HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Բացահայտումներ Ներքին Գոտեձորի հնավայրում

Որտեղ ավարտվում է Արենիի քարայրը, սկսվում է Ներքին Գոտեձորը

Մինչ Ներքին Գոտեձորի հնավայրի պղնձեքարեդարյան բնակատեղու պեղումները ԳԱԱ Հնագիտության ինստիտուտը Հայկական լեռնաշխարհի Արաքսից հյուսիս ընկած հատվածներում Ք.Ա. 3600-3400-ական ժամանակահատվածի մասին վկայող որևէ հնավայր չէր պեղել, որ կարողանար պատկերացում կազմել, թե 4-րդ հազարամյակի կեսերին ինչպիսին է եղել այս լեռնաշխարհը բնակեցնող հանրությունը:

Ներքին Գոտեձոր հնավայրը գտնվում է Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի վարչական սահմաններում` Սիսիանի մոտ, Որոտանի մեծ կեռմանի անմիջական հարևանությամբ է, Նախիջևանի, Մեղրիի կողմից առևտրական ուղիների խաչվող հատվածում: «Սա գալիս է լրացնելու մի հսկայական ժամանակահատվածի` պղնձե քարե դարի ավարտական փուլի հատվածը, որը մենք չունեինք այս տարածքներում պեղված: 2007 թ.-ից նաև պեղվում է Արենիի քարայրը, որի վերին շերտերը նույնպես վերաբերվում են այդ ժամանակներին: Այնտեղից, որտեղ ավարտվում է Արենիի քարայրը, սկսվում է Ներքին Գոտեձորը, այսինքն` շարունակական մի պատկեր կարող ենք ստանալ 5-րդ հազարամյակի վերջից մինչև 4-րդ հազարամյակի կեսն ընկած ժամանակների համար այդ 2 հուշարձանների ուսումնասիրությամբ»,-այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Ներքին Գոտեձորի արշավախմբի ղեկավար, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Արտառոց փաստ է, որ հուշարձանը գտնվում է 1800 մ բարձրության վրա

Արշավախումբը պեղում է մոտ 125 քառ. մ տարածք: Պեղված բոլոր շերտերը ժամանակագրվում են Ք.Ա. 3600-3400-ական թթ.-ով: Ներքին Գոտեձորում տարբեր ժամանակների հուշաձաններրի հետքեր են պահպանվել: 2003-2004 թթ. շրջայցի ընթացքում հնագետները պարզեցին, որ տարածքի առանձին հատվածներում քարհանքի շահագործման ժամանակ նոր շերտեր են բացվել: Հայտնաբերվել է մեծ քանակությամբ խեցեղեն, որը ցույց էր տալիս, որ բացի միջնադարի, անտիկ շրջանի մնացորդներից` այստեղ կան նաև պղնձե քարե դարի ժամանակների հետքեր: «Պղնձի քարի դարի ժամանակաշրջանը ընդհանրապես մարդկության պատմության և Առաջավոր Ասիայի պատմության ամենակարևոր փուլերից մեկն է, երբ մարդը քարե գործիքներ պատրաստելուց աստիճանաբար անցավ մետաղյա գործիքների պատրաստմանը: Որոշեցինք այդտեղ արդեն սիստեմատիկ պեղումներ կատարել, և 2005 թ.-ից մինչև այսօր արդեն 5 պեղաշրջան ենք անցկացրել»,- ասաց Պավել Ավետիսյանը: Պղնձե քարե դարը Առաջավոր Ասիայում ժամանակագրվում է Ք.Ա. 6-րդ հազարամյակի կեսերից մինչև 4-րդ հազարամյակի կեսերը: Շուրջ 2000 տարի այդ հասարակությունները մի անցումային փուլում են ապրել Հայկական լեռնաշխարհում և նրա հարևան տարածքներում, որից հետո արդեն ձևավորված հանդես են գալիս բուն քաղաքակրթությունը կրող հասարակությունները: Դատելով Հայկական լեռնաշխարհում և նրա հարևան տարածքներում ուսումնասիրված հուշարձաններից` այդ ժամանակի հասարակությունները հիմնականում բնակեցնում են հարթավայրեր (Արարատյան դաշտը, Կուր գետի միջին հոսանքների հարթությունները և այլն) և իրենց բնակատեղիները կառուցում էին 800-1100 մ բարձրության վրա: «Երբ սկսեցինք Գոտեձորը պեղել, մեզ համար առաջին անգամ պարզ դարձավ, որ Հայկական լեռնաշխարհի սահմաններում և հատկապես Արաքսից հյուսիս ընկած տարածքներում գործ ունենք այդ վաղ երկրագործական հասարակությունները ներկայացնող մի հուշարձանի հետ, որը գտնվում է 1800 մ բարձրության վրա: Սա արդեն ինքնին արտառոց փաստ է: Մինչ այդ այդպիսի բարձրության վրա վաղ երկրագործական հասարակությունների թողած բնակատեղի մենք երբեք չենք պեղել և չենք իմացել»,- ասաց Պավել Ավետիսյանը:

Դաջված զմուռսներն ու գունազարդ խեցեղենը զարմացրել են մասնագետներին

Ամենահետաքրքիր փասատերիցն մեկն այն է, որ առաջին անգամ Հայկական լեռնաշխարհի այս հատվածներում` Արաքսից հյուսիս ընկած տարածքներում, հնագետները հայտնաբերել են դաջված զմուռսներ` կնքադրոշմներ: Սա վկայում է այն մասին, որ էնեոլիթի այդ փուլում մարդն արդեն ուներ սեփականություն ու կարիք` կնիքով հաստատելու, որ այդ սեփականությունն իրենն է: «Սա արդեն բարդ սոցիալական հարաբերությունների մասին վկայող շատ կարևոր փաստ է, որը արձանագրվել է այդ հուշարձանում»,- ասաց Պավել Ավետիսյանը: Գոտեձորի պեղումների հենց առաջին տարում հսկայական քանակությամբ ներմուծված գունազարդ խեցեղենի բեկորներ են հայտնաբերվել: Հնագիտության ինստիտուտի տնօրենը սա տարօրինակ է համարում, քանի որ Արաքսից հյուսիս ընկած տարածքներում ապրող հասարակությունները երբեք գունազարդ խեցեղեն չեն պատրաստրել և հիմնականում միագույն խեղեցեն են ունեցել: Այդ գունազարդ խեցեղենի բուն հայրենիքը էլի Հայկական լեռնաշխարհի սահմաններում և անմիջապես հարևանությամբ գտնվող, օրինակ` Պարսկահայքի հուշարձաններում է:

Գոտեձորի բնակիչները տարածքը լքել են 8 անգամ

Գոտեձորում հայտնաբերվել են խոշոր եղջերավոր կենդանիների (ցլեր, կովեր) մեծ քանակությամբ ոսկորներ, որոնք դեֆորմացված են: Պարզվել է, որ կենդանիների ոտքերի և կողերի ոսկորների դեֆորմացիայի պատճառը ոչ թե այն է, որ կենդանիները լուծ են քաշել` հերկել են, այլ որպես գրաստ են օգտագործվել: Սա ենթադրել է տալիս, որ Ներքին Գոտեձորի ապրողները երկար ճանապարհ են կտրել և որպես կրող ուժ` օգտագործել են խոշոր եղջերավոր կենդանիներին: «Տասնյակ հազարավոր ոսկրի կտորներ ենք ուսումնասիրում: Այնտեղ, ըստ էության, չկան 1-2 ամսական խոշոր եղջերավորների օրինակներ, ինչը կնշանակի (գիտեք` ծինը երբ է լինում), որ այդ ժամանակներում, երբ այդ համայնքները այդտեղ ապրել են, արդեն ծին չի եղել: Դա կնշանակի, որ այդտեղ ապրել են ամենայն հավանականությամբ, ամռանը և աշնանը, իսկ ձմռանը և վաղ գարնանը այդ համայնքի ներկայացուցիչները այդտեղ չեն եղել»,- ասաց Պավել Ավետիսյանը: Այս մասին է վկայում նաև հուշարձանի շերտագրությունը: Հնագետները պարզել ենք, որ Գոտեձորի բնակիչները 8 անգամ լքել են տարածքը և վերադարձել, ինչի հետևանքով առաջացել են մշակութային շերտեր: Սա նույնպես խոսում էր այն մասին, որ Գոտեձորի հասարակությունը մի քիչ այլ կերպ է ապրել, քան հարթավայրերում պեղված հուշարձանները բնակեցնողները, որոնք անընդհատ մի վայրում են բնակվել: Արշավախումբը Ներքին Գոտեձորում այս տարի հնաբուսաբանական մնացորդներն է հայտնաբերել: Հնագետները ամեն տարի ահռելի քանակությամբ հող են լվանում, որ լվացված հողի միջից բուսաբանական մնացորդներ կորզեն: Այդ մնացորդների ուսումնասիրությունը պատկերացում է տալիս տվյալ ժամանակաշրջանում այդ տարածքների շրջակա միջավայրի մասին: Գոտեձորում հայտնաբերված մեծ քանակությամբ հնաբուսաբանական նյութեր արդեն ուսումնասիրվել են: Ներքին Գոտեձորի պեղված հատվածներում հնագետները կառույցներ շատ քիչ են բացել: Բացված կառույցներն էլ կրող կոնստրուկցիաներ չեն և ըստ ամենայնի, բնակարանի դեր չեն կատարել: Դրանց հարևանությամբ հսկակական քանակությամբ փոսիկներ են գտնվել, որոնք հավանաբար ձողի հետքեր են, այսինքն` այստեղ մարդն ունեցել է փայտաշեն կառույցներ, որտեղ ժամանակավոր ապրել է: Փայտաշեն կառույցների հարևանությամբ արձանագրվել են վառարաններ, տարբեր գործիքներ: Գոտեձորում հնագետները արդեն 2-րդ անգամ թաղում են պեղել: Հազարավոր տարիներ վաղ երկրագործական հասարակության ներկայացուցիչները առանձին գերեզմանոց չեն ունեցել և գրեթե ամբողջ Առաջավոր Ասիայում մահացածներին թաղել են իրենց ապրած կառույցների հատակների, շեմերի տակ, բակերում: Թաղման ուսումնասիրությունը սկզբունքային նշանակություն ունի` նաև հասկանալու համար, թե ինչ տիպի մարդիկ են տվյալ վայրում ապրել: Պեղումները ծրագրվել են այնպես, որ ոչ թե հնագետները բացեն այդ ննջեցյալի կմախքի ոսկորները, այլ Ֆրանսիայից մարդաբան է հրավիրվել, որը 2 շաբաթ աշխատել է հայ մասնագետների հետ և կատարել ննջեցյալի պեղման աշխատանքները: Սեպտեմբերի վերջին արտասահմանցի մասնագետները նորից կգան Հայաստան, որ աշխատեն մարդաբանական մնացորդների հետ, և պեղված հուշարձանի մարդաբանական տվյալներն ամբողջանան: «Այդ ժամանակների մարդաբանական նյութը շատ սուղ է Հայաստանում»,- ասաց Պավել Ավետիսյանը:

Պղնձի քարի դարում Հայկական լեռնաշխարհի օբսիդիանն արտահանվել է

Հնավայրի տարածքից հնագետները վանակատից` (օբսիդիան) պատրաստված ահռելի քանակությամբ գործիքներ են հայտնաբերել: Հուշարձանի տարածքում հայտնաբերվում են նաև կիսապատրուկներ` միջուկներ (նուկլեոսներ): Այդ ժամանակվա մարդը սովորաբար հղկում էր այդ միջուկները և գործիքներ ստանում: Հուշարձանի տարածքից, սակայն, չի հայտնաբերվել որևէ գործիք, որը պատրաստված լինի նուկլեոսներից: Սա թույլ է տալիս ենթադրել, որն այդ նուկլեոսները նախատեսված են եղել առևտրի համար: Հայկական լեռնաշխարհի այս հատվածները շատ հարուստ են օբսիդիանի հումքով, և Առաջավոր Ասիայի մի զգալի հատվածին այստեղից են օբսիդիան մատակարարել` գործիքներ պատրաստելու համար: «Հայկական լեռնաշխարհի սահմաններում փաստագրված օբսիդիանի հանքավայրերի նմուշները մենք գտնում ենք հին աշխարհի տարբեր հատվածներում. հումքի աղբյուրից հազարավոր կմ հեռու, ընդհուպ մինչև Եգիպտոս հասել են: Այս բոլորի հանրագումարը մեզ թույլ տվեց վերականգնել մի հանրության կյանք, որը, ըստ երևույթին, բավականին մոբիլ է եղել և ձմռանը ապրել է Ուրմիա լճի հարավային ափերին, որովհետև այնտեղ տաք է և հնարավոր է զբաղվել և երկրագործությամբ, և անասնապահությամբ, իսկ ամռանը արդեն տեղափոխվել է Որոտանի մեծ կեռմանի այդ հատվածը և այդ տարածքներում ապրել և իր տնտեսությունը վարել»,- ասաց արշավախմբի ղեկավարը: Ներքին Գոտեձորի պղնձեքարեդարյան համայնքի շարժուն լինելու մասին են վկայում նաև վայրի կենդանիների այն ոսկորները, որոնք հայտնաբերվել են հուշարձանի տարածքում: Այդ ոսկորները կազմում են հուշարձանի` այսօր ուսումնասիրված ողջ ոսկրաբանական նյութի 8-10 %-ը: Հնագետներն արձանագրել են և տափաստաններում, և լեռներում, և անտառներում ապրող վայրի կենդանիների ոսկերներ: Սա խոսում է այն մասին, որ Ներքին Գոտեձորի բնակիչները որս են արել տարբեր լանդշաֆտներում: «Որսը արդեն երկրորդական նշանակություն ուներ իրենց կենսաապահովման համար, բայց եթե որս են արել, ապա արել են տարբեր տարածքներում, և դա ակնհայտորեն շատ ավելի հեռու է, քան Որոտանի կեռմանը, այսինքն` Իրանի Ուրմիա լճի հարևանությամբ եղած տափաստաններում, Զագրոսի նախալեռնային, լեռնային գոտիներով, եթե Վանով, կամ Նախիջևանով պետք է գային` այդ տարածքներում: Հետո եկել հասել մինչև այստեղ: Այստեղ էլ, ըստ երևույթին, շահագործել են Սյունիքի հյուսիսում ընկած օբսիդիանի աղբյուրները, դա օգտագործել որպես առևտուր անելու համար կարևոր հումք և տարել դեպի ավելի հարավ: Միջագետքի հարավում գտնվող հուշարձաններից վանակատի օրինակներ շատ ունենք»,- ասաց Պավել Ավետիսյանը:

Գոտեձորից պեղված նյութերը Պատմության թանգարանին կհանձնվեն նոյեմբերին

Հավանաբար նոյեմբերին Գոտեձորի նյութերի մի զգալի մասը կհանձնվի Պատմության պետական թանգարանին, որը և կորոշի` ինչպես ցուցադրել այդ նյութերը: Պավել Ավետիսյանը նշեց, որ իրենք չեն հասցնում ժամանակին մշակել Գոտեձորից պեղված նյութերը: Ըստ կարգի` նյութը պետք է հասցնել մշակել 2 տարվա ընթացքում և հանձնել պետությանը: Սեպտեմբերի վերջին Հայաստան են գալու ֆրանսիացի, ռումինացի մասնագետներ (Հայաստանում նման մասնագետներ չկան), ովքեր կմշակեն Գոտեձորից պեղված ոսկրաբանական նյութերը, կտան դրանց դիագնոզը, որպեսզի պարզվի` պեղված գործիքներն ինչ նպատակի են ծառայել: «Տարբեր մասնագետներ են աշխատում, բայց մասնագետը մեկն է կամ երկուսը, հանված իրերը` հազարներ»,- ասաց Պավել Ավետիսյանը: Միայն այս ամառ հայաստանցի մասնագետների հետ մեկտեղ 6-7 արտասահմանցի է աշխատել Գոտեձորում: Գոտեձորի դաշտային հետազոտական աշխատանքները ֆինանսավորում է ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը: Հայկական կողմը Գոտեձորի այս տարվա աշխատանքների համար 1,7-2 մլն դրամ կծախսի: Իսկ ֆրանսիական կողմը վճարում է հայտնաբերված նյութերի անալիզների, հրավիրված մասնագետների կեցության և ճանապարհածախսի համար, որն ավելի շատ գումար է պահանջում, քան դաշտային աշխատանքները: Հայաստանում պեղված հողի, բույսերի նմուշներն ուղարկվում են տարբեր լաբորատորիաներ, որտեղ տվյալ երկրի մասնագետները ուսումնասիրում են դրանք, այնուհետև տվյալները գալիս են Հայաստան: «Միջազգային գիտահետազոտական համագործակցության շնորհիվ հսկայական քանակությամբ անալիզների արդյունքներ են մտնում Հայաստան ամեն տարի: Այս վերջին 10-15 տարվա ընթացքում այնքան տվյալ ենք բերել Հայաստան, որ հայկական հնագիտության տվյալներն արդեն եվրոպական ստանդարտներին համապատասխան են, Առաջավոր Ասիայի անցյալի վերակազմության համար սկզբունքային նշանակություն ու դեր ունեն արդեն»,- ասաց Պավել Ավետիսյանը: Մինչև 2007 թ.-ը ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը արտասահմանյան դրամաշնորհների միջոցով էր կարողանում իր աշխատանքները կազմակերպել: 2007 թ.-ից ՀՀ կառավարությունը ինստիտուտին տարեկան մոտ 100 մլն դրամ է հատկացնում, ինչի շնորհիվ ինստիտուտը տարեկան մոտ 14-15 հնագիտական ծրագիր է իրականացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter