հետո մտածեցի  սենյակն արագ լքելու մասին: Դուրս գալիս նկատեցի հատակից կտրված մի հատված. այն դեպի նկուղ տանող ճանապարհ էր: Փորձեցի բացել, չստացվեց: Բանալիով էր փակված: Փողոցը հատելիս քիչ մնաց հայտնվեմ մեքենայի անիվների տակ. ինձ հանգիստ չէր տալիս Լիլիի կեղծիքը, նրա սուտ պատրվակները եւ առավել եւս այն, որ նա ինձ վստահել էր իր տան  բանալին, երբ դրա անհրաժեշտությունը ամենեւին էլ չկար: Հետո մի պահ մտածեցի`գուցե այս երկու օրվա ընթացքում գողեր են հասցրել մտնել նրա բնակարան, բայց չէ... Նման տունը դժվար թե գրավեր գողին: Եւ հետո ակվարիումը, կրիան եւ բույսերը այնքան էլ արժեքավոր գողոն չէին: Ձմռան օրերը դանդաղ էին անցնում: Ես անհամբեր էի. հաշվում էի, թե Լիլիի վերադարձին քանի օր է մնացել: Այլեւս չգնացի նրա բնակարան: Մեկնումից մոտ մեկ ամիս անց մենք իմացանք, որ Լիլին ստացել է ցուցահանդեսի առաջին մրցանակը եւ այժմ հանգստանում է Վիեննայում: Դա ինձ այլեւս քիչ էր հետաքրքրում: Ընդամենը քսանյոթ օրից ես կիմանայի այս տարօրինակությունների պատճառը: Լիլին վերադառնում էր քննական օրերից մեկի նախօրյակին: Քննությունն ինձ ավելի քիչ էր հետաքրքրում: Լիլին գրեթե չէր փոխվել: Միայն հագուստն էր թարմ եւ թանկարժեք:

Մոտեցավ, մի թույլ ժպիտ սահեց դեմքին. -Շնորհակալ եմ քեզնից անչափ: Գնանք միասին: Կենդանիներս քեզ սովորած կլինեն, թող մեկ անգամ էլ քեզ հիշեն: Համ էլ նվերդ կհանձնեմ քեզ: Ես ուղղակի ապուշի նման լռել էի եւ չէի կարողանում արտահայտել մի հասարակ նախադասություն. «Պոռնիկի մեկը, ինձ հիմարի տեղ ես դնում, հա՞»...Ես հետեւեցի նրան: Ի վերջո, այս խաղը կավարտվեր հենց նրա տանը: Ճամպրուկները դրեց գետնին, պտտեցրեց բանալին: Ներս մտանք: Ես այլեւս ի զորու չէի բերանս անգամ բացելու. սեղանի դիմացի անկյունում կրիայի բույնն էր, կողքին` պատի տակ, միջին չափի ակվարիումը, իսկ բույսեր` որքան ուզես...

-Տեսնում եմ` լավ ես խնամել եւ պահպանել իմ միակ ունեցածը: Ես չէի կարողանում բառ անգամ արտասանել: Ի վերջո, հավաքելով ուժերս, ծոր տվի, թե այդ ամենն արել եմ մեծ սիրով: Վերցնելով Վիեննայից բերված հուշանվերը` ես շտապեցի հեռանալ այդ անիծյալ տնից: Սկսվեցին անքուն գիշերները: Ի վերջո, պատից հանեցի դիմանկարս ու շպրտեցի պահարանի մեջ: Այն այլեւս նյարդայնացնում էր ինձ, ինչպես նյարդայնացնում էր Լիլիին: Վերադարձից հետո նա անընդհատ փորձում էր մտերմանալ ինձ հետ, նստում էր կողքիս, դասերից հետո քայլում էր ինձ համընթաց, բայց ես անընդհատ մի պատճառ գտնում էի նրանից խուսանավելու համար: Գարունը նորից սկսեց ջերմացնել: Մենք արդեն ակադեմիայի բաց պատշգամբում էինք նկարում: Սովորական գարնանային մի օր ողջ ակադեմիան լցվել էր ոստիկաններով. բակում հինգ ոստիկանական մեքենա կար: Ես ուշ էի արթնացել քնից:

Հենց ոտքս դրեցի ներս, կուրսընկերս բղավեց. -Ահա եւ նա: Ոստիկաններից երկուսն անմիջապես մոտեցան ինձ եւ խնդրեցին հետեւել իրենց: Քսան րոպե անց ես ոստիկանական բաժանմունքում էի` ինձ դեռեւս անհասկանալի պատճառով:

-Անուն-ազգանուն:

-Լուի:

-Բա ազգանու՞նը:

-Կարծում եք` անունս իսկապես Լու՞ի է,- ծիծաղեցի ես,- Արամ Մալթյան:

-Կատակելու ժամանակ չի, անասուն: Ես փոքր-ինչ զսպեցի ինձ, բայց ներքուստ այն համոզմանն էի, որ ոստիկանանական հերթական հիմար խաղերից է, որոնց ականատեսը շատ էի եղել, բայց դեռեւս չէի ընկել այդ որոգայթը:

-Ճանաչո՞ւմ եք Լիլի Գալյանին:

-Ոչ այնքան լավ. ցանկություն էլ չունեմ:

-Այսինքն:

-Դե, նա իմ կուրսընկերուհին է: Լավ դիմանկարներ է անում: Մի երկու անգամ էլ կողքիս է նստել...Եւ...

-Հիմար, հեքիաթ ես պատմում: Նա արդեն դիակ է, իսկ դու հեքիաթ ես պատմում, հա՞... Թիկունքիս սուր ծակոցը հաստատեց, որ ես երազում չեմ, որ լսածս էլ զառանցանք չի: -Ի՞նչ..ինչու՞...ինչպե՞ս:

-Շատ ես, հա՞, անհանգստանում, լակոտ,- ծոր տվեց հաստափոր ոտիկանն ու` ուղիղ բերանիս: Տաք արյունը կաթեց ծնկիս: Ես կրկին նույն անտանելի զգացումն ունեի, ինչ նրա տանը: Սա ի՞նչ դիվական բան էր: Ի՞նչ էր կատարվում:

-Սրան մի օրով լավ դաստիարակեք, որ բերանը բացի, բայց հեքիաթ չպատմի... Ինձ քարշ տվեցին: Երբ ուշքի եկա, արդեն նույն աթոռին էի: Քսանչորս ժամ էր` ես այդ անիծյալ նկուղում էի:

-Փաստորեն, Լուի,- գռմռաց հաստափորը: Գլուխս կախ էր:

-Նայիր էս լուսանկարը, անասուն: Հետեւիցս մեկը մազերս բռնեց ու ուղղեց գլուխս: Հազիվ բացելով աչքերս` սարսռացի. նկարում Լիլիի դին էր` ամբողջությամբ արյունաթաթախ, իսկ պատին... Պատին, Աստված իմ, գրված էր` ԼՈՒԻ... Ինձ կրկին ուշքի էին բերում ապտակելով:

- Քո բախտը բերել է: Երեկ դատական բժիշկը հաստատել է ինքնասպանության վարկածը: Բայց էդ չի նշանակում, որ դու ազատ ես, այ ճիճու... Ոչինչ այլեւս չէի լսում, չնայած հաստափորը շարունակում էր քրթմնջալ: Փաստաբանական միջամտության շնորհիվ ես կարողացա մի քանի օրից դուրս պրծնել այդ անտանելի խցից: Մոտալուտ ամառն անգամ անզոր էր ջերմացնելու. ես կորցրել էի ինձ: Կուրսում շշուկներն ու բամբասանքը անդադար էին: Շատերը կարծում էին` սիրային կապ եմ ունեցել Լիլիի հետ, ապա դավաճանել եմ նրան, ինչի հետեւանքով էլ վերջինս ինքնասպան է եղել: Եթե մի փոքր էլ կորցնեի հավասարակշռությունս, նույնիսկ ես կհավատայի դրան:

*** Ավարտական երեկոն երկար տեւեց: Ինձ միայն զայրացրել էր այն փաստը, որ դասախոսներից մեկը մտաբերեց Լիլիին, ցույց տվեց նրա առաջին մրցանակի հավաստագիրը: Ապա հիշեց, որ Լիլին տարօրինակ աղջիկ էր. նա նույնիսկ մի դիմանկար անգամ չէր արել դասերի ընթացքում. միշտ մի այլ տեղ, բոլորի աչքից հեռու...Դասախոսը խոսեց երկար, հիացած եւ վշտով ավելացրեց. -Որքան տարօրինակ էր Լիլիի պահվածքը, այնքան էլ անբացատրելի է նրա ինքնասպանության պատճառը: Ես վերջապես հանգստություն էի տվել սրտիս: Անիծյալ Լիլին կրկին արթնացավ մեջս: Արդեն երկու տարվա վաղեմություն ունեցող դժոխային ժամանակահատվածը ես փաթաթել էի կտորի պես ու դուրս նետել: Ու հիմա կրկին այդ զզվելի ու սահմռկեցուցիչ դեպքի ահազանգը: Հաջորդ առավոտյան, չնայած գարեջրի հետեւանքներին, ես որոշեցի անցնել Լիլիի տան կողքով եւ տեսնել` այնտեղ ով է այժմ բնակվում: Որքան մոտենում էի աղյուսե տնակին, այնքան ոտքերս սառչում էին, թուքս` չորանում: Ի վերջո, հավաքեցի ինձ ու ծեծեցի դուռը: Մտածում էի` չի բացվի, ու թեթեւացած կլքեմ այս անիծյալ տարածքը մեկընդմիշտ: Դուռը դժվարությամբ բացվեց:

- Վաղուց պետք է գայիք: Մի պահ ինձ թվաց` կրկին մղձավանջը եկել է փոխարինելու իրականությանը, եւ անվստահ հարցրի. - Մարդ կա՞ ներսում:

- Այլեւս մարդուն բնորոշ քիչ բան կա, բայց կա մեկը, որ քեզ վաղուց է սպասում: Ես այլեւս անզոր էի. ինձ թվում էր` Լիլիի ուրվականն ուր որ է կքաշի ինձ ներս, կմտցնի ներկերով լի տակառի մեջ ու հետո կչարախնդա, կխեղդի, կխոշտանգի մարմինս: Դռան արանքից, սակայն, երեւաց այլ դեմք: Ես ներս մտա: Այլեւս անհնար էր. ոտքերս գամվեցին, սիրտս բաբախում էր երեւի, բայց ինձ համար այն կանգնել էր մի քանի րոպե արդեն...

- Դուք ո՞վ եք,- հարցրի վերջապես: - Նմա՞ն եմ Լիլիին:

- Անչափ...Սարսափելի է:

- Այդ նա էր սարսափելին, որ այլեւս չկա: Ես նրա քույրն եմ` Լյուսին: Անզորությունից նստեցի: *** «Մեր գավառական քաղաքն ուրիշ էր: Հայրս իմ ծննդից ամիսներ առաջ էր մահացել` երիկամների քաղցկեղից: Մայրս մի կերպ կարողանում էր հոգալ առօրյա ծախսերը. մենք մեզ շռայլություններ թույլ չէինք տալիս...»: Լյուսիի շունչն անընդհատ կտրվում էր: Ես ուղղակի չէի կարող օգնել նրան. ինքս էլ օգնության կարիք ունեի. իմ շունչն արդեն իսկ չէի զգում: «...Ինձ, սակայն, ընտանեկան հոգսն առավել քիչ էր հետաքրքրում: Քույրս ու մայրս միշտ մռայլ էին. ինձ զարմացնում էր նրանց պեսիմիստությունը, միեւնույն ժամանակ նաեւ ձեռնտու էր. նրանք ինձ չէին խանգարում, ուշադրություն քիչ էին դարձնում: Դա ինձ անբացատրելիորեն դուր էր գալիս: Ընդամենը յոթ տարեկանում ես երկար ճանապարհ էի անցնում, պատսպարվում էի քիմիական գործարանում, որի ահասարսուռ տեսքը նման էր մեծ երախի, ու որից գարշահոտ երկաթի հոտ էր գալիս: Մեծ աղետից` թալանից հետո, այստեղ յուրաքանչյուր բեկոր, երկաթի կտոր, բետոնե հետաքրքիր մնացորդ իմն էր դառնում: Ես սեփականության տենդով դրանք հավաքում էի, թաքցնում բակի իմ նախընտրած անկյունում: Հետո արդեն եկավ դպրոց հաճախելու ժամանակը. քույրս երրորդ դասարանում էր սովորում. սովորում էր ոչ այնքան լավ թե սեփական ունակությունների պակասից, թե ընտանեկան առօրյա հոգսերի պատճառով: Միայն մի բան էր մորս ուրախացնում. երկուսս էլ հորիցս ժառանգել էինք նկարելու ունակությունը: Քույրս անընդհատ նկարում էր` ամենուրեք, անընդմեջ: Ես էլ էի նկարում, բայց թաքուն, քանի որ մայրս ի սկզբանե էր որոշել` հոր գործը շարունակելու է ավագ աղջիկը` Լիլին: Գիշերային հերթապահությունը մթերային խանութում ջլատում էր նրան, բայց միայն այդպես նա կարող էր վճարել Լիլիի նկարչական դասերի գումարը: Ես շարունակում էի փախչել տնից: Դասերն ավարտվելուն պես աչքերս պսպղում էին, վազում էի տուն, վերցնում Լիլիի երեկվա աշխատանքների խոտան դարձած թղթերը, մատիտը ու վազում գործարան...»:

Ինչո՞ւ եմ լսում այս աղջկա զառանցանքը, ինչո՞ւ եմ էստեղ: Անհնար էր թողնել... Ես զգում էի, որ այս պատմության ավարտն է այն սոսկալի ողբերգությունը, որը շեղեց ինձ կյանքի բնականոն հունից: Լյուսին բերանը բռնեց ու սկսեց բարձր հազալ: Ես անգամ չէի կարեկցում նրան. ինձ պետք էր պատմության ավարտը, իսկ նա խոսում էր իր երազանքների, իր մանկության մասին: Կոկորդս սեղմվել էր. իրականում ինձ հուզում էր նաեւ այն փաստը, որ սենյակում կրկին չկային ոչ ակվարիումը, ոչ կրիան եւ ոչ էլ բույսերը. այն ավելի մռայլ էր, խոնավ: Համարձակությունս չէր հերիքում հարցեր տալու: Ես համոզված էի նաեւ, որ այդ ամենն իմանալու եմ ընդամենը րոպեներ անց: Ես համոզված էի: Ձեռքերիս նյարդային շարժումները կարծես հունից հանում էին Լյուսիին, բայց նա բառ անգամ չէր ասում այդ մասին:

«...Լիլին ոգեւորված էր նկարչությամբ: Նրան այլեւս շատ քիչ բան էր հետաքրքրում: Տնային գործերի ողջ ծանրությունը մայրս վերցրել էր իր ուսերին: Ես փորձում էի հնարավորինս օգնել նրան:

«Ու~ֆ, չի ստացվում»,- լսվում էր Լիլիի նյարդային ձայնը, եւ հերթական նախշված թուղթը հայտնվում էր աղբարկղում: Նրա պահվածքը, սակայն, ինձ համար անտանելի էր դարձել. գրեթե չէր խոսում, քնում էր վրձինը ձեռքին, թղթերը` փռած, կտավները` թաց, որոնց հոտը տարածվել էր ամբողջ տնով մեկ: Իսկ մայրս արդեն հյուծվել էր զզվելի աշխատանքից: Ես խղճում էի թե Լիլիին, թե մորս: Ձմռանը մայրս հիվանդացավ: «Ոտքի կկանգնեմ, չմտածեք»... Լիլին քիչ էր մտածում: Ես հալվում էի մորս առաջ: Քրոջս անտանելի պահվածքը նաեւս մորս էր խոցում, բայց նա բառ անգամ չէր արտաբերում. «Թող նկարի...»: Ես սկսել էի ծածուկ ատել քրոջս. նա արգելել էր մտնել իր սենյակ, ձեռք տալ ներկերին, մատիտներին: Ես այլեւս ոչ ժամանակ էի ունենում նկարելու, ոչ էլ` հնարավորություն: Մայրս գարնանը մահացավ: Մենք այլեւս ի վիճակի չէինք մենակ ապրելու: Քեռիս երկուսիս էլ տեղափոխեց իր բնակարան: Քեռակինս իսկական հրեշ էր: Նա նախ արգելեց քեռուս վճարել Լիլիի նկարչական դասերի գումարը, մեզ տեղավորեց գիշերօթիկ դպրոցում, որը նախատեսված էր թերզարգացած եւ ծնողազուրկ երեխաների համար: Գոնե այդպես մենք ընդամենը մի քանի ժամ էինք ստիպված տեսնել այդ նողկալի կնոջ դեմքը, լսել նրա բարբաջանքը, ուտել շպրտած ճաշը: Քեռուս` արտերկիր մեկնելուց հետո նա ընդհանրապես մեզ չտեսավ: Մենք գիշերում էինք դպրոցում...»: Ես կծկվել էի: Պատմությունն արդեն այլ կերպ էր ազդում վրաս: Ինձ թվում էր` ուր որ է արցունքները կգլորվեն ցած, ու ես կկորցնեմ հավասարակշռությունս:

«...Լիլին այդ ժամանակ արդեն տասնհինգ տարեկան էր, ես` տասներկու: Ես սկսել էի նկարել: Նա դադարեցրել էր: Ջղային ձգումներ էին սկսվել մոտը, եւ դրան զուգահեռ ծծում էր ծխախոտի զզվելի խեժը, մազերը չէր հարդարում: Մտերիմ էր մի տղայի հետ, ում դժվար թե կարելի էր բնորոշել մարդկային հատկանիշներով...»:

Ողջ պատմության ընթացքում Լյուսին կշռադատված, սառը նստած էր փայտե չոր աթոռակին: Եւ հանկարծ նոր միայն ես նկատեցի հոսող արցունքները: «...Սարսափելին այն էր, որ մի օր քրոջս գտանք գիշերօթիկի կողքին տեղակայված վագոն-տնակում, ուշագնաց վիճակում: Տղան բռնաբարել էր նրան: Լիլիին միանգամից տեղափոխեցին մանկական հիվանդանոց: Այստեղ, սակայն, բժիշկներն ասացին, որ կենսական որեւէ վտանգ չկա, բայց հիվանդանոցում մնալու գիշերը Լիլին այրել էր վարագույրը եւ փախել սենյակից...»: Ես ուղղակի անկարող էի այլեւս լսել: Ինձ սարսափեցնում էր այս անհավանական ու ողբերգական պատմության ավարտը: Ես նույնիսկ մի պահ մոռացել էի, որ այս ամենի հետ ես էլ կապ ունեմ, այն էլ` անբացատրելի, աննորմալ կապ: «...Լիլիին հոգեբուժարան տարան: Քեռուս վերադարձից հետո տեղափոխվեցի նրա տուն: Ինձ արգելված էր այցելել քրոջս: Այդ ընթացքում վերսկսել էի նկարել: Չգիտես ինչու` ամենից լավ ստացվում էին դիմանկարները: Ես սկսեցի միայն դիմանկարներ նկարել...»: Ես արդեն քննիչին հատուկ դիտողականությամբ զննում էի պատից կախված բոլոր դիմանկարները: «...16-ամյակիս նախօրյակին ես որոշեցի բոլորից թաքուն այցելել Լիլիին: Աննկարագրելի էր նրա սենյակը. ամբողջությամբ կեղտոտ պատերը եւ արյունոտ սավանն ինձ զարմացրին: Նա նստած էր անկյունում` վտիտ, անճանաչելի հայացքով...Թվում էր` մատներն անբնական երկարել էին...Նա...Նա նման էր մի հոգեգեշի, որը պատրաստ էր ցանկացածին հոշոտել: Ես չէի կարողանում ինձ ուշքի բերել: Նա հռհռաց...Լյուսիիիիիիի~...Էլի հռհռաց: Ես ուղղակի դուրս պրծա սենյակից: «...Մի քանի օր էր անհրաժեշտ, որ ես վերադառնայի իրականություն: Սարսափելի է: Երազներումս միշտ Լիլին էր, ցերեկները կարծես նրա ուրվականը շրջում էր հետս: Բժիշկ-հոգեբանը պնդում էր, որ Լիլին շուտով կառողջանա, կանցնեն բոլոր սթրեսները: Ես հավատում էի: Մեկ տարի անց Լիլիին դուրս գրեցին հոգեբուժարանից: Դա անբացատրելի ուրախություն էր. ես ծաղկեփունջ գնեցի ու վազեցի հոգեբուժարանի բակ: Լիլին խոսում էր. հեռվից նկատեցի: Դա ինձ քաջալերեց: Ամուր գրկեցի նրան: Մի հայացք նետեց վրաս, սառնությամբ համբուրեց այտս: Մարմնովս անբացատրելի մի բան անցավ. այն նույն ատելությունը, որ զգում էի տարիներ առաջ, երբ նա թույլ չէր տալիս խուժել իր տարածք: Բայց նաեւ չէի կարողանում թաքցնել ուրախությունս, որ նրա մղձավանջն ավարտված է: Լիլիի հետ ապրելը սարսափելի էր: Առերես նա ոչինչ չէր անում, սակայն ես զգում էի նրա ներքին խմորումները, նրա ջղաձգված ձեռքերի անասելի ցանկությունը` մի բան ոչնչացնելու: Նա սկսել էր նկարել: Ամիսներ անց Լիլին անսպասելի որոշում կայացրեց քաղաքը լքելու մասին: Դա իմ սրտով չէր: Բայց ես չէի կարող նրան մենակ թողնել, բացի դրանից` քեռիս ուղղակի հորդորեց տեղափոխվել նրա հետ: Մենք այս տունը վարձեցինք: Այն բավականին մատչելի էր. այն անտանելի խոնավ ու մութ էր: Տանտերը ցույց տվեց նաեւ նկուղը, որը լայն տարածք էր...»: -Նկուղն ի~նչ, փակ էր, երբ ես եկա,- ուղղակի բղավեցի ես: -Հերթով, Լուի՛, հերթով,- հանդարտ ձայնով, սակայն կծկումային շարժումով հանգստացրեց Լյուսին: «...Որպես ծնողազուրկ երեխա` նա կարողացավ անվճար ընդունվել նկարչական մի ուսումնարան, որտեղից մեկ տարի անց երաշխավորագիր ստացավ եւ դարձավ ակադեմիայի երրորդ կուրսի ուսանողուհի: Ես այդ ընթացքում աշխատանքի էի անցել մի ռեստորանում` որպես խոհարարի ավագ օգնական: Քիչ էինք տեսնվում տանը. մի քանի բառ էինք փոխանակում միայն, եւ ես կրկին սարսռում էի նրա դեմքի անփոփոխ արտահայտությունից: Նա իր տեղը չէր գտնում: Նկարել մոտը լավ չէր ստացվում: Այլեւս նրան ոչինչ չէր ոգեշնչում: Իսկ ես շարունակում էի գիշերները ազատ ժամանակս դիմանկարներին տրամադրել...»: «Աստված իմ, այս դիմանկարները, որոնք հաղթել էին Վիեննայում, որոնք զարդարում էին ակադեմիայի պատը, որոնց կրկնօրինակները տարածվել էին Եվրոպայում, իրականում Լյուսիի ստեղծագործություններն էին»,- ես լալկվել էի: Մի օր սովորականի պես վերդարձա տուն, Լիլին նկուղում էր. -Լյուսի՛,- ձայն տվեց նա ականջիս անսովոր առոգանությամբ,- իջի՛ր նկուղ: Ես, ոգեւորված նրա ձայնի առույգությունից, դեն նետեցի պայուսակս եւ արագ իջա երկաթե աստիճաններով...»:

Հանկարծ Լյուսիի կոկորդը բռնվեց, ես հազիվ կարողացա պոկվել տեղիցս եւ ջուր վազեցրի: Աչքերը կուլ էին գնում: Աստված իմ, նույնիսկ շտապօգնություն չէի կարող կանչել: Այս ամենն ինձ թույլ չէր տալիս արտաքին աշխարհի հետ որեւէ կապ հաստատել: Հազիվ ուշքի եկավ, ուղղվեց, խնդրեց` նստեմ: Ես քայլում էի մի անկյունից մյուսը եւ վերջապես ինձ համոզեցի լսել շարունակությունը. հիմա ես եմ հայտնվելու պատմության մեջ. ինձ այդպես թվաց: Լյուսին շարունակեց. «Հետո միայն այն եմ հիշում, որ ուշքի եկա, առջեւս կերակրաման էր, կտավ, ներկեր, զազրելի խոնավ ու ցուրտ էր: Սարսափեցի: Հագիս հոգեկան հիվանդի զսպաշապիկ էր, դիմացս` երկու լուսանկար: Ձեռքս տարա մազերիս կողմը. չորացած արյուն էր: Լիլին ինչ-որ բանով հարվածել էր գլխիս: Ես կրկին ուշագնաց եղա:

-Ժամանակ չկա, պոռնի՛կ, վերցրո՛ւ վրձինը, սրանք առաջին երկու պատվերներդ են...»: Լյուսիի շունչը կտրվում էր. թեւերն անզոր կախվել էին ցած: Ես կարեկցում էի նրան. մեկին, ում դիմանկարները միշտ ոգեշնչել եւ զարմացրել էին ինձ: Ես պատասխանատվություն էի զգում նրա հանդեպ: Այդ ամենն անհասկանալի էր, բայց եւ շատ հարազատ:

-Հետո... Հետո,- անհամբերությամբ բղավեցի:

«...Հետո այն,- հազիվ շունչը կարգավորելով` մտմտում էր Լյուսին արդեն զառանցանքի պես,- որ ես մեկ տարի անցկացրի այդ սարսափելի նկուղում` սնվելով կերակրամանից, անվերջ նկարելով դիմանկարներ, կուլ տալով այդ անխիղճ զազրելիի վիրավորանքներն ու սպառնալիքները: Արեւի լույսը եւ ջերմությունը միակ երազանքն էին դարձել: Ու հանկարծ մի օր նա բերում է Ձեր լուսանկարը:

«Այս նկարի համար քեզ մեկ շաբաթ ժամանակ: Երկար է, չէ՞ (նա ինձ ստիպում էր երեք օրում ավարտել մեկ դիմանկարը): Կարգին կնկարես. շատ կարեւոր մարդու պատվեր է, հիմա՛ր»: Ես երեք օր միայն լուսանկարին էի նայում: Դուք մի տեսակ լուսավոր ու բարի էիք թվում ինձ: Ես առաջին անգամ հոգիս ներդրեցի նկարի մեջ... Երբ եկավ` տանելու դիմանկարը, ես հարցրի Ձեր անունը:

«Լուի»,- շպրտեց նա դեմքիս ու, նկարից գոհ, բարձրացավ աստիճաններով...»: Նոպան կարծես թե ուզում էր կրկնվել: Ես բռնեցի Լյուսիի գլուխը, դրեցի ծնկներիս ու սկսեցի պարզապես շոյել: Նա ամբողջությամբ քրտնել էր: Բայց ուժ գտնելով` սկսեց շարունակել:

«...Իսկ երբ նա Վիեննա գնաց, ես սկսեցի զբաղվել նկուղից դուրս գալու իմ բաղձալի պլանի իրականացմամբ: Ժամանակ շատ կար, նկարչական գործիքները օգնում էին ինձ փայտյա դուռը կոտրել: Աստված իմ, դուք երեւի չեք պատկերացնի իմ երջանկությունը, երբ ես տեսա արեւի լույսը: Ես նկուղ տարա ակվարիումը, կրիային եւ բույսերը. այդպես ինձ ավելի լավ էի զգում, իսկ գիշերները նրանց հետ միասին քնում էի վերնահարկում: Որքան էի ուզում դուրս պրծնել այդ անիծյալ տնից: Գոնե պատուհանից հնարավոր լիներ դուրս պրծնել: Բոլոր ջանքերս իզուր էին. դուռը կրկնակի էր, իսկ պատուհանից (եթե կարելի էր այդպես անվանել) անհնար էր դուրս սողոսկել: Եւ քանի որ իմ երկու ամսվա ուտելիքը միայն չորացած եւ արդեն նեխելու ենթակա հացն էր, սկսեցի դրանով կերակրել կենդանիներին: Այդ անխիղճը վերադարձավ: Ես կրկին կուչ եկա: Փտած հացի պատճառով առերես կուշտ եւ փքված ձկները սատկեցին, կրիան` նույնպես: Դա զայրացրեց նրան: Մեծ շերեփը ձեռքին մտավ նկուղ: Կռահել էր եղածը, քանի որ տեսել էր նկուղի դռան վնասվածքները: Ես հավաքեցի ուժերս. գերբնական մի բան ինձ ստիպեց վեր ցատկել: Նրան տապալեցի խոնավ գետնին. ճչում էր: Ես կորցրել էի խիղճս: Դանակը, որ իջեցրել էի նկուղ նրա վերադարձից առաջ, ձեռքը տվի: Բռնել էի ամուր եւ ուղղել դեպի կոկորդը:

-Դու դա չես անի,- նվաղած ասաց նա:

Մեկ րոպե անց ես դին տեղափոխեցի վերեւ, պատին գրեցի Ձեր անունը, քանի որ այլ կերպ չէի կարող: Միակ մարդը, ում ես ճանաչում էի, եւ ով ճանաչում էր նրան, Դուք էիք: Ես գիտեի, որ մի օր կվերադառնաք այստեղ` ամենը պարզելու, գիտեի նաեւ, որ իմ գրելը պատճառ է դառնալու Ձեր տառապանքի, բայց ես այլ կեպ չէի կարող: Այս ճշմարտությունն ինձ հետ գերեզման տանել էլ չէի կարող...»:

Արցունքները եւ քրտինքի կաթիլները խառնվել էին: Լյուսին հանգիստ էր: Դիմանկարներն սկսեցին լողալ աչքիս առաջ: Քիչ անց ես ամեն մի անկյունում գտա կուտակված լուսանկարներն ու դրանց դիմանկարները: Դրանք Լիլիի չհասցրած «պատվերներն» էին:

*** Ես վերադարձա աշխատանքից: Այսօր քննիչը ինձ հանգիստ էր թողել: Աշխատանքս էլ սովորականից շուտ էի ավարտել: Ձեռքիս թարմ բանջարեղենի տոպրակն էր, մյուսում` դեղերի մի ամբողջ կույտ, իսկ երրորդում` գուաշի երեք սրվակ: Ես ուրախ էի: Երեկ, չնայած քննիչի այցը վախեցրել էր Լյուսիին, նա իրեն ֆիզիկապես վատ չէր զգում: Ես չէի ուզում հավատալ բժշկին, որը Լյուսիին ապրելու մի քանի օր էր տվել միայն:

«Նրա թոքերը չափից դուրս քայքայված են»,- եզրակացրել էր բժիշկը: Բացեցի դուռը: Լյուսին վերեւում չէր. մտածեցի` ներքեւից ներկերն է բերում կամ կտավն է փոխարինում նորով. -Լյուսի~, Լյուսի~: Ձայն չկար: Իջա ներքեւ: Հուղարկավորությանը բոլորը գիտեին դիմանկարների գաղտնիքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter