HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վալլեքս»-ը մեկնաբանում է

«Ի պատասխան Ձեր հարցմանը` ներկայացնում ենք «Հետք» ինտերնետային թերթում 31.08.2010 թ. հրապարակված «Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ակցիա անցկացրեց» վերնագրով հոդվածում բերված  «Թեղուտի պաշտպանության խմբի» կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Վալերիու Ռազլոգին ուղղված նամակի (այսուհետ` Նամակ) վերաբերյալ մեր մեկնաբանությունները:

Չանդրադառնալով նման բովանդակությամբ Նամակի պարագայում հասցեատիրոջ ընտրության ողջամտության խնդրին` հարկ ենք համարում հայտնել, որ Նամակում տեղ են գտել «Վալլեքս» խմբի գործունեությանը վերաբերող մի շարք ոչ հավաստի տեղեկություններ, փաստերի խեղաթյուրումներ և սխալ մեկնաբանություններ: Մասնավորապես Նամակում նշվում է, որ.

1. «2001 թ. ՀՀ Կառավարությունը Էյ-Սի-Փի-ին արտոնագիր է տրամադրել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար: Էյ-Սի-Փի-ի բաժնետոմսերի 81%-ի պատկանում է Vallex F.M. կոչված ընկերությանը, որը գրանցված է Լիխտենշնեյնում և որի մասին որևէ այլ հանրային տեղեկություն գոյություն չունի:»

Մեկնաբանություն

Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնագիրն ընկերությանը տրվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 21.12.2000 թ. հայտարարված բաց մրցույթի արդյունքներով, ոչ թե պարզապես տրամադրվել է կառավարության կողմից: Ինչ վերաբերում է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության բաժնետոմսերին` հարկ ենք համարում նշել, որ «Վալլեքս» խմբի ընկերությունները մշտապես պատշաճ արձագանքել են այդ առնչությամբ հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից արվող հարցումներին: Տրված պատասխաններում մասնավորապես նշվել է, որ բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը «Վալլեքս» խմբի ընկե­րու­թյուն­նե­րի նախագահ Վալերի Մեջլումյանն է` 19 տոկոս կազմող բաժնետոմսերի պարագայում ուղղակիորեն` որպես ֆիզիկական անձ, մնացած բաժնետոմսերի մասով` հանդիսանալով «Վալլեքս Էֆ. Էմ. Իսթեբ­լիշ­մենթ» ընկերության միակ շահառուն: Այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում հիմնադրված է «Վալլեքս Էֆ. Էմ. Իսթեբ­լիշ­մենթ» ընկերությունը, տվյալ կազմակերպաիրավական տեսակի իրավաբանական ան­ձանց համար բաժնեմասային կապիտալ չի նախա­տես­վում, ընկերությունը չի կարող ունենալ և չունի բաժնետեր(եր), այլ կարող է ունենալ միայն շահառու(ներ):

2. «Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրի արդյունավետությունը բազմիցս քննադատվել է մի շարք տեղական և միջազգային  փորձագետների կողմից: Ստրակոնա Միներալ Սերվիս ՓԲԸ (Strathcona Mineral Service Ltd), որը 2001թ-ին հրավիրվել/ֆինանսավորվել էր Էյ-Սի-Փի կողմից, հարցականի տակ է դրել ծրագրի անվտանգությունը շրջակա միջավայրի համար, ինչպես նաև ծրագրի տնտեսական արդյունավետությունը: Համաձայն նրանց զեկույցի «Հաշվի առնելով տարածքի անտառածածակ լինելը, ինչպես նաև տարածքի տեղակայվածությունը երկրաշարժային գոտում, բավականաչափ տեխնիկական և հետևաբար ֆինանսական դժվարություններ կան 500 մլն տոննա պոչանքները և 600 մլն տոննա այլ տիպի թափոնները անվտանգ և շրջակա միջավայրի պաշտպանության համար ընդունելի ձևով ամբարելու համար»»:

Մեկնաբանություն

Ինչպես կարելի է դատել հենց Նամակում մեջբերված հատվածից` այդ հաշվետվության մեջ ոչ թե հարցականի տակ է դրվում ծրագրի անվտանգությունը շրջակա միջավայրի համար և/կամ ծրագրի տնտեսական արդյունավետությունը, այլ խոսվում է ֆինանսական և տեխնիկական դժվարությունների մասին: Իրականում` այդ հաշվետվության մեջ շահագործման նպատակահար­մա­րութ­յան տեսանկյունից որոշակի վերապահումներ են ձևակերպված միայն 950 մ հորիզոնից ցածր գտնվող հանքաքարի վերամշակման տեխնիկական և, հետևաբար, ֆինանսական նպատա­կահարմա­րության առնչությամբ: Ընդ որում, Հարկ է հաշվի առնել այն հան­գա­մանքը, որ հաշվետ­վության կազմումից մինչ օրս անցել է ավելի քան ինը տարի: Այդ ժամանակահատվածում էապես փոխվել է իրադրությունը մետաղների միջազգային շուկաներում, և հաշվետվության մեջ արտացոլված ֆինանսական բնույթի այն գնա­հա­տա­կան­ները, որոնք հիմնված են հաշվետվության կազմման ժամանակ գրանց­ված գնե­րի վրա, ենթակա են շտկման` այժմյան գների հաշվառմամբ: Աշխատանքային նախագծի հիմքում ընկած տեխնիկատնտեսագիտական հաշվարկներն ու մոդելները ապացուցում են բնապահ­պա­նական և այլ նորմերի պատշաճ պահպանմամբ` հաստատված պաշարների ողջ ծավալով հանքավայրի շահագործման հնարավորությունը և ֆինանսական նպատակա­հարմարու­թյու­նը: Ինչպես պոչամբարը, այնպես էլ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրով նախատես­վող այլ կառույցները նախագծվել են տվյալ տարածաշրջանին հատուկ սեյսմիկ ռիսկերի հաշվառմամբ:

3. «Տեղական փորձագետները նույնպես ծրագրի ազդեցության վերլուծություն են անցկացրել՝ եզրահանգելով, որ նախատեսված 357 հեկտար անտառի հատումն ուղեկցվելու է ջրային աղբյուրների վերացմամբ, հողի էռոզիայով և նախատեսվածից երեք անգամ ավելի մեծ տարածք ընդգրկող անտառի ոչնչացմամբ: Էկոհամակարգերն ամբողջությամբ, ներառյալ ոչնչացող բույսերի և կենդանիների հաբիթաթները, ոչնչացման վտանգի տակ կհայտնվեն:  Պոչանքները, որ պարունակելու են արծաթ, րենիում, կապար, մկնդեղ, պղինձ, մոլիբդեն, ցինկ, ծծմբային միացություններ և հանքահանման ու հանքամշակման ընթացքում օգտագործված տարբեր քիմիական նյութեր, կթունավորեն գետերն ու դաշտերը, կսպառնան սննդի անվտանգությանը և մարդկային կյանքին: Կավելական սողանքների հավանականությունը: Վտանգ կա, որ հսկայական պոչամբարը կարող է փլվել, որի դեպքում շրջանն ամբողջությամբ կախտահարվի՝ ներառելով դեպի հարևան Վրաստանի Հանրապետություն հոսող Դեբեդ գետի հարթավայրը»

Մեկնաբանություն

Թեև լեզվական և մասնագիտական-տերմինային սխալների ու անճշտությունների առատության պատճառով բավականին դժվար է որոշել, թե վերը բերված պարբերությամբ կոնկրետ ինչ են ցանկացել ասել Նամակի հեղինակները, հարկ ենք համարում հայտնել հետևյալը. Թեղուտի լեռնահարստացուցիչ համալիրի կառուցման և պղինձ-մոլիբդե­նա­յին հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման համար, իրոք, նախատեսվում է հատել 357 (երեք հարյուր հիսունյոթ) հեկտար անտառ: Նույն այդ ժամանակահատվածում «Թեղուտի հան­քավայրի շահա­գործ­ման ծրա­գրի իրա­կա­նացման նպատակով անտառա­յին ծած­կույ­թի հատ­մամբ ան­տա­ռա­յին տնտեսությանը հասցվող վնա­սի հա­տուց­ման ծրագ­րով» (հաստատված ՀՀ բնա­պահ­պանության և գյուղատնտեսության նախարարների համատեղ հրամանով) նա­խատեսվում է սահմանված ժամանակացույցի պահպանմամբ անտառապատման աշ­խա­տանք­ներ իրականացնել հատվող անտառի կրկնակի մակերեսին հավասար գումարային մա­կե­րես (714 հեկտար) ունեցող տարածքներում: Ընդ որում, ծրագիրը նախատեսում է ոչ միայն նշված տարածքներում ծառատունկի իրականացում, այլ ծառատունկից հետո մինչև անտառի կատեգորիա փոխադրելու համար անհրաժեշտ բոլոր բազմամյա աշ­խա­տանք­նե­րի և միջոցառումների իրականացում: Ծրագրով սահմանված մրցութային կարգով արդեն ընտրվել են մասնագիտացված կազմակերպություններ` որոնք իրականացնում են ընթացիկ ժամանակահատվածում նախատեսված անտառապատման աշխատանքները ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և Լեռ­նա­հովիտ համայնքների վարչական սահմաններում` հիշյալ համայնքներին պատկանող հո­ղա­տարածքներում իրականացնելու համար: Մինչ օրս հատումներ են իրականացվել է շուրջ 55 հեկտար գումարային մակերեսով տարածքներում, իսկ անտառապատման աշխատանքներ իրականացվել են 135 հեկտար գումարային մակերեսով տարածքներում: Ծրագրի հիմքում ընկած նա­խա­գծա­յին լուծումները բացառում են ուղղակիորեն հատվող անտառից բացի որևէ այլ ան­տա­ռա­ծածկ տարածքի ոչնչացման վտանգ պարունակող կողմնակի ազդեցությունները: Չնայած դրան` այդ առնչությամբ կասկածներ հայտնած անձանց «Վալլեքս» խմբի ընկերությունները, հանդես գալով մասնագիտական հրապարակային քննարկումների կազմակերպման մի շարք նախաձեռնություններով, կոչ են արել բերել գիտականորեն հիմնավորված փաստարկներ, որոնք կհիմնավորեն նախագծով չնախատեսված կողմնակի ազդեցությունների հնարավորությունը: Սակայն որևէ արձագանք այդ կոչին չի եղել: Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրով նախատեսված միջոցառումները մշակվել են շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու տեսանկյունից` հանքարդյունաբերական գործունեության համաշխարհային առավել առաջադեմ և արդյունավետ փորձը հաշվի առնելով և տեղայնացնելով: Մասնավորապես` աշխատանքային նախագծով նախատեսվում է ոչ միայն ջրի փակ շրջանառու համակարգ, որը կկանխի արդյունաբերական ջրերի արտահոսքն արտաքին ջրավազաններ, այլև պոչամբարի հատակի լիակատար մեկուսացում անջրաթափանց շերտով, որը կկանխի պոչանքներում  վտանգավոր նյութերի առկայության դեպքում` դրանց ներթափանցումը ստորերկրյա ջրեր: Ծրագրով նախատեսված են նաև միջոցառումներ փոշիների` թույլատրելի սահմանային խտությունները գերազանցող արտանետումները կանխելու ուղղությամբ: Որպեսզի հնարավոր լիներ առարկայորեն քննարկել Նամակի հեղինակների` գետերի ու դաշտերի աղտոտման, սննդային անվտանգությանն ու մարդկային կյանքին սպառնալիքների առնչությամբ մռայլ կանխատեսումների հիմնավորությունը, հարկ է նախ պարզել, թե արտադրական որ շղթայում, որ շրջափուլում են նրանք արտահոսքի կամ արտանետման վտանգ տեսնում: Մինչդեռ Նամակում հեղինակները սահմանափակվել են վերացական հայտարարությամբ: Իհարկե, փլվել տեսականորեն կարող է ցանկացած կառույց, այդ թվում նաև պոչամբարը: Սակայն եթե միայն այդ հիմքով կարելի լիներ շինարարություն կասեցնել, ապա այդ տրամաբանությամբ առաջին հերթին անթույլատրելի կդառնա մանկապարտեզների, դպրոցների և նմանատիպ այլ կառույցների, ոչ թե պոչամբարների շինարարությունը:

4. «Ծրագրի շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ), որն իրականացվել է Էյ-Սի-Փի-ի կողմից և ընդունվել է ՀՀ Կառավարության կողմից, հաշվի չի առել վերը նշված հետևանքները: ՇՄԱԳ-ը լրջորեն չի վերլուծել կենսաբազմազանության կորուստները և լիովին անտեսել է մարդկանց առողջության և արտակարգ իրավիճակների ռիսկերը»

Մեկնաբանություն

Ինչպես ՇՄԱԳ-ի իրականացման, այնպես էլ դրա արդյունքում կազմված և Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության ու պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի այլ նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվել է ՀՀ օրենսդրության պահանջների խստիվ համապատասխանությամբ: Ի լրումն օրենսդրորեն նախատեսվածի` նախագծային փաստաթղթերը փորձաքննության են ներկայացվել նաև ՀՀ առողջապահության նախարարություն, որի կողմից մանրազնին հետազոտություններից հետո տրված դրական եզրակացությամբ հիմնավորվում է ծրագրի իրականացման թույլատրելիությունը նաև մարդկանց առողջության համար անվտանգ լինելու տեսանկյունից:

5. «Առնչվող համայնքների բնակիչները պատշաճ կերպով չէին իրազեկվել իրենց կենսագործունեության վրա շրջակա միջավայրի ազդեցությունների վտանգի մասին: Որոշ չափով կազմակերպված հանրային մասնակցությունը խիստ ձևական և անարդյունավետ է եղել, քանի որ բոլոր հիմնական որոշումներն արդեն կայացված էին»

Մեկնաբանություն

Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Օրենքով սահմանված կարգով «Էյ-Սի-Փի» ընկերությունն ապահովել է հանրության իրազեկումն ու մասնակցությունը և կազմակերպել է հասարակական լսումներ ինչպես ՇՄԱԳ նախագծի (23.03.2006 թ., ք. Ալավերդի), այնպես էլ հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի (12.10.2006 թ., գ. Թեղուտ) բաց հրապարակային քննարկման նպատակով: Ի լրումն օրենսդրական և այլ իրա­վա­կան ակ­տե­րով նա­խա­տես­վածի՝ բնա­պահ­պա­նական հիմ­նա­խնդիր­ների վե­րա­բեր­յալ հրապարակային քննարկումներ, հա­սա­րա­կու­թյան իրա­զեկ­ման և գոր­­ծու­նեու­թյան հրապարակայնության ապահովման ուղ­ղու­թյամբ այլ միջոցառումներ կազ­մակերպվել են նաև հենց ընկերության նախաձեռնությամբ:

6. Մասնագետների կարծիքով, Թեղուտի հանքի շահագործումը խախտում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, Անապատացման դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, ՅՈՒՆԵՍԿՈ-յի Համաշպարհային ժառանգության կոնվենցիայի, Եվրոպայի Լանդշաֆտի կոնվենցիայի, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի (Էսպոոի կոնվենցիա) և ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի շրջակա միջավայրին հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիայի (Օրհուսի կոնվենցիա) սկզբունքները. Բոլոր այս իրավական ակտերը վավերացվել է ՀՀ-ի կողմից: Ավելին, Թեղուտի հանքահանության մասին որոշումը խախտում է ՀՀ Սահմանադրությունը և  մի շարք պետական օրենքներ, այդ թվում ՀՀ Հողային օրենսգիրքը, ՀՀ Ջրային օրենսգիրքը, ՀՀ Ընդերքի օրենսգիրք,  Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին  ՀՀ օրենքը, Կոնցեսիայի մասին ՀՀ օրենք, Բուսական աշխարհի մասին ՀՀ օրենքը, Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքը:

Մեկնաբանություն

Նամակի հեղինակները տեղեկատվական ոլորտի բարոյականության տեսանկյունից խիստ վիճելի հնարքի են դիմել` մի շարք իրավական ակտերի խախտումների վերաբերյալ մեղադրանքները ներկայացնելով որպես ինչ-որ անորոշ մասնագետների կարծիք: Իրավախախտումների վերաբերյալ նմանատիպ վերացական հայտարարությունների վերաբերյալ որևէ կոնկրետ մեկնաբանություն հնարավոր չէ. պարզապես կարող ենք միանշանակորեն ամրագրել, որ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի նախապատրաստումն իրավական տեսանկյունից իրականացվել է ՀՀ օրենսդրության և ՀՀ կողմից վավերացված միջազգային իրավական ակտերի պահանջներին համապատասխան: Ի լրումն տարաբնույթ անճշտությունների և փաստերի խեղաթյուրումների` Նամակում կան նաև անհիմն որակումներ  և պիտակավորումներ: Մասնավորապես. Նամակում գրված է. «Իր գործունեության արդյունքում Էյ-Սի-Փի-ն հայտնի է դարձել որպես շրջակա միջավայրը և մարդկանց առողջությունն արհամարող մի ընկերություն» Իրականում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը երբևէ չի ժխտել այն հանգամանքը, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքի բնապահպանական անվտանգության առումով էական խնդիրներ կան: Սակայն գործարանի աշխատանքի շարունակականությունը պայմանավորված է բնապահպանական և սոցիալական խնդրակարգերի հավասարակշռմամբ և համադրմամբ: Տնտեսական շահութաբերության տեսանկյունից ոչ կենսունակ արտադրության չդադարեցման օգտին առանցքային փաստարկներից մեկն Ալավերդիում համատարած գործազրկությունն ու սոցիալական աղետը կանխելու անհրաժեշտությունն է: Նամակում տեղ են գտել նաև պարզապես անհեթեթ արտահայտություններ, օրինակ. «Հազարավոր անհատներ և մի քանի տասնյակ հասարական կազմակերպություններ ներկայացնող բնապահպանական շարժման անունից մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում ՎՏԲ բանկի կողմից Թեղուտի անտառի շահագործման խնդրահարույց ծրագրի հնարավոր ֆինանասավորման մասին…»: Շնորհակալություն ենք հայտնում «Հետք» ինտերնետային թերթի խմբագրությանը «Վալլեքս» խմբի գործունեությանն առնչվող տեղեկատվության առնչությամբ մեր մեկնաբանությունները հրապարակելու համար և հայտնում մեր պատրաստակամությունը այսուհետ ևս նմանատիպ հարցումներին պատշաճ արձագանքելու առնչությամբ»:

«Վալլեքս» խմբի ընկերությունների  Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter