HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Անհետացող քանդակների քաղաքը

Հուլիսի 26-ի, լույս 27-ի գիշերը Մոսկովյան 15 հասցեում գտնվող Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի (ԲԿ) մուտքի առջեւից անհետացել է հայ բժշկության հիմնադիր Մխիթար Հերացու բրոնզյա կիսանդրին: Դրա հարեւանությամբ տեղադրված է եղել միջնադարյան մեկ այլ հայտնի հայ բժշկի` Ամիրդովլաթ Ամասիացու կիսանդրին, որը նույնպես պատրաստված է բրոնզից: Գողերն այս մեկը չեն հասցրել տանել:

Քանդակների հեղինակը Հայաստանի վաստակավոր նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ երեզա Միրզոյանն է, ով այժմ 88 տարեկան է:

Տիկին Թերեզան տեղյակ չէ, որ իր ստեղծագործությունը գողացել են: Հարազատները չեն ցանկացել ցնցել ծեր կնոջ առողջական վիճակը: Քանդակի անհետանալու մասին հարազատներից առաջինն իմացել է Միրզոյանի փեսան` Հովակիմը, այն էլ պատահաբար, երբ անցնելիս է եղել կենտրոնի մոտով: Բժշկական կենտրոնը պահակ ունի, բայց, այնուամենայնիվ, գողերը կարողացել են աննկատ անել իրենց գործը: Թերեզա Միրզոյանի դուստրը` նկարիչ Անուշ Առաքելյանը, ասում է, որ կենտրոնի տնօրինության մեկնաբանությամբ` շենքը մի քանի մուտք ունի, եւ պահակը շրջում է շենքով: Ահա այն ժամանակ, երբ վերջինս գնացել է մյուս մուտքի մոտ, կողոպտիչներն արագ արել են իրենց գործն ու հեռացել: «Ես ուզում եմ լավատես լինել ու մտածել, որ պահակը տեղյակ չէ այդ ամենից»,- ասում է Ա. Առաքելյանն ու միաժամանակ զարմանում, թե քաղաքի այդ կենտրոնական ու բանուկ հատվածում, թեկուզ եւ երեկոյան, ինչպես կարող էին հանցագործներն աննկատ մնալ: Հուլիսի 27-ին ԲԿ-ի տնօրինությունը կատարվածի մասին ահազանգել է իրավապահներին: Ոստիկանության Կենտրոնի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ կետով (գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա): Սակայն որոշ ժամանակ անց գործի քննությունը կասեցվել է: Պատճառն, ըստ էության, եղել է կասկածյալների բացակայությունը: Ապահովության նկատառումներով Ամիրդովլաթ Ամասիացու կիսանդրին ԲԿ-ի աշխատակիցները հանել են պատվանդանից եւ տեղավորել շենքի ներսում: Անուշ Առաքելյանը, սակայն, շեշտում է, որ ԲԿ-ում պատկերացում չեն ունեցել, թե ինչ արժեք է ներկայացնում քանդակը: Հայաստանի նկարիչների միությունը կատարվածի մասին նամակներ է ուղարկել ՀՀ ոստիկանապետին, Երեւանի քաղաքապետին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, Կենտրոնի ոստիկանապետին, մշակույթի նախարարին, որտեղ գրված է, որ 1984 թ. արված քանդակը` 110-80-50 սմ չափսերով, գեղարվեստական-մշակութային արժեք է եւ գնահատվում է 5 մլն 400 հազ. դրամ: Այս գնահատումն արվել է դեռեւս խորհրդային տարիներին` համապատասխան մշակութային հանձնաժողովի կողմից: Նկարիչների միության քարտուղար Գագիկ Ղազարյանը բացատրում է, որ խորհրդային տարիներին ոչ մեկի մտքով չէր անցնում, որ հասարակական վայրում տեղադրված արվեստի գործը կարող են գողանալ: Դրա պատճառով էլ ընդամենը բրոնզե սնամեջ կիսանդրու տակ առանձին մետաղե թիթեղ են եռակցել, որն իր հերթին գամով ամրացրել են պատվանդանին: Գողերը, այս ու այն կողմ քաշքշելով քանդակը, կարողացել են այն պոկել մետաղե թիթեղից, որը մնացել է պատվանդանին գամված: Ղազարյանի գնահատմամբ` Հերացու քանդակը 50-60 կգ կլիներ եւ միանշանակ հնարավոր չէր այն միայնակ կողոպտել: Հետեւաբար, գործել են երկուսը կամ ավելին: Մյուս կողմից` քանդակագործը համոզված է, որ նման դեպքերում չարագործները գողոնն անմիջապես փրթում, կտրտում են ու որպես հումք հանձնում գունավոր մետաղի ընդունման կետեր:

Անուշ Առաքելյանը նույնպես հույս չունի, թե մոր ստեղծագործությունը կգտնվի, մանավանդ որ մի անգամ` դեռ 80-ականների վերջին, Աբովյան փողոցից անհետացել էր Թերեզա Միրզոյանի մեկ այլ` «Սիրում է, չի սիրում» քանդակը (1967), որն այդպես էլ չէր հայտնաբերվել: Անուշն ասում է, որ իրենք տարբեր ատյանների են դիմել, որպեսզի Կառավարությունը, ոստիկանությունը տարածում ունեցող այս խնդրից տեղյակ լինեն, իսկ ժողովուրդը` զգոն: Ընդ որում` նամակների հասցեատերերից պատասխաններ դեռեւս չեն ստացվել: Նկարիչների միության քարտուղար Գագիկ Ղազարյանն ասում է, որ վերջին 2-3 տարիների ընթացքում լայն թափ է ստացել քանդակներն ու արձանները գողանալու եւ այլանդակելու վանդալիստական շարժումը: Նա նման բազմաթիվ դեպքեր է հիշում. Մաշտոցի պողոտայից` «Նաիրի» կինոթատրոնի դիմացից, գողացել էին Լեւոն Ներսիսյանի ու Հրաչյա Աճառյանի բրոնզե դիմակները, Կիեւյանից տարել էին Սերգեյ Բաղդասարյանի դիմակը, Աբովյանի տուն-թանգարանի պահեստից մոտ 40 բրոնզե գործ էին փախցրել` դիմապատկերներ, քանդակներ: 90-ականներին «մերկացրել» էին Երեւան-Սեւան մայրուղու մոտ պառկած խեցիով աղջկա պղնձե արձանը, քանդակագործ Յուրա Մովսիսյանի մահից հետո նրա արվեստանոցից տարել էին մոտ 15 բրոնզե քանդակ: Իսկ գերեզմանոցներում գողանում են գունավոր մետաղից ամեն ինչ` արձաններ, քանդակներ, դիմակներ, ճաղավանդակներ: Գագիկ Ղազարյանի` գերեզմանոցում տեղադրված բրոնզե գործերից երկուսը նույնպես արժանացել են այդ բախտին, իսկ մեկն այլանդակվել է: Օրինակները շատ են ու կարծես` անվերջ: Երեւանը դարձել է անհետացող քանդակների քաղաք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter