HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ինչպե՞ս իմանալ` ճգնաժամը շարունակվո՞ւմ է, և կբարձրանա՞ն գները

Պատգամավորի և կառավարման փորձագետի կարծիքները հակասում են

Այսօր գնաճի, գյուղատնտեսության ոլորտում անկման և ճգնաժամի վերաբերյալ բանավիճում էին Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը և կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Վերջին ժամանակներս ցորենի, կարտոֆիլի գնաճ արձանագրվեց: Այդ ամենը ի՞նչ ազդեցություն կունենա հատկապես սոցիալապես անապահով խավի համար: Պրն Հակոբյան, համաձա՞յն եք, որ լարված վիճակ է:

Հակոբ Հակոբյան-Ոչ միայն կարտոֆիլը կամ հացահատիկը, այլև միրգը թանկացավ տարեսկզբին, որովհետև ուղղակի անբարենպաստ տարի էր գյուղատնտեսության համար: Մյուս կողմից` հատկապես հացահատիկը և կարտոֆիլը թանկացան, որովհետև անցած տարիներին և հացահատիկի, և կարտոֆիլի բերքը առատ էր, և գյուղացին եկամուտ ստացավ ցածր գների արդյունքում: Դրա համար պետք է որ կարտոֆիլի ցանքատարածքները պակասեին, և հետևանքը գների բարձրացումն է` այն, ինչ ունենք: Հայաստանը արտադրում է իր սպառման հացահատիկի մոտավորապես 40 %-ը, մնացածը ներկրովի է: Այսօր ես թերթերում նայեցի, որ Ռուսաստանը հացահատիկի արտահանման էմբարգոն վերացնում է, որովհետև ինքը կարող է կորցնել շուկայում մրցունակությունը` Կանադայի, Ամերիկայի և ԵՄ-ի հետ կապված: Դրա համար Ռուսաստանը փորձում է գինը պայմանական իջեցնել, որպեսզի կարողանա իր արտահանման շուկաները պահել: Հայաստանում սկզբից գինը բարձրացավ մոտ 30 %-ով: Մեկ պարկ ալյուրը խանութներում 8.500 դրամից մի անգամից դարձավ 12.500 դրամ, հետո իջավ 10.500 դրամի: Կարծում եմ` այսօր տենդենցը իջնելու է, որովհետև ուղղակի սա ճիգ է, որ յուրաքանչյուրը կփորձի առիթն օգտագործել ավելորդ գերշահույթ ստանալու համար, բայց շուկան կարգավորվում է արդեն համապատասխան մարմինների միջոցով: Բայց ինձ համար` որպես Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի, այն չէ խնդրը, թե ինչու հացահատիկի կամ կարտոֆիլի գինը բարձրացավ: Ես առաջարկում եմ հետևյալ սկզբունքները. մենք ի՞նչ պետք է անենք, որ հետագայում խուսափենք նման բարձրացումից: Այստեղ անելիքներ շատ ունենք:

Ի՞նչ պետք է անել:

Հ.Հ.-Երբ Հայաստանում սպառման արտադրանքը պակասեց, գինը բարձրացավ: Հետևաբար մենք պետք է ունենանք պահուստներ, ավելորդ արտադրանք, և ոչ միայն արտադրենք մեզ համար, այլև մտածենք ունենալ հավելյալ արտադրանք` արտահանելու համար, և երբ գա ոչ նպաստավոր տարի, ունենանք որևէ ուղղություն կամ քաղաքականություն` ներմուծման համար, որպեսզի գինը կարողանանք պահել հաստատուն:

Հարություն Մեսրոբյան-Մենք չենք մտածում մեկ հարցի շուրջ. ամեն տարի Հայաստանում այս գների տատանումների հետևանքով մշակվող հողերի ամբողջ տարածքի ո՞ր մասն է փոխվում ուրիշ բույսով: Ասենք թե կարտոֆիլը դառնում է ցորեն և այլն: Եթե պարզվի, որ հողի այդ քանակը, որը ամեն անգամ փոխվում է, բավականին մեծ տեսակարար կշիռ ունի, սա նշանակում է, որ Հայաստանում ընդհանրապես տնտեսության, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում ոչ մի պլանավորում կամ ռազմավարություն գոյություն չունի: Պատկերացրեք, որ դուք գյուղացի եք, և տվյալ բույսի գինը, որ դուք ցանում եք, իջնում է: Դուք մի անգամից տվյալ տարվա բարձր գնի ինչ-որ արտադրանք եք ուզում ցանել: Հետո պարզվում է, որ դա մյուս տարի ավելի էժան է վաճառվում, այսինքն` դառնում է ռուլետկա:

Գյուղացին իր հողի տերն է: Իրեն պետք է շահագրգռե՞ն, որ կարտոֆիլ չցանի, պոմիդոր ցանի:

Հ.Մ.-Ճիշտ է, բայց եթե գները սկսում են անկանոն թռիչք ապրել, գյուղացին չի կարող կողմնորոշվել: Ինքը մյուս տարի կցանի այն բույսը, որը տվյալ տարում բարձր գին ունի: Այն, ինչ տվյալ տարում ցածր գին ունի, ինքը կսկսի հաջորդ տարի չմշակել: Այդպես էլ անում է: Հիմա եթե պարզվի, որ օգտագործվող հողերի 30 %-ը ամեն տարի տատանվում է, սա բավականին լուրջ պրոբլեմ է, որովհետև բույսը փոխել հո միայն չի՞ նշանակում մեկը հանել մյուսը տնկել:

Հ.Հ.-Ո՞վ կմեղադրի գյուղացուն, որ նա, տեսնելով, որ իր արտադրանքի գինը ցածր է, փորձի արտադրել այնպիսի սննդամթերք կամ գյուղմթերք, որի գինը բարձր է: Մենք վաղուց հրաժարվել ենք պլանային տնտեսությունից: Այո, միգուցե մենք այստեղ ունենք սխալներ, բայց գյուղացուն վերապահված է իրավունք իր հողը մշակելու իր ցանկացած մշակաբույսով: Որպեսզի մենք կարողանանք մեր երկրում սննդամթերքի անվտանգությունն ապահովել, մենք պետք է կարողանանք ունենալ արտադրության մեծ ռեզերվ, ավելցուկի դեպքում` վաճառք, արտահանում և ներմուծման հնարավորություն, որպեսզի կարողանանք սահուն կերպով կարգավորել գնային խնդիրները:

Ինչո՞ւ Վրաստանից կարտոֆիլ չի ներմուծվում:

Ինչ է, Վրաստանում այսօր կարտոֆիլն ավելի էժա՞ն է: Մենք հիմա արդեն կարտոֆիլի բերքը լեռնային շրջաններից սկսում ենք հավաքել: Կարծում եմ` մի անգամից այս խնդիրը կունենա հստակ ազդեցություն, որովհետև տարին գոնե մեկ ամիս հետ ընկավ` կապված գարնանային անձրևների հետ: Իմ ընտրատարածքը Մարտունին է, անցյալ շաբաթ-կիրակի եղել եմ, և արդեն Մարտունիում կարտոֆիլը կարելի է հավաքել: Գյուղացին ինքը շատ լավ գիտի, թե երբ պետք է քանդի իր կարտոֆիլը: Անկախ այն բանից, որ վաղը ինքը կարող է վաճառել 150 կամ 100 դրամով (այսօր գինը 250 դրամ է)` ինքը չի քանդում, որովհետև բերքը հասունացած չէ:

Պրն Հակոբյան, Դուք համաձա՞յն եք այն տեսակետին, որ գյուղատնտեսության ոլորտում ռազմավարությունը պլանավորված չէ:

Հ.Հ.-Այո, ցավոք այդպես է:

Հ.Մ.-Գյուղատնտեսության ոլորտում ռազմավարարություն չկա և այլն: Դա է պատճառը, որ մենք չգիտենք` ինչ թվեր են լինելու: Գյուղնախարարությունը հայտարարում է, որ առաջին կիսամյակում 13,1 %-ով անկում է եղել: Բայց հետաքրքիր է, որ պարենային շուկայում շատ ապրանքների` բանջարեղենի և մրգերի գները բարձրացել են 25 %-ից մինչև 3 անգամ: Որտե՞ղ է 13,1 % անկումը, և որտե՞ղ այսպիսի շեշտակի բարձրացումները:

Հ.Հ.-Չէ, գների բարձրացումը արտադրության անկման հետ առանձնապես կապ չունի:

Հ.Մ.-Մեծ կապ ունի. ինչքան արտադրվում է, այդքան գները պետք է բարձրանան:

Հ.Հ.-Այդպես էլ եղել է. քիչ է արտադրվել` գները բարձրացել են:

Հ.Մ.-Բայց 13,1 %-ով իջել է, 25 %-ից մինչև 3 անգամ բարձրացել է:

Հ.Հ.-Ճիշտն ասած, ես Ձեր տրամաբանությունը չեմ հասկանում:

Հ.Մ.-Դա իմ տրամաբանությունը չէ, դա տնտեսագիտության տրամաբանությունն է:

Հ.Հ.-Չեմ հասկանում Ձեր հաշվարկի մեթոդիկան: Դուք ամեն ինչ Ձեզ համար հաշվում եք:

Հ.Մ.-Ես չեմ հաշվում: 13,1 % անկումը ո՞վ է հաշվել:

Հ.Հ.-Եթե գյուղնախարարը հայտարարել է, որ 13,1 % անկում է եղել, բայց որոշ ապրանքների գները բարձրացել են 2 անգամ, սա բացարձակ հնարավոր է: Օրինակ` կարտոֆիլի գինը բարձրացել է 2 անգամ, ծիրանինը` 4 անգամ:

Հ.Մ.-Այսինքն` չեղա՞վ, որ դեռ համեստ թվեր բերեցի: Եթե անկումը եղել է 13,1 %, նշանակում է, որ այդ ոլորտի համախառն արտադրանքը անկում է ապրել 13,1 %, այսինքն` առաջարկը` դեպի սպառող, ընկել է 13,1 %, բայց գները բարձրացել են անգամներով: Ո՞նց կարող է այդպիսի բան լինել:

Հ.Հ.-Բայց փաստ է, չէ՞: Կրկնում եմ` ծիրանը բարձրացել է 5 անգամ, կարտոֆիլը` 2,5 անգամ:

Հ.Մ.-Քանի որ կարտոֆիլն ու ծիրանը ես կարող եմ տեսնել, իսկ 13,1 %-ը չեմ կարող տեսնել, ուրեմն ես չեմ հավատում 13,1 %-ին:

Հ.Հ.-Դուք ասեք` խաղողի գինը քանի՞ անգամ է բարձրանալու: Խաղողի գինը կարող է չբարձրանալ անցած տարվա համեմատ, լոլիկի գինը կարող է իջնել:

Հ.Մ.-Խաղողը սեպտեմբերին կարող ենք ասել:

Հ.Հ.-Ես չեմ ուզում Ձեր թվերը նայել:

Պրն Մեսրոբյան, առաջին անհրաժեշտության ապրանքների գները, ըստ Ձեր հաշվարկների, կբարձրանա՞ն մինչև աշնան վերջ:

Հ.Մ.-Այո, կբարձրանան շատ պարզ պատճառով (90 % ճշտությամբ եմ ասում, 10 %` ֆորսմաժոր): Ճգնաժամը աշխարհում ու Հայաստանում չի վերացել. այն մուտացիայի է ենթարկվել: Գիտեք` ո՞նց կարելի է իմանալ` ճգնաժամը շարունակվո՞ւմ է, թե՞ չէ: Եթե ոսկու գինը բարձրանում է կամ բարձր է, ճգնաժամը կա: Ճգնաժամի պայմաններում երբեք մի կարծեք, որ դեպի լավը կգնա:

Հ.Հ.-Ես այդպիսի ցուցանիշ չգիտեմ:

Հ.Մ.-Ինչո՞ւ ճգնաժամի ժամանակ ոսկու գինը բարձրանում է: Վերջին ժամանակ դոլար-եվրո տատանումը եղավ 30 %. 1,5-ից իջավ 1,2: Մարդիկ անգամ դոլարին ու եվրոյին, ոչ մի բանին չեն հավատում, որովհետև ճգնաժամի ժամանակ փոխարժեքները, գները տատանվում են: Հետևաբար ո՞րն է այն հանգրվանը, որտեղ դու հանգիստ ես: Ոսկին: Դրա համար սկսվում է փողի զանգվածի ներխուժում դեպի ոսկու շուկա: Ոսկու գինը սկսում է բարձրանալ: Միշտ իմացեք` եթե ոսկու գինը բարձր է, ուրեմն ամբողջ աշխարհում ճգնաժամի սպասումները շատ բացասական են: Իսկ բացասական սպասումները նշանակում են, որ ճգնաժամը շարունակվում է: Սա տնտեսագետները գիտեն:

Հ.Հ.-Եթե ուշադիր եղանք, աշխարհի գրեթե բոլոր պետությունները ճգնաժամը ապրեցին` բացի Չինաստանից, որովհետև ամենաթանկ կապիտալը ոչ թե ոսկին է, այլ մարդն է` քաղաքացին, որը աշխատում է, ինքը միաժամանակ և սպառման, և արտադրության աղբյուր է: Պրն. Մեսրոբյանի համար ճգնաժամի հաղթահարման ցուցանիշը ոսկու գինն է: Ինձ համար ամենաառաջին ցուցանիշը տնտեսության մեջ հարկերի հավաքագրումն է, որովհետև երբ դու հարկ ես հավաքագրում, ունես վերարտադրություն:

Հ.Մ.-Մինչև ճգնաժամը Հայաստանում հարկերի հավաքագրումը ՀՆԱ-ի նկատմամբ ամենասարսափելի վատն էր: Հետևաբար, մենք միշտ ունեցել ենք ճգնաժամ:

Հ.Հ.-Այսօր մենք հավաքագրել ենք մոտ 37 մլրդ ավելի հարկեր անցած տարվա նկատմամբ: Սա նշանակում է, որ տնտեսությունը շնչում է, հետևաբար առաջանում են ավելի հարկեր:

Հ.Մ.-Իրականության մեջ հարկերի հավաքագրումը չի աճել: Եթե սղաճը այս 6 ամսվա մեջ կազմեց 7 %, 37 մլրդ ավելին 7 %-ից ցածր է բյուջեի նկատմամբ:

Հ.Հ.-Այդպես չեն նայում: Իրական ՀՆԱ-ն նայեք:

Հ.Մ.-Այդպես են նայում: Ես բերեմ ուրիշ ապացույց, որ մեզ մոտ ճգնաժամը շատ ծանր ազդեցություն ունի, եթե ոսկու փաստարկը չանցավ (աշխարհում անցնում է, Հայաստանում չի անցնում):

Հ.Հ.-Հայաստանում` չէ. ինձ համար չի անցնում:

Հ.Մ.-Դա շատ քիչ է: Առաջին կիսամյակում մեզ մոտ ներմուծումը կազմել է 1,7 մլրդ, արտահանումը` 440 մլն, այսինքն` 4 անգամ քիչ: Տարբերությունը մոտավորապես 1,3 մլրդ է: Տրանսֆերտները, նաև բոլոր այլ ներկրվող փողերը 660 մլն են: Սա նշանակում է, որ մենք կես տարվա մեջ պետք է փակեինք մյուս կեսի` 1,3 մլրդ-ի փողը: Իսկ սա նշանակում է` շուտով սպասեք, որ մենք էլի ընկնելու ենք դրսի դռնեդուռ, որպեսզի արժույթ վերցնենք, որպեսզի փակենք մյուս կիսամյակի այդ բացասական սալդոն:

Հ.Հ.-Այո, մենք այսօր ունենք բասական սալդո:

Հ.Մ.-4 անգամ: Հ.Հ.-Չեմ քննարկում, էդ բոլոր թվերը տպվում են, բոլորը կարող են նայել: Մենք ունենք բացասական սալդո: Ճիշտը դա չունենալն էր տնտեսության մեջ: Եվ այդ սալդոն մենք ուղղակի փակում ենք, այո, մասնավոր տրանսֆերտներով:

Հ.Մ.-Չի փակվում: Սալդոն կազմում է 1,3 մլրդ, տրանֆերտները կազմում են 660 մլն. ո՞նց է փակվում:

Հ.Հ.-Որտեղի՞ց գիտեք: Դուք մտել եք Հայաստան բոլոր եկողների գրպանը, փողերը հաշվե՞լ եք:

Հ.Մ.-Ոչ: Սրանք Կենտրոնական բանկի, Վիճվարչության տվյալներն են:

Հ.Հ.-Կենտրոնական բանկը տիրապետում է ինֆորմացիայի ընդամենը 60 %-ին` այն մասին, որը կատարվում է փոխանցումներով: Հակառակ դեպքում եթե արտաքին ներմուծում-արտահանում տարբերությունը և տրանսֆերտները չեն փակում, մեզ մոտ հնարավոր չի լինի դրամ-դոլար հարաբերակցությունը ստանդարտ պահել: Դա կթռնի, դա խայտառակ երևույթ է:

Հ.Մ.-Չի թռնի` կիջնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter