HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թուրքիայում հայկական եկեղեցիների վերանորոգումը կարող է ազգային զարթոնքի հիմք դառնալ

Վերանորոգվում է Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցին 2009-ի նոյեմբերին բացվել եւ օծվել է Կեսարիայի վերանորոգված Սբ. Գիրգոր Լուսավորիչ եկեղեցին: Սրանից ու Աղթամարի Սբ. Խաչից հետո հերթում են Մալաթիայի կենտրոնում գտնվող եկեղեցին եւ Դիարբեքիրի (պատմական Տիգրանակերտ) Սբ. Կիրակոսը: Վերջինիս վերականգնումն ընթացքի մեջ է: Պատմաբան Աշոտ Հայրունին ասում է, որ վերանորոգման պաշտոնական հայտարարությունն արվել է դեռեւս  անցյալ տարվա հոկտեմբերի 30-ին, Պոլսի պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի կողմից: Հայրունու ներկայացմամբ` Սբ. Կիրակոսը Թուրքիայի միջին արեւելյան տարածքներում գտնվող ամենամեծ եկեղեցին է, որը հեշտությամբ տեղավորում է ավելի քան 2000 մարդու: Եկեղեցին ունեցել է 7 խորան, որոնցից ներկայումս պահպանված են միայն 3-ը: Դիարբեքիրում եղել են նաեւ Սբ. Հակոբ եւ Սբ. Սարգիս հայկական եկեղեցիները, որոնք Սբ. Կիրակոսի հետ երբեմն որպես մեկ վանական համալիր են դիտվել: Ընդ որում` Սբ. Սարգիսը, որն ունեցել է 5 խորան, հիմա գրեթե ավերակների է վերածվել: Սբ. Կիրակոսի մասին առաջին պատմական հիշատակությունն արել է Սիմեոն Լեհացին, որը 1610-15 թթ. եղել է Դիարբեքիրում: Լեհացին հայտնում է, որ այդ շրջանում քաղաքի Սբ. Թեոդորոս եկեղեցին վերածվել է մզկիթի, եւ այդ եկեղեցուն պատկանող գերեզմանոցի տեղում կառուցվել է Սբ. Կիրասկոսը: 1913-ին եկեղեցու զանգակատունը փլուզվել է կայծակի պատճառով, եւ նույն տարում ճարտարապետ Դավիթ Խզրչյանը կառուցել է գոթական ոճով զանգակատուն, որի հսկա զանգը ձուլվել է քաղաքի հայ համայնքի տրամադրած ոսկուց եւ պղնձից: 1915-ի փետրվարի 28-ին թուրքերը եկեղեցին հրետակոծել են, հսկա զանգակատունը փլուզվել է: Այնուհետեւ եկեղեցին դարձվել է զինապահեստ մինչեւ 1960-ականները: Մի որոշ ժամանակահատված այնտեղ է գտնվել նաեւ բանկերից մեկ մասնաճյուղը: 60-ականներից հետո եկեղեցին վերադարձվել է Դիարբեքիրի փոքրաթիվ հայ համայնքին, սակայն մինչեւ տակաիվին վերջերս ընդհանրապես չի գործել: Միայն 2009-ին, երբ 75 տարեկանում մահացավ դիարբեքիրցի հայ երաժիշտ Արամե Տիգրանը, որը քրդական երգարվեստում մեծ ավանդ ուներ ու սիրված էր քրդերի կողմից, թուրքական իշխանությունները քրդերի խնդրանքով թույլատրեցին երաժշտի աճյունը դնել Սբ. Կիրակոս եկեղեցում, ապա թաղել հայկական գերեզմանատանը: Ըստ Հայրունու` այդ մեծ ընդմիջումից հետո դա առաջին գործողությունն էր, երբ եկեղեցին ընկալվեց եւ ի հայտ եկավ իր բուն կրոնական խորհրդով: Պատմաբանը հավելում է, որ Սբ. Կիրակոսը Փոքր Ասիայի եւ հարավարեւելյան Թուրքիայի այն 7 եկեղեցիներից մեկն է, որոնք այսօր Պոլսի պատրիարքարանի հովանավորության ներքո են գտնվում: Ա. Հայրունին նշում է, որ երբ փետրվարի 28-ին Թուրքիայի մշակույթի նախարարը այցելել էր Դիարբեքիր, հետաքրքիր հարցադրում է արել, թե եթե իրենք վերանորոգեն եկեղեցին, շա՞տ այցելուներ կգան: Նա նաեւ ասել է, թե ինքը սիրով կաջակցեր եկեղեցու վերանորոգմանը, սակայն դրա գնման կայքագիրը իրենց չի պատկանում եւ դրա իրավունքը չունեն: Եկեղեցու վերանորոգման համար ձեւավորվել է վարչություն: Հանգանակությունների շնորհիվ գոյացել է մոտ 300.000 թուրքական լիրայի գումար, որը օգտագործվել է` կիսափլուզված տանիքը նորոգելու համար: Կատարվել են նաեւ այլ, այդ թվում` ինտերնետային հանգանակություններ: Սակայն մինչ այժմ ֆինանսական խնդիրները լիարժեք լուծված չեն: Սբ. Կիրակոսի առաջնահերթ խնդիրներից մեկն այն է, որ Դիարբեքիրում այսօր հայ համայնք, փաստորեն, չկա: Այսպես` 1882-ի մարդահամարով Դիարբեքիրի ամբողջ վիլայեթի բնակչությունը 145.000-ից մի փոքր ավելի էր, իսկ 1914-ին 296.000 էր, որից 105.000-ը հայ էին: Բուն Դիարբեքիրի բնակչությունը 20-րդ դարասկզբին հասնում էր 45.000-ի, որից 15-20.000-ը հայ էին: Իսկ ահա  2004-ին քաղաքում հաշվվել է ընդամենը 22 հայ, 2006-ին` 7, իսկ այժմ այնտեղ ապրում է 3 հայ: Այսքանից հետո հարց է ծագել. եթե հսկա Սբ. Կիրակոս եկեղեցին վերաշինվի, ինչի՞ եւ ու՞մ այն պետք է ծառայի: Վերանորգման համար կազմված վարչությունը տարբեր մարմինների հետ խորհրդակցությունների արդյունքում մտածել է, որ եկեղեցին գործելուց զատ` կարելի է դարձնել մշակութային վայր, հնարավորինս շատ նպատակներ հետապնդող թանգարան: Միաժամանակ վարչությունը դեմ է եղել եկեղեցու գնման կայքագիրը մշակույթի նախարարությանը հանձնելուն, քանի որ այնտեղ կան եկեղեցու ապագայի հանդեպ իրավասություններ: Պատմաբան Աշոտ Հայրունին կարծում է, որ անկախ Թուրքիայի քաղաքական ու տնտեսական շահերից` եթե մեր եկեղեցիները վերանորոգվում են իբրեւ հայկական կառույցներ, ու դրանց ճարտարապետական ոճը հավատարիմ է լինելու նախնական կերպարին, մենք պետք է ողջունենք դա: Նա օրինակ է բերում Արդահան-Արդվինի հայկական եկեղեցիները, որոնցից շատերը թուրքական կողմը հակված է ներկայացնել որպես վրացական ու վրացիներին թույլատրում է զննումներ, հետազոտություններ, նույնիսկ վերանորոգման նախագծումների անել: Իր հերթին ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող, պատմաբան Քրիստինե Մելքոնյանը շեշտում է, որ Պոլսո պատրիարքարանի առաջնորդական փոխանորդ, ծննդով դիարբեքիրցի Արամ Աթեշյանը միակն է իր բարեկամներից, որ քրիստոնյա է մնացել: «Հյուրիեթը» տեղեկացրել է, որ Սբ. Կիրակոսի բացումից հետո Աթեշյանի մի շարք բարեկամներ նորից քրիստոնեություն կընդունեն: Սբ. Խաչի վերջին իրադարձություններն էլ ցույց են տվել, որ մահմեդականացված շատ հայեր այցելել են Աղթամար ու հուզմունքով մասնակցել պատարագին: Ըստ բանախոսների` փաստորեն, մեծ է հավանականությունը, որ ծպտյալ հայերից շատերը  հայկական եկեղեցիների վերանորոգումներից հետո կվերադառնան քրիստոնեությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter