HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գերիշխող դիրքը չարաշահած տնտեսվարողներն այլ կերպ կպատժվեն

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություներ են նախատեսվում

Կառավարությունը և Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն առաջարկում են փոփոխություններ մտցնել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում: Այսօրվա մամուլի ասուլիսին Գագիկ Մինասյանն ասաց, որ օրենսդրական նախաձեռնության նպատակ է էլ ավելի խստացնել իրենց գերիշխող դիրքը չարաշահող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարքագիծը:

Կառավարության և Գագիկ Մինասյանի առաջարկած փոփոխություններում, սակայն, տարբերություններ կան: ԱԺ հանձնաժողովի նախագահն առաջարկում է, որ տնտեսվարող սուբյեկտը պետբյուջե փոխանցի այն ողջ շահույթը, որը ստացել է գերիշխող դիրքի չարաշահման հետևանքով: Մինչդեռ կառավարության օրենսդրական նախաձեռնության հեղինակներն ասում են, որ գործնականում այդ շահույթը հաշվարկելը շատ դժվար է, և Գագիկ Մինասյանի առաջարկած գաղափարն իրագործելիս խութեր կառաջանան, որոնք կհանգեցնեն նրան, որ անբարեխիղճ չինովնիկը և անբարեխիղճ հարկատուն համաձայնության կգան` ի վնաս պետբյուջեի: Ուստի, կառավարության ներկայացրած նախագծով գերիշխող դիրքը չարաշահած տնտեսվարող սուբյեկտը պետբյուջե պետք է մուծի իր ողջ շրջանառության 5 %-ի չափով գումար` նախկին 2 %-ի փոխարեն: Եվ Գագիկ Մինասյանը, և ասուլիսի մյուս բանախոսը` Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, նշեցին, որ տվյալ ընկերության շրջանառության 5 %-ը կարող է ահռելի գումար լինել և գերազանցել գերիշխող դիրքի չարաշահման հետևանքով ստացած ողջ շահույթը: Ուստի, կառավարության առաջարկած տուգանքը կարող է շատ ավելի մեծ լինել: «Վերցնենք ցանկացած խոշոր գործարան: Շրջանառությունը կարող է լինել 100 մլն դոլարի սահմաններում, իսկ ստացած շահույթը կարող է լինել 2 մլն դոլար: Այսինքն` նշանակում է` 5 մլն դոլար կամ 5 մլրդ դրամ իրեն պետք է տուգանես»,- ասաց Վարդան Այվազյանը: Այնուամենայնիվ, Գագիկ Մինասյանն ասաց, որ կառավարության առաջարկած փոփոխությունը շատ ավելի հեշտ է իրականացնել: «Եվ երբ այդ օրենսդրական նախաձեռնությունը գա արդեն Ազգային ժողով, քանի որ նա միտված է նույն խնդրի կարգավորմանը և իսկապես ավելի հեշտ իրագործելի է, ես թերևս իմ օրենսդրական նախաձեռնությունը կհանեմ»,- ասաց Գագիկ Մինասյանը: Վարդան Այվազյանի խոսքերով` այս փոփոխություններն արդեն քննարկվել են հանձնաժողովում, և երբ կառավարության օրենսդրական նախաձեռնության մտնի Ազգային ժողով, անպայման խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն, քանի որ խնդիրը բոլորին է մտահոգում: Նա հավելեց, որ և կառավարության, և Գագիկ Մինասյանի հետ քննարկել են, որ նրանք իրենց առաջարկություններն Ազգային ժողով բերեն որպես մեկ օրենսդրական նախաձեռնություն: «Մենաշնորհից տուժում է ամբողջ տնտեսությունը»,- ասաց Վարդան Այվազյանը: Նրա խոսքերով` բացի հովանավորչության հետ կապված խնդրից` կան նաև օբյեկտիվ պայմաններ, որոնց պարագայում շուկայում կարողանում են գործել միայն մեծածավալ գնումներ կատարող ընկերությունները: Օրինակ` Հայաստանի 4 հարևանից 2-ը շրջափակման է ենթարկում Հայաստանը, և օգտվելով առիթից` մյուս հարևանը` Վրաստանը, նույն երկաթուղուց օգտվելու համար Հայաստանից շատ ավելի մեծ գումար է պահանջում, քան Ադրբեջանից: Գագիկ Մինասյանի խոսքերով` մոնոպոլ երկաթուղու խնդիրը հնարավոր չէ լուծել որևէ օրենքով: «Դուք ունեք ընդամենը մոնոպոլ երկաթուղի, և այդ մոնոպոլ երկաթուղին դնում է այնպիսի պայմաններ, որ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ եթե հանկարծ փոքր խմբաքանակներով փորձեն ներկրել կամ արտահանել, ապա դա կդառնա տնտեսապես ոչ շահավետ: Այս խնդիրը դուք կարող եք լուծել, եթե ունենաք այլընտրանքային երկաթուղի: Այնպես որ շատ հարցեր կան, որոնց պատասխանները պարզ չեն, պետք է դրա հետ համակերպվել»,- ասաց Գագիկ Մինասյանը: Նրան հարց ուղղվեց, թե ինչու Հայաստանում գները շատ արագ են արձագանքում միջազգային շուկայում գների բարձրացմանը, սակայն երբ միջազգային շուկայում գներն իջնում են, Հայաստանում գները չեն իջնում: Գագիկ Մինասյանն ասաց, որ եթե չունենայինք գերիշխող դիրքը չարաշահող տնտեսվարող սուբյեկտներ, ապա այս խնդիրը շատ ավելի նվազ արտահայտված կլիներ: «Մենք հակամենաշնորհային օրենսդրություն չունենք, և դա շատ տրամաբանված է: Մի շարք պատճառներ կարելի է բերել, թե ինչու մեզ նման երկրում (աշխարհագրական իրավիճակ, հարևաններ, փոքր շուկա) շատ ավելի ճիշտ է ունենալ «Տնտեսական մրցակցության պաշտպանության» օրենք, քան «Հակամենաշնորհային» օրենք: Այն իրավիճակում, որում մենք հայտնվել ենք, երբ մեր արտաքին ճանապարհները մոնոպոլիզացված են մեկ պետության կողմից, շատ ավելի տրամաբանական է գնալ այն ճանապարհով, որը ևս ընդունված է շատ երկրներում»,- ասաց Գագիկ Մինասյանը: Իսկ այդ ճանապարհն այն է, որ Հայաստանում օրենքով թույլատրված է շուկայում գերիշխող դիրք ունենալ, սակայն արգելված է չարաշահել այդ դիրքը: Գագիկ Մինասյանի խոսքերով` հեշտ է ֆիքսել, որ տվյալ տնտեսվարող սուբյեկտը դուրս է գալիս թույլատրելիի սահմաններից, և արգելել նրա նման գործելաոճը: «Սակայն խնդիրը և ամբողջ բարդությունն այն է, որ դրանից կտուժի մեր պետությունը, կտուժի սպառողը, որովհետև եթե փոքր տնտեսվարողները փորձեն ներկրել կամ առավել ևս արտահանել ապրանքներ, նախ դրանք կլինեն դրսում ոչ մրցունակ և ներսում ավելի թանկ»,- ասաց Գագիկ Մինասյանը: Վարդան Այվազյանն էլ նշեց, որ դժվար է պարզել, թե որ օղակում է չարաշահվել գերիշխող դիրքը: Օրինակ` որևէ տնտեսվարող սուբյեկտ կարող է տվյալ ապրանքը ներկրել, ենթադրենք, 100 դրամով, բայց այն, անընդհատ վերավաճառվելով, վերջնական շուկայում ունենա 600 դրամ գին: «Մենք տեսնում ենք, որ ինքը ներկրվել է 100 դրամ, վերջնական վաճառվում է 600 դրամ: Բայց փաստաթղթի մեջ այդ չարաշահման գործընթացը շատ դժվար է հայտնաբերել»,- ասաց Վարդան Այվազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter