HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպարդիեն մտադիր է Հայաստանում կինոյի փառատոն կազմակերպել

Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին, ով մեր երկրում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո Հայաստանում անցկացվող «Կարոտ» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով: Ողջունելով տաղանդավոր արվեստագետին` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ նա Հայաստանում բազմահազար երկրպագուներ ունի: Նրա ստեղծած կերպարները վաղուց արժանացել են հայաստանցի արվեստասերի համակրանքին: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ  հայ-ֆրանսիական բարեկամությունը ամուր հիմքերի վրա է, իսկ աշխարհահռչակ դերասանի այցն ավելի կամրապնդի այն: Հովիկ Աբրահամյանը շատ  բարձր գնահատեց այն փաստը, որ Ժերար Դեպարդիեն  այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւ ընդգծեց նրա քաղաքացիական կեցվածքը, մանավանդ որ դերասանը ներկայացնում է մի երկիր, որն ապաստան  է տվել 1915թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցների: Ֆրանսիան այն երկրներից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ժերար Դեպարդիեն նշեց, որ ինքը Հայաստանը գիտի Ֆրանսիայում ապրող հայ համայնքի շնորհիվ: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշանակալի համարեց, որ Ժերայր Դեպարդիեն Հայաստան է այցելել «Կարոտ» միջազգային փառատոնի շրջանակներում, որովհետեւ այն կարեւոր դեր է կատարում հայ արվեստը ներկայացնելու գործում: Հայաստանի խորհրդարանի ղեկավարն  առաջարկեց  հաջորդ  փառատոնն անցկացնել Փարիզում, եւ Ժերար Դեպարդիեին էլ  վերապահվի գլխավոր դերը:  Դերասանը սիրով համաձայնեց ներկա գտնվել փառատոնին: Ժերար Դեպարդիեի խոսքով` իր այցելությունը Հայաստան կհետաքրքրի նաեւ Եվրոպայում գտնվող արվեստի մարդկանց, որպեսզի նրանք եւս գան Հայաստան  եւ այստեղ ծրագրեր իրականացնեն: Ինքը` Դեպարդիեն, այդպիսի մտադրություններ ունի` Հայաստան բերել եվրոպական գործիչների եւ կինոյի փառատոն կազմակերպել: Նա ծրագրում է նաեւ աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայերի մասնակցությամբ կազմակերպել մշակութային միջազգային ծրագիր Հայաստանում, որի միջոցով ներկայացվի տարբեր ժամանակների հայկական արվեստը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նման ծրագրերին, քանի որ այդպիսի փառատոնները հնարավորություն են տալիս ծանոթանալու մեր երկրին, մշակույթին:  Այս կապակցությամբ ԱԺ նախագահը վերստին  կարեւորեց «Կարոտ» փառատոնի դերը, որը շատ մեծ ու ողջունելի աշխատանք է կատարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter