HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ փորձագետի` դրամի արժևորումը 2 հիմնական պատճառ ունի

Ավելի հավանական է, որ դրամի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց իջնի 360-ից ցածր, քան գերազանցի 370-ը: Այսօր այսպիսի կանխատեսում արեց անկախ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Սամվել Ավագյանը:

Նա նշեց, որ դրամի փոխարժեքը ավելի շատ ձգտում է դեպի արժևորում, քան արժեզրկում` չնայած, ըստ ֆինանսական շուկայի մասնակիցների բոլոր կանխատեսումների, որոնք կատարվել են 1-2 ամիս առաջ` սեպտեմբերին փոխարժեքը պետք է լիներ 370 դրամից բարձր: Դրամի արժևորումը, ըստ Սամվել Ավագյանի, 2 հիմնական պատճառ ունի: Առաջին` հանրապետությունում կա դոլարի ավելցուկ, որը կուտակվել է բանկային համակարգում: Փորձագետի գնահատականներով` բանկային համակարգում մոտ 400 մլն դոլարի լիկվիդայնություն կա: Դոլարի այդ զանգվածը ճնշում է փոխարժեքին` թույլ չի տալիս, որ դոլարը ավելի արժևորվի դրամի հանդեպ: Այս ավելցուկն առաջացավ, երբ Կենտրոնական բանկը մի քանի հարյուր միլիոն դոլարի ինտերվենցիա կատարեց բանկային համակարգ` ցանկանալով փոխարժեքը պահել 303-305 դրամի վրա: Դոլարի այդ զանգվածը մինչև հիմա պահպանվում է: Երկրորդ պատճառը, ըստ Սամվել Ավագյանի, այն է, որ անցյալ տարվա մարտից հետո Հայաստանը հսկայական քանակությամբ արժույթային վարկեր է ստացել այլ պետություններից ու կազմակերպություններից: Այդ վարկային ռեսուրսները ևս այս կամ այն խողովակով մտնում են ֆինանսական շուկա ու նպաստում դրամի արժևորմանը: «Այս 2 հիմնական գործոնով պայմանավորված` մեզ մոտ կա դրամի դիրքերի որոշ ամրապնդում, որին, իմ կարծիքով, չի խոչընդոտում Կենտրոնական բանկը: Այս պահի դրությամբ մոնետար գործոններով ինքը էապես չի ազդում փոխարժեքի վրա»,- ասաց Սամվել Ավագյանը: Ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Հայրապետյանը, համաձայնեց Սամվել Ավագյանի հետ: «Ուղղակի դոլարային ծավալները տնտեսության մեջ ավելացել են, և հետևաբար մենք ունենք նման փոխարժեք: Դա հիմնականում գալիս է նախորդ տարիներին պարտքերի հաշվին վերցված գումարներից, որոնք տնտեսությունը դեռ չի կլանել: Երբ ժամանակի ընթացքում կլանի, արդեն աստիճանաբար կարժեզրկվի»,- ասաց Արմեն Հայրապետյանը: Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի տնտեսությունը ինչքա՞ն ժամանակում կկլանի վարկերը` Սամվել Ավագյանն ասաց, որ ճշգրիտ գնահատական հնարավոր չէ տալ: «Ես, օրինակ, անցյալ տարի ենթադրում էի, որ մի քանի ամսվա ընթացքում տնտեսությունը կմարսի (այդ 400 մլն դոլարը Կենտրոնական բանկը նետեց շուկա), բայց հետո փորձը ցույց տվեց, որ ինքը այդքան կարճ ժամանակահատվածում չի կարողանում մարսել»,- ասաց անկախ փորձագետը: Վարկերն անընդհատ ստացվում են: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանը մոտ 2 մլրդ դոլարի վարկ է վերցրել և առաջիկայում ևս մոտ 500 մլն դոլարի վարկ ստանալու խոստում է ստացել: Այս վարկային ռեսուրսները դեռ լիովին չեն էլ ծախսվել: Իր հերթին Արմեն Հայրապետյանը նշեց. «Դոլարը որպես ապրանք դիտենք: Այդ ապրանքները և ներհոսում են երկիր, և արտահոսում են: Տրանսֆերտների, օտարերկրյա ներդրումների, արտահանումների տեսքով այդ արտարժույթը ներհոսում է երկիր: Եվ մյուս կողմից մենք ներմուծման տեսքով դա արտահանում ենք երկրից, և այդ ժամանակի մեջ պետք է պահանջարկն ու առաջարկը գան որոշակի կշռի, և կունենանք որոշակի փոխարժեքի մակարդակ»: Վարչության պետն ասաց, որ շատ դժվար է կանխատեսել, թե տնտեսությունը ինչ ժամկետում կմարսի դոլարային ծավալները: Արմեն Հայրապետյանը նաև չցանկացավ կանխատեսել, թե առաջիկա ամիսներին ինչպիսին կլինի դրամ-դոլար փոխարժեքը` նշելով, որ նման կանխատեսում անելը շատ դժվար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter