HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Աղասի Արշակյան. «Հայաստանում հիմա լավագույն դեպքում մնացել է 2,3 մլն մարդ»

«Չորրորդ երեխան ունեցողին 400 հզ. միանվագ պարգևատրում են տալիս: Դուք գիտե՞ք, որ շատ գյուղերում մարդիկ 4-րդ երեխան ունենում են, որ այդ 400 հզ.-ը ստանան, Հայաստանից փախնեն»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը:

Ես նշեց, որ Հայաստանում արտագաղթի ծավալները մեծացել են, և մարդիկ հեռանում են երկրից, քանի որ հավատ չունեն ապագայի նկատմամբ, «իշխանություն ունեցողը ասպատակում է հասարակ մարդուն, տնտեսության ղեկավարը մարդկանց ճորտի պես է աշխատեցնում»: «Փաստացի որպես դեմոգրաֆիայի մասնագետ` ես ասում եմ ձեզ` Հայաստանում հիմա լավագույն դեպքում մնացել է 2,3 մլն մարդ: Ես մի քիչ չափազանցնում եմ. այդքան էլ չի մնացել»,- ասաց Աղասի Արշակյանը: Ասուլիսի մյուս բանախոսը` Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, նշեց, որ իրենք նման թվեր չունեն, որ այդ թվերը վերլուծելով` հասկանան, թե ինչ է կատարվում: Նա չբացառեց, որ հնարավոր է, որ եղել են դեպքեր, երբ մարդիկ 4-րդ երեխայի ծննդյան համար ստացած գումարն օգտագործել են արտագաղթելու համար: «Ինչքան էլ որ մտածենք, որ չխոսենք ֆինանսատնտեսական ճգնաժամից, բայց արտագաղթի հիմնական ու գլխավոր պատճառը ֆինանսատնտեսական ճգնաժամն է: Հավատացնում եմ ձեզ, որ աշխարհում չկա մի երկիր, որը իր կաշվի վրա իրականում չզգար այդ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Նա անցյալ ամիս եղել է ԱՄՆ-ում, և վստահեցրեց, որ այդ երկրում ևս խոսակցության թիվ մեկ թեման ֆինանսատնտեսական ճգնաժամն էր: Արտակ Դավթյանն ԱՄՆ-ում տեսել է լքված քաղաք, որի տներում, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում, կարծես ուրվականներ կային. ֆինանսատնտեսական ճգնաժամն ԱՄՆ-ում հանգեցրել է բնակչության տեղաշարժի: Աղասի Արշակյանն արձագանքեց, որ համաձայն կլիներ այս գնահատականին, եթե հայաստանցի օլիգարխները ճգնաժամի հետևանքով կորցնեին իրենց ունեցվածքի գոնե չնչին մասը: Մինչդեռ ճգնաժամն ավելի է հարստացրել հայաստանցի օլիգարխներին` ի տարբերություն աշխարհի մյուս երկրների օլիգարխների: «Մեզ մոտ տնտեսությունը գործում է աշխարհից դուրս, ճգնաժամից դուրս անձերով, հովանավորվողներով: Դրա համար էլ դա բերում է հավատի պակասին, հավատի կողոպուտին: Փողատեր և գործատեր, պաշտոն ունեցող մարդիկ էլ արդեն ասում են. «Բա ո՞նց պիտի լինի, ինչ անեն՞ք, մե՞նք էլ հավաքենեք գնանք»»,- ասաց Աղասի Արշակյանը: Եթե հաջողվի ապագայի նկատմամբ հավատը վերադարձնել հայաստանցիներին, ապա, ըստ նախկին պատգամավորի, Հայաստանը կկարողանա հաղթահարել ցանկացած արտաքին ուժի կամ թշնամու: Ուստի նա թե իշխանության, թե ընդդիմության առաջնային խնդիրը համարում է «մարդկանց վերադարձնել երիցս իրենցից կողոպտված հավատը իրենց վաղվա օրվա նկատմամբ»: «Այլապես մեր պետությունը կնմանվի տարածքի, որտեղից մարդիկ կփախչեն, որտեղ կգործի «որտեղ հաց, էնտեղ կաց» հասկացությունը: Ես զարմանքով և վախով հայտնաբերեցի դեռ նախանցած տարի, որ մեր պետության ֆինանսական, տնտեսական հիմքերից մեկը ներկայացնող մի օլիգարխ ինձ հետ զրույցում ասաց. «Բա էդպես չի՞ կարգը` որտեղ հաց, էնտեղ կաց»: Էդպես չպիտի լինի»,- ասաց Աղասի Արշակյանը: Նրա համոզմամբ` Հայաստանի ղեկավարները պետք է հիշեն Պլատոնի խոսքերը, որ «պետությունները կործանվում են անարդարությունից»: «Իսկ որ մեր կյանքում ծով անարդարություններ կան, կարծում եմ` որևէ մեկը չի կարող մերժել»,- ասաց Աղասի Արշակյանը: Անդրադառնալ այն հարցին, թե ինչ է առաջարկում անել` նա ասաց, որ Հայաստանը պետք է իրական արդարադատության համակարգ ունենա: «Մեր կյանքում բան պիտի փոխվի: Եթե բան չփոխվեց, մեզ արտաքին թշնամին էլ կուտի, ներքին թշնամին էլ կուտի, մեր մասսաներին անեծքն էլ կխորանա»,- ասաց Աղասի Արշակյանը: Նրա խոսքերով` անցած 13 տարվա ընթացքում Հայաստանն իր անկախության ատրիբուտները (էներգետիկ համակարգի անկախությունը, տնտեսության անկախությունը, կապի անկախությունը) տվել է օտարներին, մասնավորապես Ռուսաստանին: «Մենք այսօր ռուսական մարզային կարգավիճակ էլ չունենք: Եթե, օրինակ, ունենայինք, գազը գոնե մենք չէինք գնի միջազգային գներով, և հիմա նորից կթանկացնեն: Ցավոք սրտի, մենք գնալով սեղմել ենք այդ անկախության շրջանակները»,- ասաց Աղասի Արշակյանը: Սակայն և նա, և Արտակ Դավթյանը համաիտ էին, որ միշտ էլ ելքեր կան անգամ ամենածանր վիճակներից: Պարզապես պետք է այդ ուղղությամբ քայլերը անելու ցանկություն ու կամք լինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter