Խորովածի փառատոն` Ախթալայում
Սեպտեմբերի 19-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու հրապարակում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձող խորովածի փառատոնը: Փառատոնին մասնակցում էին ոչ միայն Ախթալայի բնակիչները, այլև հանրապետության տարբեր քաղաքներում ապրող լոռեցիները: Փառատոնին մասնակցում էին նաև ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, արտասահմանցի հյուրեր ու զբոսաշրջիկներ:
Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը, բացելով տոնական միջոցառումը, հայտարարեց, որ փառատոնի ընթացքում քաղաքապետարանի որոշմամբ նշվելու է նաև ախթալեցիների օրը: Որպես ընտանիքի խորհրդանիշ` օրվա տոնակատարությունների շրջանակներում Սբ. Աստվածածնի եկեղեցամերձ հրապարակում տեղադրվել էր ընտանիքը խորհրդանշող ամուսնական մատանիների արձան:
Եկեղեցու տարածքից դուրս կազմակերպված էր տոնական առևտուր: Մարդիկ հատկապես խորոված աշխուժորեն էին գնում: Շատերը խորովածի սեղաններից օգտվում էին անվճար:
Այս տարվա խորովածի մրցույթ-փառատոնին ներկայացված էր 8 անվանակարգ: Ժյուրին մրցույթի աշխատանքները գնահատել է 10 միավորանոց սանդղակով: «Ժյուրիի անդամները չեն իմացել, որ համարն է գնահատվում, և սրանք ազնիվ գնահատականներ են: Բոլորը պարգևատրվելու են շնորհակալագրով և գավաթով: Մենք հրավիրելու ենք մամուլի ասուլիս և «Արարատ հոլ» ռեստորանում հանձնելու ենք պարգևները»,- ասաց խորովածի փառատոնի ժյուրիի նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար Սեդրակ Մամուլյանը և ներկայացրեց հաղթողների անունները:
«Լավագույն ավագ խոհարար» անվանակարգում հաղթեց «Արվասար» ռեստորանի խոհարար Ալեքսանդր Լևոնյանը: «Խորովածի լավագույն տեսք» անվանակարգը շահեց Ալավերդու «Ֆլորա» ռեստորանի խոհարար Մերուժան Աղաջանյանը: «Լավագույն մտահղացում» անվանակարգում առաջնությունը ստացավ «Մետրոպոլ» ռեստորանի խոհարար Ռոբերտ Պետրոսյանը: «Լավագույն համ ու հոտ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արարատ հոլ» ռեստորանի խոհարար Յուրա Սարգսյանը:
«Լավագույն նորարարություն» անվանակարգում հաղթեց Կարեն Ադոնցը` Երևանի 6-րդ ուսումնարանից: «Լավագույն սկսնակ խոհարար» անվանակարգում հաղթեց Վահե Սարգսյանը` Երևանի 6-րդ ուսումնարանից: «Լավագույն խորոված պատրաստող» անվանակարգում հաղթեցին ճարտարագիտական համալսարանի և 6-րդ ուսումնարանի ներկայացուցիչները: «Լավագույն խորոված պատրաստող` ՀՀ ազգային փոքրամասնություններից» անվանակարգում հաղթեց հրեական համայնքի ներկայացուցիչը:
«2010թ.-ի խորովածի փառատոնը 2009թ.-ի համեմատությամբ մի քայլ առաջ էր: Վաղվանից ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կազմավորվելու է խորովածի փառատոնի կազմկոմիտե, այսինքն` մենք այսօրվանից պատրաստվելու ենք հաջորդ տարվա փառատոնին: Փառատոնը լինելու է ամենամյա: Այս տարի խորովածի փառատոնին մասնակցեցին նաև մեր երկրի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` հրեական, ուկրաինական և հունական համայնքներից»,- ասաց Սեդրակ Մամուլյանը:
Հունական համայնքի ներկայացուցիչները, սակայն, խորոված պատրաստող չէին ներկայացրել: Սեդրակ Մամուլյանը գոհ էր խորովածի մրցութի արդյունքներից: Նա տեղեկացրեց, որ խորովածի առաջին փառատոնի մասին գիրք է հրատարակվել: Խորովածի փառատոնին ակտիվորեն մասնակցել են Երևանի խոհարարական դպրոցները և ուսումնարանները:
Փառատոնի ժամանակ տեղի ունեցավ համերգ, որին մասնակցում էին «Սասուն» ազգագրական երգի պարի անսամբլը, երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Գոհար Գևորգյանը և Դավիթ Ամալյանը:
Խորովածի փառատոնի և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումների հեղինակներ Խաչիկյան եղբայրները շնորհակալություն հայտնեցին Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի ղեկավար Ռիչարդ Նայնին և «Վիվասել» ընկերությանը` Սբ. Աստվածածին եկեղեցու շրջակայքում եկեղեցու մասին բազմալեզու տեղեկատվական վահանակներ տեղադրելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել