HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էրիկին օդանավակայանում են դիմավորելու

Ասում են «Փրկենք» նախաձեռնության երիտասարդները «Հասարակության մեջ սկսում է մեծանալ այն մարդկանց բանակը, ովքեր մտածում են երեխայի կյանքի, նրա ապրելու իրավունքի մասին: Էրիկի միջոցով մենք նաեւ հասարակությանն ենք փրկում անտարբերությունից: Յուրաքանչյուրն, ով մի փոքրիկ գումար է փոխանցում կամ որեւէ կերպ օգնում է այս նախաձեռնությանը, արդեն անտարբեր չէ. իրեն հետաքրքրում է անծանոթ երեխայի կյանքը, ապագան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես մեկնաբանեցին իրենց նախաձեռնության նպատակը «Փրկենք» երիտասարդական նախաձեռնության անդամները: Այս նախաձեռնությունը շուրջ 5 ամիս է, ինչ դրամահավաք է իրականացնում 4-ամյա Էրիկ Սարգսյանի բուժման համար: Էրիկը հիվանդ է ավշային հանգույցների քաղցկեղով: Այժմ բուժվում է Ռուսաստանում: Բժիշկները հավաստում են, որ մի քանի քիմիաթերապիայից եւ որոշ բուժումներից հետո փոքրիկը կապաքինվի: Սակայն բուժումներն ու քիմիաթերապիան թանկ արժեն: «Փրկենք» երիտասարդ նախաձեռնողներն արդեն կարողացել են Էրիկի հաշվեհամարին փոխանցել մոտ 4 մլն դրամ (մոտ 11.000 ԱՄՆ դոլար)` սոցիալական ցանցերում դրամահավաքներ, համերգներ եւ սրճարանային դրամահավաքներ իրականացնելու արդյունքում: Սակայն Էրիկի լիարժեք բուժմանը մնացել է եւս 4 քիմիաթերապիա, որոնց վճարումներն իրականացնելու համար երիտասարդ նախաձեռնողներն ու արվեստագետները կազմակերպել են երկրորդ համերգ-ներկայացումը: Սեպտեմբերի 12-ին` ժամը 19:00-ին, Երեւանի Մոսկվայի տան դահլիճում կկայանա «Արվեստը հանուն կյանքի» խորագրով համերգ-ներկայացումը, որի ողջ հասույթը կտրամադրվի Էրիկի բուժմանը: Համերգ-ներկայացմանը կհնչեն «Երազները երազներում» հոգեբանական պարային ներկայացման պրեմիերան` «Միհր» թատրոնի բեմականացմամբ եւ «Երեւակայության հետքերով» դաշնամուրային պատկերներ` Կորյուն Փիլոսյանի ու Ալեքսանդր Իրադյանի կատարմամբ: Համերգին հրավիրված են նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ նախկին առաջին տիկին Բելլա Քոչարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Հայաստանի բջջային օպերատորների տնօրենները. «Մենք հրավիրել ենք քաղաքական, մշակութային եւ բիզնեսի ոլորտներում դերակատարում ունեցող անձանց` կոչ անելով նրանց եւս անտարբեր չլինել: Նրանք պետք է հետաքրքրված լինեն յուրաքանչյուր երեխայի կյանքով, քանի որ այդ երեխան է վաղվա Հայաստանի առողջ քաղաքացին: Համերգին ներկա գտնվելով` նրանք նաեւ ցույց կտան, որ խրախուսում են երիտասարդական օգտակար նախաձեռնությունները»,- նշում են «Փրկենք» նախաձեռնության անդամները: 4-ամյա Էրիկի կյանքի համար տարվող պայքարին են միացել նաեւ մի շարք ժամանակակից գրողներ: Համերգի օրը կվաճառվեն նաեւ Կարեն Ղարսլյանի «Գրողի ծոցը», Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը», Մեսրոպ Հարությունյանի «Եռանկյան չորրորդ անկյունը», Կարեն Անտաշյանի «Անտաշատ-78% պոեզիա», Ռուզաննա Պետրոսյանի «Արեւին» գրքերը, ինչպես նաեւ հեղինակային երգերի «B club» հավաքածուն: Գրքերի եւ CD-ի վաճառքից գոյացած գումարը նույնպես կփոխանցվի Էրիկի հաշվեհամարին: «Փրկենք» նախաձեռնության երիտասարդները վստահ են, որ հասարակությունն է փրկում Էրիկին եւ որ Էրիկը կհայտնի իր շնորհակալությունը. «Էրիկն այժմ սպասվածից լավ վիճակում է եւ նույնիսկ բժիշկներն են զարմանում, թե որքան ուժեղ է նա: Փոքրիկն արդեն օրեցօր լավանում է եւ ավելի կենսուրախ դառնում: Եւ երբ նա վերադառնա, բոլորս միասին ենք գնալու օդանավակայան, դիմավորելու նրան»: Էրիկ Սարգսյանի կյանքը փրկելու համար ֆինանսապես օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել «Արցախ» բանկի հետեւյալ հաշվեհամարներին. ՀՀ դրամ փոխանցելու դեպում` 22 300 40 39 994 ԱՄՆ դոլարի դեպքում` 22 300 51 19 993 Լուսինե Կամոյի Բեգլարյանի (Էրիկի մոր) անունով Տեղեկությունների համար զանգահարել 093 129004 կամ 055 020780:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter