HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ վարչության պետի` գնաճը պետք է կարգավորել հակամենաշնորհային քաղաքականությամբ

Հայաստանում կա մոնոպոլիզացիայի խնդիր, որի մասին բոլորը գիտեն և բարձրաձայնում են կառավարության, նախագահի մակարդակով: Կառավարությունն էլ պայքարում է տնտեսության մոնոպոլիզացիայի դեմ: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Հայրապետյանը:

«Ուղղակի կարգավորումը պետք է լինի տնտեսությանը շատ չվնասող: Դրա համար ժամանակ է պետք, և ինձ թվում է` աստիճանաբար պետք է լինի: Կառավարությունն այս պահին Համաշխարհային բանկի հետ ծրագիր է իրականացնում, որով նախատեսվում են օրենսդրական հիմքերը ամրացնել և հզորացնել աշխատակիցների կարողությունները, որպեսզի կարողանանք էլ ավելի արդյունավետ պայքար գտնել այդ խնդրի կարգավորման համար»,- ասաց Արմեն Հայրապետյանը: Նա նշեց, որ հետազոտություն չի արել, թե Հայաստանի տնտեսության որ ճյուղերն են ավելի մոնոպոլիզացված: «Ներմուծվող ճյուղերում է այդ խնդիրը նկատվում»,- ասաց վարչության պետը: Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը` անկախ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Սամվել Ավագյանը, նշեց, որ կառավարությունը չունի մենաշնորհները վերացնելու քաղաքականություն, նպատակ և օրենսդրություն: Հայաստանն ունի օրենսդրություն, որը ընդամենը թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք չարաշահում են իրենց գերիշխող դիրքը: Ինքնին գերիշխող դիրքի հաստատումը կամ շուկայի լրիվ մենաշնորհացումը Հայաստանում անօրինականություն չի համարվում ու չի արգելվում` ի տարբերություն, օրինակ, ԱՄՆ-ի: «Այս քաղաքականությունը, որ կա Հայաստանում, միջազգային չափանիշներով համարվում է նորմալ: Եվրոպայում նույն կերպ մենաշնորհների գոյությունը չի արգելվում ու չի համարվում անօրինական: Սա քաղաքականության, ռազմավարության ընտրության հարց է: Այլ խնդիր է, թե որքանով է մենաշնորհների առաջացումը տեղի ունենում օրինականության սահմաններում»,- ասաց անկախ փորձագետը: Նրա խոսքերով, Հայաստանի պարենային ապրանքների շուկայում կան մի շարք «մոնստր ընտրություններ», որոնք կարողանում են գին թելադրել, գերշահույթներ ստանալ, և նման ընկերությունների առաջացումն արտառոց է: «Օրինակ, ասենք, ինչո՞ւ պետք է Հայաստանում շաքարի ներմուծման 90 %-ը կենտրոնանա մի ընկերությունում, երբ, ասենք, շաքարի գործարանը գտնվում է հարևան հանրապետությունում: Ինչ է, ոչ մեկ չէ՞ր կարողանում գնալ, էնտեղից շաքարը գնել, բերել»,- ասաց Սամվել Ավագյանը: Արմեն Հայրապետյանի խոսքերով` իրենք ակնկալում էին, որ գնաճը նպատակադրված մակարդակի միջակայքում կլինի, սակայն արձանագրվեց մոտ 9 % գնաճ: Նրա խոսքերով` տարեվերջին ևս, ամենայն հավանականությամբ, գնաճը բարձր կլինի Կենտրոնական բանկի նպատակադրման վերին սահմանից: Գյուղատնտեսական ապրանքները թանկացել են: Շուտով վերամշակողները մթերումներ պետք է իրականացնեն, որ ապրանք արտադրեն: Նրանք չեն կարողանա նախորդ տարվա գներով իրենց ապրանքն առաջարկել գնորդին և կբարձրացնեն գինը: «Գնաճը հիմնականում պամանավորվեց զամբյուղում գտնվող գյուղմթերքների աճով և համաշխարհային տնտեսությունից հացամթերքների և դրանց հետ կապված ապրանքների գների որոշակի բարձրացումներով: Եվ միայն այս 2 գործոնի ազդեցությունը գնաճի վրա ունենում է մոտ 5,8 տոկոսային կետ: Այսինքն` եթե բացառենք դա, մենք նորից գտնվելու ենք գնաճի նպատակադրված միջակայքում»,- ասաց մակրոտնտեսական քաղաքականության մշակման վարչության պետը: Նա մանրամասնեց, որ գնաճը 2 կողմից է գալիս: 1-ին` ձեր գրպանում բավականին գումար է կուտակվել, և դուք պատրաստ եք վճարել ավելի, ինչը հանգեցնում է գնաճի: 2-րդ` արտադրողները չեն կարողանում գործող գներով ձեզ ապրանք առաջարկել ու ստիպված բարձրացնում են գները: Սա համարվում է առաջարկից եկող գնաճ, որն առկա է Հայաստանում: Գյուղացին արտադրել է ավելի քիչ քանակությամբ բերք: Բայց քանի որ գյուղացին ունի ստանդարտ ծախսեր, այդ ծախսերը փոխհատուցել է` ապրանքի գինը բարձրացնելով: Այսինքն` մենք չունենք նախորդ տարվա չափ պոմիդոր, ծիրան և այլն, բայց գյուղացին փորձել է իր նախորդ տարվա թողարկման արժեքային ծավալը պահել` գների բարձրացման հաշվին: «Այս գնաճի դեմ պայքարը շատ անարդյունավետ, ինչ-որ տեղ խորհուրդ չտրվող պայքար է, որովհետև ինքը պետք է որոշակի շահութաբերություն ապահովի, որպիսզի իր գործունեությունը հարատևի, տնտեսական աճ լինի և այլն: Հետևաբար, մեր ԿԲ-ի ամբողջ գործիքակազմը ուղղված է նրան, որ ձեր սպառման վարքագիծը դուք փոխեք, խնայեք այդ գումարները, այսինքն` բանկերում տոկոսները բարձրանան, դուք տանեք, ձեր գումարները դնեք բանկերում և ավելի գումար չունենաք, որ մտնեք շուկա ու առաջարկողից ավելի շատ պատրաստ լինեք վճարելու»,- ասաց Արմեն Հայրապետյանը: Նրա խոսքերով` Հայաստանի շուկան ունի հետևյալ գնաճային սպասումները. երբ համաշխարհային գների որոշակի բարձրացում է նկատվում, Հայաստանում շատ արագ արձագանքում են գների բարձրացմամբ, բայց երբ համաշխարհային գներն իջնում են, Հայաստանում գները շատ դանդաղ են իջնում: «Այսինքն` գները կոշտություն ունեն նվազման ուղղությամբ, բայց իրենք շատ արագ, ճկուն արձագանքում են թանկացման ուղղությամբ: Սա մեր տնտեսության յուրահատկությունն է, գնային վարքագիծը` մասնավոր հատվածի կողմից»,- ասաց Արմեն Հայրապետյանը: Օրինակ` ալյուրի գնի բարձրացման պարագայում ներկրողները դեռ ունեին պաշարներ և կարող էին շարունակել այդ պաշարաները վաճառել նույն գնով և որոշ ժամանակ հետո բարձրացնել գինը, բայց իրենք մի անգամից թանկացրին ալյուրը: Ըստ Արմեն Հայրապետյանի` պետք է հասկանալ, թե ինչ ռիսկեր ունեն ներկրողները, որ այսքան արագ են բարձրացնում գները: «Կարգավորումը հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը պետք է լինի, և հնարավորինս երկիրս պետք է լինի մրցունակ շուկաների վրա հիմնված: Գյուղատնտեսությունը Հայաստանում ամենամրցունակ ճյուղն է, և դա հստակ արտահայտվեց այս վերջին զարգացումներով: Երբ մենք ունեցանք 23 % անկում, գյուղատնտեսության գները մինչև 25 % բարձրացում արձանագրեցին»,- ասաց Արմեն Հայրապետյանը: Սամվել Ավագյանը զրուցել է այլուրի որոշ ներկրողների հետ և կարծում է, որ ալյուրի` մի անգամից թանկացումը ունի օբյեկտիվ պատճառներ: Երբ Ռուսաստանն արգելեց հացահատիկի արտահանումը, Հայաստանում մեծ իրարանցում սկսվեց. հատկապես գյուղական շրջաններում, մարզերում ալյուրը գնում էին ոչ թե կգ-ներով, այլ տոննաներով ու պահեստավորում էին: Ալրաղացների տերերն օգտվեցին այս անհարկի պահանջարկից և չպահպանեցին նախկին գինը: Երկրորդ պատճառն այն է, որ այս անհարկի իրարանումից հետո այլ երկրներից ներկրումները կատարվեցին ավելի բարձր տրասնպորտային ծախսերի պայմաններում: Եթե Հայաստանը ցորեն չի ներկրում Ռուսաստանից, ապա ստիպված պետք է ներկրի Իրանից, Ղազախստանից կամ Բուլղարիայից: Եթե այդ երկրներից էլ հնարավոր չէ ներկրել, ապա պետք է ներկրի Եվրոպայից կամ Կանադայից: Վերջին տարբերակին ցորեն ներկրողները չեն գնում, որովհետև Կանադայում և Եվրոպայում վաճառվում է բարձրորակ` 1-ին կամ 2-րդ կարգի ցորեն է, որը թանկ է: «Նրանք առնում են 3-րդ, 4-րդ կարգի ցորեններ, որոնք վաճառում է Ռուսաստանը, Իրանը, նույնիսկ Թուրքիան: Մի քիչ համեմատաբար էժան է, բայց տրասնպորտային ծախսը ավելի բարձր է ստացվում, քան եթե բերեին Ռուսաստանից: Այս պահին ալյուրի ձևավորված գները կարելի է համարել նորմալ` այն գնային միջավայրի պայմաններում, որ կա այս տարածաշրջանի այլ երկրներում»,- ասաց Սամվել Ավագյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter