HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Վարչապետը չի պատասխանում Օքսֆորդի համալսարանի արշավախմբի նամակին

Արշավախմբի նպատակն է, որ Քարահունջը ներառվի ՅՈւՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում

Օքոսֆորդի համալսարանի «Աստղեր և քարեր» գիտական արշավախումբը 2 ամիս առաջ նամակ է ուղարկել ՀՀ վարչապետին` կառավարությանն առաջարկելով դիմել ՅՈւՆԵՍԿՕ-ին, որ Զորաց քարերը (Քարահունջ) ներառվի ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային-մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում: Սակայն արշավախումբը մինչ այսօր սպասում է վարչապետի պատասխանին:

Այսօր արշավախմբի անդամները մամուլի ասուլիս էին հրավիրել և հույս հայտնեցին, որ ասուլիսից հետո կառավարությունը գուցե արձագանքի իրենց նամակին: «Օքսֆորդի համալսարանի արշավախմբի հիմնական նպատակն է այս հրաշալի մոնումենտը հայտնի դարձնել աշխարհին և նաև աջակցել Հայաստանի կառավարությանը, որ դիմի ՅՈւՆԵՍԿՕ-ին»,- ասաց արշավախմբի ղեկավար, Օքսֆորդի համալսարանի աստղաֆիզիկայի բաժնի ասպիրանտ Միհրան Վարդանյանը: Արշավախումբն ինքն իրավասու չէ ՅՈւՆԵՍԿՕ-ին նման դիմում ներկայացնել, սակայն պատրաստ է գիտական տեղեկատվություն տրամադրել ՀՀ կառավարությանը, երբ ՅՈւՆԵՍԿՕ-ն կառավարության աջակցությամբ սկսի տարբեր հետազոտություններ, որոնց կապացուցեն, որ Քարահունջը բացառիկ արժեք ունի: Այնուհետև հուշարձանը կընդգրկվի ՅՈւՆԵՍԿՕ-ի պոտենցիալ հուշարձանների ցանկում:

Արշավախմբի մեկ այլ անդամ, լինգվիստիկայի մասնագետ Վանենի Դադոյանը նշեց, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային-մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում ընդգրկվելու դեպքում Քարահունջը, բացի նրանից, որ կպահպանվի, նաև հետաքրքրություն կառաջացնի Եվրոպայի այն գիտնականների շրջանում, ովքեր զբաղվում են «հենջերով»: Այժմ այդ գիտնականները չգիտեն Քարահունջի գոյության մասին և իրենց ուսումնասիրությունների մեջ Հայաստանն ընդհանրապես չեն ընդգրկում: «Սա անխոս կնպաստի նաև զբոսաշրջությանը: Անգլիայում տարեկան 4 մլն-ից ավելի մարդ է այցելում Սթոունհենջ, և եթե Հայաստանում դրա 1/10 մասը` 400 հզ. մարդ գա, արդեն ահռելի թիվ է»,- ասաց Վանենի Դադոյանը: «Զորաց քարերի բարեկամներ ակումբի» քարտուղար Վարդան Բալյանը, ով աջակցել է արշավախմբի աշխատանքներին, նշեց, որ Սիսիանի ենթաշրջանը ամենամեծ սահմանն ունի Ադրբեջանի հետ, և այստեղ զարգացման ամենահավանական ռեսուրսը զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունն են: Օքսֆորդի համալսարանն ամեն տարի արշավախմբեր է ուղարկում տարբեր երկրներ: Քարահունջի արշավախմբի անդամ, Օքսֆորդի համալսարանի աշխարհագրության բաժնի աշխարհագրագետ Նիկոլաս Հովարդի ուսումնասիրությունների արդյունքում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային-մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում են ընդգրկվել Պերնալուլուի ազգային արգելոցը և Մելբուրնի թագավորական ցուցադրության պալատը, ինչպես նաև հուշարձան Ավստրալիայում: Անցյալ տարի Նիկոլաս Հովարդի արշավախումբը Հունաստանում ուսումնասիրել է մինչ այդ անհայտ մի լաբիրինթոս, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու նպատակ ի սկզբանե չի եղել: Սակայն «Նեշընըլ ջեոգրաֆիկը» հետաքրքրվել է ուսումնասիրություններով և ֆիլմ պատրաստել Հունաստանի լաբինինթոսի մասին: Միհրան Վարդանյանի խոսքերով` քանի որ արշավախմբի մեծ մասը հայ է, որոշեցին այս տարի Հայաստան գալ և Զորաց քարերն ուսումնասիրել: Օքսֆորդի համալսարանի «Աստղեր և քարեր» գիտական արշավախումբը Քարահունջում առաջին փուլի աշխատանքները սկսել է սեպտեմբերի 6-ին, ավարտելու է սեպտեմբերի 27-ին: Աշխատանքները ֆինանսավորել են Օքսֆորդի համալսարանը և Թագավորական աշխարհագրական միությունը, ինչպես նաև արշավախմբի մասնակիցներն` իրենց գումարներով: Երկրորդ փուլի աշխատանքների ֆինանսավորման համար արշավախումբը սպասում են տարբեր հիմնադրամների պատասխանին: Բայց այդ փուլի հետազոտությունների լինել-չլինելու հարցում որոշիչը իհարկե ՀՀ կառավարության որոշումն է, թույլտվությունն ու աջակցությունը:

Քարահունջը համապատասխանում է 3 կարևոր չափանիշի

Օքսֆորդի համալսարանի «Աստղեր և քարեր» գիտական արշավախմբում ներառված է 5 հոգի, որից 3-ը հայ է: Խմբում աշխատում են աշխարհագրագետ, մաթենատիկոս, հոգեբան-լինգվիստ: Հնավայրի առաջին փուլի ուսումնասիրության ժամանակ արշավախումբը կատարել է մանրամասն նկարահանումներ, որոնց հիման վրա կշարունակվի երկրորդ փուլը: Այդ ժամանակ կկատարվի մանրամասն լազերային ֆոտոնկարում: «Դա կտա այն, որ կունենանք այստեղի մանրամասն պատկերը, այսինքն` նույնիսկ քարերը և ռելիեֆը կարող են պահպանվել: Ապագայում եթե երկրաշարժի կամ որևէ ուրիշ պատճառով այդտեղ փոփոխություն լինի, մենք էլեկտրոնային տարբերակով կունենանք մոնումենտի այդ եռաչափ քարտեզը: Պետք է պարզենք և հասկանանք, թե ինչ են ուզել ստանալ հին մարդիկ` կառուցելով այդ կառույցը»,- ասաց Միհրան Վարդանյանը:

 

Նիկոլաս Հովարդի խոսքերով` Քարահունջը համապատասխանում է 3 չափանիշի, որոնց շնորհիվ արժանի է ընդգրկվելու ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային-մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում: «1-ինն այն է, որ դա եզակի հուշարձան է: 2-րդ` պատմական մեծ արժեք ունեցող կառույց է. հուշարձան է, որը ներկայացնում է այլևս գոյություն չունեցող քաղաքակրթություն: 3-րդ չափանիշն այն է, որ հուշարձանն ունի համամարդկային նշանակություն, քանի որ այն ցույց է տալիս մարդկության պատմության մեջ չափազանց կարևոր քայլ»,- ասաց Նիկոլաս Հովարդը:

Դամբարա՞ն, տաճա՞ր, աստղադիտարա՞ն, թե՞ հիվանդանոց

Եվրոպայում նմանատիպ այլ մեգալիտիկ հուշարձանների, օրինակ անգլիական Սթոունհենջի կամ ֆրանսիական Կարնակի հետ համեմատած` Քարահունջը եզակի է նրանով, որ հուշարձանախմբի քարերի վրա փոքր անցքեր կան: Հավանաբար այդ անցքերն ուղղված են երկնակամարում տարբեր օբյեկտների: «Տարբեր տեսություններ կան, թե հուշարձանը ինչ ֆունկցիա է ունեցել: Ամենատարածված կարծիքն այն է, որ այստեղ եղել է դամբարան: Սա, իհարկե, ճիշտ է, բայց նաև կարող ենք գրեթե վստահորեն ասել, որ սա հուշարձան է, որն ուղղված է` հասկանալու համար մարդու տեղը տիեզերքում, և ունի աստղադիտական նշանակություն ու բացատրում է, թե մարդիկ որտեղ էին գտնվում տարվա տարբեր եղանակներին: Սա շատ կարևոր հատկություն է, քանի որ նշանակում է որսորդական, հավաքչական հասարակությունից անցում նստակյաց հասարակության»,- ասաց Նիկոլաս Հովարդը: Սթոունհենջի նման Զորաց քարերը կառուցված է արևելք-արևմուտք ուղղությամբ և նայում է դեպի արևածագ: Այստեղից կարելի է ենթադրել, որ այն արևային աստղադիտարան է: Իսկ քարերի վրա արված անցքերի բարդությունը թույլ է տալիս եզրակացնել, որ արևից բացի` ուրիշ մոլորակների, աստղերի և երկնային օբյեկտների էլ են նայել: «Եթե մենք կարողանանք սա ապացուցել, ցույց կտանք, որ այս կառույցը եզակի է և առաջինը ողջ աշխարհում` որպես աստղադիտարան: Շատ հետազոտություններ պիտի արվեն սա հաստատելու համար: Բայց սա շատ հավանական է, և սա է, որ հուշարձանը դարձնում է այդքան բացառիկ և արժանի` ընդգրկվելու ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային-մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում»,- ասաց Նիկոլաս Հովարդը:

Վարդան Բալյանի խոսքերով` տարածված տեսակետ է այն, թե Քարահունջը տաճար է: Ներկայումս շրջանառվում է նաև այն տեսությունը, որ Քարահունջը նեոլիտիկ հիվանդանոց է: Այս տեսության համար որոշակի հիմքեր տվեցին անգլիական Սթոունհենջում կատարված վերջին պեղումները, որոնց ընթացքում հնավայրում այդ ժամանակաշրջանի համար անոմալ մեծ քանակությամբ թաղումներ են հայտնաբերվել: Հայտնաբերվել է 240.000 թաղված մարդու մնացորդ, ըստ որում` բոլորը հիմնականում ունեն ոսկրային կոտրվածքներ և բուժման հետքեր: Մահացածների ատամների ուսումնասիրության արդյունքում անգլիացի գիտնականները պարզել են, որ նրանց մեծ մասը եկվորներ են, Անգլիայից չեն: Սթոունհենջում հայտնաբերվել է նաև մարդու գանգ, որի վրա անցք է արված: Գիտնականները պարզել են, որ այդ անցքն արվել է նրա կենդանության օրոք: Սա ևս հիմք է տալիս ենթադրելու, որ Սթոունհենջում նեոլիտիկ հիվանդանոց է եղել: «Աստղագիտությունը հնագույն շրջանում փոխկապակցված է եղել (ըստ որում` շատ ամուր կապերով) բժշկության հետ: Հիպոկրատը այսպիսի խոսքեր ունի. «Եթե բժիշկը աստղագետ չէ, նա ուղղակի հիմար է»: Սա ասվել է շատ վաղուց, երբ գիտությունը բաժանված չէր գիտակարգերի, և կրոնի հետ շատ փոխկապակցված էր: Այնպես որ, սա միանգամայն հնարավոր տեսակետ է, և բնականաբար, սա ևս պետք է ուսումնասիրվի, և փորձենք հիմքեր գտնել` հաստատելու կամ հերքելու»,- ասաց Վարդան Բալյանը:

Քարահունջի տարիքը հայտնի չէ

«Զորաց քարերի բարեկամների ակումբի» քարտուղարը չի ընդունում այն տեսակետը, որ եթե Քարահունջը 6.500 կամ 7.500 տարեկան չէ, ուրեմն նրա նշանակությունը գիտական և քաղաքակրթական առումով նվազում է: «Նույն Սթոունհենջը վերջին թվագրումը ստացավ ընդամենը 2.400-2.3000 թթ.-ով: Սա ամենևին չի նշանակում, որ եթե Զորաց քարեր հուշարձանը ավելի ուշ ժամանակաշրջանով թվագրենք, նրա նշանակությունը պետք է նվազի»,- ասաց Վարդան Բալյանը:

Միհրան Վարդանյանն էլ նշեց, որ արշավախումբը դեռևս չի կարող հաստատ ասել Զորաց քարերի տարիքը, բայց համարում է, որ ակադեմիկոս Պարիս Հերունու տեսակետները ճիշտ են: Արշավախումբի նպատակն է նորագույն մեթոդներով կրկնել ակադեմիկոսի աշխատանքները: Վարդան Բալյանի խոսքերով` անցյալ տարի ֆրանսիացի հետազոտողները չափել են Քարահունջի էնելտրամագնիսական դաշտը (բիոդաշտ): Ըստ նախնական տվյալներրի` հուշարձանախմբի տարածքում բիոդաշտը շատ ուժեղ է, ըստ որում` այն ավելի է ուժեղանում քարերի շարվածքով, քան այդ շրջանից դուրս: Գիտնականները վկայում են, որ նմանատիպ հուշարձանները հիմնականում տեղակայված են երկրի, այսպես կոչված, ուժային վայրերում: Տեղացիները գիտեն բազմաթիվ առասպելներ այն մասին, որ Զորաց քարերի տարածքում հնարավոր է ազատվել ախտածին էներգիայից և բուժվել տարբեր հիվանդություններից: Տարբեր տեսակետներ կան, թե ինչու է հուշարձանը կոչվում Զորաց քարեր: Արշավախումբը այդ տեսակետներից որևէ մեկը չի հերքում կամ հաստատում: «Ինձ դուր է գալիս այն լեգենդը, որ այդ քարերը զարդարել են որպես մարդ, որպեսզի վախեցնեն թշնամու զորքը»,- ասաց Միհրան Վարդանյանը: Վարդան Բալյանն ասաց, որ ըստ Եվրոպայի հարյուրավոր «հենջերն» ուսումնասիրող գիտնականների` Զորաց քարերը ամենից լավն է պահպանվել: Օրինակ` Սթոունհենջն այսօր ներառված է ոչնչացման եզրին գտնվող բացառիկ հուշարձանների շարքում, քանի որ այնտեղ շինարարություն է կատարվում` 2012թ. անցկացվելիք օլիմպիադայով պայմանավորված: Իսկ Քարահունջը մեր օրերին է հասել ոչ թե հատուկ պահպանական ռեժիմի (որը ստեղծվել է միայն 2009 թ.), այլ տեղացիների համապատասխան վերաբերմունքի շնորհիվ: «Բոլոր այն վնասվածքները, որոնք դարերի ընթացքում հասցված են Զորաց քարերին, հիմնականում մարդածին ազդեցության հետևանք են. հուշարձանը հիմնականում ավիրվել է քրիստոնեության տարածման շրջանում, երբ որպես հեթանոսական տաճար` որոշակի ազդեցության է ենթարկվել»,- ասաց Վարդան Բալյանը:

Վերջերս ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան, թե Քարահունջի տարածքում կենդանիներ են արածում և վնաս հասցնում հնավայրին: Ըստ Վարդան Բալյանի` իրականում հուշարձանին վնասում են մարդիկ: Միհրան Վարդանյանն էլ նշեց, որ Քարահունջում իրենց աշխատանքների ժամանակ խոչընդոտներ են առաջացել: Ոստիկաններն արգելել են գիտականներին նկարահանել հուշարձանը: Արշավախմբի ղեկավարը զանգահարել է Մշակույթի նախարարություն, ինչից հետո խնդիրը հարթվել է:

«Եթե իրենք թյուր ինֆորմացիա ունեին, որ կարող է այդտեղ ինչ-որ ուրիշ հետազոտություններ կատարեն, և այդքան արագ արձագանքեցին, ինչ-որ չափով նաև գովելի է»,- ասաց Միհրան Վարդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter