HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ինչու օտար երկրներում բնակիչները պատժում են հուշարձանին վնասողներին, իսկ Հայաստանում` ոչ

«Մտեք որևէ հնավայր, պետության կողմից ստեղծված արգելավայր, ասենք, ԱՄՆ-ում և տեսեք` ով է պահպանում դա: Փորձեք ձևի համար ինչ-որ վնաս տալ այդ հուշարձանին: Տեղի բնակիչը ոչ միայն ձեզ կարգի կհրավիրի, այլև կարող է այդտեղից անվնաս դուրս չգաք: Դա պետությունը չի անում: Դա անում է այնտեղի ապրողը»,- սեպտեմբերի 3-ի ասուլիսի ժամանակ ասաց ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Իսկ ՀՀ տարածքում, նրա խոսքերով, հատկապես հնագիտական հուշարձանների պահպանության վիճակն անբավարար է, թեև ունենք օրենք, որը կարգավորում է հուշարձանների պահպանության, հասարակության և հուշարձանների փոխհարաբերության խնդիրները: «Ցանկացած երկրում (զարգացած եվրոպական երկիր կլինի կամ այս մեր Առաջավոր Ասիայի երկրները և այլն), հուշարձանները պահպանված կլինեն միայն այն դեպքում, եթե այդ հուշարձանները հասարակության համար տնտեսապես շահավետ լինեն: Հակառակ դեպքում ինչ օրենքներ էլ մենք ունենանք, ինչպիսի խստությամբ հետևենք հուշարձանների պահպանությանը և այլն, մենք այդ հարցը չենք կարող պատշաճ մակարդակով լուծել»,- ասաց Պավել Ավետիսյանը: Հնագիտության և ազագագրության ինստիտուտի տնօրենի խոսքերով, թեև եվրոպական և այլ զարգացած երկրներում պետությունը ունի ավելի լավ օրենքներ, քան Հայաստանում, հուշարձանների պահպանությամբ ավելի շատ մարդ է զբաղվում, քան Հայաստանում, այնուամենայնիվ հուշարձանները պահպանվում են հենց այն պատճառով, որ հասարակությունը եկամուտ է ստանում այդ հուշարձաններից: Նրա համոզմամբ` Հայաստանի ցանկացած գյուղում, բնակատեղիում գտնվող հնավայր պետք է դառնա այդ հասարակության զարգացման ծրագրերի մաս, այդ ծրագրերի մեջ մտնի որպես զբոսաշրջության կենտրոն և հետագայում փողի հոսք ապահովի դեպի տվյալ գյուղ: Հատկապես մշակութային զբոսաշրջությունը չի ենթադրում հնավայրը միայն նայել ու թողնել-հեռանալ, այլև ենթադրում է մտնել գյուղ, ազգագրական տվյալ հանրության կյանքին ու կենցաղին ծանոթանալ: «Կարելի է գտնել այնպիսի ձևեր, որ յուրաքանչյուր գյուղացի շահ ունենա այդ այցելություններից: Այդ դեպքում, իհարկե, մեր հուշարձանները կպահպանվեն աչքի լույսի պես: Եթե դա նրա տնտեսական ամենօրյա կյանքում ինչ-որ դեր ու տեղ չունի, ապա անպայմանորեն այդ հուշարձանը կվնասի: Հուշարձանը պետք է սոցիալականացվի: Հուշարձանը խորհրդանշան չէ միայն: Հուշարձանը խորհրդապաշտական մի տեղ չէ, որ մենք գնանք պաշտենք նրան, սիրենք, փայփայենք կամ գովերգենք»,- ասաց Պավել Ավետիսյանը: Նա հավելեց, որ չի մերժում հուշարձանի մշակութային կողմը, և հուշարձանը հենց իր մշակութային կողմով պետք է սոցիալականացվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter