HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թուրքիային պետք է Ղարաբաղին հարակից տարածքների մի մասից զորքերի սիմվոլիկ դուրսբերում

Ըստ թուրք քաղաքագետի` այս քայլը թուրքական կառավարությունը կդիտարկի որպես առաջընթաց ու կբացի հայ-թուրքական սահմանը Ստամբուլի Բողազիչի համալսարանի արտաքին հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Բեհլուլ Օզքանն իր այսօրվա ասուլիսում կրկնեց իր երկրի կառավարության այն միտքը, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի լինի, մինչեւ զարգացումներ չլինեն ԼՂ խնդրում: «Պետք է հասկանալ, որ հայ-թուրքական արձանագրությունները եւ հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերություններից անկախ չեն կարող դիտարկվել, որովհետեւ Ադրբեջանը Հարավային Կովկասում Թուրքիայի դաշնակիցն է: Եվ ոչ միայն դաշնակիցն է, այլեւ Թուրքիայում կան միլիոնավոր մարդիկ, ովքեր Ադրբեջանին բարեկամաբար են մոտենում: Ըստ Թուրքիայի կառավարության տեսակետի` եթե Հայաստանը ուզում է, որ սահմանը բացվի, ապա ադրբեջանական ճակատում ինչ-ինչ զարգացումներ պետք է գրանցվեն: Իմ անձնական կարծիքով` հայ-թուրքական սահմանը բացելու համար անհրաժեշտ չէ, որ լուծվի ԼՂ խնդիրը: Կառավարությանը պետք է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ դրական զարգացումներ արձանագրվեն, որ ինքը կարողանա իր հասարակությանը համոզել, որ իր ճնշման ներքո Հայաստանն ու Ադրբեջանը զարգացումներ ունեցան, հետեւաբար ինքը բացում է սահմանը»,- Թուրքիայի արտաքին քաղաքականությունն է մեկնաբանում Բեհլուլ Օզքանը ու նշում, որ այս պահին մի կողմից կա 10 մլն-ոց եւ թուրքերեն խոսացող Ադրբեջան, մյուս կողմից` 2.5 մլն-ոց, սահմանները փակ եւ առեւտրային հարաբերություններ չունեցող Հայաստան: Ստացվում է, որ հայ-ադրբեջանական ճակատում պետք է դրական զարգացումներ լինեն, որ Թուրքիայի կառավարության քայլերն արդարացվեն: Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչ դրական զարգացումների մասին է խոսքը, երբ Թուրքիան ու Ադրբեջանը դրանով միայն հասկանում են Ղարաբաղի հանձնումը, թուրք բանախոսը նշեց. «Ես համոզված եմ, որ Թուրքիայում բոլոր խելքը գլխին մարդիկ կարծում են, որ հայ-ադրբեջանական խնդիրը մեկ օրվա մեջ չի լուծվի, Ղարաբաղից հայկական ուժերը դուրս չեն գա, դա ռեալ չէ: Հիմնահարցի լուծումը շատ երկարաժամկետ մի հարց է, որը հաստատ մի քանի ամսվա, տարվա մեջ չի լուծվի: Ես կարծում եմ, որ Թուրքիայի կառավարության ուզածը Ղարաբաղին հարակից տարածքների մի մասից սիմվոլիկ կերպով զորքերի դուրսբերումն է: Որովհետեւ ստատուս-քվոն վնասաբեր է եւ Հայաստանի, եւ Թուրքիայի համար: Այսօր Հայաստանի սահմանի 85 տոկոսը փակ է: Մի երկիր, որի սահմանների միայն 15 տոկոսն է բաց, շատ բարդ իրավիճակում է զարգացման տեսանկյունից: Իսկ Թուրքիայի տեսանկյունից շատ վնասաբեր է, որ պատմական, հասարակական ու մշակութային երկարամյա կապեր ունեցող մի հասարակություն իր ազդեցությունից դուրս է, որովհետեւ հարաբերություններ չկան»: Ըստ Բ. Օզքանի` մենք սահմաններով եւ մշակույթով մոտ ազգեր ենք, սակայն մտածողությամբ Հայաստանը Թուրքիայից ամենահեռու գտնվող երկիրն է, ու շատ մեծ պատեր կան հայ ու թուրք հասարակությունների միջեւ: Նա ասում է, որ  Թուրքիայում շատերի կարծիքով Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն է, ու քանի որ նաեւ իրենք Հայաստանի հետ շատ խնդիրներ ունեն, հայ-թուրքական հարաբերություններին մեծ նշանակություն չեն տալիս` կարծելով, որ դրանք արդեն կանխորոշված են: Թուրքիան ու Ռուսաստանն էլ շատ հարցերում շատ տարբեր մոտեցումներ ունեն: Ըստ թուրք քաղաքագետի` թերեւս երկու ուրիշ ազգ չկա աշխարհում, որ այդքան պատերազմած լինեն են իրար դեմ: Բայց նա հավաստում է, որ Թուրքիայի ամենասերտ առեւտրային գործընկերը հենց Ռուսաստանն է, որի հետ տարեկան 40 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն կա: Բեհլուլ Օզքանն ասումէ, որ այսօր տնտեսական մակարդակում թուրք-ռուսական հարաբերությունները շատ ավելի զարգացած են, քան թուրք-ամերիկյան հարաբերությունները: Բացի այդ` իրենք մոտիկ են նաեւ մշակութային առումով, որովհետեւ Թուրքիայի ու Ռուսաստանի քաղաքացիների միջեւ 400.000 ամուսնություն է գրանցվել վերջին տարիներին. «Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ 2002-ից հետո մեծ փոփոխություններ տեղի ունեցան: Դրա հիմնական պատճառն այն է, որ սառը պատերազմից հետո Թուրքիայում առաջին անգամ միակուսակցական կառավարություն ստեղծվեց, որը մինչեւ այսօր իշխում է: Թուրքիայի առաջընթացի հիմնական նախապայմանը սա էր: Կառավարության արտաքին քաղաքականության ռազմավարությունն է` 0 խնդիր հարեւանների հետ: Ըստ էության, այս տարիների ընթացքում Հունաստանի, Իրանի, Սիրիայի հետ Թուրքիան հիասքանչ հարաբերություններ է ստեղծել: Միակ բացառությունը Հայաստանն է: Թուրքիայի կառավարությունը ցանկանում է այս առումով էլ քայլեր անել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter