HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հովիկ Աբրահամյանի վրիպումը ճակատագրական է դառնում

Խնդիրն այն չէ, որ ԱԺ նախագահը բազմաթիվ բիզնեսներ ունի, եւ հիմա նրա բիզնեսը ուզում են բերել հարկային դաշտ: Խնդիրն այլ է. ինչպե՞ս եւ ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը հայտնվել խորհրդարանում` ԱԺ նախագահի պաշտոնում: Հիշենք նրա անցած ուղին. զբաղեցրած պաշտոններից եւ ոչ մեկը նրան հնարավորություն պետք է որ չտար հարյուրավոր միլիոն դոլարներ կուտակելու:

Սակայն, փաստորեն, իր պաշտոնները նա ծառայեցրել է միջոցներ կուտակելու նպատակով: Բնականաբար, դրանք հիմնականում պետական միջոցներ էին: Քաղաքապետ, մարզպետ, տարածքային կառավարման նախարար:

Այդ պաշտոնյան պետք է որ ժամանակ չունենար բիզնեսով զբաղվելու, բայց նա նախ դրանով է զբաղվել, հետո ընտրությունների ժամանակ կատարել է իր պարտքը` ապահովել է ձայներ թե նախկին, թե ներկա իշխանությունների համար: «Նա լավ էր կատարում իր գործը, լավ էր կազմակերպում»,- ասում են նրա ներկա եւ նախկին թիմակիցները:

Որտեղի՞ց Հովիկ Աբրահամյանին այդքան կարողություն, որտեղի՞ց այդքան բնակարան Երեւանում, գործարաններ, հարյուրավոր հեկտարներով հողեր, հանքավայրեր, տարբեր երկրներում անշարժ գույք: Որ դրանք նա օրինական ճանապարհով չի ձեռք բերել, բոլորին է հայտնի:

Մեր ձեռքի տակ է Հովիկ Աբրահամյանի 2007-2008 թթ. գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Տարածքային կառավարման նախարարի հայտարարագրի «Այլ եկամուտներ» բաժնում գրված է, որ գյուղմթերքի իրացումից նա ստացել է 1 մլն 200.000 ԱՄՆ դոլարի եկամուտ:

Հենց այդ ժամանակ էլ նա Ծաղկաձորում մի հսկա առանձնատուն է նվեր ստացել: Այսօր Աժ նախագահը առանձնատուն է կառուցում Երեւանի Բաբայան փողոցին հարող այգում: Ինչպե՞ս է նա այստեղ 2500 քմ հողամաս ձեռք բերել, իհարկե` Երեւանի քաղաքապետի որոշմամբ:

Նման փաստերը բազմաթիվ են, տասնյակ օրինակներ կարելի է բերել: Հ. Աբրահամյանն ընդհանրապես շատ զգույշ, զգոն ֆիգուրա է: Թե ո՞նց է այս անգամ սխալվել, կորցրել զգոնությունը, անհասկանալի է: Նա թերագնահատել է իր շրջապատին եւ չի կռահել, որ իր երազանքների մասին անկեղծ «պոռթկումը» ձայնագրության տեսքով կարող է հայտնվել նախագահի սեղանին:

«Ես կդառնամ նախագահ, դու էլ` վարչապետ»,- իր խնամուն` Գագիկ Ծառուկյանին ասել էր երազկոտ Աբրահամյանը: Իսկ ի՞նչ է, պետք է զարմանա՞լ Հովիկ Աբրահամյանի ախորժակի վրա: Նա հասել է, չէ՞, ԱԺ նախագահի աթոռին, ինչո՞ւ հիմա չի կարող երազել նախագահական գահի մասին: Այդպիսի ցանկություն Հայաստանում շատերն ունեն (մոսկվացի մի գործարար էլ ժամանակին ուզում էր համայն հայության նախագահը դառնալ):

Սակայն իր երազանքի մասին բարձրաձայնելը ճակատագրական է դառնում Հովիկ Աբրահամյանի համար: Ինչպես Կիպլինգի հայտնի գրքում է` Акела промахнулся: Այս իրադարձությունների ֆոնին կարծես ժամանակն է, որ որեւէ ուժ բարձրացնի պաշտոնյաների` ապօրինաբար ձեռք բերած ունեցվածքն ազգայնացնելու հարցը:

Եւ ազգայնացումը պետք է սկսել հենց Ազգային ժողովից, առաջին հերթին` Ազգային ժողովի նախագահից ու նրա տեղակալներից, ապա հերթով անդրադառնալ պատգամավորներին: Ընտրողները պետք է իմանան, թե ինչպես են իրենց կարողությունը կուտակել օրենսդիրները: Երբ իշխանության ներկայացուցիչները խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ես միանգամից ասում եմ` ահա կոռուպցիայի օրինակներ, եկեք պայքարենք:

Նրանք անմիջապես կանխում են` ասելով, որ կոնկրետ օրինակներից պետք չէ խոսել, կոռուպցիան հասարակական չարիք է: Իսկ ես համոզված եմ` կոռուպցիան միմիայն իշխանական չարիք է, կոնկրետ օրինակներ իշխանություններին պետք չեն, որովհետեւ այդ օրինակներում իրենք են:

Աժ նախագահի տասնյակ տներն ու առանձնատներն արժե ազգայնացնել եւ դարձնել, ասենք, մանկապարտեզ կամ մի քանի մասի բաժանելով` էժան գներով հատկացնել երիտասարդ կամ պատերազմում զոհվածների ընտանիքների:

Հարյուրավոր միլիոն դոլարներ ունեն նաեւ նախկին նախարարները, նրանց էլ պետք է բերել օրենքի դաշտ: Սկսել, օրինակ, Գրիգոր Պողպատյանից եւ հասնել մինչեւ Կարեն Ճշմարիտյան, Սեպուհ Թաշճյանից` մինչեւ Գագիկ Մարտիրոսյան, Վարդան Այվազյան, Կառլոս Պետրոսյան, որպեսզի այսօրվա նախարարները չյուրացնեն, ամեն երեկո չզբաղվեն օրվա հասույթը հաշվելով, վաղվա պաշտոնյաներն իմանան, որ միեւնույն է, հետո գողոնը վերադարձնելու հարց է առաջանալու:

Եւ պետությունից գողացած յուրաքանչյուր լումա պետք է ետ վերադարձնել պետական գանձարան: Շատերն ասում են, որ դա վհուկների որս է: Ոչ, դա ընդամենը լինելու է գողոնի վերադարձ եւ պատասխանատվության ենթարկում օրենքի խախտման համար:

Ազգայնացման թեզը կարող է դառնալ քաղաքական որեւէ ուժի նախընտրական ծրագրի առանցքը: Եթե, իհարկե, գտնվի որեւէ քաղաքական ուժ, որի ձեռքերը կեղտոտ չեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter