HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Վահան Հովհաննիսյանը չէ՞ր ուզում նախագահ ընտրվել

«Ես Դաշնակցության թեկնածուին աջակցել եմ նախագահական ընտրությունների ժամանակ, որովհետև ես հավատացել էի, որ Դաշնակցության այն ժամանակվա լիդերը իրոք ուզում էր դառնալ նախագահ: Բայց դե ես տեսա, որ ոչ թեկնածուն, ոչ իր կուսակցությունը առանձնապես չի ուզում»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը, ով 2008 թ. նախագահական քարոզարշավին աջակցում էր ՀՅԴ-ից առաջադրված թեկնածու Վահան Հովհաննիսյանին:

Աղասի Արշակյանը հավելեց, որ հենց նախագահական ընտրությունների օրն է հասկացել, որ Վահան Հովհաննիսյանը չի ուզում նախագահ դառնալ: Լրագրողը բանախոսին խնդրեց պարզաբանել, թե ինչ նկատի ունի` ասելով, թե Վահան Հովհաննիսյանը չէր ուզում հաղթել նախագահական ընտրություններում: «Նախընտրական քարոզարշավի այդ մի ամսվա ընթացում ես բարեխղճորեն շտաբի ամենաակտիվ աշխատողը դառա: Բայց երբ ես տեսա` ինձ հավասար մենակ էն տպագրող աղջիկն է աշխատում, մինիստրները փախնում են, դեպուտատները չեն ուզում գալ հանդիպման, ես էն ժամանակ էլ հենց հասկացա, որ էն ժամանակվա նախարարների մի մասի համար ավելի կարևոր էր նախարարական պորտֆելը պահել, քան թե գալ-գնալ քարոզարշավի»,- ասաց Աղաասի Արշակյանը: Նա նշեց, որ ընդունել է ՀՅԴ թեկնածուին աջակցելու առաջարկը, քանի որ այն ժամանակ կարծում էր (և հիմա էլ կարծում է), որ Վահան Հովհաննիսյանը շատ արժանավոր մարդ է և մեր վերջին 4-5 գումարման խորհրդարանների պատգամավորների մեջ այն եզակիներից, ով ունի կրթական, գիտական մակարդակ:

«Երբ առաջարկություն եղավ, ես ասացի. «Դու անկեղծորե՞ն ուզում ես դառնալ նախագահ: Ես քո կողքին կկանգնեմ»: Ասեց` հա: Ես կանգնեցի: Ասեցի. «Ճշտիր, Վահան ջան, էլի»: Ինքը ասեց. «Հա, փոփոխություն չկա»: Դե, հիմա միամիտ պատգամավոր էլ է, պարզվում է, լինում: Թող ների ինձ իմ Վահան ընկերը, բայց ես իր կողքին կանգնեցի անկեղծորեն, ազնվորեն որովհետև ես մի թեկնածուի մոտ չէի կարող գնալ հայտնի պատճառներով, երրորդի մոտ էլ չէի կարող գնալ ուրիշ պատճառներով»,- ասաց Աղասի Արշակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter