HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Փորձում են դատել նաեւ այն մեղադրանքով, որով արդեն իսկ դատվել է

Անցյալ տարվանից Կենտրոնի դատարանը, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, քննում է Թուրքիայում արձանագրված թրաֆիքինգի հերթական գործը, որով ամբաստանվում են 4 հոգի` Ագապի Ասոյան, Հասմիկ Քարամյան, Ալեքսան Կիրակոսյան եւ Գայանե Մելքոնյան: Դեռ անցյալ տարի «Հետքը» գրել էր, որ Գայանե Մելքոնյանի մեղադրանքի հիմքում դրվել է նաեւ այն, ինչի համար վերջինս արդեն դատապարտվել է: Այսօրվա նիստում, ըստ էության, ասվածը հիմնավորվեց նաեւ դատարանի կողմից: Նախորդ նիստի ժամանակ Գայանեն դատարանում ցուցմունք է տվել: Մեղադրող-դատախազ Վոլոդիա Հովհաննիսյանը միջնորդել էր հրապարակել վերջինիս նախաքննական ցուցմունքները` նշելով, թե նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում կան էական հակասություններ: Սակայն Գայանեի պաշտպան Աննա Ջուվանովան առարկել էր միջնորդության դեմ` պարզաբանելով, որ մեղադրանքի հիմքում դրվել են նաեւ Գ. Մելքոնյանի բոլորովին այլ գործի շրջանակներում 2004 թ. տված ցուցմունքները, որի կապակցությամբ Գայանեն մեկ այլ դատարանի կողմից 2007 թ. դատապարտվել է ազատազրկման ու այսօր էլ շարունակում է կրել այդ դատավճռով սահմանված պատիժը: Դատավոր Ավետիսյանը մեղադրող Հովհաննիսյանին խնդրել էր այս առնչությամբ արտահայտել իր կարծիքը: Սակայն այսօրվա նիստին վերջինս չէր ներկայացել` արձակուրդում գտնվելու պատճառով: Գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ Հովհաննիսյանին փոխարինելու էր եկել մեկ այլ դատախազ` Հունան Բաբայանը: Բայց նա հանրային պաշտպան Ջուվանովայի առարկության վերաբերյալ այդպես էլ կարծիք չարտահայտեց, իսկ դատավոր Ավետիսյանը հայտարարեց, թե կարծիք չասելն էլ կարծիք հայտնել է: Այնուամենայնիվ, դատախազ Բաբայանը նշեց, թե պնդում է, որ հրապարակվի Գայանե Մելքոնյանի նախաքննական ցուցմունքը, ինչը սակայն, դատարանի կողմից մերժվեց: Այսինքն` իր այս քայլով, ըստ էության, դատարանը հիմնավորեց, որ 2007-ին օրինական ուժ ստացած դատավճռով Գայանեն արդեն պատժվել է այն հանցանքի համար, որը կրկին այս գործով դրվել է նրա մեղադրանքի հիմքում: Գայանեն առաջին անգամ դատապարտվել է 2007 թ. հունվարին. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` «Երկու կամ ավելի անձանց շահագործման նպատակով հավաքագրելու» (Քր. օր.-ի 132 հոդված) եւ «Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու» (Քր. օր.-ի 261 հոդված) հիմքով: Նույն թվականի օգոստոսին, այնուհետեւ 2008 թ. հոկտեմբերին Մալաթիա-Սեբաստիա համայնքի եւ Երեւանի քրեական դատարանների կողմից նա դարձյալ դատվել է ՔՕ 132-րդ հոդվածի հատկանիշներով: Ընդհանուր առմամբ, նրա նկատմամբ սահմանվել է 7,5 տարվա ազատազրկում: Արդեն չորրորդ անգամ նույն` թրաֆիքինգի հոդվածով Գայանե Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել 2009 թ. մայիսին: Հենց այդ գործն էլ այժմ քննվում է դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ: Այս մեկի առանցքը հիմնականում պտտվում է հայտնի կավատ Գոհար Կիրակոսյանի շուրջ, որը տարիներ շարունակ հայ աղջիկների Թուրքիայում ենթարկվել է սեռական շահագործման: Սակայն վերջինս ամբաստանյալների շարքում չէ. նրա նկատմամբ դեռ 2003 թ. հայտարարվել է հետախուզում: Դատավորությունը կշարունակվի սեպտեմբերի 17-ին: Մանրամասներին «Հետքը» կանդրադառնա առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter