HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հայաստան է ներմուծվում նաեւ մոլիբդենի խտանյութ

2005, 2006, 2007 թթ.-ին «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով տարբեր երկրներից Հայաստան է ներմուծվել 1955 տոննա մոլիբդենի հանքաքար եւ խտանյութ: Ներմուծված մոլիբդենի հանքաքարի եւ խտանյութի մաքսային արժեքը կազմել է 19 մլրդ 703 մլն դրամ (մոտ 66 մլն դոլար):

Մասնագետների գնահատմամբ` երկու տոննա մոլիբդենի խտանյութից ստացվում է մեկ տոննա մոլիբդեն: Նշենք, որ առաջին հայացքից մեզ հետ զրուցած ոլորտի բոլոր մասանգետները զարմանում էին, որ Հայաստան մոլիբդենի խտանյութ է ներկրվել` ասելով, որ անհնար է այդպիսի բան: 

«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներկրված ապրանքը, ՀՀ օրենսդրության համաձայն, ազատվում է մաքսային վճարի, մաքսատուրքի եւ ավելացված արժեքի հարկի վճարումից: Եւ այդ ռեժիմով ապրանք ներկրած ընկերությունը պարտավոր է վերամշակումից հետո ստացած արդյունքը արտահանել Հայաստանից: Թե ի՞նչ քանակությամբ եւ ի՞նչ ապրանքատեսակ է ստացվել ներկրված մոլիբդենի հանքաքարի եւ խտանյութի վերամշակումից հետո, դժվար է ասել: Հնարավոր է, որ ներկրված ապրանքի վերամշակումից հետո ստացված մոլիբդենը լինի հենց նույն քանակի, կամ` մի քիչ պակաս, կամ` գուցե եւ ավելի: 

2005, 2006, 2007 թթ. մոլիբդենի գինը միջազգային շուկայում կազմում էր 80 հազար դոլար: Եթե համարենք, որ ներմուծված 1955 տոննա խտանյութից ստացվել է մոտ 977 տոննա մոլիբդեն, դրա արժեքը կազմում է մոտ 78 մլն դոլար: Եթե այս դեպքում էլ պարզվի, որ ներմուծումն ու արտահանումը իրականացվել են կեղծ փաստաթղթերի եւ գործարքների միջոցով, ապա նշանակում է, որ գործարքի հեղինակները տասնյակ միլիոն դոլարների վնաս են հասցրել պետությանը: 

Իսկ նման եզրահանգումներ անելու հիմքեր մենք ունենք, որովհետեւ այն երկրները, որտեղից ներկրվել է մոլիբդենի հանքաքարը եւ խտանյութը, գործող նման հանքավայրեր չունեն: Մյուս կողմից` շատ անտրամաբանական է մոլիբդենի խտանյութը տեղափոխել Հայաստան` կատարելով հսկայական ճանապարհածախս, երբ այդ երկրների հարեւանությամբ մոլիբդենի մշակման գործարաններ կան: Հայաստան մոլիբդենի ներկրման աղբյուրներ են հանդիսացնել հետեւյալ երկրները` Մեծ Բրիտանիա (Վիրջինյան կղզիներ), Չինաստան, Ղրղզստանը, Ռուսաստան, ԱՄՆ, Էստոնիա, Իրան, Ուզբեկստան եւ այլն: 

Ինչպես հայտնի է, Վիրջինյան կղզիները համարվում են օվշորային գոտի: Ի դեպ, այդտեղ են գրանցված մեր մի քանի օլիգարխների ընկերությունները: Առայժմ մեզ չի հաջողվել պարզել, թե ո՞ր ընկերությունը կամ ընկերություններն են ներմուծել այդ ապրանքը, որտե՞ղ է այն վերամշակվել եւ այդ վերամշակումից հետո որքա՞ն մոլիբդեն կամ այլ ապրանք է արտահանվել, ըստ որի էլ կարող էինք հաշվարկել պետությանը հասցված վնասը: Բայց մենք դիմել ենք ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ ստացված ցանկացած պատասխանի դեպքում կհրապարակենք մեր` այլ երկրներից ստացված տեղեկությունները 2005, 2006, 2007 թթ. Հայաստան ներկրված մոլիբդենի հանքաքարի կամ խտանյութի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter