HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ Ա.Դավթյանի` ՀԱԿ-ը չի հաղթահարի 5 %-ի շեմը

Ա.Արշակյանի կանխատեսմամբ էլ` ապագա խորհրդարանում 3 հիմնական ուժ է լինելու

«Ես մեծ տարակուսանքով կվերաբերվեի այն հարցին, թե արդյոք 2012 թ.-ին ՀԱԿ-ը կհաղթահարի՞ նույնիսկ այդ 5 %-ի շեմը, թե՞ չէ: Անընդհատ փաստորեն կրկնվելու ճանապարհով են գնում, իսկ ոչ մի նոր բան չասելը, ի վերջո, ինձ թվում է` պիտի բերի տրամաբանական արդյունքին: Այդ տրամաբանական արդյունքին մենք ականատես կլինենք 2012-ին»,- այսօրվա մամուլի ասուլիսին կանխատեսեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ական գործիչների այն տեսակետներին, որ 2012 թ. ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն կկազմի` Արտակ Դավթյանն ասաց, որ չկա ընտրապայքարի մեջ մտնող որևէ քաղաքական ուժ, որ չմտածի մեծամասնություն ձևավորելու մասին, և ՀՀԿ-ն «գոնե եթե ոչ մոտ ապագայում` խորհրդարանական ընտրություններին, ապա իր առջև որպես հեռանկար տեսնում է լիարժեք իշխանություն»: «Բնականաբար ՀՀԿ-ն այսօր ձևավորված խորհրդարանական մեծամասնությունն է, և մենք առաջիկա ընտրություններին, իհարկե, պետք է գնանք այն պատրաստվածությամբ և այն գիտակցությամբ, որ ոչ միայն պիտի կրկնենք, այլև պիտի անենք հնարավորինս: Բայց վերջնական խոսքը ընտրողինն է»,- ասաց հանրապետական պատգամավորը: Ասուլիսի մյուս բանախոսը` նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը, ապագա խորհրդարանում դարձյալ մեծամասնություն կազմելու հանրապետականների կանխատեսումների վերաբերյալ ասաց, որ եթե Հայաստանում շարունակեն «գրել» ընտրությունների արդյունքները, ուրեմն ՀՀԿ-ականները ճիշտ են ասում: «Ես թվեր չեմ ուզում ասել: Եթե ՀԱԿ-ը կկարողանա իր ձայները շատ պահել, ուրեմն շատ կստանա: Եթե չկարողացավ շատ պահել, ուրեմն քիչ կստանա կամ այնքան կստանա, ինչքան իրեն կթողնեն (ինչքան կտանեն` կտանեն, տակը ինչ կմնա)»,- ասաց Աղասի Արշակյանը: Երբ լրագրողները Արտակ Դավթյանին հարցրին, թե արդյոք «գրելո՞ւ են» գալիք ընտրությունների արդյունքները` հանրապետական պատգամավորն ասաց. «Ես հեռու եմ այն գիտակցությունից` «գրել» կամ այլ տեխնոլոգիաներ: Ոչինչ կատարյալ չէ, առավել ևս Հայաստանի նման երկրներում: Դեռևս վաղ է որոշակի կանխատեսումներ անել, բայց հանրապետական իմ գործընկերների այն կանխատեսումները, որոնք նրանք արել են, բավականին իրատեսական են»: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ինքը համարո՞ւմ է, որ ՀՀԿ-ի համար ընդդիմադիր դաշտ չկա, և ո՞ւմ է ընդդիմություն համարում ՀՀԿ-ն` Արտակ Դավթյանն ասաց, որ ըստ դասական սահմանման` այն բոլոր կուսակցությունները, որոնք գործադիր իշխանության մաս չեն կազմում, ընդդիմություն են: «Իրոք, այսօր արտախորհրդարանական քաղաքական ուժերից ամենաակտիվը ՀԱԿ-ն է, բայց դա չի նշանակում, որ ամենաակտիվը լինելով` 2 տարուց պակաս ժամանակահատվածում իր ասելիքը ուղղակի չի սպառի և շնչակտուր վերջնագծին չի հասնի»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Աղասի Արշակյանը, համաձայնեց, որ այսօր ընդդիմադիր դաշտում ամենաակտիվ ուժը ՀԱԿ-ն է: Նա կանխատեսեց, որ մինչև խորհրդարանական ընտրությունները նոր, խոշոր ուժեր չեն ձևավորվի, և իշխանական դաշտում պայքարը կծավալվի 2 հիմնական ուժի` ՀՀԿ-ու ու ԲՀԿ-ի միջև, որոնց խաղին ընդդիմադիր դաշտից կարող է մասնակցել միայն ՀԱԿ-ը «Չեմ ասի` ով ինչքան տոկոս կհավաքի, մանավանդ մեզ մոտ տոկոսները ասելով ու վերլուծություններով չեն, այլ «գրելով» են: Բայց ես գիտեմ, որ այդ 3 ուժը հաստատ կլինի նոր խորհրդարանում: Նրանց ոչ կարող են խառնել, ոչ օգնել, ոչ վնասել երկու դաշտից էլ ինքնաոչնչացման ճանապարհ բռնած ուժերը (այդպիսի ուժեր էլ կան)»,- ասաց Աղասի Արշակյանը` առանց նշելու ինքնաոչնչացման ճանապարհ բռնած այդ ուժերի անունները: Նա բոլորվին համամիտ չէ այն տեսակետներին, թե ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջև կարող են սուր հակասություններ լինել: «Ես կարծում եմ` սին են այն կարծիքները, որ հեսա «Բարգավաճ Հայաստանը» ապստամբելու է, կամ էլ հնարավոր է` Հանրապետական կուսակցությունը, այսպես ասած, ոչնչացնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այս երկու կուսակցությունում էլ ներգրավված անձերը այնպիսի տնտեսական և ֆինանսական ուժերի են տիրապետում, որ նրանք միշտ էլ ցանկացած տարաձայնության դեպքում բարիշելու են նվազագույն կորուստներով»,- ասաց Աղասի Արշակյանը: Արտակ Դավթյանը ևս նշեց, որ ներքաղաքական կյանքում անակնկալներ չեն սպասվում, քանի որ անակնկալների համար պետք է նախադրյալներ լինեն թե արտաքին, թե ներքին քաղաքականության ոլորտներում: Նրա խոսքերով` սնանկ են այն պնդումները, թե Հայաստանի վրա արտաքին ճնշումները գնալով ավելանում են, և հայկական կողմին զիջումներ կպարտադրվեն Արցախի կամ հայ-թուրքական խնդրում: Հանրապետական պատգամավորի խոսքերով` ՀՀ արտաքին քաղաքական դիրքերը երբեք այնքան ամուր չեն եղել, որքան հիմա: «Ինչ վերաբերում է ներքաղաքական գործոնին, ապա իհարկե, ունենք բազմաթիվ խնդիրներ` կապված մարդկանց բարեկեցության, սոցիալական իրավիճակի, նաև բարոյահոգեբանական մթնոլորտի հետ: Եվ այս բոլոր խնդիրները իրենց լուծումները իհարկե պահանջում են: Սակայն կոնկրետ ներքաղաքական ու ներտնտեսական առումով ես կարծում եմ, որ ինչքան էլ տարբեր կողմից հնչեցվեն տեսակետներ, ներկայացվեն ծրագրեր, կարծես թե չի ներկայացվել որևիցե մի լրջագույն ծրագիր, որը իրապես կհամարվեր այլընտրանք այն ծրագրին, ինչ կատարում է և կատարել է կառավարությանը»,- ասաց հանրապետական պատգամավորը: Անդրադառնալով որպես կառավարության ծրագրերի այլընտրանք` ՀԱԿ-ի ներկայացրած «100 քայլ»-ին` Արտակ Դավթյանն ասաց, որ «100 քայլ»-ն իր համար անընդունելի է 100 ուղղությամբ: «Ես կարծում եմ, որ շատ խոցելի և մերժելի գաղափարներ կան այդ ծրագրում»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter