HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ Հմայակ Հովհաննիսյանի` սեպտեմբերի 17-ը վերջնաժամկետ է

«Ժողովուրդը սիրո արժանի է» բանաձևը շատ ուրախացրել է Մկրտիչ Մինասյանին

Եթե արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու ՀԱԿ-ի պահանջն այս աշնանը կյանքի չկոչվի, արդեն դառնում է անիմաստ, քանի որ հերթական ընտրություններին մնում է 1,5 տարի: Ուստի սեպտեմբերի 17-ի ՀԱԿ-ի հանրահավաքը վերջին ժամկետն է` կյանքի կոչելու այդ արտահերթ ընտրությունները: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսին ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

«Դրա համար ես ակնկալում եմ շարունակական պրոցես, որը պետք է ցույց տա պատրաստակամությունը` կյանքի կոչելու այն խոստումը, որը տրվել է դեռ գարնանը: Ես համոզված եմ, որ բողոքավոր ընտրազանգվածը կարձագանքի հրավերին` գալու հանրահավաքի: Եթե աշնանային հանրահավաքը եղավ ոչ թե շարունակական գործընթացի սկիզբ, այլ հերթական մի միանվագ միջոցառում, որից հետո ժողովրդին նորից մատնելու են մի քանի ամսվա պարտադիր պարապուրդի, ապա, բնականաբար, հենց այդ հանրահավաքը ձախողվելու է»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Նրա կարիծքով` թեժ աշուն կլինի, եթե ՀԱԿ-ի առաջնորդները պատրաստակամություն ցուցաբերեն` արտահայտելու այսօր երկրում տիրող համընդհանուր դժգոհությունը: Մինչդեռ ասուլիսի մյուս բանախոսը` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, կարծում է, որ կլինի ոչ թե թեժ, այլ սովորական աշուն, մանավանդ որ այս տարի ամառը չափազանց շոգ էր:

«Չեմ կարծում, որ կարիք կա, որ շատ թեժ աշուն լինի, և չի էլ լինելու, ամենայն հավանականությամբ: Իսկ ինչ վերաբերում է այն պնդումներին, թե «մեզ Ազատության հրապարակում տեղ չտվեցին և այլն», ես կարծում եմ, որ ասելիքն է կարևոր, իսկ հնարավորությունը տրված է: Եթե մարդիկ բան ունեն ասելու, եթե կարևոր գաղափարներ ունեն (ես չգիտեմ` ինչ պիտի ասեն, նոր գաղափարներ ունե՞ն, թե՞ չունեն ասելու), թող ասեն, ժողովուրդն էլ` կողմնորոշվի»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքերով` աշնանը կլինեն քննարկումներ, հանրահավաքներ, սակայն կրիտիկական պահանջ չկա, որը հնարավորություն չկա ավելի մեծ զանգված հավաքել և հասարակության դժգոհությունն ավելի մեծ չափով ներկայացնել: «Իհարկե, միշտ էլ հանրությունում կլինի դժգոհների մի խումբ, որն իր կարծիքը, իր դժգոհությունը կասի: Իշխանություններն էլ նրա համար են, որ այդ ասվածի մեջ ճշմարտությունները ընկալեն, գնահատեն, վերլուծեն և հնարավորության սահմաններում փորձեն, որ հանրության մեջ սոցիալական արդարության խնդիրները լուծվեն ըստ արժանվույն»,- ասաց Մկրտիչ Մինասյանը: Հմայակ Հովհաննիսյանի կարիքով` դեռ 90-ականներից Հայաստանում կիրառվում է կառավարման այն մոդելը, ըստ որի` «որքան ժողովուրդն ընչազուրկ է դառնում, այնքան ավելի քիչ հավանական են ընդվզումները` սոցիալական հողի վրա»: «Մեր իրավիճակում այսօր որքան ավելի պասիվ են լայն զանգվածները, այնքան արմատական և ծայրահեղական են դառնում քաղաքական խմբավորումները: Եվ ավելի հավանական է, որ կարող է գնան արմատական, կտրուկ, անցանկանալի քայլերի: Սա քաղաքագիտական օրինաչափություն է»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը: Մկրտիչ Մինասյանը պատասխանեց, որ այսօր չի տեսնում այդքան շատ դժգոհողների կրիտիկական զանգված և նման փոփոխությունների գնալու պահանջ: Մինչդեռ Քաղաքագետների միության նախագահը համոզված է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը դժգոհ է ներկա իրավիճակից: «Պաշտոնական տվյալներով` 45 հզ. մարդ լքել է երկիրը վերջին ամիսներին: Այս կարգի քաղաքական համակարգերի (գերկենտրոնացված և ավտորիտար) դեպքում միշտ իշխանությունը կարող է, որդեգրելով համապատասխան քաղաքական տեխնոլոգիաներ, չեզոքացնել զանգվածների ակտիվացումը, և նման դեպքերում սովորաբար դժգոհությունը ներս է գցվում, բայց արտահայտվում է այլ ձևերով` արտագաղթով, հուսալքությամբ, բարոյալքվածությամբ: Ո՞նց կարող են դժգոհ չլինել, եթե գների աննախադեպ աճ է արձանագրվել»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը: Մինչդեռ ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ գնաճը դեռ վերլուծության կարիք ունի: «Ցանկացած ինֆորմացիա նախ և առաջ պիտի վերլուծես, որից հետո նոր որոշում ընդունես: Եթե միտումը այնպիսին է, որ անհանգստացնում է մեր երկրում հատկապես ընչազուրկ և չպաշտպանված խավին, իհարկե, պիտի տնտեսական բնույթի կոնկրետ քայլեր ձեռնարկվեն: Եվ ես համոզված եմ, որ կառավարությունը վերլուծություն կանի»,- ասաց Մկրտիչ Մինասյանը: Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով` Հայաստանում տիրում է զարհուրելի և աննախադեպ սոցիալական բևեռացում, որը պետք է հաղթահարել: Սրա համար 2 ճանապարհ կա: Մեկն այն է, որ տեղի ունենան կապիտալի նախնական կուտակման արդյունքների արմտական վերանայում, հեղափոխական ուղով կուլակաթափում և հարստության վերաբաշխում: Հմայակ Հովհաննիսյանը դեմ է այս ճանապարհին, քանի որ սա արյունոտ ճանապարհ է: Փոխարենը նա կողմնակից է երկրորդ ճանապարհին, որը ենթադրում է, որ հարուստները պետք է իրենց հարստության մի մասը տան ժողովրդին` գիտակցելով, որ հակառակ դեպքում կարող են կորցնել ողջ հարստությունը: Այս քաղաքակիրթ ուղով գնում են Բիլ Գեյթսը, Ջորջ Սորոսը: Բիլ Գեյթսն, օրինակ, ողջ հարստությունից ընդամենը մի քանի միլիոն է թողել իր ժառանգներին:

«Սա անում են եզակի մարդիկ, մյուսներն ասում են, որ չպիտի անեն: Եթե չպիտի անեն, ուրեմն բերեք ձեր ամբողջ ունեցվածքը հեղափոխական ճանապարհով վերաբաշխենք, որովհետև չի կարող այս աննորմալ վիճակը շարունակվել: Պատմությունը ցույց է տալիս, որ եթե հարստության այդպիսի կենտրոնացում է տեղի ունենում համատարած թշվառության պայմաններում, անպայմանորեն հեղափոխական ցնցումները դառնում են անխուսափելի»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Մկրտիչ Հովհաննիսյանն էլ պատասխանեց, որ իրենք շատ լուրջ են վերաբերվում աշխարհում տեղի ունեցող տնտեսական, սոցիալական ու ֆինանսական ճգնաժամին, և քայլեր արվել են ու դեռ պիտի արվեն, որ Հայաստանում տնտեսությունը զարգանա, և փոքր ու միջին բիզնեսը չտուժի:

«Սա քաղաքականություն է, որ մեր կուսակցությունը և մեր կուսակցության նախագահը որդեգրել է: Վերջերս ոչ միայն ես, այլև խորհուրդը մեր կուսակցության 20-ամյակի կապակցությամբ առիթ է ունեցել հանդիպելու երկրի նախագահին: Որոշակի հստակեցումներ են արվել, բոլորիս նշվել է, որ մեր գործունեությունը պիտի կազմակերպել առավել արդյունավետ, առավել բանիմաց, և որ ամենակարևորն է` ազգի ու պետության նկատմամբ պատասխանատվության զգացումով: Եվ ես առաջին անգամ շատ ուրախացել եմ, որ «ժողովուրդը սիրո արժանի է» բանաձևն է հռչակվել»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter