HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Այս տարի Հայաստանում արտադրվել է ավելի քան 4 մլրդ դրամի հագուստ

Հայերը շարունակում են Հայաստանում արտադրված «իտալական» կոշիկ ու հագուստ գնել

Սեպտեմբերի 18-19-ին Երևանի Բուսաբանական այգում առաջին անգամ կայանալու է «Գնենք հայրենականը» խորագրով թեթև արյունաբերության ոլորտի փառատոն և ցուցահանդես-վաճառք:

Միջոցառմանը մասնակցելու համար այս պահի դրությամբ գրանցվել է ոլորտի 25 կազմակերպություն: Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը: Ծրագրին աջակցում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:

«Ձեռնարկությունները, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու, և սպիտակեղեն, և հագուստ, և հարակից արտադրանքներ պատրաստող գործարաններ են, որոնց մասին կարևոր է, որ իմանան մեր այլ կազմակերպություններ: Օրինակ` ձեռնարկությունները, որոնք իրենք սրճարանների, հյուրանոցների և ռեստորանների համար արտահագուստ կամ այլ համազգեստ են գնում կամ, ասենք, հյուրանոցները, որոնք համապատասխան վարագույրների կամ անկողնային սպիտակեղենի խնդիրներ ունեն և այլն»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:

«Գնենք հայրենականը» փառատոնի նպատակն է կառավարության ուշադրությունը սևեռել թեթև արդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներին` հստակեցնելու ոլորտի հնարավոր վերականգնման ուղիները և աջակցելու այդ գործին: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքերով` Էկոնոմիկայի նախարարությունը լուրջ աշխատանքներ է տանում` պարզելու, թե թեթև արդյունաբերության ո՞ր ընկերություններն են, որոնք դեռևս պահպանել են տեխնիկական հագեցվածություն, կադրեր, որտե՞ղ կարող են ուղղվել մասնավոր ներդրումները, ո՞ր ընկերությունները կկարողանան դուրս գալ տարածաշրջանային մրցակցության: Առաջիկա ամիսներին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կլոր սեղաններ է կազմակերպելու ոլորտի մասնագետների հետ` ոլորտի պրոբլեմները և անելիքները վերջանականպես պարզելու համար: «Մենք այսօր արդեն իսկ ունենք այն համոզմունքը, որ ոլորտն ունի պոտենցիալ, և մեր թիրախային ներդրումները պետք է ուղղվեն նաև այս ոլորտ»,- ասաց Արսեն Ղազարյանը: Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանն էլ նշեց, որ հագուստի արտադրությունը խթնելու նպատակով նախարարությունը բանակցություններ է վարում տարբեր միջազգային կառուցների ու դիվանագիտական ներկայացուցչությունների հետ` Հայաստանում դիզայնի դպրոց հիմնելու վերաբերյալ: Նախարարությունն աշխատանքներ է տանում Իտալիայում Եվրոպայի դիզայնի ինստիտուտի հետ, որ այս տարի արդեն Գյումրիում այդ ինտիտուտը դասընթացներ անցկացնի: «Այդ ոլորտի զարգացման համար շատ կարևոր է տեղական նմուշների առկայությունը, այսինքն` որ մեր թեթև արդյունաբերության ընկերություններն ունենան իրենց ինքնուրույն արտադրանմուշները»,- ասաց  Հայկ Միրզոյանը: Գագիկ Մակարյանի խոսքերով` փառատոնին մասնակցում են հիմնականում փոքր և միջին ձեռնարկություններ, որոնք սովորաբար դժվարություն են ունենում սեփական արտադրանքը սպառողին ներկայացնելու հարցում: Ակնկալվում է, որ փառատոնի 2 օրվա ընթացքում Բուսաբանական այգի կայցելեն հարյուրավոր մարդիկ, ովքեր կտեղեկանան նաև թեթև արդյունաբերության ոլորտին առնչվող հարակից արտադրանքների (կաշվե իրեր, այլ աքսեսուարներ) մասին:

Հայկ Միրզոյանի տեղեկացմամբ` այսօր Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում մոտ 130 գրանցված ընկերություն է գործում: Նախարարությունը ամեն ամիս անցկացնում է մոնիտորինգ է, որի մեջ, սակայն, ընդգրկված է ոլորտի ընկերություններից միայն հիմնական 32-ը: Ըստ 2010 թ. 7 ամսվա արդյունքների` ոլորտում արտադրվել են 114 մլն դրամի հագուստ, 457 մլն դրամի կաշի և կաշվե արտադրատեսակներ, 214 մլն դրամի կոշիկ, կարվել է ավելի քան 4 մլրդ դրամի հագուստ: Այս բոլոր ոլորտներում աճ է արձանագրվել: Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյունաբերության ոլորտում այս աճն ինչի՞ համեմատ է հաշվարկված` Հայկ Միրզոյանն ասաց, որ իր բերած ցուցանիշերը հիմնված են 2009 թ.-ի վրա, երբ անկում արձանագրվեց: Հայկ Միրզոյանը, սակայն, ասաց, որ հաշվարկված չէ, թե շուկայի ընդհանուր ծավալը որքան է, և շուկայում եղած հագուստի քանի տոկոս է կազմում հայկական արտադրությունը: Մինչդեռ Գագիկ Մակարյանի խոսքերով` կարելի է հաշվարկել, թե հագուստի շուկայի քանի տոկոսն է հայկական արտադրության: Հայաստանում կա մոտ 750 հզ. ընտանիք: Եթե հաշվենք, որ յուրաքանչյուր ընտանիք տարեկան 100 դոլար է ծախսում հագուստի վրա, ապա ստացվում է, որ տարեկան հագուստի շուկայում ծախսվում է 75 մլն դոլար:

«Այդպես էլ կա. մոտավորապես 60 մլն դոլար է այսօրվա շուկան: Հետևաբար, եթե մենք նույնիսկ դրա 10 %-ը ապահովենք, դա զգալի թիվ է սկզբի համար: Եթե նույնիսկ մտածենք, որ 6-7 մլն դոլար սպառվի ներքին շուկայում, արդեն բավականին մեծ հաջողություն կլինի: Մենք 2008-ին արտահանել ենք մոտ 11-12 մլն դոլարի հագուստ: 2009-ին մոտ 30 % նվազել է: 11-12 մլն-ը տարբեր պատվերներ են, նաև ինքնուրույն կարված արտահագուստներ, հագուստներ: Իհարկե, գերակշռող մասը դեռևս պատվերներ են. ուղղակի բերվում են հումքը, աքսեսուարները, այստեղ կարվում են»,- ասաց Գագիկ Մակարյանը: Արսեն Ղազարյանի խոսքերով` արդեն 2-րդ տարի է, որ Հայաստանի ձեռքի գնդակի հավաքականի մարզահագուստը հայկական է: «Երբ նրանք գնում են միջազգային մրցումների, այդ մարզահագուստը որակով չի զիջում հանրահայտ բրենդներին: Մի մոռացեք, որ նույն այդ բրենդները` «Ադիդասն» էլ, «Նայկն» էլ, այսօր կարվում են այն երկրներում, որտեղ աշխատուժը էժան է` Ինդոնեզիա, Չինաստան, Թուրքիա»,- ասաց Արսեն Ղազարյանը: Հայկ Միրզոյանի կարծիքով` հայկական արտադրատեսակները ավելի որակյալ, մոդայիկ են, քան նույն գնային սահմաններում ներմուծված չինական և թուրքական արտադրատեսակները: Սակայն հայաստանյան սպառողը չի հագնում հայկական հագուստ, քանի որ հայկական արտադրատեսակների քարոզման, հավատի վերականգնման խնդիր կա: Միաժամանակ վարչության պետը չբացառեց, որ հայերը նույն հաջողությամբ խանութից կամ շուկայից հայկական արտադրանք են գնում` արտասահմանյան բրենդի անվան տակ:

Նույն խնդրի մասին նշեց նաև Արսեն Ղազարյանը: Շատերը հոռետես են, ասում են, որ «ոչինչ չի մնացել, մրցունակ չենք, չինականը, թուրքականը մեզ կերել են»: Սակայն Էկոնոմիկայի նախարարության և Արդյունաբերողների և գործարարների միության ուսումնասիրություններից պարզվել է, որ շատ կազմակերպություններ իրենց հայկական բրենդով հանդես չեն գալիս, արտադրում են դրսի պատվերով, արտահանում են` դրսի բրենդի անվան տակ: Արդյունքում հայաստանցի սպառողը հագնում է «իտալական» կոշիկներ և հագուստ, որոնք հայկական ծագում ունեն: «Դրանից էլ մենք ռեալ պոտենցիալը չենք գիտակցում, էլ չեմ ասում մեր այն ընկերների մասին, ովքեր շարունակում են մնալ ստվերային տնտեսության շրջանակներում. կրկնօրինակում են այդ բրենդները, և արդյունքում եթե պրպտենք, հայկական ծագում ունի: Մեր կոչ է նաև, որ թափ տանք մեզ, դուրս գանք այս վիճակից, համարձակ մեր ծավալները ցույց տանք և սկսենք համարձակ մրցել»,- ասաց Արսեն Ղազարյանը: Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է հայրենական արտադրողը նախընտրում ստվերում մնալ` Արսեն Ղազարյանն ասաց, որ ստվերում մնալը պարզունակ մոտեցում է, որի նպատակն է արագ շահույթ ստանալ և քիչ հարկեր մուծել: «Աղճատված մի վիճակ է, որը կփորձենք հաղթահարել: Եթե մոտակա 1-2 տարում դեռևս ստվերում մնալու ես, մեկ է` վերջը գալու է, և դրանով չէ, որ դու պետք է շահույթ հետապնդես»,- ասաց Արսեն Ղազարյանը: Արդյոք պետությունը մեղք չունի՞ փոքր և միջին ձեռնարկությունների` ստվերում լինելու մեջ, օրինակ` ձեռնարկություններին էժան վարկեր չտրամադրելով: Արսեն Ղազարյանը պատասխանեց, որ հատկապես ճգնաժամից սկսած` պետությունը փորձեց մեխանիզմներ մշակել փոքր ու միջին բիզնեսին աջակցելու համար, օրինակ` նրա խոսքերով, փոքր ու միջին բիզնեսի հարկային հաշվետվությունները պարզեցվեցին, նրանց նկատմամբ տեսչական ստուգումները, բացառությամբ հարկայինի, ըստ էության կասեցվեցին: «Քայլեր արվում են, պետությունը ինքը փնտրտուքի մեջ է: Դեռևս իդեալին չենք: Նաև կարելի է միջին և փոքր բիզնեսի համար ապագայում մտածել առանձնակի հարկման դաշտի գոյության մասին, որը խթանիչ կլինի»,- ասաց Արսեն Ղազարյանը: Սակայն սրա համար պետք է հստակ իմանալ ոլորտի արտադրության իրական ներուժը, որը նաև իրական ներդրում կլինի ՀՆԱ-ի մեջ և ցույց կտա հարկերի իրական հավաքագրումը: Այժմ այդ ներուժը հնարավոր չէ պատկերացնել, քանի որ հայկական ընկերություններն արտասահմանյան բրենդների անվան տակ են արտադրում: Իսկ թե ինչու է Հայաստանի քաղաքացին նախընտրում չինական ու թուրքական արտադրանքը` Արսեն Ղազարյանը պատասխանեց, որ դա մրցունակության խնդիր է, և հայկական արտադրանքը պետք է որակով ու գնով ավելի լավը լինի, որպեսզի «չինականը չկարողանա մեզ խեղդել»:

«Բարդ բան է, բայց կոնկրետ այս ոլորտում հայ իրականության մեջ` իրականանալի: Սննդի ոլորտից ասեմ. ես երբեք չէի մտածի, որ մենք կկարողանանք Չինաստան կամ Սինգապուր հայկական հյութեր և զոհացուցիչ ջրեր արտահանել: Արտահանում ենք, հույս ունենք` գարեջուր էլ ենք արտահանելու»,- ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահը:

«Գնենք հայրենականը» փառատոնի շրջանակներում կազմակերպվելու է նաև կլոր սեղան` թեթև արդյունաբերության ոլորտի մասնագետների մասնակցությամբ: «Այդ կլոր սեղանի ընթացքում մենք խնդրելու ենք, որ այդ ոլորտի մասնագետները ներկայացնեն նաև, թե ինչպիսի հայկական բրենդ և հագուստի ոլորտում հայկական ինքնուրույն մրցունակ արտադրանքներ կարող են ձևավորել, և ինչպիսի ճաշակ կարող ենք մենք ինքներս թելադրել ապագայում` օգտագործելով մեր հին հայկական տարազները, այն պոտենցիալը, որը գոյացել է տարիների ընթացքում, և այն ոճը, որը կրում է հայ մարդը»,- ասաց Գագիկ Մակարյանը: Նա հավելեց, որ փառատոնը չի սահմանափակվում միայն հագուստի արտադրության ոլորտով, և իրենք կոչ ենք արել, որ սնունդ արտադրող, ինչպես նաև տարբեր ծառայություններ մատուցող ընկերություններ ևս փառատոնին ներկայացնեն իրենց արտադրանքը:

«Գնենք հայրենականը» փառատոն-ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են նաև ազգագրական երգ ու պար, մանկական խաղերի մրցույթ, էքսկուրսիա Բուսաբանական այգում, բարեգործական ակցիա և այլն: Արսեն Ղազարյանի խոսքերով` Բուսաբանական այգին որպես փառատոնի անցկացման վայր ընտրելով` իրենք նաև նպատակ ունեն տոնականություն մտցնել այգում, որը մոռացված է: «Բուսաբանական այգին այսօր խիստ ֆինանսական դժվարություններ է կրում ջերմոցային կարևոր տնտեսությունները պահպանելու առումով: Ջերմոցները արդեն բավականին տուժած վիճակում են, հազվագյուտ բուսական տեսակները, որոնք տարիների ընթացքում կուտակվել էին, ոչնչանում կամ նվազում են: Եվ մենք նաև նպատակ ենք դրել, որ մեր միջոցով ձևավորված ֆինանսական աջակցությունը կարող է խթանել այդ առումով Բուսաբանական այգուն»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter