HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքը խորհրդանիշներ կունենա, իսկ վրացիների համար` անջատողական նկրտումներ

Մոտ մեկ շաբաթ առաջ հրապարակվեցին Ջավախքի խորհրդանիշները` դրոշը, զինանշանը, օրհներգը, որոնք ստեղծել է «Ջավախքի տեղեկատվական ցանցը»: Բուռն քննարկումներ են ընթանում խնդրով հետաքրքրվող հայ եւ վրացի ինտերնետ հանրության շրջանակներում: Ջավախքի խորհրդանիշներ ստեղծելու քննարկումները մի շարք սոցիալական ցանցերում սկսվել էին դեռեւս 2006 թ. hոկտեմբերից: Քննարկմանը հենց սկզբից մասնակցում էին Ջավախքում, Երեւանում, արտասահմանում բնակվող ջավախքցիներ, եւ ոչ միայն: Ջավախքի խորհրդանիշների «մուտքն» ազդարարող հայտարարության մեջ նշվում է, որ վերջին տարիներին Ջավախքի հանդեպ ուշադրության աճին զուգընթաց ավելացել է Ջավախքը խորհրդանշող վայրերի եւ կառույցների, Ջավախքի սիմվոլիկայի անհրաժեշտությունը: Եթե մինչեւ վերջերս Ջավախքի մասին որեւէ գիրք կամ հոդված կարող էր ուղեկցվել Ջավախքի բնությունը կամ եկեղեցիները պատկերող լուսանկարներով, ապա այժմ արդեն Ջավախքը սկսել է հաճախ արտացոլվել հասարակական-քաղաքական կազմակերպությունների, կայքերի լոգոներում, սպորտային կամ մշակութային խմբերի դրոշներում, համազգեստների վրա եւ այլն: Հենց այս խնդիրները լուծելու համար, ինչպես նշում են մասնակիցները, անհրաժեշտ են եղել Ջավախքը խորհրդանշող` հասարակության համար ճանաչելի սիմվոլներ: «Սրանից հինգ տարի առաջ Ջավախքին առանձնապես դրոշ պետք չէր, քանի որ Ջավախքի հայեցի կեցությունը արդեն իսկ դրոշ էր. հայ երեխաները գնում էին հայկական դպրոցներ հայաբնակ գյուղերում ու քաղաքներում: Այս վիճակը տասնամյակներ շարունակ Ջավախքի շուրջ հայկական եւ վրացական շահերի բալանսի արդյունք էր, ու հրատապ փոփոխությունների կարիք չէր զգում»,- «Հետքի» հետ հարցազրույցում նշում է խորհրդանիշների հետ կապված գործընթացները համակարգող, «Ջավախքի տեղեկատվական ցանցի» ներկայացուցիչ Վահագն Տեր-Միքայելյանը: Նա ասում է, որ վերջին տարիներին իրավիճակը փոխվել է, եւ Ջավախքի դրոշի, զինանշանի ստեղծման հրամայականը բխել է Ջավախքի շուրջ ծավալվող իրադարձություններից, մասնավորապես` այս տարի մոտ երկու անգամ կրճատվել է հայերենի դասավանդումը Ջավախքում: «Վրաստանը հստակ բռնել է հայության ասիմիլացիայի ու դուրս մղման ուղին: Միաժամանակ Անդրկովկասում անշեղորեն աճում է Թուրքիայի կշիռը, որը Ջավախք-Բորչալուի վրայով ցամաքային «միջանցք» է կառուցում դեպի Ադրբեջան: Հայաստանը կանգնում է թուրքական լրիվ օղակով բոլոր կողմերից շրջապատվելու վտանգի առաջ: Առավել եւս` այս հարցը սրվում է թուրք-մեսխեթցիների վերադարձի հեռանկարով: Այսինքն` թույլ Ջավախքը թուլացնում ու վտանգավոր է դարձնում ՀՀ դիրքը»,- շարունակում է Վ. Տեր-Միքայլեյանը: Այս իրավիճակում նա կարեւոր է համարում Ջավախքի հայապահպանության բոլոր հնարավոր լծակների օգտագործումը` Ջավախքի մասին հայերեն գրքերի ու կայքերի ստեղծումը, Ջավախքի երաժշտության ձայնագրությունները, Ջավախքի` լայնորեն ճանաչելի սիմվոլիկան: Ջավախքի դրոշի նախատիպ է ծառայել հայկական խաչքարի ուրվագիծը` ուղղանկյուն մակերեսին մեծ խաչի պատկերը: Քարը ընտրված է որպես Ջավախքի էության խորհրդանիշ այն պատճառով, որ Ջավախքը խաչքարի առաջացման ու զարգացման օրաններից է: Կարմիր-ծիրանագույն ֆոնի վրա կապույտ խաչը եզրագծված է սպիտակով: «Խաչի օգտագործումը դրոշի պատկերում շահեկան է նաեւ մեր երկրամասը օտարներին ներկայացնելու տեսանկյունից, քանի որ միանգամից շեշտվում է քրիստոնյա ազգ լինելու հանգամանքը. դրոշը տեսնողը արդեն իսկ նախնական տպավորություն է ստանում Ջավախքի մասին»,- նշում է Վ. Տեր-Միքայլեյանը: Զինանշանը խորհրդանշում է Ջավախքի տարածքում երբեւէ իշխած ամենահայտնի տոհմի` Հայաստանում եւ Վրաստանում պատմական մեծ դերակատարում ունեցած Բագրատունիների հարստությունը: Դրա համար էլ հիմք է ծառայել Բագրատունիների զինանշաններից մեկը` դիմահայաց նայող արծվի պատկերը: Արծվի կրծքին վահանն է, որը ներկայացնում է Ջավախքի բնաշխարհը` Փարվանա լիճը` Աբուլ լեռան ֆոնին: Աբուլը պատկերված է Ախալքալաքի կողմից, այն ձյունածածկ է, ինչը խորհրդանշում է Ջավախքի սառնաշունչ բնությունը: Վահանի կենտրոնում պատկերված է եկեղեցի` Սուրբ Նշանի ուրվագծով: Եկեղեցու երկու կողմերում երկու խաչեր են, որոնք խորհրդանշում են Վերին Ջավախքը (Ախալքալաք-Փարվանա-Ծալկա) եւ Ներքին Ջավախքը (Ախալցխա-Ասպինձա): Վահանի երկու կողմերում գրքեր եւ ցորենի հասկեր են, որոնք խորհրդանշում են կրթությունը, մշակույթը, արվեստը եւ աշխատանքը` շեշտելով Ջավախքի մեծ ներդրումը մշակույթի, գրականության ու արվեստի մեջ: Դրանցից վեր երկու կողմերում հավերժության նշաններն են: Արծիվը ճանկերով պատռում է շղթան, որը խորհրդանշում է թե՛ ընդհանրապես պայքարը բռնության դեմ, թե՛ Ջավախքի աշխարհաքաղաքական դիրքը (պատռում է թուրանական շղթան): Ջավախքի հիմնի համար ընտրվել է աշուղ Ալիք-Ջավախքի (Ալիկ Քսպոյանի) «Գովք Ջավախքի» երգը: Ֆորումի մասնակիցները «Գովք Ջավախքի» եւ «Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն» երգերի միջեւ առավել հարմար են գտել առաջինը, քանզի այն Ախալքալաքում տարբեր հանդիսավոր առիթներով արդեն իսկ կատարվում է` եթե ոչ որպես Ջավախքի հիմն, ապա որպես Ջավախքը խորհրդանշող երգ: Եվ երկրորդ` երգի թե՛ խոսքերը, թե՛ երաժշտությունը քայլերգի նման են հնչում: Որո՞նք են անջատողականության հիմքերը Ինտերնետ-քննարկումներում վրացի (եւ ոչ միայն) բլոգերների քննադատությունը հիմնականում ուղղված է խորհրդանիշների չափազանց հայկական լինելուն: Սա բլոգերներից մեկին հիմք է տալիս պնդել, որ խորհրդանիշների սիմվոլիկան բացահայտ անջատողական է: Բլոգեր banderrass-ի համար այս քայլը տխուր սկիզբ է եւ մեկ ետընթաց քայլ հայ-վրացական հարաբերությունների մտերմության ճանապարհին: «Իմերեթիում ապրող մեգրելներն արդեն ունեն իրենց զինանշանը եւ դրոշը, բայց միայն թե այնտեղ հարեւան երկրի դրոշի գույները չկան, նրանց դրոշները մնացել են նախկին իշխանությունից, բայց ահա ջավախքյան իշխանություն կարծես թե չի եղել: Այդ պատճառով սա իսկական անջատողականություն է` Կրեմլի կողմից խրախուսված, որը, չգիտես ինչու, դուր է գալիս հայերին: Չնայած` Տիգրան Մեծն ապրում է յուրաքանչյուր հայի մեջ, եւ դա զարմանալի չէ»,- գրում է banderrass-ը: Մեկ այլ մեկնաբանությունում նա հաստատում է, որ դրոշի վրա պետք է լինեն նաեւ պետության դրոշի ու զինանշանի տարրեր, այլ պարագայում սա անջատողականության դրսեւորում է: Իսկ ibergeo բլոգերի կարծիքով` ավելի կոռեկտ եւ արդարացի կլիներ, եթե դրոշն անվանեին ոչ թե Ջավախքի, այլ Ջավախքի հայ համայնքի դրոշ: Վրացի բլոգերների հարցին, թե ինչքանով է Վրաստանը ներկայացված այս խորհրդանիշներում, պատասխանել է բլոգեր Javakhk-ը: «Շեշտադրումը կատարվել է Հայաստանը եւ Վրաստանը միավորող սիմվոլների եւ պատկերների վրա, օրինակ` կարմիրի, կապույտի, սպիտակի եւ ծիրանագույնի համադրություն: Բագրատունի/Բագրատիոնի տոհմի արծիվը, եկեղեցու ուրվագիծը հատուկ են Հայաստանին եւ Վրաստանին, մեծ խաչը դրոշի վրա ոչինչ չի հիշեցնո՞ւմ,- հարցնում է նա եւ շարունակում,- բնության պատկերները` Աբուլ սարը, Փարվանա լիճը եւ այլն»: Հաջորդ քննարկվող հարցը վերաբերում է խորհրդանիշների վրա վրացերենով «Ջավախք» բառի բացակայությանը: «Սա ոչ թե Սամցխե-Ջավախք գավառի զինանշանն է, այլ ազգային սիմվոլ է, բայց եթե որեւէ մեկը ուզենա վրացերենով գրել «Ջավախեթի», կարող է դա անել»,- պատասխանել է Javakhk-ը: Հարցին, թե որն է այս խորհրդանիշների պաշտոնական կարգավիճակը, եւ արդյոք հետապնդումներ չե՞ն սպասվում նրանց, ովքեր կունենան այս խորհրդանիշները Ջավախքում, Վ. Տեր-Միքայելյանը պատասխանում է. «Եթե այս սիմվոլիկան առաջադրվեր որպես «Ջավախքի Հանրապետության պետական խորհրդանիշ», ապա այդպիսի վտանգ, իհարկե, կլիներ: Սակայն նման մոտեցումը ոչ միայն ավելորդ սրություն կհաղորդեր գործին, այլեւ շատ անլուրջ կլիներ, քանի որ այդպիսի հայտարարություններ սպասելի են միայն իշխանության լեգիտիմ կառույցներից»: Նա մեկնաբանում է, որ այս խորհրդանիշները առաջադրվում են հասարակական կամակերպությունների կողմից` որպես ժողովրդական նախաձեռնություն. «Այսինքն, եթե Փոկայում մեկին իրավապահները հարցնեն` սա ի՞նչ գերբ է, ի՞նչ Ջավախքի դրոշ, նա կարող է պատասխանել` «սա «Ջավախք հայրենակցականի», «Վիրք» կազմակերպության գերբն է»: Մի՞թե կազմակերպությունը չի կարող գերբ կամ լոգոտիպ ունենալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter