HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

600 կտոր նկար ունեմ, բոլորը հայկական են, ուրիշինն ինձ չի հետաքրքրում

Սեպտեմբերի 3-ին Նկարիչների միության երկրորդ հարկի ցուցասրահում հանդիպեցինք այս օրերին Հայաստանում գտնվող, փարիզաբնակ հավաքորդ Մուշեղ Չալոյանի (Մարտիրոսյան) հետ: Նա համաձայնեց պատասխանել «Հետքի հարցերին: Փարիզում բավականին երկար ժամանակ փորձում եք հայկական արվեստը միջազգայնացնել:

Հայ արվեստը արտասահմանում ինչպե՞ս է ներկայացվում, ի՞նչ խնդիրներ կան:

Լավ չի ներկայացվում, քանի որ անհատական բանի մեջ ենք. ամեն մարդ, ով ցանկանում է, ով կարողություն ունի, ով իղձ ունի, անում է: Բայց այս երեք բաները միասին չեն ստեղծվում միշտ:

Ո՞ր հայ նկարիչներն են համաշխարհային շուկայում գնահատվում:

Սկսենք Այվազովսկուց, Սարյանից, Բաշինջաղյանից, Կոջոյան, Գյուրջյան: Կան, շատ կան: Կան, որ համաշխարհային համբավ ունեն, որ ամբողջ աշխարհին ծանոթ են: Գորկին, Գառզուն, Ժանսեմը...

Դժվա՞ր է այսօրվա պայմաններում նոր անուններ մտցնել համաշխարհային շուկա, աճուրդատներ:

Նոր անուն բարձրացնելն ընդհանրապես շատ դժվար խնդիր է: Սա շրջապատի հետ կապված է: Շատ լավ նկար կարող ես ունենալ, բայց եթե շրջապատ չունեցար, այդ նկարն այնպիսի մարդկանց ներկայացնել, որ կարող են մեծ գներով: Միայն այդ ժամանակ նրա անունը կմեծանա:

Իսկ հայ նկարիչների գործերը ի՞նչ գներով են վաճառվում:

Այվազովսկիները մինչեւ 1 մլն դոլարի բարձրացան, Սարյանը` մինչեւ 400-500 հազար դոլար, Գյուրջյանը, եթե քանդակագործությունն էլ վերցնենք` 50-60, 100 հազար:

Իսկ ի՞նչն է նպաստում գների բարձրացմանը:

Որակը: Անգամ եթե Գյուրջյանն է, բոլոր Գյուրջյանները միեւնույն ուժը չունեն: Տեսեք, ես մի հատ Սարյան եմ նվիրել թանգարանին, բարձրությունը 60 սմ է, իսկ եթե մի հատ Գյուրջյան կանգնեցնես կողքը, ինչպե՞ս կարող է միեւնույն արժեքի մեջ լինեն:

Պատկերասրահին բավականին շատ գործեր եք նվիրել: Դրանք մշտական ցուցադրության մեջ կա՞ն:

Այո, մի քանի գործեր նվիրել եմ: Ոչ մի բան այսօր մշտական չի ցուցադրվում, միշտ փոխվում են: Իրենք ունեն մոտավորապես 50000 օրինակ: Իմ տված ամեն մի կտավ կարելի է 5 տարին մեկ անգամ ցուցադրվել: Բայց ընդհանրապես չեն ցուցադրվում:

Հայաստանի թանգարաններում ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

Ես չեմ փորձում խնդիրներ տեսնել ազգային թանգարաններում: Հայաստանը շատ հարուստ է թանգարաններով: Նման շատ երկիր չկա: Մեր մեծությունը եւ մեր թանգարանների քանակը սքանչելի է: Ոչ մի փոքր երկիր այսքան թանգարան չի կարող ունենալ, որ մենք ունենք: Շատ հետաքրքիր է. թանգարանը մեր երիտասարդությանը կրթում է, թանգարանը մեր հնությունները պահպանում է եւ հնությունները պահպանելով` մեր երիտասարդ հոգիներն է պահպանում:

Գործերի պահպանությունը Ձեզ չի՞ մտահոգում: Հիմա Պատկերասրահում ջերմաստիճանի պահպանության լուրջ խնդիր կա:

Մենք չենք կարող նվիրել եւ ստիպել, որ պետք է այս բանը անել: Նվիրողը միայն նվիրում է: Դրանից հետո նրանց է պատկանում պաշտպանությունը եւ ամեն բան: Բայց որպես արժեքավոր գործերի նվիրատու` չե՞ք կարող նրանց պարտադրել: Չեմ կարծում: Շատ մեծ խնդիրների հետ է կապված: Եթե ուզում ես պաշտպանել, ուրեմն փողը տուր, որպեսզի պաշտպանես: Իրատես պետք է լինել:

Ո՞ր աճուրդատան հետ եք հիմնականում աշխատում:

Լոնդոն, Նյու Յորք, Փարիզ: Իսկ ընդհանրապես ես Փարիզում եմ, աշխարհի մեծամասնությունը Փարիզում է: Ֆրանսիան 19-րդ դարում ամբողջ աշխարհի հարստությունը թալանել, բերել է: Ճիշտ խոսքը դժվար է գտնել, բայց այդպես է եղել: Արեւելքում ինչ որ եղել է, տվել է: Չէ, չեն գողացել, բայց բերել են... Հիմա մեր այստեղի գորգերից ես մեկ հատ չունեմ: Ինձ ցավ կպատճառի, որ Հայաստանի հին գորգը տանեմ, աղքատացնեմ Հայաստանը: Կարելի է մտածել, որ ես չտանեի, ուրիշները կտանեին: Բայց իմ խիղճը հանգիստ է, որ ես չեմ տարել: Մեր ողջ հարստությունը գնաց: Հիմա Հայաստանում մեկ հատ 100 տարվա գորգ չես տեսնի: Չկա, միայն թանգարանի մեջ է մնացել: Եթե ես 600 կտոր նկար ունեմ, սրանք բոլորը հայկական են, ուրիշինը ինձ չի հետաքրքրում:

Ժամանակակից հայ հեղինակներ կա՞ն Ձեր հավաքածուում:

Մի քանի, բայց ոչ շատ: Ժամանակակիցներն էլ պետք է մեծանան:

Երիտասարդ նկարիչների անուններ կտա՞ք, ովքեր, ըստ Ձեզ, հեռանկար ունեն:

Ռազմիկ Հակոբյան` Մոսկվայի դպրոցից, Բարենցով` նույնպես հայ է Մոսկվայի դպրոցից, Հովակիմյան` Լենինգրադից, Ամիրխանյան` Թիֆլիսից: Նրանք 1950-60 թվականների նկարիչներ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter