HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հակոբ Հակոբյան. «Հետևելը պարտադիր է, իսկ խառնվելը` վտանգավոր»

Պատգամավորը սղաճը կանխատեսելը համեմատում է 100 զգեստից որևէ մեկն ընտրելու հետ

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն իր տարակուսանքն է հայտնում առ այն, որ տարեսկզբից Հայաստանում սղաճի կանխատեսումը մի քանի անգամ փոփոխվել է:

 «Եթե մենք ուզում եք սոցիալական քաղաքականություն անել, և պարզվում է, որ մեր պլանավորած սղաճը մի քանի ամսում 2 անգամ փոխվում է, սոցիալական իմաստով մենք լրացուցիչ բեռ ենք դնում անապահով խավի վրա»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Հարություն Մեսրոբյանը: 2009 թ. հոկտեմբերի 28-ին ֆինանսների նախարարը հայտարարեց, որ 2010 թ. սղաճը կլինի 3,4 %, և ըստ այդ կանխատեսման բյուջեում սահմանվեց 4±1,5 %, այսինքն 2,5-5,5 % սղաճ: 2010 թ. մարտի 22-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասաց, որ սղաճը կապահովվի: 15 օր անց` ապրիլի 6-ին, վարչապետը հայտարարեց, որ 2010 թ. սղաճը կլինի 7 %, այսինքն` կգերազանցի բյուջեում հաշվարկված ցուցանիշը: Մայիսի 19-ին Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարն ասաց, որ սղաճը կլինի 6 %: «Հունիսի 8-ին Կենտրոնական բանկի խորհուրդը ասում է, որ սրանից հետո մենք կխստացնենք դրամավարկային քաղաքականությունը, և սղաճը կիջնի: Մայիսին եղել է 1 %, իրենք ասել են, որ կիջեցնեն: Օգոստոսին սղաճը կազմում է 1,3 %: Ստացվում է, որ եթե առաջին 6 ամսվա սղաճը համեմատենք նախորդ տարվա 6 ամսվա սղաճի հետ, սղաճը կազմում է 7,3 % է: Եվ դեռ չգիտենք` ինչպես է լինելու հետո»,- ասաց Հարություն Մեսրոբյանը: Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը` Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց, որ ոչ մի պետություն, ոչ մի տնտեսություն չունի սղաճը չափելու իրական գործիքներ, և ցանկացած պարագայում տնտեսության մեջ միկրո և մակրո ցուցանիշների փոփոխությունները հանգեցնում են սղաճի փոփոխություն: «Դուք մեր երկրին եք հետևում, հետևեք մյուս երկրներին. բացարձակ նույն պատմությունն է: Հիմա ես հայտարարում եմ, որ բացառված չէ, որ մենք 4±1,5-ը պահենք: Բացառված չէ, որ 8 %-ով ավարտենք: Եվ բացառված չէ, որ 3 %-ով ավարտենք` նայած` ինչպիսի գործիքներ կկիրառվեն համապատասխան մարմինների` Կենտրոնական բանկի կողմից, որը պատասխանատու է սղաճի տոկոսի ապահովման համար, և ինչպիսի փոփոխություններ կլինեն տնտեսության մեջ: Այսինքն` սա այն պատմությունն է, որ ուղղակի օրիորդը տանից դուրս գալիս պետք է ընտրի` ինչ հագուստ հագնի կախված 100 հագուստից»,- ասաց պատգամավորը: Հարություն Մեսրոբյանը պատասխանեց, որ ի տարբերություն իրական ու կանխատեսված սղաճի միջև եղած մի քանի անգամների տարբերություններին` Հայաստանում սպառողական զամբյուղում ամեն ինչ շատ հստակ ու ճշգրիտ է հաշվարկված: Օրինակ` հաշվարկված է, որ Հայաստանում մարդն օրական սպառողական զամբյուղի մեջ օգտագործում է 1/2 հավի ձու: Սակայն ըստ Համաշխարհային բանկի` Հայաստանը սխալ է հաշվարկել, և իրականում Հայաստանում մարդն օրական օգտագործում է 1/3 հավի ձու: Կառավարման փորձագետը շեշտում է, որ «մի հատ խեղճուկրակ հավի ձվի» չափը հաշվարկվում է շատ մեծ ճշգրտությամբ: «Հենց խոսքը շատ ավելի լուրջ թվերի մասին է (այն է` պետության սղաճը), ասում են` «ոչինչ, դե հիմա 3 % է», իսկ հիմա մի քանի վերլուծաբաններ ասում են` 10 %, մեկն էլ ասել է` 14 % կարող է լինել: Նայեք` որտեղ է 3-4 %-ը և որտեղ` 14 %-ը»,- ասաց Հարություն Մեսրոբյանը: Հակոբ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ Հարություն Մեսրոբյանն ուղղակի շփոթության մեջ է, քանի որ սպառողական զամբյուղի ողջ նպատակն է ոչ թե հաշվել` մարդն օրական օգտագործում է 1/2, թե՞ 1/3 հավի ձու, այլ հաշվել մարդուն անհրաժեշտ կիլոկալորիաների քանակը` ըստ տվյալ հասարակության կողմից ավելի լայնորեն օգտագործվող սննդամթերքների: «Հայաստանում, պայմանական ասենք, թոշակառուն պետք է ապահովված լինի օրական 2000 կկալ-ով, աշխատողը` մոտավորապես 2500, 10-12 տարեկան երեխան` մոտ 2700 կկալ-ով: Օրինակ` մեր կենսաապահովման նվազագույն զամբյուղի մեջ խուրմա չկա, Իրաքում խուրմա են հաշվում: Մենք հաշվում ենք խնձոր, որովհետև մեզ համար ամենաակտուալ կերակուրը դա է: Սպառողական զամբյուղի ամբողջ իմաստը հասարակության չքավոր խավի գնահատումն է, որպեսզի պետությունը, հիմք ունենալով սա, աջակցի: Մենք ինչի՞ մասին ենք խոսում, ի҄նչ կես հավ: Նման քննարկում երբեք չի կարող լինել, թե օգտագործել կես ձու, կամ 3 ձու, կամ 2 ձու»,- ասաց պատգամավորը: Հարություն Մեսրոբյանի հաշվարկով` Հայաստանում սպառողական զամբյուղը պետք է լինի 65.000 դրամից ոչ պակաս, իսկ պարենային զամբյուղը` մոտ 42-45.000 դրամ: Այս պահին կենսաապահովման նվազագույն զամբյուղը պաշտոնապես հայտարարաված է 41.052 դրամ: «Համաշխարհային բանկը, պարզվում է, մեզանից դաժան է. ինքը ասում է, որ Հայաստանում սպառողական զամբյուղը 33.060 դրամ է: Մեր մարմինները պարենային զամբյուղը հայտարարում են 26.485 դրամ, Համաշխարհային բանկը` 21.330: Իրականության մեջ այս պահին թիվը որոշելը կախված է նրանից, թե այդ զամբյուղի մեջ ամեն մի տեսակը ինչ կշիռով է մտած: Ես այս հավի ձվի պատմությունը հենց այնպես չբարձրացրի: Եթե անգամ կես ձու են վերցնում, եթե պարզվի, որ իր տեսակարար կշիռը հաշվարկի մեջ 0,9 է, կախված նրանից` 1/2, թե 1/3 ձու է, մի անգամից ձեզ մոտ կարող է 5.000 դրամի տարբերություն լինել»,- ասաց Հարություն Մեսրոբյանը: Հակոբ Հակոբյանն էլ արձագանքեց, որ սպառողական զամբյուղի վերաբերյալ սեփական հաշվարկներ անելը «ուղղակի սխալ մոտեցում է»: «Կենսաապահովման նվազագույն բյուջեն այն շեմն է, որից ներքև մենք հասարակությանն անվանում ենք ծայրահեղ աղքատ: Ես այսօրվա գումարը չեմ կարող ձեզ ասել: 26.000 թիվը հուլիսի 1-ի հաշվարկով է: Կանխատեսումներով չենք զբաղվում: Դու կարո՞ղ ես կանխատեսել` նորածին երեխայի հասակը ինչքան կլինի 18 տարեկանում: Մենք ունենք աղքատ հասարակություն, որի գնահատականը տալիս ենք: Աղքատ հասարակությունը այն հասարակությունն է, որը ապրում է մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեից բարձր` մինչև սպառողական զամբյուղը»,- ասաց Հակոբ Հակոբյանը: Նա նշեց, որ իրենք պարտավոր են ամեն ամիս հետևել, թե գնաճն ինչպես կազդի կենսաապահովման նվազագույն բյուջեի և կենսաապահովման նվազագույն զամբյուղի վրա: «Հետևելը պարտադիր է, իսկ խառնվելը` վտանգավոր: Պարտադիր է հետևել, որպեսզի մենք կարողանանք մեր հասարակության սոցիալական վիճակի գնահատականը տալ»,- ասաց ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Նա հավելեց, որ երբ գազը թանկացավ, կառավարությունը բարձրացրեց թոշակները, նպաստները, որպեսզի կարողանա փոխհատուցել գնաճը: Սակայն եթե իրենք կարգավորեն ամեն ամիս, ապա սա կհանգեցնի ընդհանուր գների խախտման, և հենց սա է վտանգը: «Դրա համար ամենակարևորը սղաճ կարգավորելն է, որովհետև անձի համար միևնույն է, թե նա այսքան ֆիքսված գումարը որտեղ կծախսի. մի տեղ շատ, մի տեղ քիչը կարևոր չի: Դրա համար ընդհանուր գնաճը տնտեսության մեջ կառավարելը շատ ավելի ճիշտ է»,- ասաց Հակոբ Հակոբյանը: Հարություն Մեսրոբյանը սկզբունքորեն համաձայն չէր նրա այն մտքին, թե անհնարին է ինչ-որ բան կանխատեսել: «Ես կարրող եմ բերել մի քանի մեթոդաբանություն, որով հաշվարկվում և գտնվում է նվազագույն և առավելագույն տատանման շեմը: Դուք հայտարարում եք, որ ընդհանրապես չեն գուշակում, թե ինչ կլինի մի քանի ամիս հետո աշխարհում: Բարեբախտաբար, աշխարհը Հայաստան չէ: Այդ մենք կարող ենք այ այսպիսի հայտարարություններ անել: Այնտեղ եթե նման հայտարարություններ են անում, պետք է ապացուցեն` ինչու չեն կարող»,- ասաց կառավարման փորձագետը: «Աշխարհը չէր կարող գուշակել, որ Պակիստանում կլինեն այնպիսի ջրհեղեղներ, որտեղ մի անգամից 2 օրվա մեջ 20 մլն մարդ կմնա անօթևան: Դա անշնորհակալ գործ է: Երկորդն էլ` «Եվրանյուզը» ինքը խոստովանում է, որ եթե մարդիկ գուշակում են 3 օրվա եղանակ (ամբողջ Եվրոպայի մասին է խոսքը), ապա նրանք սխալվում են ուղիղ 90 %»,- արձագանքեց Հակոբ Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter