HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Նաջարյանների գործը` նոր փորձության առաջ

Այս տարվա սեպտեմբերի 13-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Նաջարյանների նախկին թարգմանիչ եւ ներկայացուցիչ Գրիգոր Իգիթյանին մեղավոր էր ճանաչել խարդախությամբ Քերոլայն եւ Ջորջ Նաջարյանների գույքին տիրանալու մեջ եւ դատապարտել չորս ու կես տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է մինչեւ դատավճռի ուժի մեջ մտնելը Գրիգոր Իգիթյանին թողնել ազատության մեջ:

Դատարանի վճռից հետո սփյուռքահայ ծանոթներիցս մեկը նամակ գրելով ինձ` ասում էր. «Տեսա՞ր, արդարությունը հաղթեց, իսկ դու գրում ես, որ Հայաստանում դատարաններն անկախ չեն, արդարացի որոշում չեն կայացնում»: Սփյուռքահայ ծանոթիս պատասխանեցի հայտնի ասացվածքով` «Գետը չտեսած` մի բոբիկացիր»: Գրեցի, որ դեռ վաղ է ուրախանալ, մեր արդարադատությունը բազմաբեւեռ է: 

Գրիգոր Իգիթյանի պաշտպանը դատավճիռը բողոքարկել էր վերաքննիչ դատարան, սակայն արդեն երրորդ անգամ է, ինչ դատարանը չի կարողանում քննել շուրջ հինգ տարի ձգձգվող այս գործը: 

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 7-ին առաջին դատական նիստը հետաձգվել էր դատախազ Հովսեփ Սարգսյանի չներկայանալու պատճառով, իսկ նոյեմբերի 17-ին նույն դատախազը ժամանակ էր խնդրել դատարանից` գործի նյութերին ծանոթանալու համար: Նշենք միայն, որ Հովսեփ Սարգսյանը նախկինում քննել էր այս գործը եւ հենց նա էր մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկել դատարան: 

2008 թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում հերթական անգամ հետաձգվեց գործի քննությունը: Այս անգամ դատական նիստին չէին ներկայացել ո'չ դատախազը, ո'չ էլ Իգիթյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը:

Այս գործի քննության ընթացքում նախկինում դատական նիստերի ձգձգումները մշտապես ուղեկցվել են նման պատճառաբանություններով: Միայն առաջին ատյանի դատարանում այն տեւել է շուրջ մեկ ու կես տարի: 

Մեր աղբյուրների հավաստմամբ` վերաքննիչ դատարանում վերջին երեք հետաձգումներն ունեցել են հստակ դրդապատճառներ: ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնյաներից մեկի տեղեկացմամբ` վերջին մի քանի շաբաթների ընթացքում դատախազության համակարգի բարձրաստիճան ղեկավարներից մեկի ցուցումով քննարկվել է այս գործը վերջնականապես տապալելու կոնկրետ տարբերակ` դատախազ Հովսեփ Սարգսյանը պետք է վերաքննիչ դատարանում հրաժարվեր մեղադրանքից, ինչի հետեւանքով դատարանը պետք է կարճեր գործի վարույթը:

Դատախազության «ներքին խոհանոցին» վերաբերող նման տեղեկության հրապարակումը վերը նշված թեմայով քննարկումներին մասնակցած դատախազության մեր աղբյուրը պատճառաբանեց այն հանգամանքով, որ «պարզապես չի կարողացել լռելյայն տանել այն ապօրինությունը, որը պլանավորել եւ փորձել են իրականացնել օրինականության եւ իրավակարգի պահպանության առաքելություն ունեցող կառույցի ներկայացուցիչները»:

ՀՀ համապատասխան օրենսդրության ուսումնասիրությունը, տարբեր իրավաբանների հետ զրույցները, նրանցից ստացած պարզաբանումները բերում են մի եզրակացության` վերաքննիչ դատարանում դատախազի կողմից մեղադրանքից հրաժարվելն իրավաբանական նոնսենս է: Վերաքննիչ դատարանում գործի քննության կանոններով նման գործողության կատարումը չի թույլատրվում: 
Դատախազը մեղադրանքից կարող է հրաժարվել գործով հավաքված ապացույցների հետազոտման արդյունքում, սակայն` մինչեւ դատարանի կողմից դատավճիռ կայացնելը: Նաջարյանների դեպքում առաջին ատյանում մասնակցած դատախազ Գեւորգ Երեմյանը ոչ միայն չի հրաժարվել մեղադրանքից, այլեւ գտել է, որ այն լիովին հիմնավորվել է դատարանում հետազոտված ապացույցներով եւ խնդրել է դատարանից Գ. Իգիթյանին դատապարտել հինգ տարվա ազատազրկման: 

Բացի այդ, ո'չ Գ. Երեմյանը, ո'չ գլխավոր դատախազության որեւէ այլ դատախազ դատավճռի դեմ բողոք չի բերել, ինչը վկայում է այն մասին, որ նրանք համաձայն են եղել դրա հետ: Թե ի՞նչն է ստիպել դատախազության պաշտոնյաներին գնալ նման քայլի, թերեւս կարելի է գուշակել: Ամենայն հավանականությամբ, պատճառը Նաջարյաններին պատկանող եւ Գ. Իգիթյանի կողմից հափշտակված մի քանի մլն դոլար արժեքով անշարժ գույքն է: 

Իրադարձությունների նման զարգացումը մեծապես պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ չնայած մեղադրական դատավճռի եւ կալանավորման բավարար հիմքերի առկայությանը` ամբաստանայալ Գրիգոր Իգիթյանը շարունակում է մնալ ազատության մեջ: Մեր նախորդ հոդվածներում բազմիցս նշվել է, որ Գ. Իգիթյանը մշտապես օգտվում է ինչ-որ ազդեցիկ ուժերի հովանավորությունից, ինչն էլ շարադրված փաստերի լույսի ներքո ստանում է ավելի հստակ ուրվագծեր:

Պարզ է մի բան. եթե վերաքննիչ դատարանում դեկտեմբերի 3-ի նիստը չի կայացել, ապա գլխավոր դատախազության նախապես մշակված սցենարի իրականացմանն ինչ-որ բան խանգարել է: Դեկտեմբերի 17-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կայանալիք հերթական դատական նիստում պարզ կդառնա, թե այդ սցենարը դեռեւս ուժի մե՞ջ է, թե՞ «փնտրվում» է նոր սցենար: 

Այս աղմկահարույց գործի քննությանը թե' Հայաստանում, եւ թե' սփյուռքում հետեւողները լրջորեն անհանգստացած են ստեղծված իրավիճակով: Հիշեցնենք, որ Նաջարյանները առ այսօր շարունակում են բարեգործական ծրագրեր իրականացնել Արցախում եւ Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter