HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Օրենքի առաջ բոլորն էլ հավասա՞ր են

Այսօր ««Զենքի մասին» ՀՀ օրենքի կիրարկման կարգը» թեմայով ոստիկանությունում ասուլիս էր տալիս Հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Մեհրաբյանը: Նա մանրամասնում էր, օրինակ, թե զենք կրելու իրավունքի համար ինչ պարտադիր պայմաններ են գործում կամ ովքեր իրավունք ունենք զենք նվիրել կամ պարգեւատրել: Լրագրողները բանախոսին հիշեցրին մի քանի աղմկահարույց դեպքերի մասին, մասնավորապես Ստեփանավանի քաղաքապետի կողմից զենքի կիրառման հայտնի դեպքը կամ Գյումրու քաղաքապետի ասածը, որ ինքը «գժի թուղթ» ունի: Բայց, այդքանով հանդերձ, վարչապետը վերջինիս պարգեւատրել է զենքով: «Զենք տալուց առաջ քաղաքացին պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթեր, որոնցից մեկն առողջության մասին եզրակացությունն է եւ դատվածության մասին տեղեկանքը, որը մենք ենք ստուգում: Եթե քաղաքացին չի ներկայացնում փաստաթղթերը, եթե նա հոգեկան հիվանդության կամ թմրամոլության հետ կապված խնդիրներ ունի, բնականաբար, նա զենք չի կրի: Իսկ հիմա, թե ձեր ասած անձինք ինչպես են թուղթ ներկայացրել կամ այդ որտեղից նրանց, ես իրավասու չեմ պատասխանել: Բայց, ամեն դեպքում, զենքը մինչեւ չստուգվի, անձը մինչեւ չստուգվի, ոստիկանությունը երբեք զենք չի տրամադրում»,- արձագանքեց Կարեն Մեհրաբյանը: «Իսկ Ձեզ չե՞ն անհանգստացնում այդ դեպքերը: Ասենք, Վահան Հարությունյանը «Առագաստում» զենքով Գյումրվա պար էր պարում: Չե՞ք փորձում հակափաստարկներ ներկայացնել, որ այդ մարդկանց մոտից զենքերն առգրավվեն»,- հակադարձեց լրագրողներից մեկը: «Օրենսդրությունը սահմանում է, իհարկե, կանխարգելիչ միջոցներ, որ եթե զենքն օգտագործվել է ոչ նպատակային կամ ոչ դրա համար նախատեսված վայրում, դա նախատեսում է պատասխանատվություն: Ինչի՞ մասին է խոսքը, միանշանակ»,- հնչեց պատասխանը: Գնդապետ Մեհրաբյանն իր խոսքում նաեւ նշեց, թե օրենքի առաջ բոլորն էլ հավասար են, ու եթե որեւէ մեկը զենքն օգտագործում է օրենքի նախանշած սահմանների խախտմամբ, հարուցվում է քրեական գործ, ինչի շրջանակներում էլ վերջինիցս զենքն առգրավվում է: «Այդ դեպքում ինչո՞ւ են հիշյալ անձինք շարունակում զենք կրել, արդյոք դա չի՞ նշանակում, որ ոստիկանությունն իր պայքարում թերանում է»,- շարունակեցին համառել լրագրողները: «Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ նախաքննության ընթացքում նրանց մեղքն ապացուցվել է կամ նրանք դատապարտվել են»,- նկատեց Կարեն Մեհրաբյանը: Հարցերից մեկին ի պատասխան էլ նա տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորներն իրենց պաշտոնավարման ընթացքում ոստիկանությունից ժամանակավոր ստանում են հրազեն: Նրանց թիկանապահներն էլ, եթե Պետական պահպանության վարչության աշխատակիցներ են, այսինքն` ոստիկաններ, կրում են օրինական զենք. «Իսկ ոչ ոստիկան թիկնապահները կրում են միմիայն քաղաքացիական զենք` գազային ատրճանակ, որոնք միանշանակ հաշվառվում են»: Մեհրաբյանի ներկայացմամբ` ներկայումս Հայաստանում հաշվառված է քաղաքացիներին պատկանող 45 հազար 822 միավոր զենք, որից 3 հազար 683-ը` որսորդական ակոսափող, 33 հազար 648-ը` որսորդական ողորկափող, 2011 պարգեւատրական, 6231 գազային եւ 72 հավաքածու` 247 զենքով: Այս տարվա ընթացքում քաղաքացիներին տրվել է 2812 միավոր զենք: «2010թ. 8 ամսվա ընթացքում գրանցվել է 10 հազար 279 հանցագործության դեպք, որոնցից 35-ն է կատարվել հրազենով: Դրանցից շուրջ 10 տոկոսն է կատարվել հաշվառված, օրինական զենքով` 3-4 դեպք»,- նշեց բանախոսը: Իսկ թե հանրապետությունում չհաշվառված քանի զենք կա, որստիանությունը չգիտի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter