HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի «զոհաբերում» պաշտոնյաներին

Այս հարցը հաճախ են տալիս տարբեր քաղաքական գործիչներ, ամենից շատ` հանրապետականները: Նրանց համար էլ է անհասկանալի, թե ինչու բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք ներգրավված են զանազան գործարքների մեջ եւ չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, յուրացրել բյուջեի փողերը, շարունակում են պաշտոնավարել:

Վերահսկիչ պալատի հրապարակած յուրաքանչյուր զեկույցից հետո, եթե քրեական գործեր չեն հարուցվում, ապա բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում` նախարարներ, գոնե պետք է հեռացվեն իրենց զբաղեցրած պաշտոններից: Հիշենք, թե պետական բյուջեի միջոցներից որքան յուրացում էր կատարվել Մշակույթի նախարարությունում: Դրա մի մասը չի վերականգնվել, կարծում եմ` չի էլ վերականգնվի:

Բայց նախարար Հասմիկ Պողոսյանը շարունակում է պաշտոնավարել: Որեւէ մեկը չի կարողանում բացատրել, թե ինչու նախագահը նրան պաշտոնանկ չի անում: Անցած շաբաթ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ քրեական գործեր են հարուցվել Սեւանա լճի ափերի մաքրման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների առթիվ:

Ոչ պատահական երեք ՍՊԸ-ներ «հայտնի ձեւերով» հաղթել են մրցույթում եւ նախատեսված աշխատանքները չեն կատարել, յուրացրել են բյուջեի միջոցները: Սակայն հանձնման-ընդունման արձանագրություններով աշխատանքներն ընդունվել են բնապահպանության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից: Վերջում, իհարկե, նաեւ նախարարի կողմից: Ստորագրել են, չարաշահումներն օրինականացրել: Կարո՞ղ է որեւէ մեկի մտքով անցնել, որ սրա դիմաց նախարարությունում կաշառք չեն վերցրել: Դժվար թե: Մեկ ամիս առաջ այդ նախարարության բնապահպանական պետական տեսչության պետն ու տեղակալը դատապարտվեցին կաշառք վերցնելու համար:

Նրանք դա անում էին տարիներ շարունակ, այդպիսին է «դրվածքը», տեսչությունը որ ձեռնարկությունում ստուգումներ էր իրականացնում, այնտեղից փող էր վերցնում: Բնականաբար, դրա մասին գիտեին փոխնախարարները, նախարարը, եւ անհնար է, որ նրանք այդ կաշառքներից մասնաբաժին չունենային: Վերջին ամիսներին ապօրինի անտառահատումների բազմաթիվ փաստեր են արձանագրվել, ամեն օր արձանագրվում են նորերը:

Ի՞նչն է ստիպում նախագահին բնապահպանության նախարարին պահել իր պաշտոնում: Ի՞նչ է` նախագահն առանց նրա կձախողվի՞: Բացատրությունը մի անգամ, տարիներ առաջ, տվեց բանակի գեներալներից մեկը, որի հետ խոսում էի այդ ժամանակ չարաշահումներ կատարած գեներալ Յուրի Խաչատուրովի մասին (այն ժամանակ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր): Ես հարցրի` ինչո՞ւ Ս. Սարգսյանը նրան չի հեռացնում:

Զրուցակիցս պատասխանեց` Սերժ Սարգսյանը երբեք իր կադրերին չի զոհաբերում: Բայց այդ դեպքում ի՞նչ մեղք ունի հասարակությունը: «Զոհաբերե՞լ, թե՞ չզոհաբերել». Սեւանի ափին նա միայնակ գուցե հենց դրա շուրջ էր մտորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter