HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Անգամ եթե նրա վրա գրված լինի. «Ես աստղադիտակ եմ»…

«Դա Հայաստանի ամենահետաքրքիր, էկզոտիկ հուշարձաններից մեկն է: Հուշարձանը ուսումնասիրված չէ, բնականաբար, պեղման կարիք ունի, որից հետո նոր կարող ենք խոսել հուշարձանի դերի, նշանակության, ժամանակագրության մասին»,- Քարահունջի մասին այսօր ասաց ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Նրա կարծիքով՝ Քարահունջը արհեստածին անվանում է, որը ոչ մի կապ չունի Զորաց քարեր նախկին անվանման հետ:

Թեև Քարահունջը խոր ուսումնասիրության կարիք ունի, սակայն տարբեր տարիների այս հնավայրում կատարվել են որոշակի աշխատանքներ, որոնց հիման վրա Պավել Ավետիսյանը հնավայրի ամենահին շերտերը թվագրում է Ք.Ա. 18-րդ դարով և ոչ ավելի վաղ: Քարահունջի տարածքում կա բնակատեղի, դա հրվանդան է, և հրվանդանի այն հատվածում, որը ձուլվում է սարահարթին, պարսպապատ կա: Հենց այդ պարսպապատի հիմքերի վրա էլ, որոնք պահպանվել են, դրված են Քարահունջի քարերը: «Այդ ցցված քարերը պարսպապատի տարիքի՞ն են, թե՞ պարսպապատից հետո՝ դժվար է ասել, մինչև լուրջ աշխատանք չարվի: Բայց որ պարսպապատից ավելի վաղ չեն՝ հաստատ է, քանի որ կառուցված են պարսպապատի վրա: Այսինքն՝ եթե պարսպապատը վերաբերվում է Ք.Ա. 18-րդ դարի այդ բնակատեղիին, ուրեմն գուցե հենց այդ ցցված քարերը այդ ժամանակով է հնարավոր թվագրել կամ դրանից հետո»,- նշեց Պավել Ավետիսյանը: Անդրադառնալով այն տեսակետին, որ հնավայրն աստղադիտարան է եղել՝ Պավել Ավետիսյանն ասաց, որ այն տրամաբանությունը և մեթոդները, որոնցով Քարահունջը աստղադիտարան է ներկայացվում, որևէ քննություն չեն բռնում:

«Մեկ պարզ բան ասեմ. հնավայրը գտնվում է երկրաբանական խզման գոտում՝ անմիջապես խզվածքի վրա: Այսինքն՝ եթե Հայկական լեռնաշխարհի սահմաններում և հատկապես այդ սահմաններում որևէ ցնցում է լինում՝ կապված գեոդինամիկ պրոցեսների և երկրաշարժերի հետ, անպայմանորեն այնտեղ պետք է ինչ-որ բան ցնցվի: Հարյուրավոր հզոր երկրաշարժեր են եղել Հայաստանի տարածքում և այլն»,- ասաց Պավել Ավետիսյանը:

Ուստի, նա միանշանակ համոզված է, որ Քարահունջի քարերն արդեն փոխել են իրենց նախասկզբնական դիրքը: Հետևաբար, շարժվող օբյեկտը որպես դիտակետ չի կարող քննարկման առարկա դառնալ:

«Անգամ եթե նրա վրա գրված լինի «Ես աստղադիտակ եմ», արդեն նա այնտեղ չի նայում, որտեղ պետք է նայեր: Դա բավարար է, որ խնդիրը փակված համարենք»,- ասաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter