HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Վեդիում բացված հնավայրը հավանաբար Վանի թագավորությանն է վերաբերում

Հնագիտության ինստիտուտի տնօրենը շնորհակալ է հնավայրի մասին հայտնած բնակիչներից

Վեդի քաղաքի տարածքում գետը բացել է հետաքրքիր հնավայր: Դա մի հեղեղատ է` 30-40 մ լայնքով: Հեղեղատի ամբողջ տարածքում արձանագրվել են մեծ բնակատեղիի հետքեր` հսկայական պատեր, մեծ կարասներ, անոթներ, որոնք լցված են գետաբեր խճաքարերի մեջ:

Հնավայրի մասին ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին հայտնի է դարձել 3 օր առաջ` սեպտեմբերի 1-ին: Ինստիտուտն անմիջապես խումբ է կազմել և ուղարկել` հեղեղատն ուսումնասիրելու: «Այն, ինչ այդ հեղեղատի շնորհիվ բացվել է, հուշում է մեզ, որ մենք, ըստ երևույթին գործ ունենք Վանի թագավորության ավարտական փուլին վերաբերվող մի շատ մեծ բնակատեղիի կամ ինչ-որ հուշարձանի հետ: Գուցե և արտադրական համալիր է, որովհետև հսկայական չաները հենց հիմա գետնի մեջ տասնյակներով խրված են: Այդ հուշարձանը մեզ հայտնի չէր: Եթե մենք Վանի թագավորության ավարտական փուլի այդպիսի մի հուշարձան ունենք այդ տարածքներում, որի մասին բացարձակ պատկերացում չունեինք, և եթե հիմա դա արձանագրենք և ուսումնասիրենք, շատ բան կլրացնենք մեր գիտելիքների մեջ»,- ասաց ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Նա պատրաստվում է վաղը նորից գնալ հնավայր` հասկանալու համար, թե ինչ ծավալի աշխատանքներ է պետք կատարել: Անհրաժեշտ է հնավայրի մասին տեղեկացնել Մշակույթի նախարարությանը և արշավախումբ կազմել, թեև հնագետները շատ քիչ են և ծանրաբեռնված տարբեր վայրերում աշխատանքով: «Անպայման ինչ-որ բան պետք է արվի, որովհետև եթե մինչև ձյուն գալը չկարողանանք դա պեղել, ապա դրանից հետո հեղեղը կսկսի գործել, և գալիք գարնանից հետո այն, ինչ արդեն հեղեղատը բացել է, միանշանակ կտանի: Արդեն տարել է շատ բան»,- ասաց Պավել Ավետիսյանը: Հնավայրի մասին հնագետներին զանգահարել և տեղեկացրել են տեղի բնակիչները, ովքեր հարևանությամբ աշխատելիս տեսել են հեղեղատի բերած նյութերը: «Շատ շնորհակալություն նրանց: Այդպես գործնականում ամիսը մոտ 7-8 անգամ մենք ժողովրդի կողմից, տարբեր գյուղներից, շրջաններից ստանում ենք տվյալներ: Մարդիկ զանգում են, ասում են` իմ հողամասում, այսինչ սարի լանջի տակ այսպիսի բան է բացվել: Գնում նայում ենք: Հաճախ դրանք չեն համապատասխանում իրականությանը, բայց հաճախ նաև պարզվում է, որ գործ ունենք բացառիկ հուշարձանների հետ»,- ասաց Պավել Ավետիսյանը: Սեպտեմբերի 1-ին մեկ այլ դեպք էլ է եղել: Արտաշատի հարևանությամբ երկու երիտասարդ մոտեցել է հնագետներին և հայտնել, որ շենք էին կառուցում և հիմքի պատը դնելիս ինչ-որ իրեր են դուրս եկել: Երիտասարդները 2-3 օրով կասեցրել են աշխատանքը և սպասել, մինչ հնագետները ժամանակ կգտնեն և կայցելեն այդ վայր: «Գնացինք, նայեցինք, տեսանք, որ հիմնահողային դամբարան է եղել, այսինքն` այդ գյուղի տարածքում եղել է Ք.Ա. 15-14-րդ դարերով թվագրվող հին դամբանադաշտ: Այդ նյութերը վերցրինք, բերեցինք: Այդ դամբարանը, քանի որ մի մասն արդեն խաթարվել էր հենց շինարարության ժամանակ, պահպանության, տեղափոխման խնդիրներ չունի: Ուղղակի արձանագրվեց փաստը, որ այդ գյուղի գոնե այդ հատվածները նստած են այդ հին գերեզմանոցի վրա, քարտեզագրեցինք»,- ասաց Պավել Ավետիսյանը: Եթե հուշարձանը արդեն հայտնի է, և պետությունը պահպանման գոտի ու հատուկ ռեժիմ է սահմանել, ապա հուշարձանը քանդելու, ավիրելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված: Սակայն կան դեպքեր, երբ մասնագետները պատկերացում չունեն, որ տվյալ տարածքում հուշարձան կա: Օրինակ` տվյալ հուշարձանը բնակչի բակում կամ հողամասում է և բացվում է այն ժամանակ, երբ բնակիչը հող է վարում, տուն կառուցում: Այս դեպքում միակ տարբերակն այն է, որ քաղաքացին այնքան գիտակից լինի, որ հուշարձանի մասին տեղեկացնի համապատասխան մարմիններին, որպեսզի հնագետները գնան, նայեն, և եթե կարևոր հուշարձան է, ուսումնասիրեն, տեղափոխեն: Եթե ոչ` ուղղակի ուսումնասիրեն, և տարածքը հետ հանձնեն բնակչին: «Մենք մեր լեռնաշխարհի, մեր բնօրրանի 1/10 մասում ենք հիմա կարողանում մեր պետությունը զարգացնել: Հայոց պատմամշակութային ժառանգության բացարձակ մեծամասնությունը այսօր գտնվում է մեր սահմաններից դուրս` օտարի հայեցողությամբ: Այն, ինչ պեղում ենք Հայաստանում, բնականաբար կա նաև պատմական Հայաստանի տարածքում: Եթե մենք Հայկական լեռնաշխարհի այս` Արաքսից հյուսիս ընկած տարածքների համար կարողանում ենք պատկեր վերակազմել, արդեն այդ վերակազմությունը կարող ենք օգտագործել Արաքսից հարավ ընկած տարածքների, Արևմտյան Հայաստանի համար»,- ասաց Պավել Ավետիսյանը: Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ամեն տարի շրջայցերի ընթացքում բազմաթիվ նոր հնավայրեր է հայտնաբերում: Այնուհետև այդ մասին հաշվետվություն է ներկայացնում Մշակույթի նախարարությանը, որն էլ պետք է հաշվառի, ցուցակագրի և պահպանի հնավայրը:

Լուսանկարը տրամադրել է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Սարգսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter